***
Դու, որ անխոսուն կհաշտեցնեիր
Ոխը սիրո հետ և կյանքը՝ մահվան,
Ո՞նց գաղտնիքը ինձ չսովորեցրիր,
Որ չլինեի ինձնից վտարված․
Որ միանձնության հար ժամերի մեջ
Ինձնից այպանված չդեգերեի,
Ապրած օրերիս ամլության համար
Մեղավորությամբ զուր չհայցեի․
Որ հին հաշվիչի ձողերի վրա
Չհաշվարկեի վայրկյանները թանկ,
Երբ երջանկության մասին ըղձացի՝
Պահ զգոնության մասին մոռացած։
Ես ամեն գիշեր մինչև ճառագել
Շարժում եմ հուսո դատարկ օրոցքներ,
Իջի՜ր կռներիս մարմնովդ ծեր,
Մա՜ր իմ, հսկումս իցի՜վ՝ իզուր չէ։
Իսկ երբ հոգնությամբ կոպերս փակվեն,
Ինձ հետ կխոսես ձայնով կենդանի,
Ափերդ մեխակ, դարչին կբուրեն
Երբ հպվես կամաց ջերմող ճակատիս։
Եվ սակայն, ինչպե՞ս, դաշնություն կնքել
Լույս օրերի հետ, որոնցում չկաս,
Իմ արթնությունը կտտանքի պես է,
Եվ անկարելին՝ անվերջ տառապանք։
***
Ես քեզ նման եմ, մա՛յր, ծերանում՝
Չտրտնջալով և անբողոք,
Չապրածիս համար չեմ ափսոսում՝
Լեզվիս՝ օրհնություն և աչքս՝ կուշտ։
Թանձրությունը քո վերջալույսի
Ընթերցում էի անձայնությամբ,
Խնայո՞ւմ էիր քո զավակին,
Երբ հրաժեշտի բառեր չեղան։
Կարծես դրանով ինձ ասաց
Հիմա ի՛մ հերթն է քեզ հսկելու,
Իմ հեռանալուն չհավատաս,
Այցելելու եմ քեզ երազում։
Այցելելու եմ քեզ արթմնի՝
Պատրաստ քեզ համար թուր ճոճելու,
Հոգիդ որ մեկը չցավեցնի,
Որ չզգաս երբեք անզոր ու զուրկ։
Ոսկերքս են միայն տապանի տակ,
Եվ ժպիտս կախ՝ իմ նկարից,
Հանդարտի՜ր զավակս, քա՛ղցր բալա,
Ծերության մասին մի՛ մտածիր։
Դեռ կհասցնեմ աջակողմում
Պատատուկի պես բոլորելու,
Արարիչ ասաց՝ քեզ բացակա
Իմ մատյաններում չեմ դնելու։
***
Հողը ճեղքել ես, անանուն ծլել,
Թեև կորդ հողում ննջումդ եղավ,
Ամպիկ կծխար, և օդը սառն էր,
Գարնանացանի համար շատ էր վաղ։
Քո ջերկությունով ո՞ւմ ընծա եղար՝
Խլյակիս թողած որբ ու անսիրել,
Տոթ օրվան անգամ այժմ մրսում եմ,
Դու էիր կարող լոկ ինձ բարուրել։
Հոգածությամբդ քո անեզրական
Հպիր ափերդ ճակատիս այրվող,
Կփորձեմ, ոնց միշտ, քնած ձևանալ,
Դու կկռանաս ու կշնչես մոտ։
Իմ արթնությունը մութ է, տառապանք
Եվ կորուստներիս անդադար հաշվարկ,
Չկարողացա լինել փրկարար,
Հույսի օրոցքներ մնացին դատարկ։
Զոհողությունով գուցե առավել
Հոլովույթը այս ես հետ շրջեի՝
Մարմինդ առած իմ կռների մեջ
Եվ զորությունով, որ այլ չունեի։
Հողը ճեղքել ես, անանուն ծլել,
Քեզ կորդ հողերի մեջ էր՝ ցանեցին,
Դրանից հետո հար փետրվար է,
Մա՜յր, չեմ հաշտվում մեր հրաժեշտին։
***
Մա՛յր, զավակներիդ փեշերիդ մեջ առ,
Այլ ավարտ չկա որբության ցավին,
Ինձ մի՛ համոզեք, ամոքում չկա,
Եվ ոչ հաշտություն՝ անդարձ կորստին։
Ձայնովդ անուշ արդ կշշնջաս
Աստծո՝ դեպի քեզ թեքված ականջին․
«Ով կարոտյալ է, հեռացրու նրան
Հուսաբեկության կործանիչ խութից։
Մի ճար հնարի՛ր, Քո որդուն ուղղի՛ր,
Թող վերադառնա՛, նորեն բժշկի,
Դարձի են կարոտ մարդիկ անհավատ,
Եվ նրանք, որոնք սիրուց զրկեցին»։
Մա՛յր իմ, հորդորիր, Նա քեզ կլսի,
Չէ՞, անբառ էիր, քո վերջին շնչին,
Չբողոքեցիր, չտրտնջացիր,
Թեև տանջանքդ լռիկ կարդացի։
Արդ համառոտ են գիշերներն ամռան,
Եվ առտու դարձյալ թռչունք կխնդան,
Քո դայլայլովը կխոսես հիմա՝
Մոտիկ ծառերի ճյուղքերին թառած։
Ունայնությունն այս ցրիր, գուրգուրա
Եվ քո մեղմ ուժով ցրիր ամեն ահ,
Մա՛յր, զավակներիդ փեշերիդ մեջ առ,
Ում ընդունեցիր և ում որ ծնար․․․
***
Մենք, մա՜յր, լռեցինք իրարու քով,
Երբ ուրիշները խոսում էին,
Սին անցուդարձ էր, դու՝ անխռո՜վ,
Ես հետևում էի վերջին շնչիդ։
Աստվա՜ծ՝ ասացիր, մա՜յր՝ կանչեցիր,
Ես աղաչում էի՝ ցավից զատի
Դալուկ մարմինը քո սիրասուն,
ՆԱ, որ եկել էր, որ ինձ զրկի։
Հուսո մռունչով որ լուսացնեմ՝
Ամենայն գիշեր՝ մինչ լուսաշող,
Սղոցեմ միտքս նույն հարցումով՝
Ինչպե՜ս չվումդ չկանխեցի։
Անկարելի է արդ կառանել
Անբարի մարդկանց հրվանդանում,
Սիրտս թիթեռ է՝ բոցերի մեջ,
Դուրսը ձմեռ է՝ անշուք, անձյուն։
Իմ մոխրանալուն վկա ես դու,
Մեկ էլ ՆԱ, որ ինձ չխնայեց,
Երկրորդ ամիսն էր՝ կապեցիր չուդ,
Ինձ համար հավերժ փետրվար է։
***
Ինձ բարուրելիս տեսնես օրհնեցի՞ն
Երկնքից հղված պատյանը հոգուս,
Թե՞ հեկեկացին մարմինս գրկած՝
Հեգ անհուսությամբ և մտամոլոր։
Ցանկալի՞ էի արդյոք ծնունդով,
Թե՞ հապաղեցին անունս տալիս,
Եվ մայրս ձեռքս որքա՞ն տառապեց՝
Իր մարիամական կաթից կտրելիս։
Ես մանկությունից բազմանշանակ
Ծղրիդի ձայնն եմ լոկ ընդհատ հիշում,
Նեղ, գոց դարպասով տնամերձ մի բակ,
Մի հսկա սենյակ և փակ խորդանոց։
Եվ լռությունը մորս, որ չասաց,
Թե ինչո՞ւ տխուր սրտով ծնվեցի,
Հայրս սիրում էր մանկանց գուրգուրալ,
Իրեն հանգչելիս ես գուրգուրացի։
Ո՞նց ես փակեցի աչքերը նրանց,
Ում իմ մանկան պես խնամել էի,
Իմ օրոցքները թափուր են հիմա,
Եվ մանուկներ են հայում Վերևից։
Մեծ մեղք գործեցի ես նրանց առաջ,
Ովքեր երազով ինձ արարեցին,
Ո՞ւմ պիտ փոխանցեմ իղձերը նրանց,
Ծառ տնկել անգամ չհասցրեցի։
Ջրեցի հոգուս տենչանքները սին
Եվ կեղծությանը ես հավատացի,
Արդ հասկանում եմ այն վտարյալին,
Որին զրկեցին իր ապաստանից։
Թռչունների պես ես էլ թևարձակ
Շյուղ-շյուղ բույն էի իբր կառուցում՝
Քիվերից կառչած, երկինքներից կախ,
Աչքերս հառած բարեգութ Աստծուն․․․
Գիշերը դարձյալ հեղեղում եղավ,
Եվ անքնությամբ մութը հաղթեցի․․․
Ինձ բարուրելիս օրհնեցի՞ն ինձ, մա՛յր,
Թե՞ անհուսությամբ լոկ հեկեկացին։
Շաքե ջան, էսքանը…
***
Մորս ձեռքերով գնդած խմորից
Ես հույս եմ թխում ամենայն ծեգի,
Չկա այլ մեկը, որը կհունցի
Ցավը սիրո հետ, խավարը՝ լույսի։
Բարակ մատներիդ ուժը քամեցիր,
Մա՛յր իմ, որ հացդ զուր չպատառվի,
Ափերդ սրտիս համորեն հպիր,
Ոնց խմորներին խաչդ կանեիր։
Դու չխոսեցիր ցավից երկունքիդ
Եվ հրճվությունդ մնջիկ ապրեցիր,
Ի՞նչ չափով էիր յուղ խառնում ալրին,
Որ համովանա՝ չհարցրեցի․․․
Գուրգուրա դու ինձ և հանդիմանիր
Թևաթափության ժամերիս համար,
Որ կուտ չգնա հացս կրակին
Մինչև գիշերվա մութը նոսրանալ։
Օգոստոս 28, 2024
***
Քառասուն ծաղկանց բույրերով օծուն
Մյուռոն կկաթի երկնքից ի վար,
Երբ կուրությունով լույսի՜դ կսպասեմ
Ամենայն առտու տենչությամբ, ի՜մ մայր։
Ի՜նչ նյութից կռված նշտարով էր, որ
Սիրտս ճեղքեցին, և դեռևս կամ,
Փխրուն մատներով հպվիր, Անանցի՜կ,
Որ դողէրոցքս մեղմվի մի պահ։
Քառասնից մանկանց հավատով օծված՝
Ես համոզված եմ մոտալուտ դարձիդ,
Այս սպասումը խաչին է նման,
Որին գամեցին և չազատեցին։
Հիմա նրանից, ծարավից քամված,
Ձայն եմ տալիս քեզ՝ ո՜հ, ու՜ր ես, իմ մա՜յր,
Սուրբ մյուռոններով հեղեղում եղավ,
Քո երևումից ես չհագեցա․․․
Մարտ 29, 2025
***
Օրը շուտ մթնեց, մեկը չկա՝
Իր ձեռքով մթնումը այդ կասեցնի,
Ահով եմ ընկալում արդ ապագան,
Ափերդ մո՜տ ինձ բեր, ահս սրբի՛ր։
Կտցիդ լույսն առած՝ ոնց արտույտիկ,
Հուսաբեր էին ամեն ծագի,
Դռները միշտ վաղ կողպում էիր,
Որ խավարն իր ոտքով մուտք չգործի։
Հուսաբեկությունը բանտում էիր՝
Մինչ լուսածագը թևավորվի,
Հսկում էիր, ասես, այն Միածնին,
Որին պիտ հանեին շուտով խաչից։
Որի հեգ մարմինը, ծնկիդ առած,
Ողբալու փոխան օրորեցիր,
Հակվեցիր շնչովդ կենդանարար,
Եվ նա ողջացավ․․․ Ու՜ր ես, մա՜յր իմ․․․
Չկա մեկը էլ, որ թուր ճոճի
Ժանտ ժամերի դեմ՝ մինչ լուսանալ,
Կռներիդ մեջ որքա՜ն ուժ ունեիր,
Եվ գրկիդ մեջ՝ որքա՜ն սիրո տարածք։
Ո՜վ է կարող արդ ակոս բանալ՝
Քեզ պես սերմանելով հույսը շիթ-շիթ․․․
Օրը շուտ մթնեց, մեկը չկա՝
Իր ձեռքով մթնումը այդ կասեցնի։
Նոյեմբեր 30, 2024
