Տիկին Փոշին / Մարիամ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Աշխատանքի վայրում Լուիզան միշտ բարձր տրամադրություն ուներ, գրեթե միշտ ժպտում էր և բոլորին ջերմ բարևում, իսկ հետո անպայման հարցնում՝ ինչպե՞ս եք, լա՞վ եք, ես շատ լավ եմ, դուք լա՞վ եք։
Պատահում էր, որ օրվա ընթացքում նույն մարդուն մի քանի անգամ էր բարևում և նույն անկեղծ հետաքրքրությամբ հարցնում՝ ինչպե՞ս եք, լա՞վ եք։ Մարդկանց թվում էր, թե կատակ է անում, սակայն հետո հասկացան, որ՝ ոչ, Լուիզան իսկապես մոռանում էր կամ էլ չէր հիշում, որ մի քանի անգամ բարևում էր նույն մարդուն։ Դե, մարդիկ էլ կամաց-կամաց սովորեցին նրա այդ տարօրինակությանը և օրվա մեջ իրենք էլ մի քանի անգամ բարևում էին նրան։
Լուիզան հավաքարար էր փայտամշակման գործարանում, որտեղ գործը ֆիզիկապես ծանր էր ու միօրինակ, աշխատակիցներն էլ քչախոս էին և տխուր, այնտեղ միայն մեկ անգամ կարելի էր տեսնել աշխատակցի երջանիկ ժպիտը, երբ նա աշխատանքից ազատվելու դիմում էր գրում ու գնում էր վերջնահաշիվը ստանալու։ Եվ, իհարկե, գործարանում ամենաշատը փայտի փոշին էր, այն ամենուր էր՝ նույնիսկ ամենադժվար հասանելի անկյուններում փոշի էր նստած, փոշի էր ամեն տեղ, ամեն ինչի վրա, բոլորի վրա, և թվում էր, թե այդ անվերջանալի փոշին երբեք չի ավարտվի և չի մաքրվի։
Լուիզան շատ նիհար էր ու ճարպիկ և փոշին մաքրելու համար հեշտությամբ բարձրանում էր նույնիսկ դժվար հասանելի տեղերը՝ փայտը կտրելու սարքերի վրա, փայտը տաշելու, մշակելու սարքերի վրա և հետո նաև փայտյա տախտակներին չափ տալու մեքենաների վրա և նույնիսկ այդ պատրաստի տախտակները տեղափոխող վերամբարձ կռունկի փոշին էլ էր կարողանում մաքրել։ Փոշին դարձել էր նրա կյանքի իմաստը, նրա ընկերը, հարևանը, ծնողը, միակ հարազատը, միակը, որի հետ նա կարող էր ժամերով զրուցել, միակը, որ իրեն սիրով սպասում էր, համբերատար լսում էր և երբեք չէր նեղսրտում ու չէր մեղադրում։ Փոշին ամենաարդարամիտն ու համբերատարն էր Լուիզայի ճանաչած աշխարհում։
Եվ նա չնայած գործարանի հավաքարարն էր, միշտ առաջինն էր աշխատանքի գալիս և հեռանում էր վերջինը։ Ոչ, նա այդքան շատ գործ չուներ անելու, պարզապես տեղ չուներ գնալու։ Ավելի ճիշտ՝ տեղ ուներ գնալու, բայց չէր ուզում գնալ։ Աշխատավայրը նրա համար դրախտ էր դարձել, նրա փախուստի վայրն էր։
Իսկ տանն իրեն սպասում էր միշտ նույն տեսարանը. հարբած ամուսինը, որն իրեն ծեծելով փող էր պահանջում, որ խմիչք գներ, իսկ երբ նա ասում էր, որ չունի փող, որ դեռ չի ստացել աշխատավարձը, ապա ամուսինն ավելի ուժեղ էր ծեծում և դուրս էր հանում նրան տնից, որ գնա փող գտնի և իր համար խմիչք բերի։ Լուիզայի խեղճ հոգին նվվում էր ցավից, և նա սովորել էր արդեն շատ ուշ վերադառնալ տուն, որ ամուսինը քնած լիներ, իսկ առավոտյան, դեռ լույսը չբացված, փախչել տնից։
Իսկ արդեն այն հեռավոր օրը, երբ նա առաջին անգամ հանդիպեց իր ամուսնուն՝ մանկատան բակում, այն օրը Լուիզան շատ լավ էր հիշում։ Տղան փոստատար էր աշխատում և ամեն առավոտ նամակներ և թարմ օրաթերթեր էր բերում ու տալիս մանկատան ընդունարանի աշխատակցին։ Լուիզան նայում էր նրան ու մտածում, թե ինչ բախտավոր էր այդ տղան, որ կարող էր այդպես հանգիստ ներս մտնել մանկատուն և դուրս գալ։ Դա Լուիզայի երազանքն էր. մի օր դուրս գալ այդտեղից, դուրս գալ և այլևս չվերադառնալ։ Նա ամեն օր անհամբեր սպասում էր երիտասարդ փոստատարին։ Գիտեր, թե որ ժամին էր գալիս տղան, և հենց այդ ժամին նստում էր լուսամուտի մոտ։ Իսկ տղան նրան երբեք չէր նկատում։
Մի օր էլ ընդունարանի աշխատակիցը հիվանդացել էր և աշխատանքի չէր եկել։ Երիտասարդ փոստատարը փնտրում էր ինչ-որ մեկին, որին կկարողանար հանձնել այդ օրվա նամակներն ու օրաթերթերը, երևում էր՝ վստահելի մարդ էր փնտրում։ Եվ հանկարծ նրա հայացքը կանգ առավ իրեն ուշադիր զննող Լուիզայի վրա. տղան մոտեցավ նրան և խնդրեց, որ նամակներն ու թերթերը փոխանցի մանկատան տնօրենին, եթե նրա համար դժվար չի լինի։ Լուիզան, իհարկե, սիրով համաձայնեց, ու նրա մանկուց որբացած հոգին մի պահ սարսափեց քաղցր անհայտից, ինչպես վաղ գարնանը նոր բացված մտամոլոր մանուշակը։
Եվ այդ օրվանից հետո աղջիկն ամեն օր սրտի թրթիռով սպասում էր փոստատար տղային, նրանք ժպտում էին միմյանց և կարճ զրույցներ էին ունենում։ Իսկ հետո իմացավ, որ տղայի անունը Մարկ է, և այդ պահից սկսած այդ անունը մտքում կրկնելը դարձավ նրա ապրելու իմաստը։ Նա երազում էր, որ մի օր Մարկը կգա ու կտանի իրեն այդ մանկատնից հեռու, որտեղ նրանք միասին կլինեն և անպայման երջանիկ կապրեն, այո, երջանիկ՝ մտքում կրկնում էր նա, ու մինչ այդ անծանոթ տաք ծփանքից ալեկոծվում էր մեծ աշխարհին անծանոթ նրա անփորձ սիրտը։ Այո, երջանիկ՝ կրկնում էր նա և սպասում այդ երանելի օրվան։
Եվ այդ օրը եկավ. Լուիզայի տասնութ ամյակին Մարկը ծաղիկներով մոտեցավ նրան և մանկատան բոլոր սաների ներկայությամբ խնդրեց դառնալ իր կինը և միասին նոր կյանք սկսել նոր քաղաքում։
Հիմա այդ օրն այնքան հեռու էր և այնքան անիրական, որ թվում էր, թե երբեք էլ չի եղել այդպիսի բան։ Հիմա Լուիզան արդեն հասկացել էր, որ դա բոլորովին էլ սեր չէր եղել, այլ՝ մանկատնից փախչելու հնարավորություն իր համար, և Մարկը պարզապես ճիշտ ժամանակին հայտնված առիթ էր։
Եվ հիմա՝ այդքան տարիներ անց, Լուիզայի երազանքը էլի նույնն էր մնացել, նա էլի երազում էր փախչել, բայց այս անգամ իր տնից, իր ամուսնուց, իր կյանքից։ Նա որոշել էր պարզապես հեռանալ՝ ոչինչ չասելով և չբացատրելով, քանի որ Մարկը գրեթե երբեք սթափ վիճակում չէր լինում, նրա հետ անհնար էր լուրջ խոսել։ Լուիզան գիտեր նաև, որ այդպիսի խոսակցությունից հետո նա այնպես կծեծեր իրեն, որ նույնիսկ տեղից շարժվել չէր կարողանա, գիտեր՝ քանի անգամներ էր այդպես եղել։ Այդ դաժան ծեծերի պատճառով Լուիզան արդեն երկու անգամ կորցրել էր իրենց դեռ չծնված երեխաներին։ Եվ անհնար էր ինչ-որ կերպ բացատրել ամուսնուն, թե ինչ է կատարվել, և որ իրենք երեխա են կորցրել։ Նա չէր գիտակցում կամ էլ չէր ուզում գիտակցել։ Լուիզան ուզում էր փախչել Մարկից նաև Մարկի համար, վստահ էր, որ եթե ինքը հեռանա, Մարկն էլ հարբեցողությամբ չի զբաղվի և գուցե գտնի իր երջանկությունը՝ իրենից հեռու։
Նա շարունակ խղճում էր իր՝ աշխարհ չտեսած երեխաներին ու Մարկին, որ նույնպես չտեսավ իր զավակներին։ Եվ երբեմն, երբ մենակ էր լինում, նրան թվում էր, թե աշխարհ չբերած իր երեխաներն ինչ-որ տեղից մեղադրող հայացքով նայում են իրեն, շրջվում, նայում ու հեռանում են, հետո էլի են շրջվում նայում ու հեռանում, բայց տեղ չեն հասնում… և կարծես հորիզոնը շարունակ լայնանում է, ճանապարհ տալիս իր երկու աշխարհ չեկած փոքրիկ զավակներին։ Եվ Լուիզայի սիրտը պատռվում էր ցավից, ինչպես հողմի բերանն ընկած թարմ լվացած սավանը, և հոսում էին նրա արցունքները՝ խառնվելով փոշուն…
Ու արցունքի և փոշու ընդմիջումներում հավաքարարի՝ իր տասը տարվա աշխատանքով Լուիզան արդեն կլորիկ գումար էր հավաքել և վախենալով, որ ամուսինը կգտնի, թաքցնում էր աշխատավայրում՝ իր փոքրիկ պահարանում, որտեղ դրված էին դեռևս մանկատնից մնացած հին, մաշված մանկական կոշիկներն ու հին պայուսակը։ Այնքան հին ու մաշված էին, որ ոչ ոք չէր ուզենա ձեռք տալ։ Հենց այդ մաշված պայուսակի տակ էլ Լուիզան կարկատել էր ունեցած ողջ գումարը՝ իր փրկության գինը։ Այդպես էր նա մտածում։ Այո, փրկության, և ոչ միայն իր, այլ նաև իր ապագա երեխայի. նա կրկին հղի էր և այս անգամ որոշել էր փախչել, հաստատ փախչել, որ գոնե այս երեխային փրկեր։
Եվ վերջապես եկավ այդ օրը։ Լուիզան պատրաստ էր իր փախուստին։ Նա արդեն գնել էր գնացքի տոմսը։ Առանց երկար մտածելու՝ գնել էր ուշ երեկոյան մեկնող առաջին իսկ գնացքի տոմսը, և, միևնույնն էր, թե որ քաղաք կգնար այդ գնացքը, միայն թե այդտեղից հեռու տաներ իրեն, շատ հեռու։
Լուիզան շատ անհանգիստ էր. նա գիշերը աչք չէր փակել։ Առավոտյան վաղ՝ դեռ լույսը չբացված, վերջին անգամ նայեց քնած ամուսնուն, հասկացավ, որ այլևս ոչինչ չի զգում նրա հանդեպ՝ ոչ սեր, ոչ ատելություն, ոչ էլ նույնիսկ խղճահարություն, և հասկացավ, որ երբեք էլ չէր սիրել նրան։ Գլուխը կախ դուրս եկավ տնից՝ մտածելով, որ եթե սեր լիներ, ինչ գեղեցիկ կյանք կարող էին ունենալ իրենք միասին, այո, եթե սեր լիներ։
Դեռ մութ գիշեր էր։ Ավտոբուսները չէին սկսել իրենց աշխատանքը։ Նա ոտքով հասավ աշխատավայր և հենց գործարանի դռան մոտ նստեց ու սպասեց, մինչև կգար տնօրենի օգնականը և դռները կբացեր։ Ինչպես միշտ, Լուիզան առաջին աշխատակիցն էր, հետո գալիս էր տնօրենի օգնականը, բացում էր դռները, իսկ ավելի ուշ գալիս էին մյուսները, և օրը սկսվում էր սովորականի պես։
Լուիզան անցավ իր գործին, այդ օրը նա մեծ ոգևորվածությամբ էր մաքրում, գիտեր, որ վերջին անգամ է մաքրում, և ուզում էր, որ իրենից հետո գործարանը փայլեր նաև այդ մեկ օրը, և թող իրեն այդպես հիշեին։ Նա գիտեր, որ վերջին օրն էր իր նախկին կյանքի, վաղվանից նոր կյանք էր սկսելու և մտովի արդեն այնտեղ էր՝ իր նոր կյանքում։ Կգնար նոր քաղաք, կվարձեր մի փոքրիկ սենյակ. այդքան գումար ուներ, որ կարող էր երկու-երեք ամիս հանգիստ ապրել, հետո էլ աշխատանք կգտներ և իր ապագա երեխայի համար լավ պայմաններ կստեղծեր և վերջապես կապրեր։
Այդ օրը գործը շատ էր, գործարանը մեծ պատվեր էր ստացել, և պետք է ավարտեին ու հանձնեին պատվերը։ Լուիզային խնդրեցին այդ օրը մաքրել փոշու հսկայական կույտերը, քանի որ վաղ առավոտյան պատվիրատուն պետք է այցելեր գործարան՝ ամեն ինչ ստուգելու և պատվերն ընդունելու համար։ Պետք է ամեն ինչ իդեալական մաքուր լիներ։ Իսկ Լուիզայի համար դա փրկություն էր։ Նա կարող էր մնալ տաք գործարանում մինչև ուշ երեկո, մինչև իր գնացքի մեկնելու ժամը, և ստիպված չէր լինի սառչել ցուրտ ու դատարկ կայարանում։
Օրն ավարտվեց, բոլորը գնացին։ Մնացել էր մի քանի աշխատակից, որոնք պետք է փոշով ու փայտի թեփով լի աղբի հսկայական տարաները դուրս հանեին գործարանից, որպեսզի առավոտյան շուտ անցնող աղբատար մեքենաները դատարկեին դրանք։ Լուիզան գործարանի ամբողջ տարածքը մաքրել էր, շատ գոհ էր իր աշխատանքից և արդեն կարող էր հանգիստ գնալ կայարան։ Բայց իր սովորության համաձայն՝ որոշեց ևս մեկ անգամ ստուգել բոլոր անկյունները։
Երկրորդ հարկում, որտեղ փայտի թեփ էին մշակում և դրանից տախտակներ ստանում, նա ինչ-որ նոր հայտնված փոշու շերտ նկատեց սարքերից մեկի վրա և որոշեց բարձրանալ և դա էլ մաքրել, հետո հանգիստ գնալ կայարան։ Բայց նա չգիտեր, որ այդ սարքերը նոր էին յուղել, և ագահորեն լցրած յուղի թարմ շերտը դեռ սարքերի վրա էր, դեռ շատ թարմ էր։ Լուիզան չնկատեց յուղի շերտը, զգուշությամբ բարձրացավ այդ սարքերից մեկի վրա և հանկարծ ոտքը սայթաքեց։ Նա չկարողացավ պահել հավասարակշությունը և երկրորդ հարկից ընկավ առաջին հարկում դրված փոշով և փայտաթեփով լի հսկայական աղբի տարրայի մեջ։
Այնքան անսպասելի էր ընկնելը, որ Լուիզան սկզբից անգիտակից թաղվել էր փոշու ու խոնավ թեփի մեջ և չէր շարժվում, հետո, երբ սթափվեց, սկզբում չգիտակցեց, թե ինչ է տեղի ունեցել, նա մոլորված, չտեսնող աչքերով շուրջն էր նայում, ելք էր փնտրում։ Սակայն մի քանի վայրկյան հետո հասկացավ ու սկսեց սարսափած օգնություն կանչել՝ միևնույն ժամանակ փորձելով դուրս գալ այդ անվերջանալի խորունկ երկաթե վանդակից՝ փորձելով ինչ-որ բռնակ գտնել, բռնվել ձեռքերով կամ, գոնե, ոտքը մի տեղ դնել, հրել ու վեր բարձրանալ։ Բայց ապարդյուն, չկար որևէ օգնող հենարան։ Իսկ գործարանում դեռ աշխատող սարքավորումների բարձր ձայնը խլացնում էր Լուիզայի հուսահատ ճիչերը։ Եվ ոչ ոք ոչինչ չէր լսում։
Գործարանում մնացած երկու աշխատակիցներն անտեղյակ էին, որ Լուիզան դեռ դուրս չէր եկել։ Նրանք վստահ էին, որ բոլորը վաղուց դուրս են եկել գործարանից՝ այդ թվում նաև Լուիզան, քանի որ արդեն շատ ուշ էր։ Նրանք առավել ևս չգիտեին, որ աղջիկը բարձրացել էր երկրորդ հարկ՝ մաքրությունը ստուգելու։ Վերջին երկու բանվորները դուրս հանեցին աղբի հսկայական տարաները գործարանի ետնաբակ՝ չիմանալով, որ այդ փոշով լի տարայում կիսաուշաթափ վիճակում փոշեխեղդ էր լինում Լուիզան։ Սովորականի պես կողպեքով փակեցին ետնաբակի դռները, անջատեցին սարքավորումները, լույսերը, փակեցին բոլոր դռները, իրար բարի գիշեր մաղթեցին և գնացին տուն։
Լուիզան ուժասպառ էր եղել։ Նա մի կերպ հավաքեց վերջին ուժերը և սկսեց բարձր գոռալ, բայց էլ ոչ ոք չկար մոտակայքում։ Նա չէր կարողանում ոտքի կանգնել, որպեսզի դուրս գար և օդ շնչեր, ոտքերն իրեն չէին ենթարկվում։ Հասկացավ, որ էլ չէր կարողանում փոշի շնչել, նրա շնչուղիներն այնքան էին լցվել փոշով ու փայտաթեփով, որ փակել էին շունչը։ Հանկարծ գիտակցեց, որ դա վերջն էր։ Նա հասկացավ, որ ոչ ոք չկար գործարանում, և էլ ոչ ոք իրեն չի փրկելու։ Նա հասկացավ, որ խեղդվում էր փոշու մեջ, իր այդքան սիրելի փոշին ամենուր էր, այն խեղդում էր իրեն, և չկար փրկություն։ Եվ հենց այդ պահին դադարեց պայքարել։
Ու Լուիզան հանկարծ հասկացավ, որ իր ողջ կյանքում ոչ ոք իր մասին այդպես հոգ չի տարել և իրեն այդպես չի սիրել, ինչպես այդ անվերջանալի փոշին։ Փոշին իր կյանքի իմաստն էր դարձել, փախուստի իր միակ վայրը, իր հոգու ապաստարանը։ Այդ փոշու շնորհիվ էր, որ ինքը դեռ ողջ էր, այդ փոշին էր իրեն լսում, հույս տալիս, քաջալերում և ապրեցնում։ Նա, ով իր ողջ կյանքում ամենուր և բոլորի մեջ սեր էր փնտրում, հասկացավ, որ այդ սերն ու հոգատարությունն իրեն միայն փոշին է տվել։ Նրա մարմինը թուլացավ, ինչպես կթուլանար սիրելի մարդու գրկում, և հանկարծ մի պահ՝ ընդամենը մի քանի վայրկյան, զգաց, թե ինչ է իրական սերը, իրական հոգատարությունը, այն, ինչն ամբողջ կյանքում փնտրել էր և այդպես էլ չէր գտել ո՛չ մանկատան պատերի մեջ, ո՛չ ամուսնու կողքին։ Նա սրտով զգաց այդ սերը և զգաց, թե ինչ գեղեցիկ է այն։ Հասկացավ, որ ամեն ինչ ճիշտ էր, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, որպեսզի ինքը գոնե մի քանի վայրկյան պարուրված լիներ սիրով և արդեն վերջին և միակ անգամ զգար, թե ինչ հրաշալի է սիրել և սիրված լինելը։
Լուիզան, փոշու մեջ ընկղմված, բացեց աչքերը, լայն ժպիտը դեմքին՝ դժվարությամբ արտասանեց՝ շնորհակալ եմ, և վերջին անգամ արտաշնչեց։ Նրա հոգնած ու հյուծված մարմինը իջավ ու տեղավորվեց աղբի հսկայական տարրայի հատակին։ Եվ հրաշք. նույն տեսիլքը նորից հայտնվեց նրա դիմաց. երեխաները… բայց այս անգամ նրանք երեքն էին, որ կանչում էին նրան ու հեռանում դեպի սահման չունեցող հորիզոնը։ «Ահա, ահա թե որտեղ են նրանք, իմ զավակները, նրանք կանչում են ինձ, կանչում, նրանք ճանաչում են ինձ, սիրում են ինձ, գիտեն, որ ես իրենց մայրն եմ»,- երջանկության արցունքներն աչքերում՝ քամուց քշվածի պես, նա գնում էր իրեն կանչող զավակների ետևից՝ շշնջալով. «Նրանք ինձ ճանաչում են, գիտեն, որ սիրում եմ իրենց, գիտեն, որ ես իրենց մայրն եմ, ես հիմա կհասնեմ ձեզ, կբարուրեմ ձեզ, որ չմրսեք, ես ձեզ անուններ կտամ… իմ անանուն փոքրիկներ… ես արդեն ձեզ հետ եմ, մի վախեցեք… ես ձեր մայրն եմ…»:
Մինչ այդ անհայտ մի երանելի հանգստություն իջավ նրա հոգու վրա և ամպի պես թեթև պարուրեց նրա խեղճ էությունը, և Լուիզան հանձնվեց՝ առանց պայքարի, առանց ափսոսանքի ու առանց ցավի, ինչպես անձրևի կաթիլն է հանձնվում ջրի հոսանքին, որը տանում, տանում է նրան ու հասցնում է ծովին անհայտ, որտեղ բոլորը կորցնում են իրենց անունները։ Եվ Լուիզան կորցրեց իր անունը…
Ու ոչ ոք չասաց՝ խեղճ, խեղճ Լուիզա, ինչքան սիրով էիր ամեն օր մաքրում դու այս աշխարհի փոշին, աշխարհ, որտեղ դու նույնիսկ հասցե չունեիր…
Վաղ առավոտյան աղբահավաքները գտան Լուիզայի անշնչացած մարմինը փոշով լի աղբի տարայի մեջ և հայտնեցին ոստիկանությանը։
Նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չգտան, աշխատավայրում էլ ոչ ոք նրա անուն-ազգանունը չէր հիշում կամ էլ չէին ուզում հիշել, նրա անձը հաստատող փաստաթուղթ չկար տնօրենի մոտ, քանի որ չգրանցված աշխատակից էր։ Եվ քանի որ գործարանում բոլորը նրան կատակով անվանում էին Տիկին Փոշի, Լուիզայի մահվան վկայականի վրա հենց այդպես էլ նշեցին՝ Տիկին Փոշի։
Եվ օրն ընթացավ իր սովորական, բնականոն հունով, բոլորն անցան իրենց ամենօրյա միապաղաղ պարտականություններին, կարծես ոչինչ էլ չէր եղել, ոչ ոք չէր պակասել կյանքից, ոչինչ էլ չէր փոխվել այս աշխարհում։
Թերևս միայն մի բան, համենայնդեպս, փոխվեց այդ օրը. այդ օրը փայտամշակման գործարանի դարպասին փակցրին մի նոր հայտարարություն՝ «Պահանջվում է հավաքարար»։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։