ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ – 75

ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻ ՀԱՅԴՈՒԿԸ
Թալինի ապստամբ – երկնառաք,
չգաղթող քարերի
արմատ տված ժողովարանում,
նստած էր ալևոր հոնքերով
«Կաթնաղբյուր» գյուղը,
իր որձ – Սասնակոփ,
Սասնակող խրճիթներով,
որոնք էլ` կռնակ կռնակի,
գլխաբաց կանգնած էին
հարավա կողմից փչող`
արագիլ-հովերի դիմաց,-
հողե տանիքներին`
գարնանամուտի «ոտնահետքերը»,-
քույր-անձրևների մատներով դուրս քաղված
նորափթիթ խոտաբույսեր,
առէջքներում` ցողերի փշրանքներ,
որոնց «հանգած» սաղմ-սերմերը
անցած աշնան
անտուն-միգապատ քամիները
բուռ-բուռ բերել էին`
դիմացի արոտներից ու հանդերից
և մարմանդ շաղ տվել
տափանված հողերի մեջ.
ժանգառք քար ու պատերի
խորշ ու ծերպերում,
ուր մի պատառ, մի «կույր աչք»
խոնավություն կար,
որոնք էլ բուսել էին` «ձագ տվել» անզուսպ ու վայրի.
արևդեմ հանել
իրենց տեսակի խանձարուր-ընձյուղները:
Երդիկներն ի վեր
շնչող` Որդան թոնիրները,
ծիրանավոր մուխ էին շնչում
երկնքի լաջվարդ դեմքին
և պալան-պալան ցնդում`
անդրաշխարհի կողմերում,
կամ չէ ամպերի փոխված
մայրամուտների քարավան-ուղտերի պես,
համր իջնում ջրերի վրա:
…Ներսում` գրդնկված խմորի բոլորաձև շերտեր`
շիկնած կավի ամոթխած-հարս կողերին,
որոնց «կուտ չգնացած» երեսներին,
կարմըրուկ-ծաղիկներ էին բողբոջել:
Դաստախունին`
նրանց թարմ դարսերն էին հոտում`
պահածո Մայրամախոտի,
Անթառամի, ուրցի հեթանոս բույրերով,-
կամ չէ` ինչպես մալանչ-բրդերի,
բմբուլ-բարձերի,
խշշուն վերմակների
քուլա-քուլա ծալքը`
«չհանգչող-հուրհրատող» գորգերի,
նախշավոր կարպետների տակ:
Տան հողե հատակ – անկյունում,
Պապու և մամու
տաք գորովանքի մեջ
մերիկ-մայրիկի
կամարահոնք-օրոցքն էր,
վրան` չարոցքի ու քաջքի դեմ`
«աչքի հլուն», հուռութք խխունջներ.
մեջը` բարուր մի լաճ,
ծիծաղն ու լացը`
Սասնո և Մշո ջրերի քչքչոց,-
աչքերը` լեռների ու անդունդների,
խորունկ կիրճերի, «Մեհրե-կռնկաչք աղբյուրների»,
մով-շամանդաղ առավոտների
ջինջ կապույտներով թաթախուն:
Նա էր` Գալշոյի թոռ Մուշեղը,
Հովեի որդին, որն էլ մի օր`
պիտի ելաներ ընդ եղեգան փող,
և իր խաշնը` թլոլ Դավթի պես,
փռեր. Արագածների հայացքի տակ,
երազելով Էրգիրը,
ուր գազպե-մանանան
հանց մեղվակաթը
շաղաոտ իջնում էր`
Աստծո հայացքի պես.
հովիտներին ու դաշտերին`
Մարութա բարձր երկինքներից,
սարսռուն-ծորուն
եզերքներից:
Նա էլ պիտի ձեն տար.
«Ո՜վ քնած է, արթուն կեցե՛ք,
Ո՜վ արթուն է, ձիեր հեծե՛ք…»:
Էպոսի բառն ու բանը
և սպասեր
Մի Խորվիրապ – դրնգուն պատասխանի:
Կարծես թե Ծովասարի Օհանն էր կանչում
և Ձորի Միրոն,
Փեթարա գյուղի` գեղջուկ ու ռամիկ,
հողվոր ու դաշտվոր,
որ գիշեր ու զօր,
իրենց անթեղ հոգիներում
Կուսագետի խշշոցն էին լսում
ու մի անհանգչելի
մի զմփզմփան կարոտի գոչ,
Որ փրթան էր ու սանձակոծ`
մարդկային կրծքի տակ չըտեղավորվող,
չհանդարտվող հրաբխի լավա:
Ռանչպարներ` հազար ու հազար.
ավար դարձան,
կացնի՛, շամփուրի՛,
յաթաղանի բաժին,
իրենց արտ ու կալում`
զարկին զարկըվան,-
և՛ մաճկալներ` հորովելված,
և՛ հորիքվորներ` մի մատ տղայք,
և՛ սերմնացաններ` ցորնաթուխ այրեր,-
բոլորն էլ անմեղք ու անարատ,
ինչպես մանկան միամիտ զարմանքը,-
բռնագաղթվեցին` բորենիների ու գայլերի,
ցիների ու լեշակերների
ուղեկցությամբ:
Նրանց նշխար ոսկորները
Ճերմակեցին` պանդուխտ երկինքների,
օտար հողերի վրա…
Եվ մի պուտ-մազապուրծ խլյակ
հազիվ հազ եկավ-հասավ
այս ալեկոծ-քարերի «նախիր-արոտավայրը»
և բնավորվեց` անժամանակ:
Այս ամենի մասին` հետո պիտի պատմեր,
Սասնո որդին,
հոգևոր զավակն ու տղան,-
Արաբոյի և Անդրանիկի ժառանգը,
Սոսեի ծոռը,
որի բռունցքները իրար զարկըվելիս
կայծակ էին տալիս.
աչքերից` զայրույթի թոն:
Նա պիտի իր հայրավանդ
անթրոց-գրիչը թաթախեր
այդ ցավի ու կարոտի մեջ,
շուրթերին` կսկիծ ու մորմոք
հանց ասացող, պատմաբաներ աշխարհին
այս ամենի մասին` Սասնավարի…
Նա անբացատրելի, մի «անուղղյա» մեկնիչ էր,
Թունդ ու հավատավոր անձ, երազված
նախնյաց ակունքներին:
Անխոնջ ու անընդհատ` լսում էր,
պապերի կանչը,
որ գալիս էր` Մարաթուկից,
Սասնո «քարհուբար» քարերից,
«Առաքել-Մուշեղ» երգից,
«Գևորգ Չաուշ» վիպասքից,
«Սուրբ Կարապետ» վանքից,
Մեղրագետից, որն էլ գնո՜ւմ, գնո՜ւմ
ու ետ չէր նայում,
իր դարիվ-ընթացքն էր տանում
հայ հող ու քարին,-
մամռապատ ժայռերին`
անմաշ «ննջող»
Մամփրե-Արքա գրերին:
Ձենը գալիս էր` թևեր առած
Սասնո և Մշո լեռ ու քարափից,
«արծըվաչք-առյուծաբաշ»
Մասսա վիհերից ու անդունդներից:
Ու մի օր էլ նա` հանկարծ, ելավ ու…
անսպասելի գնաց
այդ բոլորին ընդառաջ,-
հալվեց ու խառնըվեց նրանց,
Դարձավ` Կանաչ ու Կապույտ կիրակի:

…Հիմա դեղնավարս աշուն է,-
ջրերը ցամաքել են, քարերը` գունատվել:
Այս ջինջ ու զուլալ գույների մեջ
ցոլք է տալիս – նշույլքվում եղյամը:
Հոտերը սարերից իջնում են,
հետևներից` ձյուների թափոր,
գայլերի պեծին տվող
քաղցած աչքեր:
Թռչունները երամ-երամ գնացել են,
դատարկ բները
քամին քանդում է.
ծեր կնոջ գլխի թախկած հերքերի նման,-
բմբուլ-մազեր-շյուղերը
ծեղ-ծեղ թափվում են,-
որտեղ ընկնում են, այնտեղ
հառաչանք ու մորմոք է բուսնում:
Գալշոյի զարմ Մուշեղը,
որն էլ շեկ շանթ ու բոց էր,
ննջում է վերում` իր անթեղ-արթուն
կարոտներում`
շուրջը աշնանավար
հերկերն են մխում`
ծոցվորած գալիք հացի հունդը…
Իսկ ինչո՞ւ այսքան կանուխ ու վռազ`
Ճանապարհ ընկավ վաղորդյանին,
երբ պիտի նոր ծագեր Արևագալը,
երբ այդ կապտաչք մանչուկը,
նոր էր սկսել իր զորավոր,
հրեղեն քայլը:
Նա ծերություն չունի,
նրա մանկությունը` Նարեկա քարայրում
ձիավորված` Սասնա Մհերի
սկիզբն ու վերջն է,
իսկ սպասվող-անմեռյալ
վերադարձը` հույժ,
իր գրյանքների մեջ է,
որպես մութից ելնող` համասփյուռ
Եղիցի Լույս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։