Մանվել Միկոյան

 

***
Այս դավադիր ու սպանիչ լռությունը,
որ խլացնում է մեքենաների շարժիչների ձայնը,
հատուկենտ անցորդների փոխանակվող բառաձայները,
ներարկում է անանուն ու անբացատրելի մի տագնապ,
որը գուժում է կարծես
վաղվա ամայության մասին՝
անտերունչ հղացումների ճահճահոտ կիսախավարում…
Ինչո՞ւ է այսքան բարակել մեր մաշկը,
որից անկաշկանդ ներս են թափանցում
աննկատ թռչող սողունները
և թույն ներարկում մեր երակներում:
Որպես հակաթույն՝ անընդմեջ անքուն
պայքարում է լոկ մեր հոգնած գենը,
չի թունավորվում, բայց մահանում է բջիջ առ բջիջ…
Մենք ապրում ենք լոկ
մղձավանջներից մազապուրծ փրկված
մեր երազների ձայնարկումների ակնթարթներում,
որոնք օգնում են ամեն Աստծու օր
մարդկանց ընծայել չվնասված ու
դեռևս կենսունակ մնացած մեր գեների
արձագանքների լույսերը բազմաճյուղ…
Ես հստակ գիտեմ իմ վերջին երազը,
բայց դեռ անհայտ է՝ երբ եմ տեսնելու:
Ես պառկած կլինեմ այն ավազներին,
որոնցով քայլել են իմ նախա-նախապապերը,
նորածին արևը կջերմացնի
իր անխտրական շողերով,
իմ բարակ մաշկից դուրս կսողոսկեն
թռչող սողունները և կփոշիանան ակնթարթորեն,
կցնծա իմ գենը,
կցնծան բոլորիս հաղթանակած գեները,
իսկ մեր մաշկը կամրանա
և կդառնա անդրդվելի ու անթափանցելի,
սակայն գերզգայուն՝ ինչպես եղել է…
Ե՞րբ ենք սպանելու այս սպանիչ լռությունը,
ե՞րբ եմ տեսնելու, Տե՛ր,
իմ վերջին երազը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։