ԱՇՆԱՆԱՑԱՆ
Ցայգին՝ շարական-սաղմոսը արտում
Շուշանի խաղաղ դրոշի ներքո
Զատիկ-մորեխի մենամարտում
Բողկ ու բազուկ թաթախեց ներկով:
Արբունքը ելել՝ շիկնանքի փեշին,
Հերկն արտերում՝ տրոփյուն երկնեց,
Հրդեհին՝ զրահը փրկեց զատկին,
Կակաչի սև սիրտը սփոփեց:
Ամպը հարգանքով հապաղել է դեռ,
Հողն՝ ինքնամփոփ ավյունը կրում,
Պճնամո՜լ աշուն, ո՞վ է մնում հետ,
Անմեղությունը փոշոտել մեղուն:
Մրցակից քամին բույրեր է հղում,
Հույզերը մղում՝ արթնել է արուն,
Ամպը հեծնեց ուղերթը քամու,
Իր եղանակը՝ քարոզեց առուն:
ՓԱԽՈՒՍՏ
Այդ հանդիպումն՝ իղձ,
Ցասման-ներումի ներքո,
Հաշտ հիշիր՝ ինձ,
Միմյանց կներենք հետո:
Մի օր, երբ այցի եկար
Խղճահար ու դալուկ դեմքիդ,
Զգացի՛ վեհերոտ, անճար,
Անեղծ արարքը քիմքիս:
Համարձակ էի փոքր-ինչ,
Շիտակ, գթառատ ինքնին,
Համբույրի թրթիռ՝ թևիդ,
Ինչո՞ւ հանկարծ, ի՛մ փոքրիկ:
Ամենը արագ կատարվեց՝
Աղոթքի նման անսակարկ,
Սրտերի երկու զարկ տևեց,
Սփռեց զատիչ համազարկ:
Կատարված փախուստի հետք՝
Ընծայած այցդ՝ բարեկիրթ,
Ինձ թվաց՝ վարանոտ մեղք,
Ինձ թվաց՝ կարեկից սիրտ:
ԱՂՈԹՔ
Քահանայի բուրվառն ի լո՜ւյս,
Ծխում թաղեց հույսերն իմ սին,
Հովանավորն անաղարտ կույս,
Ճգնավորի կամքն՝ անբասիր:
Անդամալույծ ոտքերս արդ՝
Անկարող են արկից փախչել,
Արարչական հայացքն այդ՝
Մեղքի մորմոքը փարատել:
Ճակատագի՛ր, չեմ նախատում
Վեհանձն, սուրբ միանձնուհուն,
Հավատում եմ՝ Աստվածությո՛ւն,
Հույսի ցնո՜րք գեղեցկուհո՛ւն:
ՑԱՅԳԱԾԱՂԻԿ
Ցայգածաղիկը նմանվեց քեզ՝
Տարօրինա՜կ, թո՛ղ դեռ չթվա,
Կապույտ ես կրում՝ նշան է դա հեզ,
Ի՛մ հավատարիմ ու իմ աներկբա՛:
Այս դայակ ձորում ինձանից պոկել
Քնարի մի շունչ՝ կենացդ խմեց,
Դու չզարմանաս, այս լուրը լսել՝
Քո կանգնած տեղում՝ աղբյո՛ւրը բխեց:
ՇՂԹԱՆԵՐՍ
Ցնորքի պես թեկուզ մերկ,
Հագուստի մեջ՝ թովում,
Չդիպչել քեզ, երնե՜կ
Կույսի շուրթերն աղոթում:
Շուրթին անհաս շըշուկներ են՝
Անարձագանք, հուռթի՛-
Շղթայել են ինձ՝ ցնծությամբ,
Անհուսության առթիվ:
ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՏԳԱՄ
Չեմ մեղադրում՝
Ո՛չ քեզ, ո՛չ էլ ինձ,
Կյանքը տրոփում-
Դոփում առանց իղձ:
Սա ձոն է սիրո՛,
Եվ ընտանիքի,
Եղանք անձնազոհ՝
Մեկտեղել էինք:
Սա մարտ է և ուխտ,
Ու խրամատ է,
Օրիո՜րդ իմ, խրո՛խտ
Սերը հավատ է:
Քո ընտանիքում՝
Դու կհասկանաս,
Իմ նույն տարիքում՝
Երբ առաջանաս:
Հաշմվածը՝ գիտե՞ս,
Հետմահու կյանք է,
Ի՜նչ իմանայի
Կյանքը կրկներգ է:
Հաջողվի՞ կանգնել
Հայացքիդ դիմաց,
Քեզ կերկրպագեմ՝
Հաշմվածի՛ Աստված:
ՓԱՐՈՍ
Աչքս ջուր կտրեց՝ հասկացավ Ազգը,
Ինձ չի հասկանա միայն անհասկը,
Հասկն ապաքինեց աշխարհի մաղձը,
Աշխարհի դարձի հարց լուծեց հասկը:
Միայն անհասկը կարծեց անտեղի
Նախանձ հարևան՝ եկվոր այլազգը,
Հասկի խորհուրդը տվեցի ցեղին՝
Խանդեց ու խանձեց՝ մնաց աղանձը:
Ցողունը՝ եղեգ, հատիկը՝ ուռած,
Մոլախոտի մոտ ոտքի է հասկը,
Ինձ չհասկացավ միայն ա՛յն անձը…
Մրցում է պայթել բողբոջ նախանձը:
Այս քառատողը սկսենք հույսով՝
Օրերը եկան, անցան երաշտ, սո՜վ,
Հացի տաշտը հաշտ լցվեց հացով,
Արտը ծովի պես ծփա՜ց փարոսով:
Աշխարհի ախտին ա՛յս բախտը ճայթեց՝
Ճայի երթը ծովում է անծիր,
Լորը՝ արտի մեջ սաղմոս քարոզեց
Ու ոսկեզօծեց խիղճը բնածին:
ՇՈՒՇԻ
Բայց դո՛ւ չխլես ցավն ինձանից,
Քեզ կմոռանամ, թե ցավը փախչի,
Հույսի ու ցավի խառնածիններից՝
Ընտրեցիր հույսը՝ քեզ ընկերակից:
Ների՛ր, կրկին ինձ օգնող եմ կարգել,
Գուցե խանդել է անքնությունը,
Ինքնությունդ Մեծ անշուշտ հարգել՝
Հավերժ ներկա Հայ Աստվածությունը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Վերնատուն երկիր՝ Հայ Արցախ,
Լեռնական ոգի՝ Հայբարբառ,
Մաշտոցի զորքը՝ Հայատառ,
Տարագիր Ազգը՝ Հայանտառ:
Գույն ու բույրերդ հողեղեն
Քո գաղտնիքն ա՛յս է եղել,
Սյունյաց աշխարհն աներեր
Հրաշքդ փորձել են նեղել: