ԿԱՅՍՐԸ ՊԵԿԻՆԻՑ
Եթե մեկն այն մտքին հանգեր, որ մենք իրականում կայսր չունենք` հեռու չէր լինի ճշմարտությունից: Կրկին ու կրկին պիտի ասեմ. չկա թերևս կայսերը հավատարիմ մեկ այլ ժողովուրդ, ինչպիսին մերն է հարավում, բայց հավատարմությունը կայսերը օգտակար չէ: Ճիշտ է, մի փոքրիկ սուրբ վիշապի կոթող կա գյուղի ծայրին, որ անհիշելի ժամանակներից հավատարմության երդում է փողհարում` կրակոտ շունչը ճիշտ Պեկինի ուղղությամբ, բայց Պեկինն ինքը գյուղի մարդկանց շատ է օտար` որքան կյանքը անդին: Կարո՞ղ էր իսկապես մի գյուղ լինել, որտեղ տուն տան դիմաց է, դաշտով մեկ փռված, հեռու` քան աչքը կկտրեր մեր բլուրից, և այդ տների արանքում` գիշեր ու զօր գլուխ գլխի կիտված մարդիկ: Մեզ համար ավելի հեշտ է մի այդպիսի քաղաք պատկերացնել, քան հավատալ, որ Պեկինն ու նրա կայսրը մեկ են, ասես մի ամպ` ժամանակի վազքում արևի տակ խաղաղ թափառող:
Այդպիսի կարծիքների հետևանքը հիմա որոշ չափով ազատ, անզուսպ կյանքն է միայն: Բնա՛վ անբարոյական. ես այնպիսի մի բարոյական մաքրություն ունեմ, ինչպիսին իմ ծննդավայրում է, որ հազիվ թե երբևէ պատահած լինի իմ ճամփորդություններին: Ու դեռ մի կյանք, որ ոչ մի արդի օրենքի ենթակա չէ, և միայն ցուցումն ու նախազգուշացումն են լսելի` հնագույն ժամանակներից այստեղ մեզ հասնող…
Ամենևին էլ առաքինություն չէ այս ըմբռնումը: Ապշեցուցիչն այն է, որ հենց այս թուլությունը մեր ժողովրդի համար ամենակարևոր միասնության միջոցը կարող է թվալ, այո՛, երբ մարդ հանդգնում է մի արտահայտությամբ առաջնորդվել` ուղղակի հողին, որտեղ ապրում ենք մենք: Այստեղ մի թերություն մանրամասնորեն հիմնավորելու համար կոչված ենք ոչ թե խղճով, այլ, որ ամենավատթարն է` մեր ոտքերը թափ տալով:
ԿԱՅՍԵՐ ԳՆԴԱՊԵՏԸ
Ամոթ էլ է ասել, թե ինչպես է կայսեր գնդապետը տիրում մեր լեռնաքաղաքին: Ուզեինք՝ նրա մի քանի զինվորներին անմիջապես կզինաթափեինք. եթե կանչեր, օգնություն նրա համար կգար, իհարկե, բայց ինչպե՞ս կարող էր. օրեր չէ, շաբաթներ կտևեր: Նա լրիվ վստահ է մեր հնազանդության վրա և չի փորձում ո՛չ բռնանալ, ո՛չ մտերմանալ: Եվ ինչո՞ւ ենք մենք հանդուրժում նրա նողկալի իշխանությունը: Անկասկած՝ նրա հայացքի պատճառով: Երբ մարդ մտնում է նրա աշխատասենյակը,- մի դար առաջ մեր մեծերի խորհրդակցության սրահն էր այն,- այնտեղ գրասեղանի առաջ նստած է նա՝ համազգեստով, փետուրը ձեռքին: Ձևականություններ կամ կատակներ նա բոլորովին չի սիրում, ոչ էլ ընդհատել աշխատանքն ու նորից վերադառնալ՝ փետուրն, իհարկե, ձեռքին պահած: Շրջվելով՝ նա մի հայացք է ձգում այցելուին՝ ձախ ձեռքը տաբատի գրպանում: Հայցվորն այն տպավորությունն է ունենում, թե գեներալն այդպիսին թվում է միայն. անհայտ մեկն է, որ ամբոխի միջից քիչ առաջ է հայտնվել, թե չէ՝ գեներալն այդքան մանրազնին ինչո՞ւ պիտի երկար ու լուռ նայեր: Սուր, քննող, ներթափանցող հայացք չէ դա, որ կարող է անձամբ մեկին ուղղված լինել, այլ՝ անփույթ, թափառող, անշուշտ սևեռուն մի հայացք, հայացք, որով մարդ կարող է ամբոխի հեղափոխությանը հեռվից նայել: Եվ սևեռուն այդ հայացքն անընդհատ անորոշ քմծիծաղով է ուղեկցվում, որ մե՛րթ՝ հեգնանք, մե՛րթ երազային մի վերհուշ է թվում:
ՎԱՅՐԵՆԻՆԵՐԸ
Վայրենիներին, որոնց մասին պատմում էին, որ նրանք այլ ցանկություն, քան մեռնելն է, չունեին, կամ որ նրանք այդ ցանկությունն անգամ չունեին, այլ մահն էր ցանկանում նրանց, ու նրանք անձնատուր էին լինում, որ նրանք ընկնում էին ավազափին ու այլևս ոչ ոքի չէին թողնում կանգնել,- վայրենիներին. նմանեցնում էի ես ավելի շատ,- և ունեմ, իհարկե, տոհմակիցներ ամենուր, բայց խառնաշփոթն այդ տարածքներում այնքան է մեծ, որ հրմշտոցն է ահագնանում գիշեր ու զօր, և եղբայրները ստիպված են հանդուրժել նրանց: Դա այս երկրում «մեկին ձեռք մեկնել» է կոչվում. այդպիսի օգնության այստեղ միշտ են պատրաստ. մեկը, որ ի վիճակի է մինչև հատակը միայն խորասուզվել ու մնալ պառկած` վախեցնում է ինչպես սատանա, դա օրինակների պատճառով է, իրականության գարշահոտության պատճառով, որ բարձրանում է նրանից: Անշուշտ, ոչինչ չէր լինի. մեկը, տասը, մի ողջ ժողովուրդ կարող էր պառկած մնալ, ու ոչինչ չէր լինի. կշարունակվեր ամենազոր կյանքը` ձեղնահարկերը դեռևս դրոշներով լեփ-լեցուն, որ փաթաթված չեն երբևէ. այդ երգեհոնիկները մի մեղեդի միայն գիտեն, բայց հավիտենությունն անձամբ է բռնակը պտտում: Ու ահը դեռևս: Ինչպե՞ս են մարդիկ սեփական թշնամուն հանդուրժում, որքան էլ անուժ լինի նա` ներսը միշտ: Նրա պատճառով, այդ անուժ թշնամու պատճառով են նրանք…
ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ
Մի ընտրության հնարավորություն կար. կա՛մ թագավոր դառնալ, կա՛մ թագավորի սուրհանդակ: Մանկամտորեն` բոլորն ուզում էին սուրհանդակներ լինել: Այսպես, ուրեմն. սուրհանդակներ կան միայն, որ սլանում են աշխարհով մեկ ու կանչում,- ու քանի որ թագավորներ չկան,- անմիտ լուրեր են միմյանց հաղորդում: Կուզեին վերջ տալ իրենց թշվառ կյանքին, բայց չեն համարձակվում` ծառայության երդման պատճառով:
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Մեր օրենքները բոլորին չէ, որ հայտնի են. դրանք գաղտնիք են ազնվական այն փոքր դասի համար, որ իշխում են մեզ: Մենք համոզված ենք, որ այդ հին օրենքները ճիշտ են պահպանվում, բայց չափազանց մեծ տանջանք է ղեկավարվել անիմանալի օրենքներով: Ընդ որում, ես չեմ մտածում այն տարբեր մեկնությունների հնարավորությունների և թերությունների մասին, որ ունենում են նրանք, երբ ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ միայն առանձին մարդկանց է իրավունք տրվում մեկնել: Այդ թերություններն, հավանաբար, այնքան էլ մեծ չեն: Հին են օրենքները, դարեր շարունակ աշխատել են նրանց մեկնությունների վրա, այդ մեկնությունները նույնպես օրենքներ են դարձել. մեկնության ազատության հնարավորություններ դեռևս կան, բայց` չափազանց սահմանափակ: Բացի այդ, պարզ է, ազնվականությունը հիմք չունի իր սեփական շահերից ելնելով՝ մեկնելու օրենքներն ի վնաս մեզ, քանի որ դրանք ի սկզբանե սահմանված են եղել ազնվականության համար, նրանք դուրս են օրենքներից, և հենց դա է պատճառը, որ օրենքները բացառապես ազնվականների ձեռքն են տրվել: Իհարկե, սա իր խորհուրդն ունի,- ո՞վ կասկած ունի հին օրենքների իմաստնության նկատմամբ,- թեպետ նրանց մեջ տառապանք կա մեզ համար` հավանաբար անխուսափելի:
Ընդհանրապես, այդ թվացյալ օրենքները կարող են ենթադրված լինել: Ավանդույթ է, որ դրանք գոյություն ունեն և ազնվականներին են վստահվել, բայց ավելին չեն, քան հին և հնությամբ հավատի արժան ավանդույթները, և չեն էլ կարող լինել, քանզի այդ օրենքներն իրենց բնույթով առկայության գաղտնիություն են պահանջում: Եթե մենք հետևենք ժողովրդի մեջ ազնվականության արարքներին հնագույն ժամանակներից սկսած, այդ մասին մեր նախնիների ունեցած արձանագրություններին, բարեխղճորեն շարունակենք դրանք և անհամար եղելություններից հստակ ուղղությունը պարզենք, որը պատմական այս կամ այն փաստը թույլ կտա հասկանալ, և երբ խնամքով զտված ու համակարգված եզրահանգումներից ներկայի ու ապագայի մասին մի բան փորձենք ճշտել, հնարավոր է այն կասկածելի մի բան, միայն մտքի խաղ լինի, որովհետև երևի թե այն օրենքները, որ մենք այստեղ գուշակելով փնտրում ենք, ընդհանրապես չկան: Մի փոքր կուսակցություն կա, որ իսկապես այդ կարծիքին է և փորձում է ցույց տալ, որ եթե օրենքը կա էլ, այն բարձրաձայնվում է միայն. ինչ անում է ազնվականությունը, դա է օրենքը: Այդ կուսակցությունը տեսնում է միայն ազնվականների կամայականությունները և մերժում ժողովրդական ավանդույթները, որը, ըստ նրա` միայն քիչ, պատահական օգուտ է բերում, և հակառակը` ավելի շատ ծանր կորուստներ, քանի որ ժողովրդին` գալիք իրադարձություններին հանդիման` սուտ, խաբուսիկ ու թեթևամիտ ապահովությամբ է առաջնորդում: Դժվար է ժխտել այդ վնասը, բայց մեր ժողովրդի գերակշռող մեծամասնությունը դրա պատճառը համարում է այն, որ ավանդույթը դեռ բավական չէ ամեն ինչ մեկնաբանելու համար, իհարկե, նրա նյութը նույնպես, որքան էլ հսկայական թվա, քիչ է դեռ, և դարեր պիտի անցնեն, մինչև այն բավարար լինի: Արդի ժամանակում հեռանկարի անորոշությունը լուսավորվում է այն հավատով միայն, որ երբևէ կգա մի ժամանակ, որ ավանդույթը և նրա ուսումնասիրությունը որոշ չափով վերջնակետին կհասնեն, պարզ կլինի ամեն ինչ. օրենքը կպատկանի միայն ժողովրդին և ազնվականությունը կանհետանա: Ազնվականության հանդեպ ատելությունից չէ, որ ասվում է սա, բնա՛վ, ոչ մի դեպքում: Ավելի շատ ինքներս ենք մեզ ատում, որովհետև մենք դեռ չենք կարողանում արժանի լինել օրենքներին: Եվ, ճիշտն ասած, այդ պատճառով է հենց, որ կա այդ բավական գայթակղիչ կուսակցությունը, որտեղ քչերն են մնացել, որովհետև ոչ մի իսկական օրենքի նրանք չեն հավատում և ազնվականությանն ու նրանց իրավունքի առկայությունն են ամբողջովին ընդունում:
Իրականում, սա կարող է միայն հակասությամբ արտահայտվել. մի կուսակցության, որ օրենքի նկատմամբ հավատի հետ մեկտեղ նաև ազնվականությունն է դեն նետել, ամբողջ ժողովուրդը կհետևեր, բայց այդպիսի կուսակցություն չէր կարող ի հայտ գալ, որովհետև ազնվականությանը ոչ ոք չի կարող դեն նետել: Այս դանակի ծայրին ենք ապրում մենք: Գրողներից մեկը մի անգամ ասել է. «Միակ տեսանելի, աներկմտելի օրենքը, որ սահմանված է մեզ համար` ազնվականությունն է. պիտի՞ որ այդ միակ օրենքի համար մենք ինքներս կործանենք մեզ»:
ՍԻՆԱ ԼԵՌԸ
Շատերն են գաղտագողի Սինա լեռանը մոտենում: Անհստակ է նրանց խոսքը. շատախոս են նրանք, գոռգոռում են և կամ էլ լռակյաց են: Սակայն որևէ մեկը նրանցից լայն, նոր սարքած հարթ ճանապարհով ուղիղ չիջավ, իր քայլերն արեց մեծ-մեծ ու հապշտապ:
ՄԵՍԻԱՅԻ ԳԱԼՈՒՍՏԸ
Մեսիան կգա, երբ հնարավոր լինի դավանանքի ամենաանսանձ անհատականությունը. ոչ ոք այդ հնարավորությունը չի ոչնչացնի, ոչ ոք չի հանդուրժի ոչնչացումը, քանզի գերեզմանները կբացվեն: Գուցե դա նաև քրիստոնեական համոզմունք է, ինչպես օրինակի հայտնությունը, որ հաճախ կիրառվում է որպես ախոյան լինելու փաստացի ներկայացում. անհատականության մի օրինակ, այնպես, ինչպես մի անհատի մեջ միջնորդի հարության սիմվոլիկ ներկայացումը:
Մեսիան կգա այն ժամանակ միայն, երբ այլևս հարկավոր չի լինի, նա կգա իր ժամանումից մեկ օր անց, կգա ոչ թե վերջին, այլ՝ ամենավերջին օրը:
Թարգմանությունը
գերմաներենից՝
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ