ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆԸ
Նորից նույն խաղը,
Նորից նույն մարդիկ.
Ասպարեզն է ննջում հոգնած,
Ճշմարտությունը`
վաղուց վաղամեռիկ…
Նորից նույն պարը,
Նորից նույն մարդիկ.
Ստամոքսն է ճաքում պրկված,
Քաղցը` վաղուց վաղամեռիկ…
Նորից նույն երգը,
Նորից նույն մարդիկ.
Տնքոցն է լսվում անձայն,
Ընտրյալները`
վաղուց վաղամեռիկ…
Նորից նույն գովքը,
Նորից նույն մարդիկ.
Սահմանն է քանդվում անտես,
Անկախությունը`
վաղուց վաղամեռիկ…
Բայց ես հավատում եմ մ
եծ գալիքին.
Նույն անհոգ մարդիկ,
ինչ էլ որ անեն,
Հայրենիքս` երկիրը Նաիրյան,
Կհարատևի, կծաղկի նորեն…
ԿԱՆՉԻ ՍՊԱՍՈՒՄ
Անհոգ փորձությունը թող ինձ սպասի,
Հայտնի պա՛րս է արդեն ավարտված.
Եվ դառնությունը` բիրտ ծիծաղելով,
Թող ինձ քրքրի` իմ սիրտը հեծած…
Անտարբերությունը թող ինձ քամի,
Աստղիս լույսն է շուտով մարելու.
Խավարը նենգ, սպասելուց հոգնած,
Թող ուսիս նստի հանգստանալու…
Բազում մտքերը թող ինձ լքեն հար,
Արդեն ճակատիս փայլն է խամրած.
Եվ ժպիտները դառնացած, կիսատ,
Հաշվեն օրերս` վաղուց սպառված…
Խնդրում եմ, մարդի՛կ, ինձ հանգիստ թողեք.
Թող իմ բացատում վերջապես թիկնեմ
Եվ հորիզոնի երգը լսելով`
Հեռու անհունի կանչին սպասեմ…
ՃՉԱՑՈՂ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Արարման շաղախն է վերջին
Իմ մատներին արդեն փայտացող.
Տարիների երթից ստեղծարար
Տնքոցս է՝ խորունկ բան ասող…
Ճամփեքի քարերն անհամար
Ստեղներ են հոգնած ոտքերիս,
Իսկ խենթացած քամին երգահան
Ուղեկից է կարգված մտքերիս…
Երազիս տեսիլք է միշտ հայտնվում
Հանդերձյալ աշխարհից չսպասված.
Իբր իմ մեռած մարմինը անդեմ՝
Մեծ դատին են տանում զարդարած…
Ես արդեն շատ հոգնած ամենից,
Այս աշխարհի տապից հրդեհված,
Դեպի անհունն եմ սլանում`
Մեծերի հզոր շքերթին խառնված…
ՀԻՄՆՆ ԵՄ ԳԵՂԳԵՂՈՒՄ
Խռով խոհերս հողմեր են հեծել,
Տենչանքիս պատել անորոշ հառաչ…
Բազում հոգսերիս կծիկը պրկվել,
Գլորվում է գիժ կյանքին ընդառաջ…
Պարտականության պահանջին հլու՝
Հոգնած լողում եմ հոգսերի ծովում,
Խեղդվելու ահից մտքերով տարված՝
Հավերժ ապրելու հիմնն եմ գեղգեղում…
ԲԱԼԼԱԴ
Անտառը անհոգ
Թիկնել է սարին,
Անդորր է ծորում
Ողջ լեռնապարին։
ԻՆՁ ԹՎՈՒՄ Է, ԹԵ
Ինձ թվում է, թե ես մեղավոր եմ
Անողոք քամու ավերի համար,
Արդեն չորացած,
Անձրևի կարոտ դաշտերի համար…
Ինձ թվում է, թե ես մեղավոր եմ
Մալանչ ամպերի փախուստի համար,
Անհոգ արևի
Շողերի շռայլ մարումի համար…
Ինձ թվում է, թե ես մեղավոր եմ
Տխուր ավետիս – լուրերի համար
Եվ միշտ կրկնվող
Գովեստի փառքի, ճոխության համար…
Ինձ թվում է, թե ես մեղավոր եմ
Հեռվից միշտ լսվող կանչերի համար
Ու քանդվող երկրի
Անտարբեր մարդկանց պահվածքի համար…
Ինձ թվում է, թե ես մեղավոր եմ
Մեր կյանքում չարած գործերի համար,
Անցած-գնացած
Իմ երազային օրերի համար…
Ինձ թվում է, թե ես մեղավոր եմ
Բոլորի գործած մեղքերի համար,
Հարազատ հողի,
Մարդկության ցավի և բախտի համար…
Ես մտահոգ եմ ճակատագրով՝
Տիեզերքի ծաղիկ այս մոլորակի,
Ու խենթ մասնիկն եմ՝
Բյուրեղ մարդկության հզոր բանակի…
ՄԻ ՔԻՉ ԻՄ ՄԱՍԻՆ
Բիբլիական հոգիս
Անրջում է այգ,
Հողոտ մարմինս՝
Արևին հառնում…
Ուղեղիս ճոճքը
Աստղանավ արած՝
Մտքերս հեռու
Անհունն են ծիրում…