Նոր աղանդ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հետհեղափոխական տարիներին նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է «Ախոռապաշտների» անունով նոր կրոնական աղանդ: ժողովուրդը նրանց անվանում է նաև «Ախոռի վկաներ»:
Չնայած այդ աղանդն ընդամենը շուրջ երկու տասնյակ տարվա պատմություն ունի, սակայն շատ մեծ տարածում է գտել հանրապետությունում:
Արագ ու լայն տարածման պատճառն այդ աղանդի յուրահատկությունն է: Ի տարբերություն այլ կրոնական աղանդների, որոնք հոգևոր բնույթ ունեն և տարաբնույթ հոգևոր պաշտամունքներ, «Ախո- ռապաշտների» պաշտամունքը նյութն է, աստվածը՝ Ախոռը: Մերժելով հոգու գոյությունը և անմահությունը, նրանք պաշտում են նյութը՝ դրամի, թանկարժեք մետաղների և դղյակների տեսքով: Այդ աղանդի ծիսակատարության վայրը բարձրակարգ ռեստորաններն ու խաղատներն են, որտեղ մոմեր վառելու կամ մատաղ անելու փոխարեն փող են կողոպտում միմյանց գրպաններից և սեփական ժողովրդից:
Չնայած նրանցից շատերն Ախոռներից փախցրած փողերով նաև եկեղեցիներ են կառուցում, բայց դա աշխատավոր ժողովրդին հիմարացնելու նպատակ է հետապնդում, քանի որ իրենք երբեք մոմ չեն վառում և չեն աղոթում իրենց կառուցած եկեղեցիներում:
Ախոռապաշտները մոլեռանդ հավատացյալներ են: Ախոռի հանդեպ նրանց պաշտամունքը հասնում է մոլագարության: Իրենց աստծուն հասնելու համար այդ աղանդի հետևորդները պատրաստ են ամեն ինչի: Ի տարբերություն այլ աղանդների, «Ախոռի վկաների» համար իրենց պաշտամունքին հասնելու ճանապարհն ավելի երկար ու դժվար է:
Նոր հավատքի եկած ախոռապաշտը պետք է կարողանա շողոքորթել, քծնել, պետք է կարողանա համբերատարությամբ տանել արդեն Ախոռին հասած և դրա բազմատեսակ բարիքներից օգտվողների ստորացումները, տիրապետել կզելու և սողալու ախոռատուր ու ախոռա- հաճո արվեստին:
«Ախոռի վկաներ» աղանդն ավելի գայթակղիչ ու ախորժելի է, որովհետև այդ ճանապարհն ընտրողների պարգևը, ի տարբերություն այլ աղանդների, ոչ թե երկնքում է, այլ՝ երկրի վրա: Նրանք իրենց պարգևն ստանում են ոչ թե մահվանից հետո, ինչպես շատ հավատների հետևող բազմամիլիոն միամիտ հավա-տացյալները, այլ՝ կենդանի ժամանակ:
«Ախոռապաշտներ» աղանդի հետևողները, բացի կզելուց և սողալուց, շողոքորթելուց ու ստելուց, պետք է օժտված լինեն նաև բնական կամ ձեռքբերովի մի շատ կարևոր շնորհով, ինչն անհասանելի է սովորական մահկանացուներին: Նրանք պետք է կարողանան առանց խղճի խայթի ծախել և առնել ամեն ինչ՝ սրբասուրբ Ախոռի և նրա սուրբ ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես օրինակ, սեփական անձը՝ երեսուն արծաթով, ձայնը՝ քսանհինգ արծաթով, հայրենիքը՝ տասնհինգ՝ արծաթով, ընկերոջը՝ տասն արծաթով, պատիվը՝ հինգ արծաթով:
«Ախոռապաշտներ» աղանդը հանրապետության տարածքում հայտնվել է Եհովայի վկաներ աղանդի հետ միաժամանակ, բայց ավելի մեծ սպառնալիք է մեր անկախ հանրապետության համար: Իշխանությունները, որոնք անտարբեր են Եհովայի վկաների հանդեպ, «Ախոռապաշտներ» աղանդի նկատմամբ մեծ սեր ու հավատ են տածում, և հարկ եղած դեպքում պաշտպանում են ատամներով:
Սիրելի հայրենակիցներ, ո՛չ ասենք «Ախոռապաշտներ» աղանդին, կործանումից փրկենք մեր ազատ ու նորանկախ պետականությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։