Ռաֆ ԲԱՐԱԹՅԱՆ

***
Մայրերի մեջ է երկինքը ապրում,
Լույսը կարոտն է առավոտների,
Թռչուններն իրենց հույս են ավետում,
Թե կծլվլա կապույտը վերին։

Մայրերի մեջ է երկինքը լալիս,
Անձրևն էլ երկար ճամփա չի կտրում,
Ես ոտաբոբիկ հենց տուն եմ գալիս,
Մայրս իր լացի շիվերն է կոտրում։

Մայրերի մեջ է երկինքը լռում,
Երբ երկիրն իրեն փնտրում է իր մեջ,
Երբ դեպի անհող երկիր են չվում
Ինձնից թռչուններ, թռչուններից՝ ես…

***
Իմ որդին
Հանդիպեց քո որդուն
Երկնքում…

Ահա՛
Թե որտեղ էր
Ժամադրավայրը
Իմ և քո
Ճակատագրերի…

***
Սահմանին
Ղողանջում է
Զորացրման հրամանը…

Զինվորներին
Հայոց բանակից
Զորացրում են

Անօդաչու թռչող սարքերը…

***
Նորածին զավակս
Քայլելու փոխարեն
Սկսել է
Թռչել սովորել…

Մի՞թե
Նա հասկանում է,
Որ քայլելու համար
Հող է հարկավոր…

***
Ամպերը
Մինչև հիմա
Արևի ու լուսնի հետ
Հաղորդակցվել են
Աշխարհի բոլոր լեզուներով։

Սակայն վերջերս
Որպես պետական լեզու
Երկինքը
Պաշտոնապես
Հայերե՛նը հռչակեց…

***
Հայաբույր, հայագույն մարմիններ՝
Կորցրած ճանապարհն իրենց տան,
Մեկմեկու ուսերին, բայց մի կերպ
Գալիս են թափորներ առնական։

Հենված է իմ հոգին այս լացին՝
Ձեռքերում հագուստն իր զինվորի,
Մի քիչ էլ գալս ինձ ուշացնի,
Իմ հոգին կավանդի իր հոգին։

Ու էլ չի ճանաչի ոչ ոք ինձ,
Անգամ ես, անգամ նա, անգամ դու,
Մի՞թե ես մեկը չեմ նրանցից,
Հայաստա՛ն, որ քեզ եմ մերելու…

***
Որ կողմով անցնես էլ, գիշեր եմ՝
Ամենուր մաս-մաս ինձ շաղ տված.
Չեմ խաբվի ես լուսնի կրծքին բաց.
Որ կողմով անցնես էլ, գիշեր եմ։

Չի թողնի՝ ես մենակ գիշերեմ,
Անձրևն ինձ կուղեկցի մոտդ՝ թաց.
Որ կողմով անցնես էլ, գիշեր եմ՝
Ամենուր մաս-մաս ինձ շաղ տված…

***
Տեսա՝
Հեռվում հուղարկավորություն էր.

Հետ եկա տուն՝
Ինձ չտեսա…

***
Եվ ինձնից բացի և
քեզնից բացի անտես մեկը գար,
Եվ գավը լցներ Սուրբ Երրորդությունն
ապաշխարանքի,
Որ աստվածամերձ մեր հոգիները
մեզնից մեղսատար
Ճանապարհներով դժոխք
տանեին հոգին տանջանքի։

Եվ լույսը հարբեր մեզանից
շիկնած օրապսակում,
Եվ վերադառնար նախամարդը
իմ և քո ստվերի,
Մեր օրերն իրենց խնձորաբույրը՝
պահած քսակում,
Նետեին դեպի յոթնարմատ ծառը
կանաչ ստերի։

Եվ ինձնից բացի և քեզնից բացի
անտես մեկը գար,
Որ կհասկանար մեր
երկինքների ամպրոպի լեզուն,
Որ մինչ իմ և քո տապանաքարը
ցավի համն զգար,
Անտես այդ մեկի մարմինը հագներ
մեզ – կյանքով լեցուն…

***
Հետո կզգամ, որ ներս
մտավ Նարեկացին՝
Ողբերգության հին գլխարկը
ձեռքերի մեջ,
Ու Չարենցի բյուրեղային ակնագնդից
Կգլորվեն թաց բառերը՝ հանց հրաժեշտ։

Տոլստոյի հետ Եսենինը հետո կգա,
Որ մոտենան իմ մենության խրամատին,
Իբրև մասունք դեպի
կյանքիս կմախքն այդժամ
Երկինքներից մի բյուր
ծաղիկ կարտագաղթի։

Ներս կմտնի հետո Ռիլկեն՝ երկինքաբույր՝
Սոֆոկլեսի լայն ստվերից րոպե չանցած,
Եվ ինձ մաշած ժամանակը՝ աչքերը կույր,
Իր բիբերին կտանի դեպ լույսի օրրան։

Աշխարհների մեռելներին,-
բա՛վ է,- կասեմ,-
Ձեր ապրելն է դարձել միայն
ինձ համար լույս,
Ձեր ուսերին ասե՛ք՝ ժամն է,
որ ինձ տանեն
Մի բուռ հողով իմ մարմինը հոլովելու…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.