Արմենուհի ՍԻՍՅԱՆ

 

9 բանաստեղծություն՝ տպագրված չինական գրական միջազգային պարբերականում:
Չինարենի թարգմանիչ՝
պրոֆ. Լի Չժենշուան

Երբեմն
Հրեշտակները երբեմն
շատ են ուզում տեսնել այն,
ինչն իրենցը չէ,
ու պատժվում են.
հետաքրքրասիրությունը փոքր-ինչ
այրում է նրանց թևերը,
ու նրանք թևաթափ են լինում,
երբեմն…
Հրեշտակները երբեմն ուզում են
լինել այնտեղ, ուր պետք չէ, որ լինեն,
ու ոտքը նրանց խփվում է քարին.
արյան փոխարեն ցավ է հոսում նրանց ոտքերից,
ու դժվարանում են շարժվել առաջ,
երբեմն…
Հրեշտակները երբեմն ուզում են փորձել այն,
ինչն իրենցը չէ, ու քիչ է մնում
կորցնեն իրենցը,
ու նրանց աչքերից երկինքն է հոսում…
Գուցե պարզապես ներե՞լ է պետք հրեշտակներին,
երբեմն…

Հայելի
Ու ես դանդաղ սանրում եմ
հայացքդ իմ վարսերից,
ուսերիս իջնող հիշողությունդ
շիկնում է իմ քնքշանքից,
բայց մերկացած հոգնությունս թող լռի.
հայելին անդրադարձնում է
ներկայությունդ բացակա,
ահա բամբակը՝ փափուկ, անցավ.
ես քնքշորեն կմաքրեմ
իմ մաշկը քեզանից…

***
Անկապ կապեր երկրային
(Vivacell, Orange, Armentell),
իսկ իմ կապը վերևի հետ հասանելի է,
կարիք չկա լիցքավորել ոչ մի տեղ,
ես երկնքի մշտական բաժանորդն եմ,
վերջում հոգիս կվճարի այնտեղ…

Միայնակ վարդը
Այն վարդը, որ մենակ է,
ինչ քնքուշ է ժպտում
արևին, երկնքին, ինձ,
բուրում է մենակ,
օրորվում է մենակ,
գիտի, որ մենակ է
երկնքի, արևի
ու իմ առջև,
ինչ գեղեցիկ մենակ է վարդը…
հիմա ինչ անեմ.
մոտենամ նրան,
գնամ նաև
երկնքի, արևի փոխարեն…
* * *
Քաղցրությունը միայն
հասունությունից է ծնվում.
մի՛ ճաշակիր խակ միրգը,
նվիրի՛ր ժամանակին,
թող հասունացնի…

***
Գիշերն արթնացա.
հեռավոր թակոցի ձայն էր լսվում.
այդ երկրային հրեշտակներն էին
թակում դռները երկնքի:
Ավաղ: Չկա վերադարձ:
Փակ են դռները:
Էլ չքնեցի:

* * *
Այսօրս էլ սահեց,
ինչպես արձակած զգեստս`
մարմինս ի վար…
Մեկ օրով էլ մերկացա կյանքից…

***
Քո ստերից ու փչոցներից, քամի՛,
տերևներն ընկան հատիկ-հատիկ,
իսկ ծառն իր տեղում է՝
մերկորեն ազնիվ…
Ինչ կատարյալ է
ազնիվ մերկությունը ծառի…

* * *
Դուք, որ այնքան սիրում եք նյութը՝
կահույքը ձեր,
դուռը ձեր ամրոցի,
աթոռը հապա,
թուղթը անգամ,
որ ինձ էլ է գերել.
երկրպագե՛ք ծառին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։