ՄԱՐԴԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ /Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Ալիս Հովհաննիսյանի  «Աղաների դարը և հետոն»[1]  վեպի ընթերցանության վերջում է միայն ընթերցողը մտածում մարդու և նրա հայրենիքի անքակտելի կապի, կարոտի,  հայրենիքի նկատմամբ պարտքի գոյության կամ բացակայության մասին։ Մինչ այդ մտքին հասնելը անհրաժեշտ է հետևել  վիպական պատումին։      «Աղաների դարը և հետոն» վեպն ունի յուրահատուկ կառուցվածք և բովանդակություն, որով տարբերվում է ինչպես իր նախորդ, այնպես էլ ժամանակակից այլ վեպերից և հետաքրքրություն է առաջացնում նաև այն առումով, որ հեղինակը իր պատմած ժամանակի  շատ իրողությունների ականատեսն է եղել։ Վեպը վավերական է և գեղարվեստական միաժամանակ, պատմության մասին է, բայց ոչ պատմավեպ, հիշողություն է և կարոտ, փաստ է և մեկնաբանություն, խճանկար է, որի առանձին հատվածներն ունեն ինքնուրույն, անկախ բովանդակություն կամ սյուժե, որոնք ամբողջության մեջ միավորվում են։ Հեղինակը վերականգնում է հայ ժողովրդի պատմության մի, եթե ոչ մոռացված, ապա թերևս անտեսված մի դրվագ, որը նպատակ ունի ամբողջացնելու այդ պատմությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ական թվականների երկրորդ կեսին հայրենազրկված շատ ընտանիքներ, լավ ապագայի հեռանկարով  տեղափոխվեցին Հայաստան և  սկսեցին բնակվել Երևանի Նոր Արեշ փողոցում։ «Աղաների դարը և հետոն» վեպը հենց այդ մասին է։ Թե ինչու և ինչպես եկան նոր բնակիչները հարցերի վրա գրողը կանգ չի առնում, որովհետև շատ են նման աղետալի պատմությունները, որոնց մասին գրել են ուրիշները՝ տարբեր շեշտադրություններով, ծավալային տարբեր չափերով։ Այսուհանդերձ՝ Հովհաննիսյանը չի շրջանցում տուն և ունեցվածք կորցրած մարդկանց ապրումները, նրանց կրած դժվարությունները, միջավայրի և մարդկանց տարբեր ապրելակերպը և միաժամանակ՝ հայի ոգու ամրությունը, կյանքը շարունակելու համառությունը, ապագայի հավատը։ Հովհաննիսյանի վեպը հիմնականում ծավալվում է ուրիշ ուղղությամբ․ այն է՝ բացահայտել ներգաղթյալների հոգեբանությունը, կյանքին հարմարվելու նրանց ջանքերը, կենցաղը, լեզուն, խոհանոցը, բոլոր այն տարբերակիչ հանգամանքները, որոնք հայության այս տեղաբնակ և նոր եկած հատվածներին, այնուամենայնիվ, միավորում էին համակեցության սահմաններում։ Ի հակակշիռ ստեղծված ծանր պայմանների և հայերի ապրած ծանր ողբերգության՝ Հովհաննիսյանը փորձում է լույս փնտրել խավարի մեջ, փորձում է շեշտել դրականը և   չկենտրոնանալ ողբերգական դեպքերի վրա։ Նա ինքն է հարցադրում, թե արժե՞ արդյոք կենտրոնանալ ապրողների վրա, և հավաստում․ «Արժե, իհարկե արժե, եթե այս տողերի հեղինակը իր մեջ գտնելու է այն ուժը, իմաստությունը, սերը, ուրախությունը, հետևողականությունը, որ անհրաժեշտ են ամենաողբերգականն անգամ՝ որպես լուսավորը, նվիրականը՝ շարունակականություն ունենալու արժանավորությունը հաստատելու համար» (էջ 13)։ Սա նոր մոտեցում է այն առումով, որ կատարված ողբերգությունների վրա կենտրոնանալու փոխարեն գրողը հույսի և ապաքինության հնարավորությունն է ցույց տալիս՝ ներկայացնելով Նոր Արեշում ապաստան գտած մարդկանց առօրյան։ Նա ձգտում է տեսնել աղետից այս կամ այլ կերպ փրկված գաղթականների վերապրելու կարողությունը։ Գրողի անդրադարձը անցյալին՝ հուզական որոշակի երանգ է ստեղծում և հիշեցնում է Գուրգեն Մահարու «Մանկություն» վիպակում արված խոստովանությունը․ «Ես ուզում եմ փրկել մնացածն ու հնարավորը իմ մանկության խորասուզվող ոսկե մակույկից»[2]։ Մահարու նման Հովհաննիսյանը ևս ուզում է փրկել      հարազատ բնօրրանից զրկված հայրենակիցների   հիշողությունները․ «Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ եթե անգամ նրան՝ հեղինակին չհաջողվի իր ոճը, նորաբերությունը, ժամանակագրությունը կատարյալ ձևերի մեջ դնել, այս պահին չկա ուրիշ մեկը, որ նրանից լավ կամ գոնե մի քիչ վատ, բայց առհասարակ որոշած լինի գրել Նոր Արեշի մոտավոր պատմությունը և այն  էլ՝ գեղարվեստորեն» (էջ 13)։ Ավելացնենք, որ ի տարբերություն Մահարու՝ այս դեպքում հեղինակի ես-ը չի երևում, նա գրում է ոչ  իր, այլ՝ իր ժամանակի ու մարդկանց մասին։ Ա. Հովհաննիսյանը անուն առ անուն, ընտանիք առ ընտանիք հիշում է բոլորին, հնարավորինս բացահայտում նրանց անհատականությունն այնպես, կարծես արթնացնում է քնած մի աշխարհ։ Ցավոք, այս փոքրիկ անդրադարձի շրջանակում հնարավոր չէ հիշատակել այդ անունները, անգամ ընտանիքները, որոնք կարող են էջեր գրավել           ՝ չբացահայտելով      իրենց ինքնությունը, մասնագիտությունը, նախասիրությունը։ Բավարարվենք ասելով, որ նրանց մեջ կան կամ արդեն դարձել են հոգեբաններ, գրողներ, քանդակագործներ, շինարարներ, այգեգործներ, դերձակներ…, որոնք բարիք են ստեղծում, օգնում են միմյանց։ Ա․ Հովհաննիսյանն աշխատում է անխաթար պահել ու ներկայացնել մանկության հուշերն ու մարդկանց, որոնցից շատերի անունները մնում են ընթերցողների հիշողության մեջ, և որոնցից յուրաքանչյուրի հետ կապված է մի դեպք, մի պատմություն, մի հուշ։

Վեպն ունի յուրահատուկ կառուցվածք․ այն ծավալվում է ոչ այնքան գործողությունների     , այլ՝ պատմությունների, պատկերների, նկարագրությունների ու բնութագրությունների միջոցով, որոնք դասավորվում են նույն հորիզոնական հարթության վրա։   Կողք կողքի ապրող մարդիկ՝ աղաները, հանըմները, երեխաները բնութագրվում են  յուրաքանչյուրը յուրովի,     և գործողությունների զարգացումն ու հաջորդականությունը էապես կախված չէ այդ մարդկանցից։ Կարելի է ասել՝ սկզբնապես պետությունն է մղում ներգաղթյալներին՝ տուն սարքել և հող մշակել, և աստիճանաբար հեղինակը ներկայացնում է գաղթականների վերապրելու  ուժն ու կարողությունը, որն ամրապնդվում է հայրենիքում լինելու վստահությամբ։ Հետաքրքրական է ևս մի կարևոր հանգամանք։ Սկզբից Ալիս Հովհաննիսյանն իր նկարագրությունների մեջ դուրս չի գալիս մանկության տպավորությունների շրջանակից, բայց պատումի ամբողջ ընթացքում աստիճանաբար հասունանում է պատմողի աշխարհայացքը, և պետության քաղաքականության, ճնշումների, աքսորների հետ կապված այլ հանգամանքներ երևան են գալիս հետագայում և բնականություն  հաղորդում  շարադրանքին։  Գրողն ինքն է այդ մասին հիշեցնում․  «Կամ էլ գրողի բնազդս էր ասում․ «Դեռ ժամանակը չի եկել, համբերի՛ր։ Դու դեռ պետք է գիտակցես դեպքերին հեռվից նայելու կարևորությունը, որ ավելի լավ տեսնես մոտիկը» (էջ 10)։ Այս գիտակցությամբ էլ նա հատկապես կանգ է առնում ներգաղթյալների վարք ու բարքի, առօրյա կենցաղի, խոհանոցի, լեզվի կիրառության վրա։ Կարևոր և նպատակադրված պետք է համարել նաև արևմտահայ լեզվի կիրառությունը, անգամ  տարբեր բարբառներով խոսելու հանգամանքը։

Ընթերցողին երբեմն կարող է թվալ, թե հեղինակը խուսափում է քաղաքական խնդիրները,  խորհրդային երկրի բռնաճնշումները   հիշատակելուց։ Նա, իհարկե, գիտե այդ ամենի մասին, բայց գերադասում է ներկայացնել դրական կողմը՝ երեխաների համար կազմակերպված միջոցառումները, միմյանց օգնելու, հյուրընկալելու սովորությունները և այլ հանգամանքներ՝ բայց  և չմոռանալով ֆինբաժնի աշխատողների կողմից արհեստավորներին տուգանելու մասին, որի պատճառով նրանք գաղտնի էին աշխատում։ Գրողի պատումի մեջ դառնություն չի զգացվում, որովհետև կարևոր է դառնում արթնացած հուշը․ պետությունը խրախուսում էր մշակութային միջոցառումները հատկապես երեխաների համար, և «Ճամբարային համերգների» ժամանակ, երբ երեխաները և մեծերը նստում  էին  քարե կամ փայտե նստարաններին, «Ավետ աղան պարտեզի խորքում, ջարդված հնոտիքով, ցախ-մախով ֆինբաժնից քողարկված արհեստանոցում դռանը նստելու համար աթոռակներ էր սարքում» (էջ 40)։ Նման կերպ էին վարվում մյուսները ևս։ «Տիկին Մաքրուհին կարողանում էր ֆինբաժնից գաղտնի կար անելու  հետ մեկտեղ, անուշ միջավայր ստեղծել իր սուրճի սեղանի շուրջ․․․» (էջ 120)։ Այդպես նաև մյուս արհեստավորները։ Ինչ վերաբերում  է քաղաքական ճնշումներին, Հովհաննիսյանը    շրջանցում է դրանք․ «Որովհետև  Քեմալ Աթաթուրքն  ու Լենինը պայմանավորվել էին․․․ Թե ինչ էին պայմանավորվել, այնքան էլ կարևոր չէ Ավետիս աղայի դեպքում․․․» (էջ 14)։ Ավետիս աղան ու նրա նմանները շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվել իրենց  հետ, մնացածի մասին գրողն է հավելում․ «Նա դեռ չգիտեր, թե մեկ գիշերվա մեջ «սև ավտոներով» ինչքան մարդկային կյանք է կարողանում հնձել այս երկրի դժոխային մեքենան» (ն․ տ․)։ Սա հեղինակն ասում է նախաբանում, երբ դեռ չի հասել մանկության հուշերին, և մեկ էլ գրքի  վերջին էջերում,  երբ ինքն արդեն հասուն մարդ էր և կարող էր այդ դիրքերից խոսել ճնշումների մասին․ «Ամեն ինչ ծածկված է անորոշության ծխով, ինչպես շատ ու շատ բաներ Սովետի երկրում։ Միայն   վախն է, որ թևածում է ազատ, ամենուր» (էջ 189)։ Վերջում արդեն հասունացած հուշագիր-վիպագիրը  կարող է սեփական կարծիքի դիրքերից գնահատել իրողությունները․ «Ախպարների մեծ մասը  դիմացավ, հասավ  այս օրերին, երբ կարելի է ազգովին հավաքվել Օպերայի հրապարակում ու միաբերան ձայնարկել՝ «Մի-ա-ցում, Ար-ցախ» (էջ 190)։ Ըստ էության՝ հեղինակը գնում է ժամանակին համաքայլ՝ պատումն ընդհանուր առմամբ, բայց ոչ բոլոր դեպքերում, կառուցելով իրադրությանը համապատասխան։ Երբ տեղահանված հայերը միասնաբար ապրում էին Նոր-Արեշում, ամեն ինչ տեսանելի էր, բայց երբ գաղթյալներից շատերն աստիճանաբար տեղափոխվում են նոր երկրներ, ժամանակացույցը խախտվում է։ Դա համատարած ու միաժամանակյա գաղթ չէր, այլ՝ տարժամանակյա փախուստ խորհուրդների երկրից, ինչը որոշակիորեն խախտում է վեպի ժամանակագրությունը։ Դա զգացվում է նաև  հեղինակի խոստովանության մեջ․  «Չեմ հասկանում՝ ինչի՞ վրա էր հույսս, երբ կենդանի էին ծնողներս, պատմում էին իրենց, ուրեմն, նաև իմ ընտանիքի, ուրեմն, նաև իմ գլխով անցած-դարձածը, ու ես՝ ապագա գրողս, մտքիս ծայրով էլ չէի անցկացնում գոնե որոշ բաներ գրի առնել» (էջ 311)։ Ահա թե ինչու «աղաների դարից հետո» փլուզվում է արեշցիների ժամանակագրությունը․ անգամ միայն ենթագլուխների ցանկը թերթելիս, օրինակի համար, կարելի է տեսնել, որ 2020 թ․ սեպտեմբերին 28-ին հաջորդում է 1970-ականներին վերաբերող «Խնամված սիրտ» հատվածը։ Եվ այսպես՝ այլ հատվածներ։  Պատմությունը շարունակվում է զիգզագներով, այսինքն՝ հիշատակված թվականների ետուառաջով, ինչը խաթարում է ժամանակների հաջորդականությունը։ Իհարկե, կարելի է հասկանալ, որ կրկնագաղթողները Հայաստանից միաժամանակ չեն հեռացել, ինչպես միաժամանակ եկան Նոր Արեշ, և գուցե դրանով է  պայմանավորված ժամանակագրության խախտումները։ Բայց այս հատվածում էլ որոշակի ընդհատում է առաջանում «Աղաների դարի» և «Հետո»-ի միջև։ Այդ միջանկյալ հատվածում «աղաները» հայտնվեցին Սիբիրում և ձմեռվա սառնամանիքներին  անտառում փայտ էին կտրում, որի մասին չէին էլ խոսում՝ կրկին այնտեղ չհայտնվելու համար։ Տեղում մնացածները ուղիներ էին փնտրում  երկրից դուրս գալու համար, որովհետև քիչ է ասել, թե կյանքը ոչ միայն նրանց երազած հունով չէր գնում, այլև անարդարությունը աչք էր ծակում։ Արեշցիները համեմատություն են անցկացնում սկզբում եկած ժամանակ  ունեցած ոգևորության  և հետագայի միջև․ «Իսկ թուն ինչացո՞ւ  ես։ Քուլթուրայի տան դիրեկտոր։ Այն դիրեկտորներուն չհավնեցան։ Շատ ուտելու համար հանեցին։ Իսկ ասոնք  հեմ  գուտեն, հեմ ալ քործ չեն ըներ» (էջ  239),- ասում է Մկրտիչ աղան։ Արեշցիները հիասթափվում են, որովհետև ոչ միայն զրկվել էին նախկին  մշակութային միջոցառումներից, այլև փոխվում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, մի տեսակ ցածրացվում կարգավիճակը․ «Քաղաքի գեթրոնի համար մեր թաղամասը փաստըրմա գնելու տեղ է, շալվար գարել տալու, փախլավաճիներու ու թուլումպա (քաղցր  խմորեղեն) ծախողներու տեղ է։ Անքրաքետ, աշխարհե բեխաբար (անտեղյակ) արհեստավորներու տեղ է։ Հիմա նաև արտասահմանյան հագուստ վաճառող սպեքուլյանթներու տեղ է։ Իսկ հայրենաթարձ մարդիկ վատ մարդիկ են, Ամերիքա, Քանադա, Ավստրալիա փախչող հայրենիքի թավաջաններ են։ Առևտրականներ, քողեր ու ավազակներ են» (էջ 239-40)։ Ահա վերը նշված ու նաև չնշված պատճառներով  «ախպարները» կեցության նոր վայրեր են փնտրում՝ Ամերիկա, Կանադա, Ֆրանսիա, Ավսրալիա, Լիբանան, Արգենտինա և ավելի շատ կանգ առնում Լոս Անջելեսի ու Գլենդելի վրա։ «Ահա այս տեղի վրա էլ կանգ էր առնում մտքով աշխարհի մայրցամաքներում թափառող հայի հոգին» (էջ 118)։ Ըստ էության՝ 14-րդ դարից իր պետականությունը կորցրած հայ ժողովուրդը մոլորվել էր կեցության կանգառներում և ոչ մի տեղ իրեն յուրային չէր զգում։ Տարագրյալներն իրենց սրտում պահում էին հայրենիքի պատկերը, և դա ամենևին էլ չէր սկսվում ու ավարտվում պատից կախված Արարատի նկարով։ Ապացույցներից մեկը սփյուռքահայերի մասնակցությունն էր արցախյան պատերազմին։

Ալիս Հովհաննիսյանի վեպը չի ավարտվում արեշցիների պատմությամբ։ Հայ ժողովրդին պատուհասում են նոր դժվարություններ՝ երկրաշարժներ, Արցախյան պատերազմ, նոր կորուստներ,            նոր տագնապներ, և արեշցիները    «պատերազմից հետո՝ արդեն չորս տարի է, ինչ չեն ծիծաղել» (էջ 406)։ Թվում է, թե վեպը պետք է ավարտվեր մինչև Արցախյան պատերազմը, թեև պատերազմի մասնակիցների և զոհվածների մեջ ևս կային նորարեշցիներ։ Բայց դա արդեն միայն նրանց պատերազմը չէր, այլ ամբողջ հայ ժողովրդի․․․

«Աղաների դարը և հետոն» վեպը ոչ միայն ծավալուն է, այլև, եթե կարելի ասել, խիտ՝ հագեցած դեպքերով, իրադրություններով, խորհրդային արտիստների, գրականագետների      և, բնականաբար, արեշցիների անուններով, վերջիններիս ճակատագրերի պատմություններով։ Վեպը տարբերվում է ոչ միայն ժամանակակից, այլև հենց իր՝ Ալիս Հովհաննիսյանի նախորդ վեպերից, ուստի, պահանջում ավելի հանգամանալից  ուսումնասիրություն։

Հեղինակը փորձում է վեպն ավարտել լավատեսությամբ ու ապագայի հաղթա- նակների սպասումով՝  «Զնգացին  բաժակները․․․ Արեշցիների քրքիջը չէր դադարում մինչև լույս․․․  Իսկ Նոր Արեշի վրա բացվող լույսը բարի էր․․․» (էջ 407)։ Հուսանք, որ այդպես էլ կլինի, որովհետև դա ամբողջ հայ ժողովրդի երազանքն է։

[1] Ալիս Հովհաննիսյան, Աղաների դարը և հետոն, Եր․, «Վան Արյան» հրատ․,  2024 թ․, 408 էջ։

[2] Գուրգեն Մահարի, Երիտասարդության սեմին, Եր․, 1956, էջ 7։