Դավիթ ՇԻՐԻՆՅԱՆ
Ուժեղները, մինչև հասնեն հույսի դռանը,
հասնում են իրենց նպատակին:
Ջորջ ՕՐՈՒԵԼ
Արժեքներ կան, որոնց մասին խոսելիս միտքդ պայծառանում է: Այդպիսին է հայրենիքը: Ուզես թե չուզես այն քոնն է ազգանվանդ պես:
Մենք ուրիշ խմորից ենք, նման ենք միայն մեզ և անավարտ այս պատերազմում ապրում ենք առանց ահի: Հաղթանակի տենդով չենք տառապում, մեր նպատակը խաղաղ հայրենիքում ապրել ու արարելն է, ուրիշ ոչինչ:
Թոնրատանը գյուղի կանայք հավաքվել, հաց են թխում: Գիշերը կայծակը վնասել է հացի փռի էլեկտրալարերը: Մինչ սարքեն` խմորը կփչանա: Հիմա գյուղի կանայք հավաքվել, հաց են թխում` գյուղի հացը:
– Դիրքերից, փառք Աստծու, վատ լուր չկա: Ուրեմն աշխույժ թխենք, որ հացն ավելի համով լինի:
Տղերքը ձուկ բռնելու գնացին: Թոնրի հաց, Թարթառի ձուկ ու արցախյան գինի: Աշխարհում սրան ոչինչ չի հասնի:
Կեսօրին հավաքվել, քեֆ ենք անում, հիշում տղաներին, անպայման հիշում, ու վայ սեղանապետին, եթե մի կենաց ուշացնի: Մեկը տեղից վեր կկենա, իր բառապաշարով կենաց կխմի, բոլորը կմիանան նրան ու… սեղանապետն այլևս սեղանապետ չէ:
Վարդենիս-Մարտակերտ մայրուղին Գետավանով է անցնում: Հիմա գառն էլ է ծախվում, հնդկահավն էլ, մեղրն էլ: Շատ ունենաս` աղքատ չես լինի:
– Հա՛, մեղր ասացիր, հիշեցի, խոսքդ մեղրով կտրեմ, էս մի բաժակն էլ` դիրքերում կանգնած մեր երեխեքի կենացը:
Երեխեք, որ այնքան էլ երեխեք չեն: Որ հայրենիք են պահում ու փառքով են պահում:
Երևան ենք հրավիրված, ընկերոջս տղայի ծնունդն է: Գառ, օղի, պանիր ու մեղր կվերցնենք, կգնանք: Մի լավ քեֆ կանենք ու իրենց էլ կզարմացնենք մեր ուտեստ-նվերներով:
Ապրիլյան պատերազմում ցուցաբերած արիության համար գյուղի տղերքից ութը «Արիության» մեդալ է ստացել: Չէ՛, էդ մասին չենք խոսի: Անհարմար է:
Օրը թեքվել է: Հնձած խոտը պիտի հավաքենք` անձրևը չփչացնի: Ու քեֆչիներով գնում ենք ի գործ:
Էս տարի կարկուտը շատ վնաս տվեց, մնացինք դրսից բերվողի հույսին: Դուրսը արտասահմանը չէ, Վարդենիսն է ու Վարդենիսից այն կողմը:
Իրիկունը հոգնած, «խաչմերուկում» հավաքվել, ասում-խոսում ենք:
– Գերեզմաններ տանող ճանապարհը սելավը քշել է, մեքենան տակը խփում է: Գումար հավաքենք, սարքենք:
– Գումար լինի` ձեռքով էլ կսարքենք:
– Վաղը հավաքվենք, խելք խելքի տանք, մի բան անենք:
Էդ «վաղն» այս էլ քանի՛ տարի օդում կախվել, ո՛չ վար է ընկնում, ո՛չ վեր:
– Դիրքերից ի՞նչ կա:
– Փառք Աստծու: Բարի գիշեր:
Տարեցները` քնելու, ջահելները համակարգչի առաջ «դիրքավորվելու» են գնում, կանայք… Անտեր «Իչան» տեսնես ո՞ւր մնաց:
– Աղջի, ասում են Վանշը վերակենդանանում է, ախր «դիակը մեր ձեռքով վառեցինք»:
– Չգիտեմ, ես չեմ նայում:
– Ես էլ: Ասում են:
Ու աստղերը վերևից նայում, ժպտում են, իրենք էլ չհասկանալով, թե` ինչու:
Մարտակերտի շրջան, գ. Գետավան
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
Եվ մեր անվտանգությունը
պիտի աճի մեր միջից ու զորեղանա…
Խաղաղությունն ինձ համար հիշողություն է` ծածկված խորհրդային գույնզգույն վարագույրներով: Իսկ վարագույրների ետևում թե ինչե՜ր էին կատարվում` չէի կարող տեսնել: Շա՜տ էի ջահել: Հետո փոթորկվեց Արցախյան շարժումը, և վարագույրներն ընկան հորիզոնն ի վար: Սահեցին մեր դեմքից ու մեր խոսքից նաև: Բացվեց ժամանակի զոհասեղան-ճակատը: Բացվեց իրականի ահավոր դեմքը: Հայոց հարցն այս անգամ լուծվեց համառ ու անզիջում… պատերազմով:
1994 թ. մայիսի վերջին ես մտածեցի, որ հաջորդ պատերազմը լինելու է այն ժամանակ, երբ 94-ին ծնված տղաները դառնան 18 տարեկան: Եվ բռնկվեց ապրիլյան «Քառօրյա» կոչված պատերազմը: Այդ ժամանակ 18-ից 22 տարեկան էր պատերազմ չտեսած սերունդը, որը, բախվելով նենգ թշնամուն, հաղթանակ տոնեց… Ազատության մեջ ծնված ու մեծացած սերունդը երբեք չի՛ հանդուրժի ստրկության լուծը: Սա՛ է մեր ժամանակի և հասարակության ոգու բանալին: Մեր ազգի փրկությունը մեր համահավաք ուժի և միասնության մեջ է:
Ապրիլյան ցնցումն, իրոք, վերափոխեց մեր ողջ էությունը: Մինչ այդ կարծես թե նիրհի մեջ էինք: Աններելի՛ և մեր ոգուն անհարիր… ոստայնում թավալվում էր հորիզոնը: Երկու կողմերի ուժերն այժմ հավասարակշռվա՛ծ են: Նիրհելու իրավունք ունի գուցե ֆրանսիացին, բայց ոչ` հայը: Չէ՞ որ 20-րդ դարի սկիզբն ու վերջը ագուցված են ցեղասպանության սև միջանցքով: Այդ մեծ Ցնցումը դեռ գործում է… Մենք միշտ պիտի զգոն լինենք և հավասարակշռված: Եվ մեր անվտանգությունը պիտի աճի մե՛ր միջից ու զորեղանա: Դրա մեջ են մեր ճանապարհի խորհուրդն ու աստվածային ելքը:
Այսօր գրել թղթին` նույնն է թե գրել վիրակապի վրա: Խաղաղ լուսաբացների անգին էջերին կրակոցներն է հյուսում ժամանակի երգը: Իսկ վե՜րքը… Բանաստեղծի ելքը ի սկզբանե Բանն է` Աստվածատուր խոսքը: Բանաստեղծն այսօր հայրենյաց ոգու զանգահարն է և մեր ժամանակի հզոր պատարագիչը: Երկրի զինվորն է և շինարարը: Նա այսօր էլ ներշնչանքի մեջ է և օրն ապրում է` որպես բացահայտում Ոգու, Գույնի, Հույզի: Որպես Լույսի կշռաչափ` նա ընտրում է բառը` նրանով կշռելով իր ապրած ամեն ժամը…
ք. Շուշի
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Համբուրելով սահմաններն անառիկ պահող
զինվորի ճակատը
Ամեն առավոտ աչք բացելուց արցախցի մամիկն օրհնանքի խոսքերով է դիմում իր պաշտպանին. «Աստված պահապան դիրքապահ հայ զինվորին»: Տեղեկանալով, որ գիշերը խաղաղ է անցել սահմանում և կորուստներ չեն եղել, Աստծուց խնդրում է, որպեսզի խաղաղությամբ օծվեն լուսաբացները: Սակայն աղետալի լուր առնելով առաջնագծից, տակնուվրա է լինում սիրտը նրա, անխոս արտասվում է գնդակից խոցված յուրաքանչյուր զինվորի համար (որդեկորույս մայրերին նա կհասկանա)…
23 տարի առաջ հրադադար աղերսող հակառակորդը, որ հայ զինվորի բազկի ուժից տագնապահար ճողոպրել էր իր երկրի խորքերը և դռնեդուռ ընկած միջազգային ամենատարբեր հարթակներում միջնորդներ էր որոնում կռիվը կանգնեցնելու համար, կարծես մոռացել է իր կրած խայտառակ պարտությունը և լկտիացած ավագ եղբոր` Թուրքիայի հովանավորությունից, գրեթե ամեն օր սադրիչ գործողություններով առաջնագծում սրում է իրավիճակը, սպառնում «ռազմական ճանապարհով լուծել խնդիրը»:
Անկանխատեսելի է Ադրբեջանն ու արկածախնդիր, ինչպես նրա ղեկավարը, ով հսկայական գումարներ ծախսելով նոր զենքերի և սպառազինությունների ձեռքբերման համար, կործանման է տանում սեփական երկիրը` պատերազմի կոչերը շուրթերին: Նա չի հրաժարվում ուժով Արցախին տիրելու խելացնոր մտադրությունից: Եվ 2016-ի ապրիլյան պատերազմից դասեր չքաղելով ու մնալով անպատիժ` վերստին սանձարձակ է դարձել և շարունակ տորպեդահարում է բանակցությունները, անտեսում երկխոսության ցանկացած առաջարկ, փոխարենը` իր երկրում ավելի ընդլայնելով հակահայկական քարոզչությունն ու թշնամանքը:
Արցախցին, որ չի հանդուրժել օտարների լուծը, երբեք չի հպատակվել թուրք-ազերիներին և մշտապես ընդդիմացել է ստրկացմանն ու բռնություններին, չունի այսօր ձեռք բերած մեկ այլ բացառիկ արժեք, քան ազատությունն է, իր երկրի անկախությունը: Ենթարկվելով ծանր փորձությունների և զրկանքների` նա բազմիցս է ապացուցել նախընտրած ճանապարհը վստահ շարունակելու և ազատագրական պայքարը համայն հայության աջակցությամբ վերջին հանգրվանին հասցնելու իր կամքը` ամեն ինչից վեր դասելով ազգային արժանապատվությունը:
Հայ ժողովուրդը երբեք այնքան միասնական և համախմբված չի եղել, որքան ապրիլյան պատերազմի օրերին էր, երբ մեր հայրենակիցներն օգնության ձեռք էին մեկնում Արցախին, զորակցում` ինչով կարող էին: Հարյուրավոր կամավորականներ եկան ու կանգնեցին դիրքապահ զինվորի կողքին, իրենց ներկայությամբ քաջալերեցին և ոգևորեցին նրան` բազմապատկելով ուժն ու կորովը: Մեր 18-20 տարեկան կորյուններն իրենց խիզախությամբ և հերոսությամբ արժանի հակահարված հասցրին թշնամուն` ստիպելով նահանջել ելման դիրքեր: Ցավոք, դաժան մարտերում նաև անդառնալի կորուստներ ունեցանք, և ցավից չեն սպիանա որդեկորույս մայրերի վերքերը:
Սահման պահող տղերքը, համալրելով նորօրյա հերոսների շարքերը, արժանապատվորեն շարունակում են իրենց առաքելությունը` երբեք չկորցնելով զգոնությունն ու աչալրջությունը: Հայ զինվորը, խաղաղ լուսաբացներ ապահովելով իր ընտանիքի, հայրենիքի համար, երազում է, որպեսզի հայոց օջախները շեն ու հաստատ մնան և մանուկների ժպիտները ցրեն բոլոր-բոլոր պատրանքները: Նա հավատում է նաև, որ մի օր Արցախի երկնակամարում հայտնվելու է այն հրաշք աղավնին, որ իր ճերմակ թևերին խաղաղություն է բերելու Հայոց աշխարհին:
Արցախյան ազատամարտը, անկախ զբաղմունքից և նախասիրություններից, խոր հետք է թողել յուրաքանչյուր հայի վրա, առավել ևս, երբ նա ստեղծագործում է: Իմ ապրումներն ու մտորումները, հուսախաբություններն ու ոգևորության հասնող լարվածությունը գեղարվեստական խոսքի ուժ են ստացել, զետեղվել արձակ և չափածո ստեղծագործություններում: Իսկ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված իմ շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունները հայ երգահանների կողմից վերածվել են երգերի («Ավո» «Բեկոր» «Եվ այր մի սպարապետ», «20 գարուն», «Վերջին Մարտը», «Ռեքվիեմ» և այլն): Վերջերս գրված «Ձեզ այցի կգամ լուսաբացին» բանաստեղծությունը, որ նվիրել եմ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին, նույնպես երգի է վերածվել, ու երգում են ՊԲ զորամասերում, դպրոցներում` խնկարկելով նրա պայծառ հիշատակը:
Հաճախ եմ այցելում Այգեստանում գտնվող իմ հայրական օջախը, ուր անցել է մանկությունս: Տարեց պապենական թթենին օգնում է ինձ նորոգելու ուրախ ու տխուր օրերի իմ հիշողությունները, զրուցելու այգու ծառերի, վարդի թփերի հետ, նրանցից առնելու ավանդապաշտ ծնողներիս կարոտը, որոնց իմաստուն խորհուրդներին ունկնդիր` շարունակում եմ քայլել նրանց ոտնահետքերով, զորացնելով իմ հովիտը` առ Հայրենիք: Այստեղ` Արցախիս սրբացած հողում է գտնվում իմ տունուտեղը, որից թանկ բան չկա ինձ համար աշխարհում: Ու երկրի սահմաններն անառիկ պահող զինվորի ճակատը համբուրելով` ամեն առավոտ աղոթում եմ, որ նա անփորձանք իրականացնի իր զինվորական ծառայությունը և հարազատ օջախի գիրկը վերադառնա:
ք. Ստեփանակերտ