1.
…այստեղ, սրտիս մեջ ես եղել,
ու ես միշտ եմ իմացել Քո տեղը,
դրա համար էլ Քեզ չեմ փնտրել,
ունեցել եմ պարզապես…
2.
Ով Աստված ունի, լույս ունի ներսից…
3.
Դու իմ ամենահարազատն ես.
միշտ ես ներկա՝ ինչ էլ որ անեմ.
միասին խիղճ ենք,
միասին հոգացող,
միասին ցավացող,
միասին ուրախացող.
Քեզ հետ հուսալի-հուսալի,
Քեզ հետ աներկյուղ ու ապահով,
Քեզ հետ ամենալավ տեղում՝
անգամ երբ տեղը մի կարգին տեղ էլ չի,
բայց Քեզ հետ…
4.
…որ կողմ էլ թեքվեմ,
լույսի աղբյուրը Քեզնից է,
իսկ դու ուրիշ տեղ չես՝
սրտումս ես…
5.
Քեզ թաքցնելու կարիքը չկա,
մանավանդ որ
ամենաթաքունը հենց բացահայտն է,
ու Դու սրտիս միջից բացահայտ
տեսանելի ես աչքերիցս…
6.
Քնիս ժամանակ
իմ երազը մենակ եմ տեսնում երևի.
Անհաստատ եմ ասում,
բայց Դու հաստատ
սրտիս մեջ զգում ես ու մասնակցում.
թե չէ՝
ոնց պիտի մենակ սաստեի շնագայլին,
կամ ինչ հրաշքով էի
վարար հորձանքից ազատվել
և ում հետ էի մտերմորեն
ամպերին նստած զրուցում…
7.
Բռունցքով
մարդուս սիրտը չափելիս
ո՛չ բռաչափ սրտում, ո՛չ էլ բռի մեջ
Քեզ չտեսան…
Որտեղից տեսնեին.
անչափը՝ մեծ, չափողը՝ փոքր…
8.
Փոքրությունը երեխայությունից լիներ,
ասեի՝ բան չկա, հետո…
9.
Հիմա հետոն է.
ես որ գլխի էլ չընկնեի՝ կհուշեիր.
Է՛ն հետոն է, որ, փոքր չափողների չափանիշներով,
անչափին հանում է հաշվից…
10.
Բայց էլ ինչ անչափ,
որ չտեղավորվի ամենատաք սրտերում,
որ լինի ներսում ու լույս չտա,
որ բարի-բարի չհուսադրի
ու չշարժի ներսից – բարիք գործելու,
բարին ստեղծելու… արարելու՝ իր նման…
11.
Շունչ առնելու պես, ջուր խմելու պես է
Քեզ ամեն պահի նորից գիտակցելը.
սրտումս, և՝ Քո սրտի մեջ…