Այս ամառ 10 օրով մեկնեցի իմ ծննդավայր Լոռու մարզի Ակներ գյուղ:
Տասն օր վերապրեցի այն տխուր պատկերը, որ համակել է իմ համագյուղացիներին: Մարդիկ տնքում են անծայր հոգսերի տակ և անզոր են դիմակայել:
Ես հանդիպումներ եմ ունեցել նաև Սյունիքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում, զրուցել եմ տեղացիների հետ: Այս մարզերում էլ քիչ տարբերությամբ, գրեթե համահունչ գյուղեր կան: Ես որոշեցի իմ տպավորություններն ու մտահոգությունները ամբողջացնել սույն թախծոտ պոեմում, որը Թումանյանի «Հառաչանքի» հեռավոր արձագանքն է: Իմ մտահղացումն իրականացրի Ծաղկաձորում, Գրողների ստեղծագործական տանը:
Ո՞վ է մեղավոր: Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում –
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր:
Հովհ. Թումանյան «Հառաչանք»
Նախերգանք
Իմ մանկությունից բան չի մնացել,
Լոկ մերկ լեռներն են հողմերի դիմաց,
Անտառը հատվել, շատ է նոսրացել,
Անփոփոխ են սոսկ արևն ու Աստված:
Գյուղում մտերիմ ընկեր էլ չկա,
Բոլորը անցել ու հուշ են դարձել:
Պապիկներ, տատիկներ
Ոչ հին ժուկով-ժամանակով
Եռում էր կյանքն ամենուրեք…
Բռնչենու տակ մենավոր
Թևածում էր ժպիտ ու երգ:
Հիմա գյուղը կյանքից դժգոհ`
Տնքում է լուռ գիշեր-ցերեկ:
Պապ ու տատիկ ձեռնափայտով
Քարշ են գալիս տխուր-տրտում,
Ստվերներ են քայլում մայթով`
Անամոքիչ ցավը սրտում:
Արտագաղթ
Գյուղում ոչ մի ջահել չկա,
Չկա ոչ մի աշխատող ձեռք,
Գնացել են Ամերիկա,
Ցրվել են ողջ աշխարհով մեկ:
Գյուղում թողած երեխա, կին`
Օտարի հողն են շենացնում,
Ո՛չ իրենք են ապրում կարգին,
Ո՛չ էլ կանանց ուրախացնում:
Սիրահար չկա
Հե՜յ գիտի օրեր, աշնանամուտին
Հարսանիքներին վերջ, սահման չկար,
Զուռնա-դհոլը թնդում էր չորս դին,
Հիմա որտեղի՞ց գտնես սիրահար:
Ու՞մ սիրահարվեն, երբ չկա ջահել,
Շուրջը ամենուր մեծեր են, ահել:
Հարսն ու աղջիկներ դույլերը առած`
Ամռան օրերին մոշուտներն ընկած,
Մոշ են քաղում, որ դասագիրք գնեն
Ու փոքրիկներին գոհ դպրոց ճամփեն:
Մեկ ամիս հետո հոնը կհասնի,
Հոնն էլ կքաղեն, ձմեռը կիջնի:
Ու կհավաքվեն վառարանի շուրջ,
Անհամ սերիալներ կդիտեն շատ լուրջ,
Երբ կձանձրանան, կպատմեն հուշեր…
Օ՜, ինչ երկար ես, ձմեռվա գիշեր:
“«Ու՞ր ես գալիս,
ա՛յ գարուն»”
Տղամարդ չկա, որ հողը հերկի,
Ծառ չկա` ճյուղին թռչունը երգի,
Բարակել է ջինջ առուն,
Ու՞ր ես գալիս, այ գարուն:
Չկա սերմացու` ցորեն ու գարի,
Խեղճ հողագործը որտեղի՞ց ճարի,
Այսքան հարկերը ինչպե՞ս վճարի,
Դաշտում մկներն են պարում,
Ու՞ր ես գալիս, ա՛յ գարուն:
Ոչ ոք չի պահում գարուն, քո ճամփան,
Ամեն տեղ խոպան, ամեն ինչ խափան,
Սևանից Լոռի, Շիրակից Կապան,
Թռան օրերը եռուն,
Ու՞ր ես գալիս, ա՛յ գարուն:
Կարկտահար այգին
Միրգն այս տարի շատ է,
Այգին ծաղկառատ է,
Ծիրան, տանձ, փշատ է,
Սերկևիլ, սալոր է,
Խաղող, դեղձ, խնձոր է,
Բալն ինչքան էլ խոշոր է…
Միրգը շատ առատ է,
Եղանակը վատ է`
Այ թե գթառա՜տ է,
Չունի մի պտղունց գութ,
Ամեն ինչ դարձրեց սուտ,
Վերից թափեց կարկուտ,
Ջարդեց, սրբեց անսանձ
Խնձոր, ծիրան ու տանձ,
Ջնջեց, տարավ անհետ,
Չթողեց դեղապետ,
Ա՛յ քեզ գյուղացու բախտ,
Այգին դարձրեց ժանտախտ:
Հովիվ չկա, որսորդ չկա
Գյուղում վախից խոզ չեն պահում,
Վախենում են ընկնի ազար,
Օգուտը քիչ է երևում,
Իսկ վնասը շատ է, հազար:
Այծ չեն պահում, հովիվ չկա,
Առանց հովիվ չի գնա հանդ,
Կովն օգուտ է, աստված վկա,
Խոտ հնձելն է գլխացավանք:
Ով կովին խոտ ապահովի,
Նա կունենա կարագ ու յուղ,
Ով էլ գյուղում ոչխար պահի,
Նա գայլերից ունի երկյուղ:
Մեկ էլ տեսար գիշերն հանկարծ
Գայլերն անվախ գոմը մտան,
Սոված շունը վախից սսկվեց,
Ո՛չ որսորդ կա, ո՛չ հրացան:
Ոհմակը մի գիշերվա մեջ
Խեղդամահ է անում մի հոտ.
Երբ սպանդ է արյունահեղ,
Գյուղացուն էլ ի՜նչ առավոտ:
“«Լորիկ, լորիկ,
այս տարի»”
Էլ չի ծփում ծով ցորենի արտը,
Շատ են շատացել հոգսերն ու դարդը,
Տղամարդ չկա, որ հողը վարի,
Սերմնացան չկա, որ ցորեն ցանի,
Ծփան արտերը` հնձի հնձվորը,
Արտ չկա` մեջը բույն դնի լորը:
Երբ չկա գարու, ցորենի բերքը,
Ո՞վ մեղմիկ երգի «լորիկի» երգը.
Լորիկ, լորիկ, այս տարի
Արտս արել եմ գարի,
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:
Կլորիկ, գլորիկ, այ լորիկ,
Օրոր-մոլոր, շորորիկ:
«Ծառահատները»
Թանկացել է գազը,
Թանկացել է լույսը,
Էլի փայտն է գյուղում
Ձմռան միակ հույսը:
Ծառ չի տնկել կյանքում մի հատ,
Բայց դարձել է անտառահատ,
Առավոտից կացինն ուսին
Ծառ է կտրում մինչև լուսին:
Փոխվել է գյուղը,
Փոխվել են մարդիկ
Տարիներ առաջ
Լիքն էր ամեն տուն,
Վախ, կողպեք չկար,
Չկար գողություն:
Գյուղում տան վրա
Փակ չէին դնում,
Բաց թողնում էին
Ու սար բարձրանում:
Հիմա տներում
Թանկ ոչինչ չկա,
Կողպեք են դնում
Դատարկ տան վրա:
Փոխվել է գյուղը,
Փոխվել են մարդիկ,
Կասկածամիտ են,
Չարացած սաստիկ:
Աստված էն գլխից արդար է եղել,
Որ զույգ, երկու թև չի տվել մարդուն,
Թե չէ ամեն ինչ հիմքից կշրջեր,
Քաոս կտիրեր ողջ երկրագնդում,
Մարդը անգղի պես թևեր ունենար,
Հավաբներում չէր թողնի մի հավ,
Մարդը, քավ լիցի, թևեր ունենար,
Կնյութեր հազար թակարդներ ու դավ:
“«Հայրենասերը»”
Նա փակեց պարտքեր ու տոկոս,
Տունը վաճառեց, փախավ Լոս:
Տարիներն անպտուղ անցան,
Օտարի հողում ծերացավ:
Մահվան վայրկյանը երբ հասավ,
Կանչեց տանտիրոջն ու ասավ.
Իմ երկրում չեմ տնկել ոչ մի ծառ,
Բայց ինձ կթաղեք անպատճառ
Հայաստան հողում սիրելի,
Որ թանկ է իմ կյանքից ավելի:
Նամակ Լոս Անջելեսից՝ տատիկին
Հինգ տարի է գնացել եմ,
Ապրում եմ Լոսում,
Մեր գյուղից շատ հեռացել եմ,
Շատ եմ ափսոսում:
Իմ մայրիկին զուր լսեցի,
Թողի տուն, դպրոց,
Օտար հողում հայտնվեցի,
Ընկա օտար փողոց:
Ա՜խ, որքան եմ կարոտել քեզ,
Սիրելի տատիկ,
Շատ կուզեի հեքիաթ պատմես,
Լինեմ քեզ մոտիկ:
Իմ Ձյունիկ շուն, ո՞վ է հիմա,
Քեզ հետ զբոսնում,
Ես հաճախ եմ խաղում գնդակ,
Քեզ հետ, երազում:
Օ՜, ինչքան եմ կարոտել ես
Իմ ընկերներին,
Մոռացել են գուցե արդեն,
Քիչ չէ, հինգ տարի:
Ուտելու բան, ամեն ինչ կա,
Բայց մենակ եմ ես,
Ո՛չ Հայաստան, ո՛չ տատիկ կա,
Տխուր է այնպես:
Ամբողջ օրը շուրջս մարդիկ,
Անգլերեն են խոսում,
Վախենում եմ, որ մոռանամ
Իմ մայրենի լեզուն:
Ա՜խ, այնքան եմ ուզում լինել
Իմ Հայաստանում…
Արցունքներս խեղդում են ինձ,
Բազմակետ եմ դնում…
Ո՞ւր անհետացան մեր խաղերը
Ու՞ր անհետացավ մեր պահմտոցին,
Ու՞ր անհետացավ լախտի-վառոցին,
Մեր քարկտիկը, զվարթ բռնոցին,
Մեր ուժը չափող պարան-ձգոցին:
Կարծես երեխա էլ չկա գյուղում,
Խոր լռություն է հիմա մեր թաղում:
Աղտոտված Դեբեդը
Ալավերդիում, դպրոցից գալիս
Ես հաճախ էի լողում Դեբեդում…
Հիմա նայում եմ կեղտոտ ջրերին`
Մարդիկ ինչ ասես, Դեբեդն են նետում:
Անուշն էլ եթե հայտնվեր հանկարծ`
Իրեն չէր նետի գետը աղտոտված:
Մի քաղցր հուշ
Մանկության ընկերոջս` Կոլիկին
Իմ ականջում է Կարոյի երգը,
Որ երգում էիր «Լալվարի որսում»,
Դեռ չեմ մոռացել քո սրտի վերքը,
Երբ Սուսանը քեզ խոցեց «Նամուսում»:
Մանկութ օրերն եմ հիշում կարոտով,
Երբ Շիկաքարում հունձ էինք անում,
Գերվում աստղերի թովիչ հեքիաթով,
Հիշում եմ, թախծում,
մի պահ մանկանում:
Ա՜խ, տարիները անցան հավքի պես,
Թռան ու կորան սարերի լանջում,
Լոկ հուշն է դարձել մորենի անկեզ,
Որ հեռուներից կանչում է, կանչում:
Այս դաժան դարում, երբ վիհ է, խավար,
Ուր մարդը մարդուն գայլ է, բորենի,
Դու իմ հուշերում ազնիվ ես, արդար,
Վիշտը ամոքող լույս-սպեղանի:
Դու հին օրերից հյուսված բարություն,
Դու իմ ոսկեծամ ու թանկ մանկություն:
Գիրք չեն կարդում
Մենք առաջին դասարանում`
Երեսունմեկ աղջիկ, տղա,
Գրքերի հետ մտերմանում,
Կարդում էինք ագահաբար:
Հիմա ցավով ես իմացա,
Որ առաջին դասարանում
Մի տղա ու զույգ աղջիկ կա,
Սա դասարա՞ն են անվանում:
Բայց ամենից զարմանալին,
Ոչ մի թերթ, գիրք գյուղ չի մտնում,
Երբ աշակերտը չի կարդում,
Էլ նա ինչպե՞ս դառնա գիտուն:
Ես կորցրել եմ իմ ընթերցողին
Ես կորցրել եմ իմ ընթերցողին,
Որ ծափերով էր ինձ դիմավորում,
Որ հավատում էր իմ ամեն տողին,
Բազում հարցերով ինձ ոգևորում:
Ես կորցրել եմ ընթերցողիս թանկ,
Նրա սիրտ տանող
ճամփան եմ փնտրում,
Խճճվել է նա կյանքի բեռան տակ,
Իսկ նոր սերունդը էլ գիրք չի կարդում:
Աչքածակը
Մի շենք ունի, երկրորդ
շենքն է կառուցում,
Երեքն ունի, չորրորդին է աչք ածում:
Ամեն շենքում ունի քսան շքեղ տուն,
Ամեն շենքում` մի «խաղատուն»,
քսան շուն:
Քանի՞ տարվա կյանք ունի այդ ագահը,
Մեկ է, պիտի վրա հասնի սև մահը:
«Խաղատուն», շուն պիտի
կորչեն անհատակ,
Իր հետ պիտի տանի միայն
վեց տախտակ:
Վերջերգ
Ագահն ինչքան ոսկի դիզի,
Ծակ աչքը չի կշտանա,
Վերջը պիտի դառնա թազի,
Քանզի էսպես չի մնա:
Ունի ծառա, հսկա խանութ,
Յոթ «Կադիլակ» մեքենա,
Դա էլ կանցնի, դա էլ է սուտ,
Ոչինչ էսպես չի մնա:
Փառասերը դիմակ հագնի
Ու դառնա մեծ պաշտոնյա,
Իր աթոռից, մեկ է, կընկնի,
Փառքն էլ էսպես չի մնա:
Ունենաս գահ ու տերություն,
Ականջիդ միշտ օղ արա
Մեծ լոռեցու խոսքն իմաստուն`
Աշխարհքն էսպես չի մնա:
2013 թ. օգոստոս
Ծաղկաձոր, Գրողների ստեղծագործական տուն