Երկիր Նաիրի – 2
Փողոցներ՝ մաշված նշագծերով՝
անտարբերության փոշու մեջ
հազիվ նշմարվող:
Հույսի ու հավատի
վարիացիաներ փորձարկող մարդիկ,
ովքեր մայրամուտի շողերի մեջ
փնտրում են պայծառությունը
լուսաբացի:
Աղմուկի մեջ լռություն
և լռության մեջ աղմուկ փնտրողների
մի հոծ բազմություն՝
հոխորտանքի շեփորներով:
Երազն ու իրականությունն
իրար խառնածների մի խումբ՝
հրեշտակի թևերով թափանցիկ,
որոնք առայժմ
միայն իրենք են տեսնում՝
բառերը նետելով իբրև ուռկան,
որոնք հաճախ թակարդ են դառնում,
խոտորում ճանապարհը
«պայծառ ապագայի»…
Կանգառը կործանում է,
քայլեք առանց կանգառների:
– Ո՞վ է լսում մեր ոտնաձայները:
Պատասխան չկա:
Նա ժպտո՞ւմ է Վերից,
թե՞ քմծիծաղում…
Քայլեք այնպես,
որ դժգունեն քմծիծաղի
բոլոր երանգները:
* * *
Մոռացե՛ք բառերը,
որոնք հոշոտում են
միտքն ու գաղափարը,
արժեզրկում թռիչքը լույսի,
ասվում՝ քողարկելու համար
ձեր ներսի նեխահոտ խավարը:
Մոռացե՛ք բառերը
և եղեք այն, ինչ ուզում եք ասել,
մի՛ երկրպագեք ձեր որկորը,
մի՛ ննջեք անհոգության բարձերին,
հետո` ճիչերից արթնանալով,
մի՛ գոռացեք՝ իմ հայրենիք…
Հայրենիքը ճանաչում է
ԻՐ զավակներին,
եղե՛ք զավակ, հետո մտածեք
տեր լինելու մասին:
Ճանաչեք ինքներդ ձեզ ներսից,
իսկ երբ խորշանքը շատ ահագնանա,
առաջինը դո՛ւք թքեք ձեր երեսին,
լվացվե՛ք ամոթի ինքնաբուխ հեղուկով,
համոզվեք, որ լիովին ասուն եք,
որպեսզի ուրիշները չթքեն
և չասեն՝ անասուն:
* * *
Ես ամեն ակնթարթ
պաշտպանում եմ ճշմարտությունը
կողմնակի ազդեցություններից,
պահպանում նրա մերկ մարմնի
բնական ու
թարմ մագնիսականությունը,
զերծ պահում մշտապես
կեղծավորության թունավոր
փոշեհատիկներից ու քամիներից,
նախնական գույնը խամրեցնող
ճամարտակության արևահարումից,
բացառում քսուքները քիմիական
քծնանքի և ստորաքարշության,
պաշտպանում զգայուն ունկերը
աղմուկից «խելացի» խորհուրդների,
գերզգայուն ռունգերը՝
ճահճահոտից մեծամտության,
իսկ մաքրաբյուրեղ աչքերը՝
մարմնավաճառ հայացքների
թունազեղ սևեռումներից…
Ատելությունը ծնվում է կեղծիքից
և այրվում բոցերի մեջ ամոթի,
սերը ծնվում է ճշմարտությունից,
իր ճառագայթներով սնուցում
կենսառաք ռիթմերը երաժշտության,
որից չենք հագենում երբևէ,
սնելով մեր բջիջները թափանցիկ
լույսերի երփներանգ խայտանքներով:
Թույլ տուր, ճշմարտությո՛ւն,
համբուրեմ քո աչքերը
քեզ համար հազարերորդ անգամ
զոհվելուց առաջ:
* * *
Կնճիռներ մի՛ փնտրիր
մայրամուտի դեմքին,
լույսը չի ծերանում,
ոռոգում է հավատի
ընդերքը պարարտ
բաժանման ու կարոտի
վճիտ արցունքներով
և ծլարձակում առավոտյան
հույսի ու հղացման
թափանցիկ բողբոջներով…
Նրանց մեջ մի՛ փնտրիր քոնը,
քանզի այն վաղուց է ընծայված,
մի՛ սպասիր ու տագնապիր,
լույսի ընծաները չեն ուշանում,
եթե խավարի սպասավորը չես…
Կնճիռներ մի՛ փնտրիր
մայրամուտի դեմքին,
լույսը նիրհում է լոկ,
որ գունավորի
քո երազները…
* * *
Ես ծաղկաբույրեր եմ կլանում
ակնթարթների մերկությունից,
ֆիքսում սարսուռները
համաչափ առկայծումների`
հետագայում խլացնելու համար
սպառնալի ձայները
օրվա դատարկ հատվածների:
Ռունգերս քաղցրություն են հաղորդում
ծխախոտից դառնացած շուրթերիս,
հետո զգում եմ համը
անշղարշ մերկության,
անջատում եմ հեռախոսը,
որպեսզի խուսափեմ
«անհապաղ» գույժերից
ու նույնիսկ ավետիսներից,
քանզի գեղեցկությունն
ամբողջովին մերկ ակնթարթների
լավագույն ավետիսն է
այսօրվա և վաղվա:
* * *
Ես թևեր եմ նկարում
երազների տեսիլներին,
երկրպագում ճախրանքը
վերադարձի հնչյունների,
ներարկում նոր գույներ
փակ աչքերիս տեսողությանը՝
օծելով ճառագայթները
ճշգրիտ բանաձևելու
համառ համբերությամբ…
Հանդերձանքն ու տեղանքն
ընտրում են տեսիլները,
որ խուսափեմ կրկին
պատկերների կրկնությունից,
նույնն են, սակայն, դեմքերը՝
լույսերում հիշողության,
հարազատ, ինչպես
բաբախյունը սրտիս
և սեփական շնչառությունս,
որի փետուրները նրբահյուս
սոսափում են թեթև
Նրանց ժպիտներից
այսաշխարհի ու այնաշխարհի:
Շարժվում են թևերն իմ նկարած
փետուրներով իմ շնչառության,
կարոտներս բերկրում են
հեռացող լռության
և մոտեցող սփոփանքի
ոտնաձայներից…
Ամեն ինչ ասում են
հայացքները Նրանց,
որ նախերգանքն են
իմ նոր կարոտների:
* * *
Լույսը չի լքում մեզ,
թափառում է լոկ
հոգիներում պայծառ,
հետո վերադառնում
միայն նրանց մոտ,
ովքեր հավատում են
իր վերադարձին,
ովքեր տեսնող են
բյուրավոր նայողներից,
ում տեսահորիզոնը
ջնջել է վաղուց
պատրանքը հեռավորության,
ովքեր կրում են
Լույսի խորհուրդը
անմեկնելի ու անկրկնելի:
Եթե աչքերդ զերծ են
խավարի գերությունից,
թափանցիկ են նույնիսկ
գիշերվա քողն ու
խիտ մառախուղը,
սև ամպերն ու տարերքը
կայծակնախաղերի…
Լույսը չի լքում մեզ,
ուղեկցում է վեր՝
գագաթն ինքնաճանաչման:
Եվս մեկ գարուն
Լեռների գագաթները
դեռ պահպանում են
ձմռան ճերմակ հիշողությունը,
արդեն լսվում են շշունջները
զսպանակված լռության ճեղքերից
ծառերի համբերատար սպասման,
բողբոջները բացվում են՝
շուրթերին կարոտը
նախորդ տարվա տերևների
և նորերի թարմության բերկրանքը…
Ագռավները լռում են,
ճնճղուկները նվագակցում են
սոխակների երգերին,
խոտերի կանաչ ծփանքը
վերջին հորդորն է հղում ծաղիկներին՝
աճապարել դեպի արևի լույսը,
որ կխտացնի բույրերը նրբաթարմ…
Արթնանում են կրկին կարոտները
անցյալի ու ներկայի կամուրջներին,
որոնց ներքևում հոսում է գետը՝
բյուրեղներով հիշողության…
Երկնքից հսկում են մեզ
դեմքերը մեր սիրելի,
որոնք մեզ են ընծայել
իրենց չապրած գարունները,
խտացնելով մեր նորոգվող
զգացմունքների հուշամատյանը:
Մենք լողում ենք սպասումների
ծովերի մեջ անծիր
նավակներով նրանց հայացքների,
իսկ ալիքները տանում են մեզ
դեպի կղզիները երազանքների…
* * *
Վերադառնում են կրկին
իմ կարոտների արձագանքները՝
հարազատ դեմքերի ժպիտներով
ու լույսերով լիցքավորված:
Մեր մեղմալիք թրթիռները
և նույնիսկ զգայուն մաշկը
նույն բաղադրությունն ունեն,
որի բանաձևն անվերծանալի է
ուրիշների համար:
Երկնքից նայող հայացքները
խրախուսում են նորահայտ ու թարմ
կարոտների թռիչքներն անկանգառ,
որոնք մաքրում են ժամանակի դեմքից
հոգնության փոշին ու տիղմը
ձանձրույթի…
Այն, ինչ կոչում ենք կյանք,
կարոտի վարիացիաների
սինֆոնիա է հրաշափառ՝
անցյալի ու ներկայի
անիմանալի հնչյուններով…
Ես աղոթում եմ ամեն օր
նաև գալիք կարոտների
ծննդյան համար: