Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / 15 ԹԻՎԸ

Երանի տառերը չիմանայի,
Չփորձեի կարդալ ձեր անունները
Անապատի ավազաթմբերին,
Եփրատի ալիքներին,
Սիրիական գաղտնաթաքույց շառ հողերին։
Երանի թվաբանություն չսերտեի,
Չփորձեի հաշվել
Հանգչող աչքերի սրընթաց տեսիլքները,
Զարկված սրտերի վերջին
Արնամղումը դեպի հող ու երկինք,
Քարերի թիվը չխառնեի ոսկորների հետ։
1-ին և 2-րդ աշխարհամարտի ժամանակ
Երանի հայ չլինեի, հրեա չլինեի,
Թուրք չլինեի,
Գերմանացի չլինեի,
Ռուս, ամերիկացի, անգլիացի չլինեի,
Երանի մարդ չլինեի
Ըստ Դարվինի տեսության։

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Ողբերգությո՛ւն, մեզ ողբասաց չես դարձնի,
Մշո հայը՝ կողը պինդ,
Սասնահայը՝ թրի տակով չանցնող,
Վանահայը՝ քարի պես ծանր ու խոհեմ,
Արարատահայը՝ լեռան ու դաշտի պես
Ինքնակա և հարակա։
Ողբերգությո՛ւն, որքան էլ մեր երգը՝ մշուշոտ ու տխուր,
Նրա մեջ տես բոցկլտացող շեշտը պարի,
Խոյի համառ եղջերամարտը։
Քեզ ոչ մի անգամ մի՛ տես
Նույնիսկ ողբերում միջնադարյան ու երգում «Կռունկ»։
Ողբերգությո՛ւն։ Մենք քեզ առնում ենք մեր հոգու մեջ,
Մենք քեզ փարվում ենք կենարար խաչի պես,
Մենք քեզ պատում ենք հին քաղաքների
Հավերժական փոշով և դառը գինով
բիբլիական հնձանների,
Եվ դուդուկի սև տուֆի փխրուն ռիթմով,
Որ չմնաս մենակ, որ չմնաս անտեր
Այս աշխարհի կեռ ճամփաներին։

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ
Հայեր կան, մի՛ զարմացեք,
որ ասում են՝ բավական է։
Հոգնել ենք «ցեղասպանություն» բառից։
Իսկ այդ բառը թափառաշրջիկի անհոգությամբ
մե՛րթ Մերձավոր Արևելքում է (ընդդեմ եզդիների),
մե՛րթ կրկին Թուրքիայում (քրդերի դեմ),
մե՛րթ Դարֆուրում, մե՛րթ կխմերների եզերքում։
Նրա հիշողությունը կարճ է, ինչպես գազանինը։
Մոռացել է հայերին, հրեաներին,
ասորիներին ու Պոնտոսի հույներին։
Նոր ցեղեր է փնտրում գիշատիչ աչքերով,
ժանիք է ցույց տալիս բարեկրթությունից փխրած
միջազգային ատյաններին։
Դիվանագիտորեն գռմռում է։
Պաշտոնյաներ կան, այն էլ՝ հզոր, որ խուսափում են
այդ բառն արտասանել (անգամ արտիստիկ),
վախենում են դաշնակից մեղսակիրն ամոթից կարմրի։
Խե՜ղճ պաշտոնյաներ, խե՜ղճ հզոր երկրներ,
մենք այդ բառը ջնջենք բառարանից,
տանենք շոգեբաղնիք։ Պահանջվում են քիսաչիներ։
Թույլերը պիտի մտահոգվեն ուժեղների հալով։
Ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել ծաղրածուի նման,
որը խնդրում է՝ ներեք ինձ իմ արցունքների համար։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։