Գործարան էի գնացել՝ քսան տարվա առաջատար կոնստրուկտոր-տեխնոլոգի փորձառությունս առաջարկելու: Ժանգոտած աստիճաններով արտադրամաս բարձրացա: Երբեմնի եռուզեռով լեցուն արտադրությունը ասես կախարդվել, պապանձվել էր: Մարդիկ չքացել էին. համացանցային ժամանակներ են, թող իրենք իրենց աշխատեն:
Հաստոցների, տեխնոլոգիական հոսքագծերի վրա տարիների փոշի էր կուտակվել:
Հաստոցները պատրաստ էին մետաղ տաշելու: Սակայն նրանք հեռու էին էլեկտրոնային մտածելակերպից: Նրանք ոչ մի կերպ չէին ընկալում, թե ինչ կատարվեց գործարանի, երկրի, աշխարհի հետ: Ինչպե՞ս հասկացնեմ, որ ժամանակի ու քաղաքակրթության զարգացման ընթացքից դուրս են մնացել: Ինքնուրույն ոչինչ անել չէր կարող: Ֆրեզերային, գայլիկոնող ու մյուս բոլոր մետաղամշակման հաստոցները տարիներ շարունակ համբերությամբ սպասում են, որ վարպետ խառատները, ֆրեզերագործները, ռանդողները կգան, գործի կգցեն, կրկին աղմուկ, տըխկ ու շրխկոցով կլցնեն արտադրամասը, այնպես, որ մարդիկ իրար բան ասելու համար պետք է իրար ականջի բղավեն:
Հաստոցներն ինձ համար կենդանի էակներ են: Ու ես մտովի խոսում էի նրանց հետ, անընդհատ հորդորում. «Համբերե՛ք, ամեն ինչ լավ կլինի…»: Իհարկե, ինքս էլ չէի հավատում իմ հորդորին: Առաջընթաց ապրող երկրներից, որտեղ գնահատում են տեխնոլոգի աշխատանքը, կգան, որպես ջարդոն կտանեն հաստոցները, նոր ավտոմատ հոսքագծեր կստեղծեն: Այդ պահին թվաց, թե հաստոցներն ընկալեցին մտքերս և ուզում են հարվածել ինձ: Արագացրի քայլերս, երբ ետևից թափվող մետաղների դղրդյուն տարածվեց: Քիչ ետ մնայի` մետաղակույտի տակ կմնայի:
Ապա քար լռություն տիրեց:
Մեռյալ արտադրամասի հեռավոր անկյունում մարդկային ձայն լսելով՝ քայլերս ուղղեցի այդ կողմը: Դռան վրա խոշոր տառերով գրված էր. «ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏ Ճ. ԽՈՆԴՔԱՐՅԱՆ»: Կիսաբաց դուռը ետ հրեցի: Տարեց մարդն ինքն իրեն խոսում էր, ինքն էլ իր հարցերին պատասխանում: Փորձեցի կռահել նրա անունը: Ճ-ով տղամարդու ոչ մի անուն չգտա: Գուցե կեղծանվան առաջին տառն է: Ճոյտ, Ճգնավոր, Ճարմանդ, Ճակնդեղ, Ճուտ… Գլխավերևում՝ պատին երկրի նախորդ նախագահի մեծադիր նկարն էր: Երևի չգիտե, որ նախագահը վաղուց է փոխվել: Կամ թե իր համար միևնույնն է, թե ով է նախագահը: Նա էլ է համոզված, որ նախագահների անձանց փոփոխությամբ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունենում: Հավանաբար, երբ նկատողություն են արել, որ նոր նախագահ է ընտրվել, ձեռքը մեկնել է դեպի մեռյալ հաստոցները. «Երբ սրանք արթնանան քնից ու աշխույժով լցնեն արտարամասը, այն ժամանակ նոր նախագահին էլ, նրա հաջորդին էլ կկախեմ պատից: Աչքերը կիսափակ, նա ճոճվում էր տեղում ու ինքն իրեն խոսում: Ինձ մնում էր նրա մենաերկխոսությունը գրի առնել ճշգրտությամբ:
«Ասում է՝
– Քանի՞ տեխնոլոգ ունեք արտադրությունում:- Ասում եմ՝
– 48… – Ասում է՝
– Գործարանում 48 աշխատող չունեք, 48 տեխնոլոգն ի՞նչ եք անում:- Ասում եմ՝
– Պահում ենք, էլի, հո դուրս չենք նետելու:- Թե՝
– Բա աշխատավարձ, թոշակ, հարկեր… – Ասում եմ՝
– Ի՞նչ աշխատավարձ, ի՞նչ հարկ, կոմբինացված կորմ ենք տալիս, չաղացնում…- Ասում է՝
– Հո չե՞ք մորթելու:
– Տո բա ի՞նչ ենք անելու,- ասում եմ: Թե՝
– Տեխնոլոգներն են աշխարհի առաջընթացը կրողները:- Ասում եմ՝
– Էս քեզ արտադրամասը, էս էլ քեզ 50 տարվա խորհրդային արտադրության հաստոցները: Շատ-շատ իրենց նման հաստոցներ արտադրես… – Թե՝
– Իսկ կոնստրուկտոր չե՞ք պահում:
– Տո չէ,- ասում եմ,- կոնստրուկտորի միսը չոր ու անհամ է:- Ասում է՝
– Հո գիժ չեք, տեխնոլոգի մի՞ս եք ուտում:- Էս միամտին ասում եմ՝
– Մե՛նք չենք ուտում: Ծախում ենք: Փափուկ, համով, հոտով միս է, լավ խաշլամա է լինում…- Ասում է՝
– Խելռել է աշխարհը: Բայց դա հեչ. ո՞նց եք գտել, որ տեխնոլոգի միսը համով է:- Ասում եմ՝
– Մի տեխնոլոգ կին պատահականորեն եռացող ջրով լիքը կաթսայի մեջ էր ընկել, հետքերը ծածկելու համար կերանք: Ու որոշեցինք տեխնոլոգներ ընդունել: Շնից շատ են հիմա անգործ տեխնոլոգները:- Ասում է՝
– Իրենք գիտե՞ն, որ ուտելու համար են:- Ասում եմ՝
– Ի՞նչ պարտադիր է, որ իմանան: Բայց գլխի են: Լավ հաց ենք տալիս, կերակրում… Անցյալ օրը բոլորի աչքի առաջ մի քանի չաղացրած տեխնոլոգներ մորթեցինք: Իրենք եկան, կապեցին ոտքերը: Հարցնում են՝ բա մեր հերթը ե՞րբ է գալու… Ասում եմ՝ ինչո՞ւ եք վռազում, հերթ կա, բան կա, համ էլ. տվյալները պիտի բռնեն…- Թե՝
– Անհավանական բաներ եք ասում:- Ասում եմ՝
– Չե՞ս հավատում՝ արի ու տես:- Թե՝
– Ես կրթությամբ տեխնոլոգ եմ:- Ասում եմ՝
– Քեզ նման մաշկած աղվեսի չենք վերցնի: Թե՝
– Ինչո՞ւ:- Ասում եմ՝
– Որովհետև մինչև չաղացնենք՝ ծախսը շատ կլինի, համ էլ՝ ձեր ցեղում գեր մարդ կա՞:- Թե՝
– Չկա ու չի էլ եղել:- Ասում եմ՝
– Ուզում ես կերակրենք, ու էդպես նիհար էլ մնա՞ս: Չէ, ախպեր, շառդ քաշի, գնա»:
Ինքն իրեն խոսող արտադրամասի պետը գլուխը բարձրացրեց ու նկատեց ինձ:
– Էդ ի՞նչ ես գրում: Չլինի՞ թե տեխնոլոգ ես ու լրագրողությո՞ւն ես անում, գործ չունես,:
– Չէ,- ասում եմ,- տեսա զբաղված ես, որոշեցի սպասեմ:
– Լսո՞ւմ էիր ինձ:
– Դե հա, ես էլ մտածում էի, թե ինչո՞ւ է մեր երկիրը տեխնոլոգիայի առումով այսքան ետ մնում: Ոչ մի նորարարություն, ոչ մի առաջարկ: Խեղճ կոնստրուկտորների մտահղացումները մնում են թղթի վրա:
– Տեխնոլոգիայով չմշակված կոնստրուկցիաները ո՞ւմ են պետք:
– Ես տեխնոլոգ-կոնստրուկտոր եմ,- ասացի ես:
– Դե էդպես ասա, կոնստրուկտորի ու տեխնոլոգի խառնուրդ ես, դրա համար էլ բանի պետք չես:
– Ոստիկանություն եմ հայտնելու, գան փակեն արտադրությունը:
– Ում ուզում ես՝ ասա: Բոլորն էլ մեր սպառողներն են: Երկու օր տեխնոլոգի միս չկար, եկել` խեղդում էին:
– Ովքե՞ր էին խեղդում:
– Պատգամավոր, ավագանի, դատավոր, դատախազ, նախարար, կատարածու… Հենց տեխնոլոգի գործ է ընկնում ձեռները` իսկույն մեզ մոտ են ուղարկում:
– Հաստոցաշինականում էլ են տեխնոլոգների ընդունում: Հայտարարություն էին գրել թերթերում: Բայց որոշեցի ձեզ մոտ գալ: Ասում են` ձեզ մոտ լավ են նայում:
– Հաստոցաշինականում ղալաթ են արել: Թե` «Նոր օրենքով մենաշնորհի իրավունք չունեք, համ էլ` մրցակցություն կլինի, մենք էլ ենք ուզում փող աշխատենք»: Զանգեցի դատախազին` նրանց գործարանն իսկույն փակեցին: Տեխնոլոգ չաղացնելը հո հաստոց արտադրել չի: Ի վերջո` մարդկանց հետ գործ ունես: Հո խոզ չի, որ կոմբինացված կերը լցնես դեմն ու մի քանի ամսից մորթես:
– Քեռուս խոզերը Արցախի անտառում հաճար են ուտում: Էնքան համով միս է ստացվում…
– Ի՞նչ է, Տոնաշենի անտառո՞ւմ էլ տեխնոլոգիական ֆերմա բացենք: Կարծում ես նրա՞նք էլ հաճար կուտեն: Տեխնոլոգի միս կերած կա՞ս:
– Չէ,- տարակուսած ասացի ես, զարմանալով, որ գիտե Տոնաշենի հետ իմ կապի մասին: Ուրեմն նա ճանաչում է ինձ:
– Քաղաքի ո՞ր ռեստորանում ես ճաշում:
– Ես ռեստորանում չեմ ճաշում…
– Հա… պարզ է:
– Ի՞նչն է պարզ:
– Կիսակոնստրուկտոր-տեխնոլոգը այդքան փող չի ունենա:
– Ես գրող եմ:
– Երեկ մի ցնդած բանաստեղծ էր եկել: Գլուխս տարավ իր արտասանություններով: Ասում է` երկուհարյուր տարի հետո մարդիկ կհասկանան իրեն: Բայց բավականին պարզունակ էին բանաստեղծությունները: Մի նկատողություն արեցի` շշմել էր: Ասացի, որ տեխնոլոգ եմ, ու տեխնոլոգներն են աշխարհը շալակած առաջ տանում: Եթե տեխնոլոգները սկսեն բանաստեղծություն գրել, պոետների հացը կկտրեն: Չնայած ասում են, որ հիմա պոեզիա կարդացող չկա, ու նրանց գրքերը չեն առնում:
– Ես արձակ եմ գրում:
– Տեսնո՞ւմ ես, տեխնոլոգ ես ու գրող ես դարձել: Բա ինչո՞ւ ես մեզ մոտ եկել:
– Ակնարկաշար եմ գրում: Նուբարաշենից սկսած՝ քայլում եմ քաղաքով, տնիցտուն, հիմնարկից հիմնարկ մտնում, «Առավոտ» թերթի համար ռեպորտաժներ պատրաստում: Այս գործարանը ես գիտեմ: Ժամանակին այստեղ եմ աշխատել: Մինչև վերջերս իմ ստեղծած ազդանշանիչն էին արտադրում:
– Հա՜, լսել եմ: Սերիական արտադրությունում քո գյուտի հիման վրա մեծ տնտեսական արդյունքի համար արտադրա- կան միավորումը խոշոր չափի պար-գևատրում էր ստացել, ու տնօրենը քո անունը ցուցակում չէր գրել, դու էլ ռեպորտաժ է, ինչ է, մի բան էիր գրել, ու հեռուստատեսությամբ հաղորդել, հետո էլ դիմում գրել ու ազատվել:- Արտադրամասի պետը քննախույզ չափեց ինձ ոտից գլուխ, ասաց,- տեսքիցդ չի երևում, թե լավ ես ապրում:
Քթի տակ չարախնդաց: Մարմնովս սարսուռ անցավ: Գրպաններումս փնտրեցի բջջային հեռախոսը: Զանգեմ ծանոթ դատախազին, հայտնեմ, որ իմ կյանքին վտանգ է սպառնում: Իսկ եթե դատախազն էլ է սրանց հաճախորդներից: Դե հա, իհարկե, մի անգամ առաջարկեց երեկոյան Ջրվեժի ռեստորան- ներից մեկում ընթրել միասին: Ասաց, որ հատուկ նրբահամ մսից խաշլամա է պատվիրել: Պառլամենտի խոսնակին էլ էր հրավիրել: Իրենք բլոտ են խաղալու, հետո ընթրեն: Ասացի, որ ես բլոտ չեմ խաղում ու հրաժարվեցի: Գուցե թերթի խմբագրին զանգեմ: Հազիվ թե նա սրանց հաճախորդը լինի: Ինչ-որ ալիքով հաղորդաշար է վարում:
– Ի՞նչ ես փնտրում,- հարցրեց տեխնոլոգ բտող արտադրամասի պետը:
– Հեռախոսս եմ փնտրում: Պետք է թերթի խմբագրին հարցնեմ` այս գործարանի մասին ռեպորտաժը կհետաքրքրի՞ նրան:
– Գործ չունես, կարող է մեր հաճախորդը լինի, ու կքաշվես:
– Չէ, հազիվ թե, նա իմանա` ամենը փակել կտա:
– Հազիվ թե իմանա:
– Ինչո՞ւ:
– Դու այսօր կմնաս այստեղ, վաղը կորոշենք…
– Բայց ինձ սպասում են խմբագրությունում, վաղվա համարին նյութ պետք է տանեմ:
– Արի անցիր տեխնոլոգի քո պարտականություններին: Դու նաև հրաշալի կոնստրուկտոր ես: Մեզ նման մասնագետ է պետք:
– Ես վաղուց ինժեներությամբ չեմ զբաղվել, մոռացել եմ ամենը,- ասացի ես,- համ էլ` իմ գիտելիքները տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից ետ են մնացել:
– Դե հա, քեզանից ի՞նչ ժամանակակից տեխնոլոգ…- նորից քմծիծաղեց արտադրամասի պետը:
– Իսկ կարո՞ղ եք ցույց տալ տեխնոլոգների բտման ֆերման:
Ճ. Խոնդքարյանը սկսեց ցնցումներով բարձրաձայն հռհռալ: Այդ պահին աչքովս ընկավ առաստաղի անկյունում կախած տեսախցիկի օբյեկտիվը: Այն կտրուկ ուղղվեց դեպի արտադրամասի պետը: Ճ-ն սրբեց աչքերը, ասաց.
– Ի՜նչ սիրուն ասացիր` բտման ֆերմա: Հաճույքով քեզ ֆերմայի վարիչ կնշանակեի: Բայց արի դու էս մի դռնով ներս մտիր, քեզ ամեն ինչ պարզ կդառնա: Հետո կորոշենք քո ճակատագիրը:
– Ճակատագի՞ր,- հարցրի ես,- իրոք, կարծես թե դա ձեր անվան առաջին տառի հետ կապ ունի…
– Ինչ է, ձե՞ռ ես առնում ինձ:
– Չէ, պարզապես մի ժամ է, Ճ-ով անուն չեմ գտնում:
– Այ, եթե գտնես` քեզ հենց հիմա բաց կթողնեմ: Լավ, ներս մտիր:
Հրեց պատն, ու դռան բացվածք հայտնվեց պատի մեջ: Զգուշությամբ ներս մտա: Առատ ու շլացուցիչ լույսը ծակծկեց աչքերս: Գծագրական սեղանի մոտ մի գեր երիտասարդ էր նստած: Նա կլանված ինչ-որ բան էր գծում: Նկատեց ինձ ու դեղնած թերթով անմիջապես ծածկեց գծագիրը: Գուցեև պետական գաղտնիք է ներկայացնում նրա աշխատանքը: Բայց մտածում էի նրան զգուշացնելու մասին` որևէ կերպ փախչի, հեռանա, քանի որ նրա կյանքը վտանգի տակ է: Սակայն ստուգել է պետք: Ասացի`
– Ոնց որ երևում է` տեխնոլոգ եք:
– Դե չէ, ես ի՞նչ տեխնոլոգ: Իսկական մասնագետը Գուլոյանն էր:
– Գուլոյա՞ն: Գե՞ր մարդ էր: Մի 150 կիլոգրամանոց…
– Հա՛, հա՛, հա՛… չէ մի, 50 հազիվ լիներ:
– Տեխնոլո՞գ էր:
– Չէ, ի՞նչ տեխնոլոգ: Խոհարար էր:
– Հա՜,- բազմանշանակ ասացի ես,-տեխնոլոգ է էփում:- Ընդհուպ մոտեցա ու կամաց ասացի,- ինչքան կարող ես` շուտ հեռացիր, մի քանի օրից քեզ մորթելու են: Կզբաղեցնեմ պարոն Ճ-ին, դու կփախչես:
– Ճ-ն ո՞վ է…
Մատով դույց տվեցի դուռը, որտեղից ներս էի մտել:
– Ոչինչ չեմ հասկանում,- ուսերը թոթվելով ասաց գիրացած ու բտած տեխնոլոգը:
– Գիտես, չէ՞, որ քեզ մորթելու են:
– Ո՞ւմ են մորթելու, հո հիմար չես:
– Նա ասաց, որ այստեղ տեխնոլոգների են բտում, որ մորթեն ռեստորանների համար, ասում է` ամենահամով խաշլաման է ստացվում: Ես կոնստրուկտոր եմ, իսկ կոնստրուկտորի միսը համով չի լինում:
– Այդ խելա՞ռն է ասել:
– Հա՛…
Այդ պահին տեսախցիկներով, ձայնագրիչներով մարդիկ ներս մտան: Երկար մազերով մի երիտասարդ մոտեցավ ու սեղմեց ձեռքս:
– Շնորհավորում եմ, ուղղակի հրաշալի ստացվեց:
– Ի՞նչը,- տարակուսած հարցրի ես:
– Կարճ ֆիլմաշար ենք նկարահանում: Գործարան մտնելուց սկսած՝ մենք ձեր ամեն մի քայլը նկարահանում էինք:
– Իսկ այն Ճ.Խոնդքարյա՞նը:
– Նրան այստեղ ենք հայտնաբերել: Տաղանդավոր դերասան է:
– Ուրեմն տեխնոլոգներին չե՞ն մորթելու:
– Չէ, ի՞նչ մորթել, ֆիլմակատակ էր…