Դեկտեմբերի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Աբիգ Ավագյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Աբիգ Ավագյանը Պարսկաստանից գալով Հայաստան՝ 50-60-ականների գրական հոսանքին միացավ հետաքրքիր բովանդակային, թեմատիկ ուղղվածությամբ, պարսկական իրա- կանության հետաքրքիր շերտերով, արժևորեց «Հարավային տենդը» գիրքը, որը լայն արձագանք է գտել ընթերցողների ու գրականագետների կողմից: «Աբիգ Ավագյանի արձակը ներքին ռիթմի, լեզվամտածողության, աշխարհը դիտելու խորագույն պոետականություն ունի՝ արևելյան, դանդաղկոտ մտածողության ռիթմիկայով, հետաքրքիր, արտառոց կերպարներով,- նշեց Էդ. Միլիտոնյանը:
Արձակագիր Նորայր Ադալյանի հավաստմամբ՝ Ա. Ավագյանը Պարսկաստանից եկած հայ էր, բայց իր կեցվածքով, իր լավագույն ստեղծագործություններով, պատմվածքներով եվրոպական մշակույթի կրող էր: Նա գրական ասպարեզ էր եկել մեծագույն գրողների՝ Բակունցի, Թոթովենցի ու նրանց սերնդակիցների մահից հետո, և նրա բերած արևելյան մոտիվները նորություն էին հայ գրականության մեջ:
Գրականագետ Լիլիթ Արզումանյանը, գնահատելով Ա. Ավագյանի արձակը, նշեց. «Որպես գրող՝ ռեալիստ էր, բայց այդ ռեալիզմը անչափ փխրուն էր: Կերպարները հետաքրքիր էին՝ մինիմալ նկարագրություններով, արտահայտչամիջոցներով, բայց այնքան հարուստ էին, որ ամբողջովին հառնում էին քո առաջ»:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի թեկնածուական ատենախոսության մեջ ծավալուն տեղ է ունեցել Ա. Ավագյանը, քանի որ նրա «Հարավային տենդը» տեղավորվում էր ատենախոսության հարցադրումների շրջանակում: «Աբիգ Ավագյանը իսկապես դասական գրող է, նրանից պիտի դաս առնենք, թե ինչպես պետք է ապրել, ինչպես պիտի կյանքը նկատել և քո հոգու միջով անցկացնելով վերադարձնել մարդկանց»,- ամփոփեց Պ. Դեմիրճյանը:
Ելույթ ունեցան նաև արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը:
One thought on “ԱԲԻԳ ԱՎԱԳՅԱՆ – 100 –”