Երկու կարևորագույն դիրքի կորուստ, 30 միլիոն դոլար արժողությամբ` աշխարհում անխոցելի մեկ Hermes 900 անօդաչու, տասից ավելի կամիկաձե, երեք տանկ, բազմաթիվ զոհեր… Ահա Ադրբեջանի հերթական սադրանքի, Հայաստանի դեմ ագրեսիայի «ձեռքբերումները»: Հայկական զինված ուժերը մի քանի օրում հասցրեցին վերջնականապես պայթեցնել Ալիևի «հզոր ադրբեջանական բանակի» առասպելը՝ ստիպելով, ինչպես Դուրյանը կասեր՝ «Հուսահատ մը» նայի այդ երկրին: Իր ձախողված արկածախնդրությունը որևէ կերպ արդարացնելու պատրվակով Ալիևը որպես միջոց ընտրեց խառնամբոխի բողոքի ցույցը Բաքվի փողոցներում՝ պահանջով պատերազմել հայերի դեմ:
Ինչպես ասված է Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի զգուշացման մեջ. «Ազերիները երբ Բաքվում են, կարող են լավ աղմուկ բարձրացնել, բայց երբ տեսնում են հային, սարսափից մահանում են: Միայնակ շարքային հայ զինվորը ոչնչացնում է նրանց գեներալին, իսկ նրանք կարգախոսներ են հնչեցնում՝ խնդիրը լուծելու համար»: Գեներալի ճակատագրին արժանացան նաև Թուրքիայում պատրաստություն անցած ազերի 100 հատուկ ջոկատայինները, որոնց 40 տոկոսը մնաց ռազմի դաշտում: Հայ զինվորը կրկին ապացուցեց, որ քանակն առանց ոգու մարտունակության սոսկ զանգված է, և որ զենքից առավել կարևոր է հանուն ինչի՛ գիտակցությունը: Եթե հայ զինվորի համար գերակա արժեք է Հայրենիքը, ապա ազերիներին հավերժորեն ուղեկցել և ուղեկցում է ավերումի ու թալանի բնազդը: Այլապես ՊՆ խոսնակի մակարդակով չէին շրջանառի Մեծամորի ատոմակայանը պայթեցնելու հիմարությունը, ինչը բացահայտ պետական ահաբեկչություն է:
Ընդհանրապես, ահաբեկչական ձեռագիրը նշմարելի է ազերիների գաղափարախոսության, հոգեբանության և ձեռնարկվելիք յուրաքանչյուր գործողության մեջ: Նման պարագայում իրավիճակը երկխոսության միջոցով կարգավորելու համաշխարհային արձագանքն ու հորդորները հազիվ թե իրական արդյունք ապահովեն, երբ հենց միջազգային հանրությանը տասնամյակներով չի հաջողվում ահաբեկչության հետ ընդհանուր լեզու գտնել:
Ժամանակն է դիվանագիտական կեղծ բարոյախոսությունը փոխարինել «չարի դեմ՝ չարությամբ» կարգախոսով և հանուն քաղաքակրթության ապագայի, երբեմն ինչ-ինչ շահեր շրջանցելով՝ իրերն իրենց անունով կոչելու համարձակություն դրսևորել: Տավուշի իրադարձություններին հաջորդած ներադրբեջանական վիճակը, ադրբեջանաթուրքական քննարկումներն ու Ալիևի ելույթները վկայում են, որ այդ երկրում ամեն ինչ գլխիվայր է, և խնդիրներն իրականում ավելի խորքային են, ինչը շարունակելու է այդ երկրի ղեկավարներին ստիպել ամեն հայկականի դեմ պայքարի հաշվին իրենց ձախողումներն արդարացնել:
Սահմանագոտում ներկայումս հարաբերական անդորր է, սակայն Ադրբեջանը վաղուց առաջնորդվում է տրամաբանությունից դուրս տրամաբանությամբ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, թե նրանց հերթական ստորությունն ու արկածախնդրությունը իր ավագ եղբոր՝ Թուրքիայի աջակցությամբ ու հորդորով երբ ու ինչ կերպարանքով կդրսևորվի: Սակայն, ամեն ինչից անկախ, Հայոց բանակը կրկին ի լուր աշխարհի արձանագրեց, որ պետք չէ հայերի հետ ուժի դիրքից խոսել, պարզապես չի՛ կարելի: