***
Այն ժամանակ,
երբ
բառը գրչի ծայրից
մելանապատ
զարդարում էր մարմինը թղթի…
Ինչ-որ տեղ՝ քանդվում էր,
ինչ-որ տեղ՝ թալանվում էր,
ինչ-որ տեղ՝ գրպանվում էր.
քրտինքը՝ իմ, քո, նրա,
ժողովրդիս։
Միամիտ,
հյուծված անմիտ
վազքի մեջ կյանքի.
պարտքերից տունը կորցրած,
անհուսությունից լքված.
ու սեփական տանիքը
օտարությունից ջերմանալու եկած՝
ժեռերին թողած…
հեռանում էին…
Այն ժամանակ
հեռացողին
Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը
սեփական օրենքներն էր սարքում,
սեփական առանձնատան
դռան արանքից՝ նայում
փողոցում ողնաշարը
կքած վաճառողին. ու…
աղբամանից հաց փնտրողին…
արհամարհանքով նայում։
Դժվարությամբ
հացը վաստակողին
կաթողիկոսը
օրհնություն էր տալիս։
Այն ժամանակ…
Երբ բառի ու… խոսքի
արքայություն էր…
***
Օրը տարածվում է։
Հոգսերը գալիս ու գնում են
օրվա հետ։
Մեր կյանքը թակարդ է։
Մեր օրը խեղդում են
թալանով։
***
Կակաչների ժամանակն է գալիս։
Գուշակության նման հնչեց։
Ժամանակը եղանակների
փոփոխություն է նախատեսում։
Ուրիշ՝ ոչինչ։
Զինվորական կանայք
կապրոնե զուգագուլպաներով՝
արժանի պարահրապարակի և
սիրո…
Դեռ մի քանի օր է, ինչ հեռացել ենք
Քառօրյա կոչված
պատերազմի հուշից։
Երբ ծաղկում էին ձնծաղիկները…
Նրանք զոհվեցին
Հայրենիքի համար։
***
2020
Դատարկ է։
Սերը հեռանում է։
Ժամանակը
ժամանակի ժամանակն է։
Բառախաղ։
Իսկ մե՞նք։
Զինվոր… փամփուշտ… կրակ…
Հրե երկինք։
Սելֆի-պատերազմ։
Փիառ-պատերազմ։
Ֆեյքեր, ֆեյքեր, ֆեյքեր,
ներսից, դրսից, ներսից,
քայլող, քայլող, քայլող, ֆեյքեր…
Այրված-խանձված-գլխատված
դիակներ-դիակներ-խոզի կեր։
Խեղված ճակատագրեր։
Մայրեր-հարսներ–աղջիկներ։
Ժամանակը կրկին երկփեղկվել է։
Պատերազմից առաջ և հետո։
Զինվորը կռանում է։
Զինվորը վերցնում է։
Արկը… Հետո… Կրա՛կ… Զինվորը։
Փոշի-պայթյուն-թաքցնում է դեմքը։
Ճակատագրի հետ հաշտված՝
փրկում է Հայրենիքը։
Իսկ մե՞նք։
***
Ցած դրեցի գրիչս,
լքեցի բառերիս,
կարկամեցի վտանգի առաջ.
լռեցի, լռեցի, լռեցի…
Վախեցա՞։
Մինչդեռ մուսաները չեն լռում
ռումբերի տարափից։
***
Խրամատներում դարսդարսված
հացի պատառը
կուլ չի գնում…
Չմտածեք, մայրե՛ր, ամեն ինչ կա։
Ուտողը չկար։
Կամ զբաղված էր։
Կամ հողին խառնված։
***
Չե՞ք հասկանում։
Դուք դավաճանում եք
Մոնթեին, Վազգենին
ու բոլոր նրանց, ովքեր զոհվեցին…
Կոմանդոսին, ում հաղթած Շուշին
սկուտեղին դրված
նվիրվեց թշնամուն։
Հաշտվո՞ւմ եք. ո՞ւմ, ո՞ւմ…
կրկնո՞ւմ եք, ո՞ւմ, ո՞ւմ…
***
Մեծարում ենք
աթոռակիր հրեշների։
Ընտրեցինք նախագահ։
Ես չունեմ՝ ձայն։
Չգիտեմ։
Վաղը նա ինձ իր
աթոռի մեկ ոտքը
կառաջարկի՞,
թե՞ ապահով կյանք…
***
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԱՇԱՐՔ
ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ։
Եվ ես նախագահ եմ,
սակայն վազում եմ հին,
քրքրված կոշիկներով.
ձեռքիս երկարաձիգ ցողունով
միայնակ վարդ,
իսկ ցուցարարները շտապում են,
իսկ ցուցարարները շրջապատել են
նախագահին.
և ես չեմ կարողանում
վարդը նրան տալ։
ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ։
Եվ ես նախագահ եմ։
Ուղեղս հոգնել է
քաղաքական խաղերից,
սակայն՝ քայլում եմ
հոգնած կոշիկներով,
իսկ խորհրդարանում կրակոցները՝
աթոռներն են արյունով ներկում։
ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ։
Եվ ես նախագահ եմ։
Սիրտս տրոփում է անհանգիստ.
դադար են առել
կոշիկներս հոգնած,
մինչդեռ թալանում են երկիրն իմ,
և ես չեմ կարողանում
դիմացն առնել։
ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ։
Եվ ես նախագահ եմ,
սակայն կոշիկներս քայլում են
առանց ինձ,
հոգնած են, դուխով և
իբրև պաշտպանված,
մինչդեռ կրկին ավեր է ու արյուն,
ծվատվում է
Արցախն անպաշտպան։
Հողն արյունն է կլլում.
ու խոսում են, խոսում են, խոսում…
…ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ…
Եվ ես նախագահ եմ.
ու…
Անմեղ եմ ձևանում…
***
Բառերը կարկամում են ու
ամաչում։
Ու ամաչում,
ամաչում՝
Հայրենիքի համար կռվող ու
անձնազոհ նահատակների առջև։
Քանզի գրվող բառերը
Հերոս անմահների մասին են։
***
Դադարել է,
դադարել է
ամեն ինչ.
մնացել է
հոգին
սիրո…
մաքո՜ւր:
***
Չեմ տեսնում:
Ես չեմ տեսնում
Թշնամուն:
Նա անտեսանելի է:
Անտեսանելի թշնամին
ուզում է ապրել մարդու՝
իմ, քո, նրա…
մարմնում:
Ուզում է ընդունենք
ու սիրենք իրեն…
Ինչպե՞ս:
Չէ՞ որ ես նրան չեմ տեսնում, որ
կրակեմ:
***
18.03.2020
Հանդարտ, լուռ քաղաք:
Օդում թևածում է
վախը,
անհանգստությունը,
զգաստությունը…
Վաղուց այսպիսին
չեմ տեսել
Երևանս…
Ավտոբուսը դատարկ է,
ընթանում է
առանց ուղևորների.
ես լուռ գրում եմ,
առանց դիմակ
դժգոհ վարորդը
բջջայինն ականջին
վարում ու
բողոքում է…
***
Խենթանո՜ւմ եմ…
Խամաճիկային հպարտությամբ:
Հետո ի՞նչ:
Հետո ի՜նչ…
Հետո ի՞նչ:
Միևնույնն է,
կյանքն ապրելու եմ:
Տարածվելով:
Խեղճանալով ու կծկվելով:
Հաղթելո՜ւ եմ…
Այդ ե՞ս եմ, թե՞ դու ես:
Միևնույնն է:
Մենք բոլորս՝ միմյանց
շարունակություն ու
միմյանց լրացում.
լրացո՜ւմ…
Հետո ի՞նչ:
Խամաճիկային հաղթանակ:
Խամաճիկայի՞ն…
Թե՞…
***
Աստիճանահարթակ, որ
բարձրացնում է վեր…
և… աստիճանահարթակ, որ
կիջնի վար…
Ժամանակ է:
Եվ ճակատագիր:
Վեր թե՞ վար:
Վար թե՞ վեր:
***
Քարը…
խշշոցը…
մտքերի հորձանուտը…
ամեն ինչ փակվում է՝
արձագանքելով
ականջախեցիների
լռությանը…
***
Թրերը խաչվել են:
Մենամարտ է
բառերի ու
մտքերի:
Մտքերը խաչվել են:
***
Աղբ: Գերեզմանոց:
Շուրջը
քանդված, քանդված
շինություններ…
հիշեցի
«Չրթած կուկռուզ»
Երիտասարդական պալատի
շենքը,
որն-այլևս-չկա:
Հանքավայր է դարձել:
Շուրջը երևացող
շենքերի մեծ մասը նմանվել է
չրթած կուկռուզի,
ասես անաչք
վիրավոր տիկնիկներ
լինեն:
***
2021՝ հունիսի 1
Զինվորներ, տանկեր, աղավնիներ…
Տնքում են ասֆալտին նկարները։
Տապ է։
Զինվորներ, դրոշ, արև…
Աղավնի, խաղաղություն։