***
Պատերազմն
ինձնից խլում է քեզ.
Ժամանակ ու տարածություն
Մոլորվել են անորոշության մեջ.
Օդը լցվել է կորուստներով.
Իսկ վախն այլևս չկա։
Ինքնամոռացումի ալիքների մեջ՝
Հայրենիքի փրկությունը
դարձել է գերնպատա՞կ։
Բայց երբ պատերազմը
պարտադրանք է դառնում,
Հայրենիքս քո դեմքն է ստանում,
և ես քեզանից խլում եմ ինձ,
Որ հայրենիքս հաղթանակ տանի։
Իսկ արյան շիթերը շարունակ
հայրենիք են նկարում։
***
Թևաթափ ընկել եմ վերքերիդ,
Եվ մարմինս արդեն
բարձրանալու ուժ
չունի։
Աչքերս՝ իջնում են
արցունքներիդ հետ,
Դու ինձ հասել ես
ճակատագրով,
Եթե մինչև անգամ
ընտրության առաջ
կանգնելու լինեմ,
Քեզնից չեմ հրաժարվի։
Դու՝ հարազատ,
Դու՝ սիրելի,
Դու՝ պարտադիր։
Մի ոտքս անցյալի մեջ,
Մյուսը՝ ներկայի,
Ուժասպառ բարձրանում եմ ՝
Հույսիս թևերի պարտադրանքով,
Միտքս անկումներից վեր է
բարձրանում,
Իսկ հաղթանակս
բարձրանալ-կանգնելն է։
Գրկիր ինձ,
Քո գիրկը ոգով զինելու
մեծ հատկություն ունի։
***
Շունչս կտրվում է,
Երբ տեսնում եմ,
Թե ինչպես է թիրախավորվել
Հայրենիքս,
Հարազատդ
Նայում է մահվան աչքերին.
Ամեն ինչ քանդվում է,
Կորուստների ցավից
տնքում է հողակտորը,
Որտեղ 18-ամյա
սովորական տղաները դեռ
Հերոսանում են`
Սասնածռերյան գենետիկ
հիշողությամբ,
Մահն
Ապրելու միակ
նախապայմա՞նն է։
Եվ ապրում ենք`
Մահվան սարսուռներից
Էլ ավելի ուժեղացած։
***
Արյան մեջ թաթախված
իմ հողակտորն
Այլևս չի հանդուրժում
ոչ մի պատճառաբանություն։
Հավերժի ճամփան բռնած որդու
անմնացորդ սերն
Այլևս արդարացումներ
չի հանդուրժում,
Բաց են բոլոր դռները,
Արտագաղթն
արդեն հիմնախնդիր է,
Այսօր, առավել քան երբևէ,
հողս կարոտ է ողջագուրման:
Խոսքերն ավելորդ են,
Ո՞ւմ են պետք բառախաղերը.
Որդուն զոհ տված մո՞րը,
Հայր կորցրած զավակի՞ն,
Ով ամեն պահի մեջ
Սեղմվում է ցավից՝
Զգալով երկինք համբառնած
Շունչն ընկերոջ:
Թե՞ հաշմանդամին,
Ով հիշողությամբ է
Գրկում կնոջը։
***
Քո գլխավերևի երկինքը
Պատռվել,
Եվ մահը ճանկել է քեզ`
Առանց որևէ հաշվարկի։
Սպասում ես որդուդ վերադարձին,
Բայց վերադարձի ճանապարհները
Փակ են։
Սա քո պատերազմը չէ։
***
Անցյալը`
Պատառոտված լաթի պես
Դարձրել ենք ներկայի զգեստ,
Եվ անտարբերությունը`
Ծեփած դեմքներիս,
Առաջ ենք գնում։
Քայլերն անհետք են,
Շարժը` անաղմուկ։
Անհանգիստ է օդը։
Քեզ մոտ, թե քեզանից հեռու
Սպասելիքները
վնգստոցներ են։
***
Օրերը հրաժեշտ են տալիս իրար`
Հիշողություն դարձնելով ներկան։
Մեր հողում
Քայլերն այլևս հետքեր չեն թողնում,
Շշուկը արձագանքում է
Եվ կորչում անզգացմունք։
Բարձր խոսելը
Սովորական երևույթ է։
Երկրագունդն ականջի ցավից
Տանջում է բնակչությանը.
Նորից տունդարձի ճանապարհին ենք։
***
Բանաստեղծությունը ծնվեց,
Երբ մտար հիշողությանս տարածություն,
Լինելդ երջանկությանս լուսամուտը դարձավ։
Ամեն անգամ քեզ տեսնելիս
Վարագույրները
Մի կողմ են քաշվում,
Եվ արևը
Մտնում է լուսամուտներից ներս.
Ըմպում եմ
արևահամ օրս։
***
Քեզնով ներծծված կարոտս
Կատաղի թափով
Ներխուժել և գրավել է
Մտքիս բոլոր ծալքերը
Անունդ լեզվիս վրա
Դառել է միակ համեմունքը
Այլ հավելումների
Անհրաժեշտություն
Ասես այլևս չկա
Քեզնով է պայմանավորված
Շնչառությունս
Նրա սառն ու տաքը
Հեռավորության ցրտից երբեմն
Մրսում է լեզուս
Եվ սառչում են
իմ քեզնով գուրգուրված
տաք-տաք
հուշերը:
***
Դու ու նորից դու,
Ու ես քայլերս ուղղում եմ դեպի քեզ։
Քեզ հետ
Ու առանց քեզ
Ես հաղթահարում եմ տխրությունը,
Եվ տարածությունը
Դառնում է տուն,
Որտեղ հանդիպում ենք
Ես ու դու,
Ջերմանում է օդը`
Իմ ու քո զգացողություններից։
***
Ես քեզ գտա
Քեզ կորցնելուց հետո,
Լռությունից ծնված աղմուկի մեջ`
Գրկած քո շշուկները,
Ամեն օր սպասում եմ քեզ.
Կգա՞ս։
Միտքս շարունակ
կատարելագործվում է
Քեզնով պարուրված հուշերով,
Սպասե՞մ։
Լույսի ծլնգոցներից
Խեղդվում է տարածությունը։
***
Ես չգիտեի`
Ինչ է հանգիստը,
Դու եկար
Եվ անհանգստությամբ լցրեցիր միտքս։
Ես չգիտեի`
Ինչ է կարոտը,
Դու եկար,
Եվ կարոտով լցվեց օդը։
Դառնացած գրկեցի սպասումս
Եվ մինչև քեզ
Ու քեզնից հետո
Տարածությունը կոչեցի սպասում։