Թատրոնն առավել դյուրազգաց է ժամանակի իրողությունները ի ցույց դնելու համար: Ավելի ուրախալի է դառնում, երբ ներկայացման հիմքում ժամանակակից գրողն է: Եվ ահա՝ Նորայր Ադալյանի «Հանճարը» պիեսը բեմ բարձրացավ Պատանի հանդիսատեսի թատրոնում (բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի): Դերասանների խաղի, տեսարանների կառուցման և անցումների մասին չէ, որ ուզում եմ խոսել, դրանք թողնելով թատերագետներին, այլև՝ պիեսի գեղագիտական-գաղափարական հարցադրումների, որոնք, անշուշտ, արդիական են:
Պիեսի սկիզբն արդեն իսկ անհեթեթության մեկնարկով է պայմանավորված: Դավայաթաղցի աղբահավաք Ծատուրը 94 տարեկան է և դեռևս չմահացած՝ կատարվում է նրա հոգեհանգիստը: Ինչպես հայկական ծեսերին է հատուկ (հարսանիք, կնունք, ծնունդ և այլն), հոգեհանգիստն ունի իր հանդիսավարը՝ ի դեմս բանաստեղծի: Եվ քանի դեռ «այս երկրից աղբը չի պակասի», պետք է ուրեմն… ձոներգել ցախավելին: Ցախավելին պոեմ է նվիրում բանաստեղծը, երգ ու խաղ են ներբողում ցախավելին… Գրողի ակնարկն ավելի քան թափանցիկ է. այն, որ մեր իրականության «Ավգյան ախոռները» պետք է մաքրվեն՝ արդիական հարցադրում է:
Հաջորդիվ քաղաքական սուր հարցադրումներ է բարձրացնում գրողը: Քանի որ Ծատուրը եղել էր բոլոր կուսակցությունների անդամ, կուսակցության ղեկավարները իրենց հրաժեշտի ելույթներով են հանդես գալիս և բանը հասնում է նրան, որ հանդիսությունների տրամաբանությամբ, ամեն մեկն իր երաժշտական կատարումն է նվիրում հանգուցյալին, ավելի ընդգծելով սարկազմը: Թերևս սա բեմադրողական հնարանք է, իրավիճակի անհեթեթությունն առավել ցայտուն դարձնելու նպատակով:
Եվ ամենքն իրենց ելույթներում հանճար են հորջորջում Ծատուրին: Ակամա հիշում ես հայ ժողովրդական առածը՝ «գնա մեռիր, արի սիրեմ»: Եվ սովորույթի համաձայն, միֆականացվում է Ծատուրը. կառուցվում է հուշարձան՝ վրան գրված «հանճար», փողոցն անվանվում է Ծատուր-սթրիթ, տան ճակատին փակցվում է հուշատախտակ՝ «այստեղ ապրել ու ստեղծագործել է Ծատուրը» գրությամբ: Անհեթեթությունը բացվում է որպես փաթաթված կծիկ, որի թելի ծայրից բռնել են ու նետել պատուհանից: Իներցիան կամ սովորույթի ուժը մեր ժամանակների հանրության, թերևս ամենախոցելի երևույթներից է: Հենց այդ սովորույթի ուժով է հանրությունը հարբեցող հարուստին ուտող-խմող համարում, իսկ մեկ-երկու գավաթ ոգելից խմիչք օգտագործող աղքատին՝ հարբեցող: Նման կերպ վեր է խոյանում Ծատուրի հանճարեղ կերպարը:
Հեղինակն ու բեմադրիչը պիես-ներկայացման մեջ կազմաքանդում են հնագույն միֆերը: Նախ տիկնիկի տեսքով երկինք է համբառնում հանճար Ծատուրը: Քրիստոնեական ավանդապատումին հղումը՝ անմիջական է: Մյուս հղումը՝ հայկական «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելին է առնչվում: Ծատուրը մերթընդմերթ հոգոց է հանում ու բեմառաջք գալով բղավում՝ Շամրիկ, Շամրիկ, Շամիրա՜մ… Ծերունական աթոռին գամված տեսնում ես մեր ժամանակների Արա Գեղեցիկին՝ աղբահավաքի խալաթով: Ծաղրն ու հեգնանքը ավելի են ընդգծվում, երբ վերջին խոսքում Ծատուրը պատմում է, թե ինչպես է Օղակաձև այգում փորձել բռնաբարել Շամիրամին և միայն ոստիկանի մահակի ծանրությունը գլխին զգալով, չի կարողացել իրագործել մտադրությունը: Արժեքները կազմաքանդվում են և հավերժության կրողներ են դառնում ծատուրները, որոնցով այսօր լի է մեր՝ հանճարների իրականությունը: