Բազմահարկ հումորի բառօրյան / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև 60-ական թվականները արևելահայ գրականոuթյան մեջ պակասում էին պոեզիայի հումորային երանգները (խոսքը երգիծական բանաստեղծությունների մասին չէ): Կարելի է ասել, այն թերևս Գ. Մահարու գործերում սկսեց նշմարվել, իսկ վերջին տասնամյակներում բանաստեղծները (Հ. Գրիգորյան, Ա. Հարությունյան, Ղ. Սիրունյան և այլք) ավելի շատ են օգտագործում հումորային խոսքն ու ասելիքը հասանելի, անճիգ դարձնելու համար:
Ինչ խոսք, առօրյան երբեմն հոգնեցնող է, երբեմն՝ ձանձրածոր ու միօրինակ, սակայն, այնուամենայնիվ, խիզախումի կամ անկումի ճանապարհն այնտեղով է անցնում: Պարզ ճշմարտություն է՝ պոետը կյանքում էլ է պոետ, և նրա քայլերը շնչավորված են պոեզիայով: Ուստի ամեն օր, երբ բանաստեղծը վեր ու վար է անում բազմահարկ շենքում, նրա հոգևոր ընթացքը ասես աստվածաշնչյան Հակոբի սանդուղքով շարժվի (պոեզիան հրեշտակաճեմ այլ աստիճաններ չունի): Հետևաբար նրա միտքն ու զգացողությունը, տվյալ դեպքում բազմահարկ շենքի պարագայում, կտրում անցնում է նրանով ու ներկայանում մի իրական տեսիլքում, որը Էդվարդ Միլիտոնյանի «Բազմահարկ շենքի առօրյան» վերնագրով «պոեմ՝ բանաստեղծություններով» է: («Գրական թերթ», 2016, թիվ 29)
Այս շենքը՝ հոլանդական ծակոտկեն//Պանրի պես,//Սրա մեջ ծակերն ավելի շատ են//Քան բուն պանիրը:
Սա է քաղաքակրթության համաշխարհայնացումը, երբ ձևը բովանդակություն է դառնում, ինչն ընդամենը իմաստունի ըմբռնած ունայնության ունայնությանցն է. «Մարդիկ ապրում են դատարկի մեջ» (հավանաբար պանիր կրծելու համար),- գրում է Էդվարդ Միլիտոնյանը ու բառախաղային հումորով իրավիճակը վերածում գոյավիճակի. «դատարկ տեղը (իրավիճակ) պարապ չի մնում (գոյավիճակ)»:
Այս անցումները լոկ գրչանցումներ չեն Էդվարդ Միլիտոնյանի համար, այլ՝ բանաստեղծի առաքելության իմաստավորում.
Եթե ամեն ինչ դատարկ է՝ պիտի լցնել երգով,// Դա մտածում է չորրորդ հարկի բանաստեղծը,//Եվ լուռ, առանց ծեքծեքումների,//Օդանցքների և վերելակի միջով//Մի փափուկ, քիչ լուսավոր, քիչ տխուր, քիչ դարդիման//Ալիք է ուղարկում մերթ նկուղ, մերթ վեր,//Մերթ մյուս շենքերի վերնահարկ ու ներքնահարկ:
Եվ 4-րդ հարկի բանաստեղծը, որն ինքն է, որպես լուրջ կատակ (խոհավիճակ) նայում է պատուհանից դուրս, վերին հարկերից նետված ու իրենց աստղերի տեղ դրած, չհանգած սիգարետների մնացուկների անկմանը, այնինչ ՝
Պատուհան՝//Պատի մեջ բացված դատարկ ու պայծառ աստվածություն:
Ահա որտեղից են գալիս բազմահարկ շենքի հարկաբաժիններում վետվետող հույսի ծվենները, որոնք ունակ են դարձնում ու ջերմություն են տալիս փոքր բաներից ուրախանալու և աննշմար, անցողիկ, մոռացումի պահի մեջ ապրելու:
Այս մարդիկ այնքան շուտ են մոռանում//Ցավ ու դառնություն,//Երբ հայտնվում է ցողի չափ փոքր,// Ցողի չափ մաքուր մի ուրախություն:
Բանաստեղծի լուսավոր միտքը, սուր աչքը, տեղին խոսքը, գրախաղացի իմաստությամբ Էդվարդ Միլիտոնյանը վերածում է ապրեցնող հումորի, որը հավաստում է կյանքի կենարարությունը և անկախ նրա ընթացքի տիրույթից, շենշող է դարձնում մինչև իսկ ամենատխուրն ու ծանրախոհը:
Կոմունալ վարձերը մուծելու ժամանակ//Բոլորը մարդ են նեղված://Այդ օրերին տերը//Ռադիոծածկույթից դուրս է://Նա մարդկանց սրտի մեջ է//Թաքնված:
Էդվարդ Միլիտոնյանը ինչքան էլ իր խոսքը մտքի զուգահեռականներով հոսեցնի, «Բազմահարկ շենքի առօրյան» պոեմի զգայարաններով, միևնույն է, աշխարհի ջրհեղեղը և շենքի ջրհեղեղը փոխուղղահայացորեն հատվում են 4-րդ հարկի բանաստեղծի բնակարանում, որտեղից «թրջված, լղոզված գրերով թղթերը» աղավնիների և ագռավների պես դուրս են նետվում որպես վկայագրեր բանաստեղծի ամենօրյա, հազար անգամվա ծնունդի ու մահվան:
Առավոտյան շենքերի մեջ՝//Շենք,//Բոլորի նման անդեմ, անհրապույր,//Պանելային:// Այս ամենը մոռացվում է,//Երբ մարդ է մեռնում, և ծնվում՝ երեխա:
Պոեմը գրված է օրատորիայի ոգով, որի բեմը պատշգամբն է:
Շենքի պատշգամբներում//Կանգնում են անթրաշ տղամարդիկ,//Ինչպես հին աստվածներ://Ծխում են էժանագին սիգարետներ…
«Բազմահարկ շենքի առօրյան» պոեմն ինըհարկանի շենք-նավի մասին փոքրիկ բալլադ է, որ բոլորովին Նոյի տապանը չէ, այլ՝ ճակատագրերի պատսպարան. «Որտեղ մարդիկ կան գնացքից ուշացած, գործից ուշացած, շոգենավից ուշացած», որոնք ոչ թե քաշով, այլ ճագատագրով են ծանրացած, ու նրանց հոգոցն ու հառաչանքը լսվում են «6-րդ հարկի գեր Փառոյի հանգով»: Շենքի մարդիկ ապրում են Աստծո և առնետների միջև, կրծողների դեմ պայքարող կատուներին ընկերացած: Այս միջավայրում ամեն անգամ, երբ վերին հարկից ջուրը լցվում է ներքևի հարկերը, բանաստեղծը մի պահ մոռանում է 9-րդ հարկի «գեղեցկությամբ, ջութակի ճզվզոցով, երկար ու բաց ոտքերով» աղջիկ-թռչնակին ու ցավից փլվում:
– Թքել եմ շենքերի վրա,- գոռում է բանաստեղծը://-Ես փոքր տուն եմ սարքելու՝//Սեփական տուն,//Ինչպես Նոյը՝ սեփական տապան://Կքշեմ, կգնամ ջրերի վրայով:
Հումորն ինքնին տրամադրություն է՝ պահը տոն դարձնող, իսկ տոնն առանց ծնծղաների չի լինում: Էդվարդ Միլիտոնյանը շենքի հևքը հանձնում է ծնծղային՝ «Աղբատարի» խաղիկներով:
Մուտքի կողքին՝ աղբատար,//Վրան՝ ճանճեր մեծափառ://Գիշերներով՝ առնետներ,//
Նաև շներ՝ լեշակեր:
Հումորային ծիրում պոեմի սիմվոլների առատությունը (սա առանձին, տարողունակ խոսակցության նյութ է) պերճախոս վկայությունների պես ներդաշնակված է տեքստին: Ինչպես, օրինակ՝ բանաստեղծ պապը, թոռնիկն ու ձին, թեկուզ թոռնիկը ճմռթել է բանաստեղծ պապի սպիտակ թղթերը, որոնք այնքան նման են իր հայրենիքին՝ «Սարեր, ձորեր, լույս ու ստվեր»: Ահա թե որտեղ է կյանքի ժպիտը՝ աշխարհի շարունակականությունն ապահովող:
Բանաստեղծ՝ խնդացնող, թոռնիկին թռցնող// Մինչև երկինք ու արև://Ու երգում են նրանք միասին//Ինչ-որ մի ձիուկի մասին,//Եվ վրնջում են նրանք միասին//Անչափ և անհանգ,//Բանաստեղծ պապը, թոռնիկն ու ձին:
«Բազմահարկ շենքի առօրյան» Էդվարդ Միլիտոնյանի նոր օրերի երգն է: Էլ ի՛նչ նոր երգ առանց տանիքի, որը հաջողակին թռցնում է երկինք, անհաջողակին իջեցնում նկուղ: Բայց.
Կան մարդիկ, որ ո՛չ հատակ իջան,//Ո՛չ վեր թռան, ո՛չ մեռան,//Ոչ էլ բարձրացան հարթ տանիք://Նրանք թքած ունեն հարթ կյանքի և//Սարթ մահվան վրա://Մանավանդ թուքը հերիքում է միշտ:
Ասվելիքը մի ձևով իր ճամփան գտնում ու վաղ թե ուշ ասվում է: Հաճելի է, երբ այն հարազատորեն, ապրեցնող հումորով է ասվում, ինչն էլ արել է Էդվարդ Միլիտոնյանը «Բազմահակ շենքի առօրյան» պոեմում: Ճիշտ է, առանց Արարատի անգույն է հայի կյանքը և ոչ հերոսական, դրա համար հայ բանաստեղծը «վիզը շղթա գցած շան պես ձգվում է, որ տեսնի սարը»: Ու տեսնում է: Նրա պատկերով է հայի կեցությունը, անգամ շենք-նավը, որի բնակիչները հոգնել են կրկնելով՝ «Երանի՛ հոգով աղքատներին»:
Էդվարդ Միլիտոնյանի պոեզիան կյանքից է գալիս ու թեթև հումորով դառնում այնտեղ, քանի որ նա բացահայտել է կյանքի աբսուրդը՝ Ոչ-ն ու Այո-ն պարադոքսալ նույնություններ են… նույն տեղը տանող:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։