ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»… ՀԱՅՈՑ ԵՎ ԱՅԼՈՑ ՄԵԾԵՐՆ ԵՆ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Փոքրիկ բացիկ՝ Սուրեն Մուրադյանին
Նոր՝ 129¬րդ գրքի ծննդյան առիթով

Թանկագին Սուրեն Ստեփանի.
Տարիներ առաջ կատակեցի, թե՝ ապրելու ես այնքան, որքան գրքերիդ թիվն է լինելու, ամենաշատը… 100: Անցյալ տարի 85¬ը բոլորեցիր, իսկ մեծ ու փոքր գրքերիդ թիվը վաղուց հատել է 100¬ի սահմանը: Եվ ահա ծնվել է հերթականը՝ 129¬ը: Զարմանալի զուգադիպությամբ գիրքը խորագրել ես՝ «100 հանելուկ»: 101¬րդը թոռնիկիս՝ Դավիթի հետ ինքս հորինեցի՝ թող ընթերցողը պատասխանը գուշակի.
Հարյուր քսան և ինը հատ
Մեծ ու փոքր գիրք է գրել,
Ամեն մանկանը հարազատ՝
Ուրախ երգեր է նվիրել:
Ո՞վ է գրողն այդ մեծանուն,
Որը երբեք չի ծերանում:
Իսկ եթե լուրջ խոսենք, գիրքդ, որ հասցեագրված է «7-70 տարեկան ընթերցողներին», ծայրից¬ծայր կարդացի… 100 րոպեում (գուցե և ավելի): Որը հեշտ էր, հանելուկի պատասխանը թոռնիկիս հետ գուշակեցինք, զվարճացանք, որտեղ դժվարացանք, ստիպված բաց արինք վերջին էջը, օգտվեցինք մեջբերված պատասխաններից: Եվ հետո, երբ գուշակություններն ավարտեցի ու գրքիդ աշխարհում այդ յուրօրինակ «ճանապարհորդությունն» իմաստավորելով՝ զգացի, որ ինքս քո հանելուկների միջոցով վերստին այդ աշխարհում «հանդիպել» եմ հայոց և այլոց շատ ու շատ մեծերի՝ ականավոր գրողների՝ իրենց հանրահայտ ստեղծագործություններով, մշակույթի, ազգային պատմության այլ ոլորտների նշանավոր դեմքերի՝ Մեսրոպ Մաշտոցից, Մովսես Խորենացուց, Գրիգոր Նարեկացուց, Սայաթ¬Նովայից, Հովհաննես Թումանյանից, Մարտիրոս Սարյանից, Արամ Խաչատրյանից մինչև Հոմերոս իր «Իլիականով» ու «Ոդիսականով», Անտուան Էքզյուպերի՝ իր «Փոքրիկ իշխանով», Ալեքսանդր Պուշկին՝ իր «Ոսկե ձկնիկով»… Քո այս եզակի գրքի առաջին բաժնում հայոց մեծերն են, երկրորդում՝ աշխարհի տարբեր ազգերի երևելի դեմքերը: Այսպես՝ 100 հանելուկ, 100 պատասխան: Իսկ թոռնիկս ինչքա՜ն նոր բաներ իմացավ քո գրքից, հարստացրեց գիտելիքները, իմացությունը, երևակայությունը… Չէ՞ որ գրական այդ ժանրի գլխավոր նպատակը հենց այդ է, ժանր, որ ստեղծագործական կյանքիդ ողջ ընթացքում ուղեկցել է քեզ: Վկա՝ տարբեր ժամանակներում լույս տեսած ժողովածուներում տեղ գտած հանելուկները, վկա՝ հենց «Հանելուկներով այբուբեն» յուրօրինակ գիրքը, որը դասագրքային արժեք ունի և օգտագործվում է դպրոցներում՝ մայրենիի դասերին: Այնպես որ, ժողովրդական բանահյուսությունից, ապա և Ներսես Շնորհալուց ակունքված, նոր ժամանակներում մեր մի շարք գրողների (Վրեժ Վարդունի, Երվանդ Պետրոսյան, Վաչագան Ա. Սարգսյան և ուրիշներ) նախասիրած այդ «հանելուկային» ժանրը թերևս ամենից ավելի քո «մենաշնորհն» է վայելել: Ու ահա մենք՝ ընթերցողներս էլ մեր հերթին վայելում ենք քո հանելուկների աշխարհում ճանապարհորդելու հրճվանքը:
Իմ թանկագին բարեկամ, ինձ մնում է գրախոսականին փոխարինող այս բացիկն ավարտել «Գրական թերթի» ընթերցողներին ուղղված նույն հանելուկով՝
…Ո՞վ է գրողն այն մեծանուն,
Որը երբեք չի ծերանում…
130¬րդի գրքիդ սպասումով՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։