Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

ԱՂՈԹՔ
Այնտեղ՝ հեռավոր այն գյուղում, մի հողաթումբ կա, որը միշտ սպասում է խոնարհվող զույգ ծաղիկների,
Այնտեղ՝ այն հեռավոր գյուղում, մի այգի կա, որի նռնենիները սպասում են սիրող ձեռքերի խնամքի,
Այնտեղ հեռավոր լեռներ կան, որոնք սպասում են զրնգուն ծիծաղող մանուկների,
Այնտեղ մանուշակաբույր անտառներ կան, որոնք կարոտում են սիրող զույգերի շշուկների,
Դատարկված բներ կան այնտեղ, որոնք սպասում են հեռացած հավքերի վերադարձին,
Այստեղ մի երկիր կա, խոցված հազար անգամ, հոշոտված, վերքերից տանջված,
Այստեղ մի ժողովուրդ կա, որ ամեն օր սպասում է խաղաղության,
Այստեղ հնամյա հավատ կա, որ վերջում բարին կհաղթի,
և երկիրն այդ նորից թևերը կբացի, կորացած մեջքը կուղղի,
Բացիր թևերդ, երկիրս՝ Արցախս, Հայաստանս,
Թռիչքիդ են սպասում զավակներդ,
Եվ թող հողաթումբն այդ մոռացվող կարոտ չմնա խոնարհվող ծաղիկների,
Եվ թող այդ նռները ճաք տան սիրող ձեռքերի ջերմությունից,
Եվ թող այն լեռները արձագանքեն զրնգուն ծիծաղող մանուկներին,
Եվ թող այն մանուշակաբույր անտառները նվաղեն սիրո խոստովանություններից,
Եվ թող բոլոր հեռացած հավքերը դառնան իրենց բները…
Եվ թող խաղաղությունը թագավորի իմ հնամենի երկրում։
ԱՄԵՆ

ՇՈՒՇԻ
Հարսնաքողի տակ արտասվող ճերմակ գեղեցկուհի,
Ուղղիր մեջքդ, դիմացիր, իմ Շուշի,
Կարոտ հայացքս լեռների ու սաղարթների միջով ամեն առավոտ որոնում են քեզ
Ու մնում երկնքին հառած,
Երկնքում եմ պատկերդ տեսնում նոյեմբերի 9-ից հետո,
Դիմացեք, ամենազոր ղողանջներ զանգի,
Ունկերիս մեջ աղոթք-մրմունջներդ են զանգերիդ
Հավատ ավետող,
– Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս՝ Աստված մեր,
պահիր, պահպանիր Հայաստանս, Արցախս, Շուշիս, երկիրս,
տունս, տեղս, զավակներս, ազգս հայոց…
Հազարավոր դյուցազուն որդիներիդ եմ տեսնում երկնքում, Շուշի՛,
Ղազանչեցոցիդ շուրջ, ծնրադիր, հաղթակուռ, սպասիր, դիմացիր,
Երկնքում Տերն է, տղաներն են, Ղազանչեցոցն է,
Ամպերից վեր սրբերն են ապրում,
Դիմացիր, հարսնաքողի տակ արտասվող, մենակ մնացած մեր ճերմակ գեղեցկուհի…
Լեռներում հարսանիք լինելու է,
– Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս՝ Աստված մեր…

***
Աստված իմ,
հողը դողում է ցավից,
Այսքան արյուն, այսքան երազանքներ է միանգամից գիրկն առել,
Հողը տնքում է բեռից,
Այսքան հայրեր, եղբայրներ,
սիրած տղաների կյանքեր է ուսին առել,
Հողը գոռում է հեռացողների հետևից.
– Այսքան արյուն ո՞ւմ համար հեղվեց, ապրողնե՛ր…
Հողը լացում է վերքից,
– Տվեք ինձ վերընձյուղվելու հնար…
Աստված իմ,
Թող որ հողս գրկած ապրեմ, գրկած…
Այնտեղ երազանքներ կան,
Չկայացած հարսանիքներ,
Չծնված մանուկներ,
Չխոստովանված սերեր,
Չհայրացած պատանիներ…
Աստված իմ,
Տուր հողիս վերընձյուղվելու կարողություն…

***
Ճամփաներ անսկիզբ ու անվերջ,
լեռներից գահավիժող,
Անտառների միջով ոլորապտույտ,
ինչպիսին որ ուզես,
Ճիշտ իր երկրի ճակատագրի նման, դժվար,
բայց միշտ հանգրվանին հասցնող,
Ամեն քայլափոխի`
մի հուշարձան դարձած քարեղեն որդի,
Որի արյունը մի օր խառնվել է այդ հողին:
Ամեն քայլափոխի մի մարդկային պատմություն,
Այստեղ անգամ ծառերը պատմություն ունեն,
Որ կարող են խոսել անվերջ, իսկ դու չես զսպի արցունքներդ` լսելով ասքը անկախության
մի երկրի, որը հայինն է և որն այնքան նման է հենց իրեն` հային` ինձ,
Երկուսս էլ փոքր, բայց սիրտն անհատակ մեծ` սիրո և ներումի համար:
Երկի՛րս, պատմությունդ` անսկիզբ ու անվերջ, ինչպես ճամփաներդ,
Արցախս, մայրս, հայաստանոտ ու միշտ հայոտ, անսկիզբ ու անվերջ,
Որդիներդ կհասցնեն քեզ քո և իմ երազած հանգրվանին,
– Հույսն ու հավատը հավետ կապրեն,
Եթե անգամ ես չլինեմ…

***
Դժբախտ ու դժգույն ժամանակները
Լափեցին մեր երազանքները,
Խլեցին մեր ժպիտները,
Պատառոտեցին մեր հույսերը.
Հիմա ուլունք առ ուլունք
ո՞նց,
որտեղի՞ց
հավաքեմ փշուր-փշուր դարձած
Երազանքներս,
Ժպիտներս,
Հույսերս ու…
Հավատս վաղվա օրվա հանդեպ….
Դժգույն ու դժբախտ ժամանակները
Միայն մի բան առատորեն նվիրեցին մեզ՝
Արցունքներ…
Քաոս
Փշրանք-նշխար դարձած իմ Արցախ,
Քաղաքական ներկայացումների բեմահարթակ դարձած իմ վիրավոր սիրտ,
Սրբիր արցունքներդ, դիմացիր ցավին,
Սեղմիր կորստի ցավից դողացող բռունցքդ…
Քեֆ ու խրախճանք են բացել՝ չսպիացած վերքդ սեղան դարձրած…
– Որդիս, որդիս,- ողբում է ծաղկապատ շիրմաքարի մոտ գլխիկոր ծնկած մայրը,
– Այն դո՞ւռն էր,- ամեն մի ձայնից վեր է թռչում անհետ կորած որդուն սպասող մայրը…
– Ա՜խ, տո՜ւնս…,- արցունքն աչքերին՝ կորսված հարազատ տունը տեսնում է հակառակորդի տարածած տեսանյութերում…
– Ռուսը, ռուսը, գործս շարունակեմ,- առաջնագիծ դարձած այգում գյուղացին շարունակում է հաց արարել,
– Անձայն, անխոս, ցավը սեղմող հառաչանք ու արցունք,- Ստեփանակերտից դեպի Մայր Հայաստան ուղևորվելիս,
– Պաշտոն, պաշտոն,- գոռում է աթոռապաշտը,
Ու այսպես էլ ապրում ենք մեր նշխար-փշրանք դարձած Արցախում՝ սպասելով հրաշքի,
ամեն օրը բացվելով՝ փառք տալով Աստծուն,
Որ մեկ օր էլ ապրեցինք։

***
Իմ հոգում Արցախն է ապրում,
Իմ շուրթերով Արցախն է աղոթում,
Իմ թևերով Արցախն է բալիկներին գրկում,
Իմ աչքերով Արցախն է ժպտում,
Իմ մատներով Արցախն է սիրում,
Իմ կարոտով Արցախն է երազում,
Իմ հույսերով Արցախն է ոգեշնչվում,
Իմ հաղթանակներով Արցախն է նվաճում,
Իմ գրիչով Արցախն է մենախոսում,
Իմ սրտով Արցախն է բաբախում,
Կպահեմ քեզ, Արցախ, և՛ սրտիս, և՛ հոգուս, և՛ գրկիս,
Ե՛վ աչքերիս, և՛ ժպիտներիս մեջ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։