ԵՂԵՐԵՐԳ. Եղիշե Չարենցին /Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Չարենցը կարմիր այն մուժը վանեց,
Երբ սթափ հոգով նայեց նա իրին,
Մեր հավաքական ուժին դավանեց,
Ու վերածնվեց երկիր Նաիրին:

Երբ որ հղացավ «Գիրք ճանապարհի»-ն,
Հասկացավ, ի՜նչ ենք ճամփին կորցըրել.
Ազգեր են լծել սին գաղափարին,
Ազգայինն անգամ ձև են դարձըրել:

Նա իր Պատգամը ազգին պատգամեց`
Դու միշտ իմաստուն, բայց ոչ միշտ խելոք.
Թե անգամ ինքը`Փրկիչն էլ գա մեծ,
Միաբանվելը կփրկի քեզ լոկ:

Դու Էրկրի կարոտ, բայց Երկիր լքող,
Քո Հուդաները մատնիչ են ու գող-
Այն, որ սովոր են Հիսուս մեռցընել
Եվ փոխարենը միայն Նեռ ծընել:

«Ո՞վ հայտնեց սրանց Պատգամի մասին,-
Գաղտնիքը միայն Ակսելը գիտեր».
Ինչքա՜ն են խորհել, գժվել միասին,
Մոտ էին, երբ դեռ չէր մեկնել Պիտեր:

Նա՞, որին, ափսո՛ս, մռայլ հյուսիսից
Նամակ էր հղել, այն էլ չափածո`
Հեղված իր սրտի հույզից ու հույսից,
Տոգորված իր ողջ ապրած-չապրածով:

Ի՜նչ հեշտ է մեկին դարձընել մատնիչ,
Երբ է՛լ կասկածին չես ընդդիմանում,
Երբ խարդավանող մի դժնի քննիչ
Կորզած ցուցմունք է դեմքիդ դեմ անում:

Ի՜նչ հեշտ է մատնիչ դարձընել մեկին
Հեղափոխության դևերի համար,
Երբ որ բառացի չոքում են բկին,
Ու դիմանալն է դառնում անհնար:

Ի՜նչ հեշտ է դահիճ դարձընել մեկին…
Բայց գիտե՞ս, Չարենց, ո՜վ մեծ Բրահման,
Ի՞նչ ասավ Բակունցն այն օրվա ծեգին,
Երբ տանում էին գնդակահարման:

Իսկ Բակունցն ասավ, երբ եղկ քաջքերը
Մութ խցից մահվան ձորն էին տանում`
«Այս ազգի համար լացող աչքերը,
Աքսե՜լ, բոլորից շուտ են կուրանում»:

Այն լուսադեմին եթերում վերին
Մի աստղ պայծառ ցոլաց ու շիջավ,
Եվ ալպիական մանուշակներին
Այնժամ ցողի տեղ արտասուք իջավ:

Աստվածաշնչից մինչև ձեր ծառան
Գրվել են դարեր բյուր ակրոստիքոս,-
Այս գիրքը միայն չներվեց նրան
Ու այրվեց որպես պիղծ հերետիկոս:

Լուսավորվել է աշխարհը կարծես,
Խավարն էլ ոնց որ շատ չի թանձրանում,
Երբ միջնադարյան տիտանների պես
Գրքերն են արդեն խարույկ բարձրանում:

Եվ բանազեղծներ, բանթուխներ ետին
Ու նրանց շարքում Օբուվն ու Քսպեն,
Հանդգնում էին դաս տալ պոետին,
Որ իրենց խելքով Չարենցին զսպեն:

«Ո՞վ է Պիերրոն` ինքնակոչ հանճար,
Որ հավակնում է փառքն Աքիլլեսի.
Փակեցե՛ք դրան խցում անպատճառ`
Մեծ առաջնորդը ծաղրը չլսի»:

Եվ ուրիշ մեղքեր բարդեցին վրան
(Որ մեջ չբերեն պողպատե մարդուն).
Տեղից ելնողը դարձել էր բերան
Ու մեծ պոետին վճիռ էր կարդում:

Դեսպոտը փայլ է կորզում հանճարից,
Որ շուք տա իրեն մտքի, արվեստի.
Բայց ծպտալ անգամ բարուց ու չարից`
Թույլ չի տա ոչ մի հանճար ըմբոստի:

Ըմբոստ ես` պիտի ձեռնասուն դառնաս,
Մտքիդ ու լեզվիդ կրես ժանտ շղթան.
Ըմբոստ հանճարին էլ ի՞նչ վեհ Պառնաս-
Նրա բարձունքն է միայն Գողգոթան:

Այսպես նա ելավ վերջին ճանապարհ,
Գիտեր` գնում է դեպի էշաֆոտ.
Թողել էր ետև կուռքեր չարափառ,
Թողել անցյալում շորշոփ ու շփոթ:

Եվ ինչո՞ւ իրեն նա կոչեց Չարենց, –
Ո՞ւմ էր սպառնում իր այդ անունով,
Երբ ինքը իրեն խաչին չարչարեց
Ու վերջին երգը գրեց արյունով:

Փառք էր վայելում ամեն ձեռնածու,
Որ երգ էր ձոնում Տունդրայի տորֆին,
Իսկ այս պոետին` հիվանդ մահացու,
Խնայում էին փրկարար մորֆին:

Երգել էր անգամ «Իլյիչ և կոշիկ»,
Հեղափոխություն, թշվառին անտուն.
Երազեց, Սոմա՛, հմայքը քո շիկ,
Մեռավ` մարդասեր Սովետի բանտում:

Նա, ով կայծ չունի իր հանգած սրտում,
Դրոշ է դարձնում ամեն ձորձը հին.
Ուրիշի մաշված մտքերն է սերտում,
Որ ձեռընտու են իրեն այդ պահին:

Նա հին մոխիրն է քրքրում հլու`
Ոչ թե նրա մեջ կայծ բորբոքելու,
Այլ նրա համար` չլինի՞ հանկարծ
Գեթ մի կայծ մնա մոխրի մեջ հանգած:

Այսօր էլ նման մարդիկ մերկանդամ
Նրա դեն նետած լաթն են կարկատում,
Է՜հ, նրանց ի՞նչ փույթ, թե ամեն անգամ
Չարենցի սրտից արյուն է կաթում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։