Սոֆյա ԱՎԱԳՅԱՆ / «ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ»

«Նաիրի» հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել «Ձայներ մենությունից» գիրքը` 19-րդ դարավերջի ականավոր բանաստեղծներ Ռայներ Մարիա Ռիլկեի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի նամակագրությունից մի ընտրանի, որի համար հիմնականում օգտագործվել են նրանց «1926 թ. նամակներ»-ը (Մոսկվա, «Կնիգա» 1990), ինչպես նաև մոսկովյան տարբեր հրատարակություններից ու պարբերականներից քաղված առանձին նամակներ:
Տարիների հեռվից նամակները, հասնելով ընթերցողին, բացահայտում են այն խռովահույզ ժամանակներում ապրող (առաջին համաշխարհային պատերազմ, 1917 թ. ռուսական հեղափոխություն, վտարանդի մտավորականություն) բանաստեղծների բարդ ճակատագրերը՝ միաժամանակ դառնալով նրանց մարդկային կյանքի հուզիչ վավերագրեր:
Նամականին կազմել և թարգմանել է Կարինե Մեսրոպյանը: Նամակագրության թարգմանությունը դժվարին աշխա- տանք է, մանավանդ այս դեպ- քում, երբ գործ ունես հզոր անհատականությունների հետ: Երբ բանաստեղծն է խոսում բանաստեղծի հետ, հիմնական թեման պոեզիան է, իսկ երբ նրանց «հոգիներն են խոսում» միմյանց հետ, ինչպես իրենք են ասում, և հաճախ խոսում են մի բանի մասին, որ հայտնի է միայն իրենց, դա կարող է լինել շատ կարևոր մի պատառիկ՝ պոկված անցյալից, առեղծվածային թվացող ինչ-որ հատված, ինչ-որ միտք, որ հնարավոր չէ հենց այնպես թարգմանել: Չսայթաքելու համար, կարծում եմ, մեր թարգմանիչն այդ ամենը ճշգրտել է՝ դիմելով նրանց բանաստեղծություններին, ուրիշ նամակների, ուրիշ կենսագիրների նյութերի: Ասեմ նաև, որ Ռիլկեին ուղղված և նրանից ստացված նամակները գերմաներեն են: Այս դեպքում գրքի խմբագրի՝ Հակոբ Մովսեսի գերմաներենի իմացությունը պետք է որ նպաստած լինի կասկածելի հատվածների լուսաբանմանը: Հակոբ Մովսեսի՝ բնագրից կատարված թարգ- մանությամբ է ներկայացված նաև Մարինա Ցվետաևային նվիրված Ռիլկեի «Էլեգիան»՝ բարդ, զգացմունքային, վերերկրյա տրամադրությամբ գրված մի բանաստեղծություն: Ռայներ Մարիա Ռիլկեի մասին նրա ժամանակակից Անդրե Ժիդը գրում է. «…Նա երբեք լիովին ներկա չի եղել իր մարմնի մեջ, կարծես գտնվել է այլուր՝ խորհրդավոր մի տարածքում, իր համար ավելի իրական, քան այն, ինչ մենք համարում ենք իրականություն»: Ռիլկեն ինքը նամակներից մեկում խոսում է մարմնի և հոգու տարբեր աստիճանների մասին:
Բորիս Պաստեռնակը որոշակի նմանություն էր նկատել Ցվետաևայի և Ռիլկեի պոետական մտածողության միջև: Մարինան Ռիլկեին ուղղված նամակներում արտահայտում էր աներևակայելի, սահման չճանաչող սեր, որ չէր տեղավորվում երկրայինի սահմաններում: Թեև Ռիլկեն ու Մարինան երբեք չեն հանդիպել, ավստրիացի բանաստեղծը դանդաղ մահանում էր Շվեյցարիայի առողջարաններից մեկում «եթերային սիրո սպասումով», գրում է Անրի Թրուայան իր «Մարինա Ցվետաևա, հավերժ ապստամբը» գրքում:
Այս նամակները, ինչ էլ անվանեք՝ զրույց բարձր պոեզիայի մասին թե այլ բան, անկեղծ, անմիջական գրառումներ են սիրո, խանդի, հիացումի, տառապանքի մասին, որ հստակ գծագրում են երեք բանաստեղծների՝ Անրի Թրուայայի բնորոշմամբ «Զգացմունքային եռանկյունու» հոգևոր մեծ կապը:
Ասենք, որ նամակների ընտրությունը կատարված է ճաշակով և բանիմացությամբ: Նամակների հեղինակների համար, անկախ նրանց խոսքի ոճական առանձնահատկու- թյուններից, բառը, հնչյունը խոսքը սովորական հասկացություններ չեն, դրանք, ըստ Ցվետաևայի, «մտքի մարմին են» և մեկ բառի համար «սյունակներ, սյունակներ, սյունակներ գրոտելը հաճախ ոչ թե ռիթմի համար է, այլ՝ տողամիջի բառի համար»:
Ներկայացված երեք հզոր պոետների նամակները՝ որոշ իմաստով նույնպես բանաստեղծություններ, աչքի են ընկնում զարմանալի անկեղծ, անկաշկանդ, ընթերցողին գրավող, մտերմացնող ուժով:
Ի պատիվ թարգմանչուհու՝ ասենք, որ խորապես զգայուն վերաբերմունք ունի նամակների հեղինակների յուրաքանչյուր տողի, մտքի, բառի, արտահայտության նկատմամբ և կարողանում է բարձր գրական հայերենով վերստեղծել բնագրին արժանի թարգմանություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։