Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ / ՄԱՅՐԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Պատերազմը պատերա՞զմ էր, որ թշնամին ժամերի ընթացքում համոզվեց, մեզ էլ համոզեց՝ Հայկական բանակն իրո՛ք անպարտ է: Մեր տղաները կայծակնային, կտրուկ հակագրոհով հակառակորդին հեռու վանեցին Աշոտ Երկաթի փոխարքա Ցլիկ Ամրամի նստավայր ամրոցի մատույցներից, նոր, ապահով դիրքեր գրավեցին, մեծահոգաբար հակառակորդին ասացին. «Թույլ ենք տալիս, եկեք, ձեր լեշերը տարեք»: Պարտված, պախարակված թշնամին որոշեց պատերազմը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Մոսկվայի շուկաներում շարունակել, Արարատյան դաշտավայրի ծիրաններից վրեժը լուծել, բայց այնտեղ էլ հաղթվեց: Բարոյական ամոթալի կորուստներ կրեց: Իհարկե, այդ պատճառով չէ, որ ես համացանցի առաջ անքուն գիշերներ լուսացրի, թշնամու զոհերի մեջ ակնդետ ռամիլ սաֆարովի անունը (միակ անուն-ազգանունը, որ փոքրատառով եմ գրում) որոնեցի: Եթե այդքան շատ էր հայերին ատում, կացնով քնած հայ սպա էր սպանում, զինվորական էր, թող մարտադաշտ իջներ, զենքը ձեռքին առճակատվեր: Մերոնք սպասում էին նրան…
Գուգոն՝ Գուրգեն Մարգարյանը, մեր թաղի տղա էր, ազնվագույն, սիրված տղա: Հուղարկավորելուց հետո մենք նրա կիսանդրին կառուցեցինք, հաճախած մանկապարտեզը, դպրոցն իր անունով կոչեցինք, բայց ես մինչև հիմա մորը հանդիպելիս չեմ կարողանում աչքերին նայել: Չգիտեմ՝ էլ ի՛նչ կարելի է անել, որ սգազգեստ, արցունքից սմքած, որդեկորույս մոր սիրտը հովանա…
Երբ Քյարամ Սլոյանի նահատակության բոթը Բոստոն էր հասել, բանաստեղծ ընկերս հանգանակություն էր կազմակերպել, կոկիկ գումար էր ուղարկել ինձ, որ հարազատներին տանեմ: Երանի տարած չլինեի: Մայրը ծրարին չդիպավ անգամ, ու ես, նրա դեմքին չնայելով հանդերձ, առաջին անգամ հասկացա «մղկտալ» բառի իմաստը: Պարզվեց՝ հակառակորդը քսանամյա զինվորին կառափնատելով չէր գոհացել, սպասել էր, որ մարմինը Հայաստան հասցնեն, հուղարկավորեն, հետո էր գլուխն ուղարկել: Որ ծնողները մի անգամ էլ հուղարկավորեն, մի անգամ էլ տանջվեն… Կրկնե՞մ հարցը՝ «Ի՞նչ կարելի է անել, որ սգազգեստ, արցունքից սմքած, որդեկորույս մոր սիրտը հովանա…»:
Սպարտակ Մաթևոսյանը, որ 54 տարեկանում «Արծիվ-մահապարտներ» գումարտակի կազմում մարտնչել է Արցախում, 80 տարեկանում քառօրյային մասնակցել, գիտի՛: Չնայած համաճարակային այս անձուկ պայմաններին՝ նա ամեն օր մարզվում է զորավարժարանում: Երբ հարցնում եմ պատճառը, պատասխանում է. «Ազատագրական նոր պատերազմի եմ պատրաստվում»:
Բայց չի ասում՝ ազատագրական ո՞ր պատերազմին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։