Էդվարդ Միլիտոնյանի «Քո աչքերից թունավորված» ժողովածուն (2019 թ.) ընդգրկում է հեղինակի նախորդ գրքերի սիրերգական ընտիր նմուշներն ու նոր բանաստեղծություններ: Դրանք, թեև գրված տարբեր տասնամյակներում, այնպիսի ընդհանրություններ ունեն, որ կարծես մեկ գրքի շարքեր են: Ժամանակը միայն տառապանքն ու վայելքն է թե՛ խոր հակադրել և թե՛ համադրել` հարստացնելով սիրերգական աշխարհատեսությունը: Հարկ է նկատի ունենալ այն, որ միլիտոնյանական սիրերգությունը միաժամանակ կենսասիրության, մարդու փիլիսոփայության շերտերով է հարուստ: Այդ սիրո երգը, որքան էլ ժամանակակից, պահպանում է դասական մոդելը` ամբողջական ասելիքով:
Ինչպես նշել ենք, գրքի շարքերում նկատելի է որոշակի համադրականություն: Համադրվում են տարբեր դարաշրջանների բանաստեղծական ավանդույթների (այդ թվում` արևմտահայ), ապոլոնյան և դիոնիսական մշակութային արքետիպերը: Ըստ Նիցշեի` դիոնիսականը շվայտ է, ապոլոնականը` խոհուն:
Դիոնիսական մշակույթի կնիքը տեսանելի է Դ. Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուում, «Հարճը» պոեմում: Այստեղ իշխում է դիցաբանական պատումի հանդիսավոր ու շքեղ ոճը:
Էդ. Միլիտոնյանի «Պարը» բանաստեղծությունն առնչություններ ունի «Հարճը» պոեմի հետ, սակայն առաջինն ունի արագ և շիկացող ռիթմ: Երկու ստեղծագործություններում պարուհին վարձակ է անվանվում: Նմանություններ կան առանձին պատկերներում.
– Բլուրի պես կդիզվեն ըստինքներն իր սարսռալեն… («Հարճը»)
– Կրծքերն երկու գավաթի պես//Զարկվան իրար գինովցած… («Պարը»)
Պտղավորվող կյանքն է գովերգում Վարուժանը, գեղեցիկի հասունացումը շարժման մեջ, ինչին և որոշակիորեն հետևում է Էդ. Միլիտոնյանը: Նրա կերտած բանաստեղծական պատկերն ունի ներքին ցուցադրողական հատկանիշ: Իսկ «Հարճը» պոեմում գործողությունը ցուցադրվում է մեծադիր կտավի վրա:
Անտիկ շրջանից, միջնադարից ժառանգած ավանդույթները հղկել են միլիտոնյանական սիրո երգը` այն հարստացնելով բազմաշերտ ապրումներով, լեզվական ու պատկերային աննախադեպ երանգներով:
Անտիկ շրջանի և միջնադարյան սիրերգության թիրախավորումներին զուգընթաց, բանաստեղծությունները բնորոշվում են արդիական տարերքով, պլաստիկ մտածողությամբ, պատկերային նորագույն սինթեզով: Յուրաքանչյուր բանաստեղծություն սիրո ապրումի բնօրինակային ամփոփում է:
Սիրո ապրումները բռնկուն են, պատկերային թե՛ կանոնիկ և թե՛ պարականոն դրսևորումներով: Վերջիններիս հիմքում սիրո մշտնջենական տեսլագծերն են, հեթանոս ժամանակների անսքող սիրո բռնկումները:
– Մտապատկերների ջունգլիներից դուրս պրծած//Նետաձիգ մերկանդամ կանայք,//Նրանք անխնա զարկում էին նրանց,//Ովքեր գիծ էին քաշում//Սիրո և սեքսի միջև: («Մտապատկերների ջունգլիներից»)
Նախապատմական բնազդները Էդ. Միլիտոնյանի սիրերգության արյունատար անոթներն են: Նախապատմականն ու քաղաքակրթականն ազատ հանգուցվում են` ստեղծելով սիրո հոգեվիճակային զանազան համապատկերներ:
– Հովազը մտել էր աղջկա դարչնագույն մաշկի տակ//Ու նայում էր նրա աչքերով, հրե մազերով://Աղջիկներն անվերջ կարդում էին կատվազգիների//Երգ-երգոցը: («Գիշերվա սև կտավին թավշյա»)
Միֆական, նախապատմական և ժամանակակից սիրո ապրումները ոչ միայն բաժանված չեն, այլև միասնական են և անանջատ: Ընդհանուրն այն է, որ քնարական «ես»-ը սիրո մեջ է տեսնում իր գոյաձևը:
– Սերը ծածկում է ունայնությունը («Ունայնության վրա սերը մի զատիկ»):
Բանաստեղծը դիմում է առասպելին` այն ապամիֆականացնելով («Արա Գեղեցիկ և Շամիրամ»): «Պատումը» հագեցվում է պրոզայիկ և հեգնական տարրերով, որոնք առասպելը շրջում են դեպի մեր ժամանակի իրականությունը: Այստեղ բացակայում են կլասիցիստականն ու ռոմանտիկականը: Տեսագրվում է սիրո ներկայացման երկու հարթություն, որտեղ հեգնանքը դառնում է հոգեվիճակային բանալի («…Շատ մի՛ սպանի, փոշմանել կա,// Շատ մի՛ փոշմանիր` Արալեզները չեն փրկի…»:
Պատկերավորման մեջ բանաստեղծը հակված է դեպի չափազանցությունը` բնորոշ միֆին, առասպելին:
Սիրտն անվանվում է վիշապաձուկ («Հիմա ի՞նչ անել»). բացառիկ համեմատություն է` կապված միֆական սիմվոլի հետ: Տարօրինակ է մյուս համեմատությունը. «Օ՜, կանացի դեմք` սիամական կատու» («Հիմա ի՞նչ անել»): Միֆի հիշողությունը շարունակվում է հաջորդ տողերում` «Այդպես երգել է դիցուհին մի օր», «Մեր շրթունքներին պիտի վախճանվի ամեն աստված»:
Չափազանցության օրինակները շատ են, ինչը խոսում է երևակայության ազնիվ թռիչքների, բնական ու նախնական «սրտագրումների» մասին: Չափազանցությունները բնորոշ են աստվածաշնչյան «Երգ-երգոցին», որի առանձնահատուկ գիծը քնարականությունն է, սիրո գովերգումը: «Երգ-երգոցի» սիրո և բնության համատեղ գովերգի ավանդույթի կիրառությունն ենք տեսնում Միլիտոնյանի «Նոր թվարկություն» գրքի «Նա» բանաստեղծության մեջ:
– Նա նման է եվրոպական բնանկարի,//Կոնքերի ուրվագիծը հարազատ է//Չեխական բլրակին://Այտերի վարդագույնը հիշեցնում է//Սկանդինավյան սարսուռ ձմեռներ:
«Գիշերվա սև կտավին թավշյա» բանաստեղծության մեջ հիշվում է աղջիկների կողմից անվերջ կարդացվող «կատվազգիների Երգ-երգոցը»:
«Ծովի Երգ-երգոցը» բանաստեղծության մեջ պահպանված են բնական ապրումները` բնորոշ աստվածաշնչյան «Երգ-երգոցին». ներքին նմանություն են ապահովում սիրո մեծարման ռիթմերն ու անսովոր փոխաբերությունները (մետաքսը ցանկության, այծամարդու կեսգիշերը, սև խավիարը բնազդի, կարմիր խավիարը կրքոտ ցանկության և այլն):
Միլիտոնյանական սիրերգության մեջ, ինչպես «Երգ-երգոցում», կինն անթերի է:
– Կնոջ դեմքը` ջութակի լարերով հյուսված,//Զնգում է, քնքուշ է://Եվ մահացու` էլեկտրական հարվածից առավել: («Կնոջ դեմքը»)
Առ կինն ունեցած վերաբերմունքը «Քո աչքերից թունավորված» ժողովածուում ձգտում է բացարձակի, ինչպես «Երգ-երգոցում» է:
Կնոջ և բնության գեղեցկությունները իրավացիորեն շատ ավելի են մոտեցվում.
– Կնոջ հոգին մետաքսից է,//Հյուսված մայրամուտներից//Ու արշալույսներից: («Փխրուն կինը»)
Ըստ բանաստեղծի` կինն աստվածային գաղտնիքի կրողն է: Այդ գաղտնիքն ունի սև մարգարիտի փայլ:
– Կնոջ գաղտնիքն ուժ է առնում//Գիշերվա սև մարգարիտից…
Սա հուշում է կնոջ հոգեապրումների անվերծանելիության մասին:
Թանկարժեք քարերի անունները, որոնք միջնադարի տաղերգության մեջ օգտագործվում էին համեմատության մեջ, այժմ կիրառվում են փոխաբերական նշանակությամբ` արտահայտելով թե՛ գաղտնի խորհուրդ և թե՛ պատկերի աննախադեպ հղկվածություն: Այս տեսանկյունից աչքի է ընկնում «Աղջկա ականջին» բանաստեղծությունը.
– Սիրո հղած մարջանների//Եվ խոստովանքի ողորկ մարգարտի համար://… Լեցուն համբույրի//Ադամանդներով:
«Աղջկա ականջին»-ում նկատելի են Ե. Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքի նուրբ հումորի և քնքշանքի ուրվագծերը («Օ՜, գեղեցկագույն ականջ աղջկա»):
Բանաստեղծի համար սերը թե՛ մարմնական է և թե՛ «սրտի ճախրանք»: Սիրո զգայական պատկերները զուգորդվում են բարկ լույսի վրձնահարվածներին, գունավոր տեսլապատկերներին և հանդիսանում են սիրո բռնկումների արտացոլանքը:
Գույնը և շարժումը սիրո բռնկուն պահերի հետագծերն են: Եվ հառնում է փարաջանովյան պատկերը.
– Մայրամուտն իր նուռն է ջարդում ուսերին հոլանի… («Գիշերվա սև կտավին թավշյա»)
Բանաստեղծական շարքերում հաճախ ենք հանդիպում կնոջ ներքին պլաստիկ դիմապատկերին: Ամեն անգամ դիմապատկերը իր հատվածայնությամբ «նկարչական» նոր ոճով է երևում: Ավելի ճիշտ, այն, ըստ զգացմունքի, հանպատրաստից ձևավորում է ստանում: Դիմապատկեր ասելով, նկատի ունենք էության և խառնվածքի համամասնություն: Բանաստեղծը շատ ավելի էության և խառնվածքի բացահայտմամբ է զբաղված:
Որպես կանոն` խորքային ապրումը, բեկվող ճառագայթի պես, հանկարծ դուրս է բերվում հարթություն: Նման պարագայում հումորիկ պահերը հաջորդում են իրար: Գլխավորը, սակայն, լուրջ ու խորքային սիրո հոգեվիճակն է, որն ընդգծվում է զգայական և տեսլական հոսքերով:
Զգայական սիրո տեսիլները բանաստեղծությունը դուրս են բերում մենախոսական միապաղաղ շրջանակից (բանաստեղծը հեգնում է սիրո «լաց ու կոծ» երգերը), նրան հաղորդում կենսունակություն: Առանձին բանաստեղծություններ հիշեցնում են քնարական նովելներ («Մեր ժամանակի աղջիկները», «1974 թվի հուշը» և այլն)` խառն «պատումի» տարրերով:
«Մեր ժամանակի աղջիկները» բանաստեղծությունը սերնդային սիրո դիմանկար է: Աղջիկները բնութագրվում են ժամանակի սովորույթներով, ուսանողական վարք ու բարքով: Վերհուշը հումորիկ է, բայց և թախծոտ: Անցել է ժամանակը, և սերնդակից աղջիկների հետևից քարշ գալը հիշվում է «Դրախտ գնալու պես»:
Բանաստեղծի ցանկությունն է` «Մեր ժամանակի աղջիկներով նավը» չհասնի «Կղզիներ ու ափեր անտես»:
– Թող այդ նավը մնա մեր ցամաքած առվում:
«Ցամաքած առուն» արդեն անցած ժամանակն է:
Փոքրիկ դրամա է հիշեցնում «Լազուրե շուրթերով աղջկա երգը» բանաստեղծությունը: Ահա «պատումային» մի հատված.
– Աղջկա աչքերի միջով հանդիսատեսները հայտնվում են հայելու մեջ://Եվ բուռն ծափահարություններից քշվում, փշրվում է հայելին:
Բանաստեղծության ավարտին ասվում է, որ ամենը կատարվեց «սովորական օրվա բեմին»: Աղջկա դիմապատկերում օգտագործվում է իմպրեսիոնիստական գեղանկարչության կապույտ գույնը.
– Աղջիկը կանգնել է բեմին և շուրթերին քսում է//Կապույտ շրթներկ: («Ճերմակ սավանին…»)
– Ավելի ճիշտ` լուրթ, ամենաճիշտը` ծավի,//Իսկ պարզապես ճիշտ` լազուրե: («Լազուրե շուրթերով աղջկա երգը»)
«Պարականոն երազներ» բանաստեղծության մեջ նշվում է իր կերտած սիրո պատկերների նմանությունը Պիկասոյի վրձնած պատկերներին` նույնականության հիմքում դնելով պարականոնությունը:
Էդ. Միլիտոնյանը պրոզայիկ տարրեր է ներմուծում բանաստեղծություն` այս եղանակով փորձելով սիրո ռոմանտիկան շրջել դեպի ռեալություն: Հնարանքն օգնում է պաթոսից ձերբազատվելուն:
«Լեռնային գյուղեր» բանաստեղծության մեջ վկայվում է «Լեռնականի լճացած թախիծը»: Սերը չոր հացի հետ համեմատելը թվացիկ պրոզայիզմ է: Համեմատությունը նախ ասում է, որ լեռնային գյուղում սիրո վերաբերմունքը չոր է, զգացմունքը արտաքնապես թաքցվում է: Մյուս կողմից` սերը չոր հացի հետ համեմատելը ակնարկում է նրա կենսական անհրաժեշտությունը, միակ հույս, նշխար, վերջին հենարան լինելը: «Պրոզայիզմը» համեմատությունները կոնկրետացնում է. աղջիկները «բամբակ են լուցկու կողքին», «սիրո ցախ են ու ծղոտ»: Սիրերգության մեջ հազվադեպ օգտագործվում են պարոդիկ հատվածներ:
– Ավելի լավ է տրվել անապատին,//Ալեբախ ծովին,//Քան կրել հայացքը շեղակի,//Մի կնոջ,//Որը գիտե իր գինը: («Ես երբեք ցուցմունք չեմ տա»)
Նմանակվել է «Աբու-լալա Մահարի» պոեմի հատվածը:
Բանաստեղծը գրքում ուշադիր է սիրո ապրումների հոգևոր իմաստավորումներին.
– Քո մարմինը հացն է իմ սիրո… («Խոստովանություն»)
– Գիտեմ, ինձ տրված մարմինը եղավ//Դեպ հոգին տանող տրորված մի ձյուն…
Էդ. Միլիտոնյանը սիրո հոգեվիճակների բանաստեղծ է, իսկ հոգեվիճակն ունի որոշակի տևական բնույթ: Սիրո ապրումը դիտարկվում է ժամանակի ու տարածության սահմանագծում: Զգացմունքը մշտապես վերելքի փուլում է, տեղատվության չենք հանդիպում: Կենսունակ վերելքի հոգեմղումներն ունեն իրենց բանաստեղծական «գաղտնագրումներն» ու կոդավորումները, ինչպես նաև գաղտնազերծումները:
Սա սիրո ապրումի ներքնաշղթան է:
Էդ. Միլիտոնյանը սիրերգությունը մաքրել է կեղծ նոտաներից, անբնական «երգերգոցային» տարրերից:
«Դու մեղքից սիրո ոսկի պեղել» («Կինը»). սա միլիտոնյանական սիրո բանաստեղծության տող-բանաձևերից է, որն իր խորհրդով առանցքային է ժողովածուի համար: Ժողովածուն մեզ մղում է աշխարհը տեսնել թարմ գեղեցիկի ռիթմիկ ընթացքում, իսկ սիրերգությունը` բացառիկորեն ինքնատիպ ու նորացած:
One thought on “ՍԻՐՈ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄՆԵՐԸ / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ”