Ահա ինքնայրումի, ինքնանվիրումի պատրաստակամություն, ձգտում` ոչ միայն հայրենի երկիրը, այլև Երկիր մոլորակը կայուն, համաչափ ու ճիշտ ուղու վրա պահելու համար: Եվ այդ ամենը բանաստեղծական խառնվածքով, շնորհով, ներշնչումով…
Գագիկ Դավթյանը կյանքի թե՛ նրբագույն ոգին, թե՛ պրկված ջիղն զգացող բանաստեղծ է, տիեզերքի ոգեղեն ընկալումների հետ կյանքի իրատեսական, շոշափելի ապրումների երգիչ: Ասվածի բյուրեղացումը նրա «աչքերի լսողություն» արտահայտության մեջ է: Շրջապատի նկատմամբ համակ ուշադրությունը վերաճել է զգացումների այնպիսի լարվածության, ուր նույն կենտրոնում են մնացել նրանք` տեսողությունն ու լսողությունը: Միասին բխել են աղբյուրի նույն ակից, իրար մեջ կորցրել իրար, կրկին գտել ու միախառնվել:
«Ձեզ` իմ աչքերի լսողությունը». Ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսել այսպիսի արտահայտությունը, որ, դառնալով բանաստեղծական մի ողջ շարքի վերնագիր, բացում է Գագիկ Դավթյանի դիմագիծը որպես ինքնանվիրումի բանաստեղծի:
Ներիր ինձ,// Երկիր,// Եվ քո երկրային մեծահոգությամբ// Վերքերիդ առաջ երկյուղածությամբ// Ինձ խոնարհվելու// Արժանի արա…// Վերքերդ ես եմ բուժելու, երկիր…
Ինքնանվիրումի ճանապարհը հենց այնպես, օդից չեն բռնում, ու անմտությունը երջանկության տեղ ընդունելով` վայելում Աստծո տված օրը: Ինքնանվիրումի ճանապարհը բռնողները ճշմարիտ ապրելու արժեքներով կուռ ու շիտակ դավանանք են ունենում և հստակորեն գծված ուղենիշ:
Գագիկ Դավթյանի ուղենիշը տրվել է նրան «Այն գիշեր», որը, վերածվելով խոր ապրումներ ընդհանրացնող բանաստեղծության վերնագրի, իր ներքո բացում է ճշմարիտ ապրելաձևի եռամեծար խորհուրդը.
Եկավ,//Ու երևի, ինչպես հեքիաթներում,// Ինձ երեք բան ասաց.-
Եռամեծար երեք խորհուրդներից առաջինը սին պատրանքների, անիմաստ փնտրտուքների մերժումն է: Չէ՞ որ դրանով չես կարող ճանաչել այն, ինչն սպասում է` քեզ հետ պայքարի մեջ մտնելու համար: Այս խորհուրդը բանաստեղծական ներշնչանքով տոգորված և կայուն ու առողջ դատողությամբ Գ. Դավթյանին ներկայանում է ասելիքի բանաստեղծական հետևյալ շապիկով. չթրջել ծխախոտը ջրում, նրանից գոյացած հյութը խմելու համար:
Երկրորդ խորհուրդը մարդկային պատասխանատվությունը խորապես գիտակցելու, տալիք- առնելիքը սեփական անձի տիրույթներում կշռելու, որոշակի դարձնելու մասին է. Ասաց,// հանգիստ եղիր, // հոր հանցանքի համար// զավակը մեղք չունի…
Եռամեծար խորհուրդներից երրորդը այն է, ինչ դեռ վաղուց ժողովրդական իմաստնությունը փորձում է միատեղել մարդ անհատի հետ. «Հանիր գլխարկդ ու զրուցիր նրա հետ»: Սեփական գլխարկի փոխարեն Գագիկ Դավթյանի ներքին ձայնն է, որ հիշեցնում, պարտադրում է յուրաքանչյուր օրվա ավարտի հետ հաշվետու լինել սեփական հոգու և խղճի առջև: Հաշվետու լինել`
Թե այդ անցնող օրը// Քանի անգամ ընկար դու քո աչքից…
Ահա Գագիկ Դավթյանի եռամեծար ներաշխարհը, որով սկսվում և անցնում է նրա բանաստեղծական ճանապարհը: Ականջն զգաս- տության կոչող խորհրդաձայներին, և անգամ աչքերը ևս լսողություն դարձրած բանաստեղծը փորձում է պահել կյանքի ներդաշնակությունը, որի համար պատրաստ է ինքնանվիրումի:
Մտնելով պոեզիայի անապակ մաքրություն սիրող աշխարհը` Գ. Դավթյանը չի կարող անկեղծ չլինել ինքն իր հետ, չի կարող չտեսնել ողջ խառնաշփոթությունն ու չխոստովանել, չհայտարարել, որ «թագավորն իսկապես մերկ է»: Այդ հոգեբանությամբ է բանաստեղծը տեսնում ու ազդարարում.
…Տեսողությունից զրկված արծիվը// գետնին սողում է,// փիղը լողում է,// ձուկը ճչում է,// կրիան թռչում է,// մուկը հաչում է,// ձուն կչկչում է…
Այսպիսին է պոետական խառնվածքն ընդհանրապես: Ճշմարիտ բանաստեղծները չեն վախենում լաբիրինթոսներից: Նրանք մտնում են այնտեղ` իրենց ոգեղեն ներշնչանքներով մթության վրա լույսեր տարածելու համար, որպեսզի դյուրին լինի գտնել ելքի ճանապարհը: Լաբիրինթներից չի վախենում նաև Գ. Դավթյանը: Նա շարունակում է իր ճանապարհը` բարձրաձայնելով իր ապրումները.
…սկիզբն եմ գտնում,// վերջը կորչում է,// վերջը գտնում եմ,// սկիզբն է կորչում:
Այնուամենայնիվ, կա ստեղծագործ անհատներին տրված մենաշնորհը` մեդալի հակառակ երեսը, կամ ներսով դուրսը տեսնելու կարողությունը.
Լուսնյակի լույսը խաղաղ է այնքան,// Որքան աշխույժ է մեղվապարսերի// Բզզոցը`// Ծաղկած ծառերի շուրջը…
Կամ`
Ողորկ ու փայլուն// տախտակների մեջ անշունչ կահույքի// ծառերն են ննջում…
Այդպես, երբ աչքը լսողություն է դարձել, և լսողությունը` աչք, երբ ներսը դուրսն է տեսնում, և դուրսը ներսում է, չի կարող չսկսվել բանաստեղծի մենախոսությունը, որովհետև ճիշտը` գլխարկը հանելն ու նրա հետ զրուցելն է, ինչպես խորհուրդ է տալիս ժողովրդական իմաստնությունը:
Գագիկ Դավթյանի դեպքում ևս, ականջը նույնն է սրտի հետ, սիրտը` հոգու հետ, հոգին ինքն է, իր էությունը: Իսկ «Մենախոսությունը» կյանքի բանաստեղծական արձագանքն է: Հայտնի ճշմարտություն է, որ կյանքը կարող է թե՛ քաղցր լինել և թե՛ դառը: Գ. Դավթյանը խոսում է դառնության մեջ եղող քաղցրության մասին: Այն մասին, որ տառապանքի համը կարող է քաղցր լինել այնքան, որ նրանից զրկվելը մահվան կարող է հավասարվել:
Եվ ապրում ես դու,// Ապրում ես, որպես// Արկի մի բեկոր անձավում սրտիս,// Ու թե չես ուզում դու ինձ սպանել,// Թող որ այն մնա,// Մի՛ փորձիր հանել…
Բանաստեղծի գրչի տակ կարող են այսպիսի գեղեցիկ խորություն ունենալ նույնիսկ հուսախաբությունը, կյանքի հարվածը, սիրո ապտակը.
Մեր երազների գունավոր ու սին// Ստվերներն անխոս// Ծանրորեն սողում// Ու ծվարում են մեզանից լքված// Մեր խեղճ սենյակի// Խեղճ անկյուններում…
Նայում ես` տառապանք է, խո՛ր տառապանք, բայց և քաղցր է տառապանքի համը, որովհետև նրա մեջ բարոյական արժեքների ճանաչումը կա.
Վերցրու ինչ կուզես,// Քաղցր հուշերի դառնությունն ինձ թող…
Բարոյական արժեքների պահպանության համար գրված Գ. Դավթյանի բանաստեղծական տողը նահանջի տեղ չունի: Այն սկսվել ու առաջ է ընթացել քայլ առ քայլ, հաստատուն, կամային որակներով, ասելիքի պատասխանատվությամբ: Նահանջի տեղ չունի, նախևառաջ, որովհետև թիկունքում հայրենի եզերքն է եղել` «լեռնակերտ բերդապարիսպը», որ բարի լուր ավետող զանգերի ղողանջի պես պաշտելի անուն ունի` Զանգեզուր: