ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր
ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
ՏՈՀՄԻԿ ԱՍԱՑՈՂԻ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ
Բազմաթիվ լեզուների գիտակ, ավաղ, ըստ արժանվույն չգնահատված գյուղական համեստ ուսուցչի իր կոչմանը հլու Վահրամը իր արձակագիր Վահան Սաղաթելյան զավակին էր փոխանցել արմատների հետ, էրզրումյան հյութեղ բարբառից ժառանգված մի լեզվամշակույթ, և Վահանը իրեն պիտի պարտավորված զգար իր գալիք կյանքն ապրելու նույն այդ լեզվամտածողությունից արտածված խղճի և բարոյականության առինքնող շրջածիրում պարփակված: Բարձր Ջավախք աշխարհն ու նույն այդ աշխարհի Դամալա գյուղը գիտե՞ր, որ դեպի մեծ աշխարհ է ճանապարհում իր էն զավակին, ով բարեկեցությունն ու անձնական շահախնդրությունները զանց առած, ապրելու է անվարձ մշակի իր կյանքը և առանց գունազարդելու, պատմելու է իր տոհմի, ցեղի պատմությունը: Այստեղ է, որ կենաց փաստը դառնում է առաջնային պայման և արձակի պատումը դարձնում է հավաստի: Գրականությունը պատրվակ է եղել, որ Վահան Սաղաթելյանը կատարի իր ծնողների պատվիրանը՝ ճիշտ, շիտակ ապրի իր կյանքը և աշխարհին, մարդկանց պատմի միայն ճշմարտությունը (հաճախ՝ դառն ու ցավեցնող) և մոլորանքի, վհատության ժամերին նույն այդ մարդկանց հոգևոր նեցուկն ու հոգսընկերը դառնա: Ընթերցողը վստահել ու վստահելու է Վահանի ճշգրիտ ու հասցեական խոսքին, հավաստիացել է, որ նրա արձակ պատումները և ոչ մի պարագայում փակուղու չեն հանգեցնելու: Վահան Սաղաթելյանը չի հորինել ու չի հորինում, այլ քվանտային հիշողությամբ վավերագրվածն է փորձում փոխանցել ընթերցողին: Վահանը գիտի, թե երևակայություն կոչված հրաշքի, ներշնչանքի և գրական վարպետության շնորհիվ մարդկային միտքը ինչպես է կենցաղի ստորոտներից վեր խոյանում և հայտնվում ոգու, ոգեղենի անհնարին թվացող բարձունքներում: Եվ վրիպված ո՛չ մի տող, ո՛չ մի պատկեր:
Վահանը գրողների, արձակագիրների այն սերնդից է, որն անցավ մեր ժողովրդի համար նախասահմանված հոգևոր ու մարմնավոր զրկանքների բոլոր պարունակներով, ում վիճակված էր ականատեսն ու մասնակիցը լինել մեզ բաժին հասած բոլոր շրջադարձային իրադարձություններին: Պետականություն կերտող, խորհրդանիշ ու դրոշ ունեցող մեր Հայաստան հայրենիքի համար ճակատագրական են եղել բոլոր ժամանակները, և այդ ճակատագրայնությունը, պատմվածք առ պատմվածք, գիրք առ գիրք, արտահայտվել է Վահան Սաղաթելյանի և նրա սերնդակիցների գործերում:
Ես գիտեմ, որ Վահանը յուրաքանչյուր անգամ գրասեղանի առջև նստելուց առաջ կարեցել է թոթափել մարդուն ի բնե տրված, անառարկելի ու անբեկանելի վճիռներ կայացնելու դատախազական մղումները և իրեն վերապահել է անկաշառ վկայի, վկայողի կարգավիճակը:
Վահան Սաղաթելյանը այն եզակի փնտրողներից է, որ ցնորական պատկերին ի խույզ, երբեք չի կորցրել իրականության զգացողությունը և «եթերային, սիրուն ու կոշտ իրականության» դարձածալերում գտել է «…Աշխարհն ինձ համար գեղեցկացավ, և արդյունքում ես գտա իմ հավասարակշռությունը: Ապրել կարողանալու հավասարակշռությունը»:
Տոհմիկ ասացողի պատվախնդրությամբ, վկայողի անկողմնակալությամբ, պատմողի անաչառությամբ Վահանը կայացնում է խաղաղ զրույցի իր առինքնող ծեսը: Գրողի անցած ճանապարհը, պատմվածաշարերը, հրապարակախոսական հանդուգն էսսեները, գրքերը և Վահան Սաղաթելյան արձակագրի գրական վաստակի ծանրակշիռ հունձքը այլևս անհերքելի փաստ է:
Մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը, չենք ուզում ողբանզովքով մեր ունկերը խցանած տարտղնվել, վհատվել, հուսահատվել, ընկրկել: Քանզի հավերժի մեր երթն ընդհատելու և կես ճանապարհին կանգ առնելու մտադրություն չունենք: Եվ մեր աննահանջ երթի համար մեզ ոգու, ոգեղենի հուսալի երաշխիքներ են պետք, իսկ այդ երաշխիքներից մեկը նաև Վահան Սաղաթելյան արձակագրի գիրն ու գրականությունն է լինելու:
Արտաշես ԱՐԱՄ