Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

* * *

Կյանքն ուզում է
Պլստա ու փախչի,
Ինչպես վճիտ աչքերով մի աղջիկ,
Որ կանգնի հեռվում
Ու կանչի՝
Վերջացա՛վ,
Հանգչի՛ր…
Նա չար չի,
Նրան չես ասի՝
Մեզանից թոցրածը
Մեզ ծախող չարչի…
Սիրո պես առաջին,
Առավոտի պես ջինջ՝
Մասն էի ամբողջի,
Եվ մոլորակը՝
Խցանի տակից դուրս թռած մի ջին,
Պտտվու՛մ էր անխոնջ,
Սպասելով կանչին
Իմ՝
Որպես տիրոջ…

* * *
Հիմա իջնող հրեշտակը մի բան կասի,
Արև չկա՝ նրան տեսնես, լուսինն է լոկ,
Կհաշվես ու շուրջդ մեկը կպակասի.
Մահն էր սահում հոգիների դաշտով
ողորկ:
Ջանք չարեցի՝ թե Տիրոջը նմանակեմ,
Ինքնամփոփված՝ նրա լույսի մի մասն էի,
Ես գոյության մի անցողիկ ժամանակ եմ,
Հավերժության սահմաններին ո՞նց
հասնեի:
Էս ինչ որ կար՝ էդ ամենից փայ չունեի,
Ձեր փրկության համար ինձ հետ հույս
չկապեք,
Ընդամենը սիրով լցված հնչյուն էի,
Եկա, որ ձեր ցա՜վը տանեմ՝ խաղաղ
ապրեք…

* * *
Եթե այս օրը չուզենա վերջանա,
Շրջանցի ժամանակն ու ինձ ժպտա
թաքուն՝
Հուշերիս սնդուկում կպահեմ՝ թող մնա
Օրերի հետ այն վառ, որ ինձ են
ծիկրակում:

Եթե այս սերը չուզենա վերջանա,
Շնկշնկա ինքն իրեն ու մնա միշտ
արթուն՝
Իրենից առավել ես ինքս կջանամ,
Որ լինի իմ սրտի ամեն մի տրոփում:-

Եթե այս երկիրը չուզենա վերջանա,
Բաժանված շերտերի՝ տորթի պես
տոնական,
Իմ կյանքը ես կտամ, որ հավե՛րժ մնա նա
Իմ հոգին՝ իր հոգում, անունը՝
ՀԱՅԱՍՏԱՆ…
* * *
Պատերին հենվելով մի՛ գնա,
Չես հասնի,
Պատերը փուլ կգան…
Գրկեմ՝ թող ցուրտ օրը տաքանա.
Ցուրտը հեչ չեմ սիրում,
Ցրտի մեջ չար բան կա:

Իմ ցավը ձայն չունի,
Համր է,
Ուրիշի ցավի պես չի զնգում,
Պստլիկ հոգսի մեջ ինձ մանրել՝
Ծախսել են հավեսով,
Պարում են ու երգում:

Հանձնվել չեմ կարող,
Անցնում եմ,
Մթի մեջ աչքերս իզուր են,
Ինչ առա՝ կարոտով հանձնում եմ,
Իսկ սերս կմնա՝
Հովերը կսուլեն…

* * *
Իմ ծաղկած գարունը թողեցի քո ծոցում,
Ես հիմա կիսավեր աշուն եմ,
Թափվում են գույներս, խշշում են
փողոցում,
Քամու ցուրտ գրկի մեջ մաշվում են:
Հոգեպար մեր մարմնի տարանցիկ
անցումը
Մոռացման սև քողով կպատվի.
Քո երգը ինձ նորից հեռվից հիացնում է՝
Պտտվի՛ր, կարուսե՜լ, պտտվի՛ր…

* * *
Ես քեզ կգրկեմ ամուր-ամուր՝
Դու կզգաս ավելին, քան սերն է,
Կժպտաս՝ կծաղկի ամենուր,
Չես տրվի ցավերին,
Կցնդեն հոգսերդ,
Ճաքելու պատրաստ իմ հասուն նո՜ւռ:

Ես քեզ կգրկեմ ամուր-ամուր՝
Կալիքվեն ափիս մեջ վարսերդ,
Կլցվեն երազով գիշերները թափուր,
Կվառվեն աշխարհի լույսերը…

Կհյուսվեն մեր սրտի փշրված մասերը,
Կմարեն մռունչները քամու,
Չեմ ասի բառեր, որ իզուր ասել եմ,
Ես քեզ կգրկեմ ամուր-ամուր՝
Դու կզգաս ավելին, քան սերն է…

ՎԱՎԱՇՈՏ ԳԻՇԵՐ
Քեզ աղավաղված իմ հիշողությամբ
դարձի չեմ բերի,
Պերճանքից թթված իմ մոգությունը
ցնդում է արդեն,
Ո՞վ պիտի մաքրի վրաս թանձրացող
ժանգը կրքերի՝
Սիրո դրոշներ փռփռացնելով մահվան
շնչի դեմ:

Գարնան ամպրոպը երկինքն է պատռում
կարոտի տենդից,
Խանձող կրքերի սպասուհիներն ինձ չեն
ափսոսում.
Ինչքա՛ն եմ փորձել նրանց գիշերը
դարձնել աստղալից,
Սակայն հեշտասեր չարքերն են նրանց
հոգու հետ խոսում:

Ջահերի առաջ լուռ նահատակված բյուր
ակնթարթներ,
Ձեր կենսաշառաչ ընթացքը երգով
երկինք հղեցի,
Թեև մեղրածոր կուրծքն իր հմայքը
վաղուց էր մատնել,
Եվ, ամփոփելով, ափս դարձել էր
լուսառատ խեցի:

Հիմա մենակ եմ: Չես կանգնում իմ և
մահվան արանքում,
Հուշով բեռնված քո ուրվականն է
մերկանում իմ դեմ,
Հեքիաթը կորցրած ջրահարսները
ծովերը լքում,
Շտապում են, սե՜ր, որ ծնկի իջած՝ քո
դեմ աղոթեն…

ՈՐՁԸ
Գետով զատված նժույգներն են վրնջում,
Հալածվում են մարմինները կտղանքից,
Արդեն մեկ է՝ շուրջը կրակ է, թե ջուր՝
Ծա՛ռս է լինում որձը՝ զատվո՜ւմ
կապանքից.
Վարար գետը խաղաղվում է նրա դեմ,
Պապանձվո՜ւմ է շառաչյունը ջրերի,
Չկա ոչի՜նչ, որ կարող է թրատել,
Այս սլա՛ցքը աստվածային կանչերի:
Երկինքն արդեն գորշ ամպերով է
պատվել,
Որոտները խառնվում են խրխինջին,
Մոլորակն իր պտույտները ընդհատել՝
Ու դարձել է կրքախորով հսկա ձի:
Ծաղկանց դաշտում խանձող բույրերը
փնջել
Շառաչի հետ անձրևային մտրակի՝
Շրմփու՛մ են կենսազարկերը հնչեղ,
Եվ ռունգերից ծու՜խն է ելնում կրակի…
Գետը գետ է, դաշտը դաշտ է, ու նորից
Մոլորակն իր պտույտներին է անցնում,
Եվ խաղաղված հեռանում է բոլորից
Հրե որձը՝ ազնվացեղ սերմնացուն:

ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ
Դու սեղմում էիր ստեղները
Եվ հնչյունները թռչում էին,
Հեռվի ձայները կանչում էին
Սպիտակ ու սև թռչուններին,
Մատներիդ շարժով հնչում էին,
Սրտիցդ պոկվում, թռչու՛մ էին,
Իջնում թափանցիկ կտուրներին:
Դու սեղմում էիր ստեղները՝
Հոգսն ու ցավերը հանգչում էին,
Սառույցն ու ձյունը հալչում էին,
Ու գարնան շունչն էր սյուքի թևին…
Չար ոգիները փախչում էին,
Եվ պատկերները խաչվում էին
Երկնքի աստղոտ անցումներին:

* * *
Գիշերն ավելի շուտ կվերջանա,
Չի ցայտի վերջին շիթը երազի,
Բայց քեզնից թաքուն մեկը կջանա
Հեքիաթներ փռել կյանքիդ ավազին:
Հետո կկորզեն շառափը լույսիդ,
Ոչինչ չես լսի էլ սիրո մասին,
Թավշե հայացքը ամոթխած կույսի
Արևով կիջնի լեռների ուսին:
Դեռ կգան օրեր, որ մեզ միասին
Կփռփռացնե՛ն աստղերի վրա,
Ում շշնջացի ես սիրո մասին՝
Նա թևատարած ճախրու՛մ է հիմա…

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Պորտալարդ կտրեցի,
Տվեցի աշխարհին.
Դու հիմա ցնծու՛մ ես ինքնաբուխ…
Հոգուս լույսն եմ խառնել Մեծ Սիրո
պաշարին,
Որ շուրջը չլինի երբեք մութ:
Աշխարհը դրեցի դիմացի նժարին.
Չեմ ասի՝ ով ումից անցավ վեր.
Մի բան կար՝
Պլստաց ու ընկավ էն ժայռից,
Քղանցքին՝ աստղափայլ ուլունքներ:
Բանաստեղծություն,
Դեռ ինչե՛ր կասեի,
Բայց մահն է թիկունքիս թաքնվել…
Ժամանակը քո դեմ ընթացք է կասելի,
Դու լկստվում ես նրա հետ…

ՊԱՏԵՐԱԶՄ
Բոլորը խոսում են պատերազմից.
Հյուսիսից եկող ցիկլոնը,
Որոտացող ամպերը,
Ճյուղակոտոր ծառերը
Եվ երկինքը՝ լիասիրտ լացող:
Իշխանությունները, գողոնի հետ
մեկտեղ,
Թաքցնում են իրենց զավակներին,
(Իսկ մայրերին թաքցնելն անհնար է՝
Նրանց ամբոխին են հանձնել՝
Նենգ հոգիները ծախելու պահին)…
Բոլորը խոսում են պատերազմից՝
Բարեկամ և թշնամի երկրները,
Թերթերը,
Ռադիոն,
Թռչունները…
Եվ միայն ջահել զինվորի պատկերով
Քա՜րն է լռում
Սիրած աղջկա արցունքների առաջ…

* * *
Հիմա, երբ որդիդ սահմանին է,
Հիմա, երբ ռումբեր են պայթում,
Երբ ամեն զինվորի վերքից
Նաև քո արյունն է կաթում՝
Չե՜ս կարող երազին կուլ գնալ,
Չե՜ս կարող չմնալ արթուն.
Աննահանջ կռվե՜լ նրա հետ,
Նրա հետ հաղթե՜լ մարտում:

* * *
Սուրու՜մ են,
Շաչու՜մ են,
Պայթու՜մ են արկերը,
Պարելով բերում են կրա՜կ ու մա՜հ.
Երկնքից կանչում է
Հրազարդ լապտերը,
Կարմրածոր պատկերներ
Կշաղի հիմա:
Կանգնե՜լ են քաջերը,
Մահաբեր անձրև է,
Շրխկան մտրակը
Իջնում է վա՜ր,
Բայց քաջի՜ ոգու դեմ
Մահը պապանձվե՜լ է,
Մահվանը հաղթե՜լ է
Զինվո՜րը հայ:

* * *
Ես փոքր եմ դեռ,
Բա ո՞նց մեռնեմ,
Թեպետ խիզախ եմ, հզոր ու քաջ,
Բայց այն աղջկան պիտի սիրեմ,
Որին տվեցի համբույր ու պաչ:

Ես փոքր եմ դեռ,
Թե որ մեռնեմ՝
Գիտեմ՝ դահլիճում ծափ կտաք ինձ,
Կասեք, որ դեռ կամ, որ միշտ ձերն եմ,
Զարդեր կկախեք անշունչ կրծքիս:

Ես փոքր եմ դեռ…
Հե՜չ խիղճ չունեք,
Անդուլ գերին եք փուչ կրքերի,
Այնտեղ, սահմանին ես հանգչում եմ,
Ձեր արոտին եք ու ձեր կերին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։