Իր տիրուհու փարթամ, լայնածավալ կրծքին և նրա քնքշորեն գրկած մեծ ձեռքերի պաշտպանությանն ապավինած, պոչի ծայրից մինչև դունչը ճերմակ՝ փոքրիկ, փափլիկ շնիկը իր ձայնի ողջ չնչին կարողությամբ զայրացած հաչում էր առյուծի վրա: Երջանիկ տիրուհին երբեմն թեքում էր գլուխը, համբուրում շնիկին և հպարտ լինելով նրա քաջությամբ՝ այնուամենայնիվ քնքշալի խոսքերով խնդրում նրան, որ շատ չզայրանա հիմար առյուծի վրա, որովհետև իր անչափ պաշտելի փափկամազիկի սրտիկը կարող է արագ խփել, կամ արյան ճնշումը բարձրանալ, կամ զայրույթից քրտնել, մրսել, թոքերի բորբոքումով հիվանդանալ: Շնիկը չէր լսում իր տիրուհու բարի խորհուրդը և շարունակում էր քաջաբար հաչել առյուծի վրա:
Առյուծը վանդակում էր: Վանդակը՝ գազանանոցում: Գազանանոցը մի շքեղ, մեծ քաղաքում էր և հսկա տարածք էր գրավում: Ինչպես իրեն հարգող մեծ քաղաքի գազանանոց, այնտեղ՝ վանդակների ետևում, ապրում էին ողջ աշխարհից բերված հայտնի ու անհայտ, մեծ ու փոքր գազաններ, կենդանիներ, սողուններ, թռչուններ:
Օրը կիրակի էր, և գազանանոցը մարդաշատ էր: Հատկապես շատ էին երեխաները: Մայրիկները, հայրիկները, տատիկներն ու պապիկները բերել էին իրենց երեխաներին ու թոռնիկներին, որպեսզի նրանք, պաղպաղակ ու քաղցրավենիք ճաշակելով, զվարճանան վանդակներում ապրողներին նայելով: Երեխաներից ոմանք նայում էին լուռ, կենտրոնացած, ոմանք՝ անտարբեր, իսկ ոմանք էլ, խեղկատակային շարժումներով ծաղրելով կենդանիներին, զվարճացնում էին հայրիկներին, մայրիկներին, պապիկներին ու տատիկներին: Ոմանք էլ, նմանակելով այս կամ այն գազանի ձայնը, փորձում էին հավասարակշռությունից հանել վանդակներում գտնվողներին, ինչպես իր տիրուհու լայնածավալ, փարթամ կրծքին ապավինած շնիկը իր չնչին, մանրիկ հաչոցով:
Հնչում էր ուրախ, քայլերգային երաժշտություն, որը խառնված գազանանոց այցելած երեխաների ու մեծերի աղմուկին՝ անտանելի ժխոր էր ստեղծել: Մեծերը բացատրում էին երեխաներին այս ու այն գազանի ինչ լինելը, միմյանց հետ կարծիքներ փոխանակում, ծիծաղում կամ լուրջ-լուրջ վիճում, թե որ գազանին, սողունին, թռչունին որտեղից են բերել: Վիճում էին բարձրաձայն, ոգևորված, ոչ թե իրենց ասածը առաջ տանելու համար, այլ պարզապես ցույց տալու համար, թե որքան շատ բան գիտեն, բանիմաց են ու խելացի:
Գեղեցիկ համազգեստներով ծառայողները անցուդարձ էին անում գազանանոցի ողջ տարածքով և կարգ էին պահպանում, որ երեխաները փայտեր չխցկեն վանդակների ճաղերից ներս կամ այնտեղ քարեր նետելով չվնասեն գազաններին: Իսկ աղմկել որքան ուզում են՝ կարող են, աղմուկը չի վնասում գազանանոցի բնակիչներին: Բայց որևէ մեկը հարցրե՞լ է, թե ինչն է վնասում նրանց, կամ ուրա՞խ են, որ հայտնվել են վանդակաձողերից այն կողմ:
Հետո ծառայողները սկսեցին ուտելիք նետել վանդակներից ներս՝ ամեն մեկին նրա քիմքին համապատասխան: Այցելուների ժխորն ավելի թեժացավ, տարբեր վանդակների մոտ կարծիքների փոխանակումը հասավ շիկացման:
…Առյուծի վանդակը գազանանոցի մուտքին շատ մոտ էր: Գուցե սա էր պատճառը, կամ գուցե առյուծի տարօրինակ պահվածքը, որ մեծ ու փոքր այցելուներն այստեղ ավելի շատ էին հավաքվել, և կարծիքներն ավելի եռանդուն էին փոխանակվում: Եթե վանդակներում հայտնվածներն ինչ-որ կերպ արձագանքում էին այցելուների՝ իրենց հանդեպ ոչ այնքան բարեկիրթ վերաբերմունքին, առյուծը միանգամայն անտարբեր էր, նրա վանդակից այն կողմ մի քանի տարեց այցելուներ ոգևորված վիճում էին: Նրանցից մեկը պնդում էր, որ առյուծը բերված է Աֆրիկայից, մյուսը՝ Մերձավոր Արևելքից, հնարավոր է՝ Իրանից, երրորդը թե՝ Հնդկաստանի հյուսիսից կամ հյուսիս-արևմուտքից, որտեղ սրա նման առյուծների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Հետո մեկը քիչ կասկածելով հայտարարեց, թե, ամենայն հավանականությամբ, այս առյուծը եվրոպացի է: Իսկ ամենախելոքը, արհամարհանքով նայելով վիճողներին, հայտարարեց, թե նրանք կույր են, եթե չեն տեսնում, որ առյուծը նախքան բռնվելը ապրել է Սիբիրում:
Առյուծը պառկած էր աչքերը փակ ու թվում էր չափազանց խաղաղ: Դեղնա-մոխրագույն մարմինը, քիչ ավելի մուգ փառահեղ բաշը, որն ամբողջությամբ ծածկել էր նրա պարանոցը, գլուխը, կրծքից մինչև որովայնը, մեջքն ու կողերը՝ չափազանց տպավորիչ էին: Թվում էր, եթե բարձրանա իր պառկած տեղից և կանգնի հզոր ոտքերի վրա, բացելով ուժեղ ծնոտները՝ ցուցադրելով իր երկար ու սուր ժանիքները մռնչա, վանդակի մոտ հավաքվածները պիտի ահաբեկված շտապ հեռանան, չմտածելով անգամ, որ գազանից հուսալիորեն անջատված են վանդակի անխորտակելի ճաղերով: Փափկամազիկ շնիկն էլ պիտի կտրեր իր ծվծվան հաչոցը, եթե…
Սակայն առյուծը թվում էր քնած և միանգամայն անվնաս իր երևույթով: Նույնիսկ երբ ծառայողը վանդակ նետեց նրա ողջ օրվա կերակուր հսկա մսակտորը, առյուծը մնաց անշարժ, անտարբեր…
Հիմա էլ հավաքվածները եզրակացրին, թե առյուծը հիվանդ է, եթե անտարբեր մնաց հյութալի, սքանչելի բուրմունք արձակող մսակտորի հանդեպ, որը նույնիսկ իրենց ախորժակն է գրգռում:
Հավաքվածները նաև հայտարարեցին, որ այս առյուծը անհետաքրքիր, անպետք կենդանի է, իսկ մեկն էլ քաջաբար քիչ ավելի մոտենալով վանդակին՝ արհամարհանքով իր կարևոր խոսքը նետեց առյուծի հասցեին. «Ողորմելի կատուե,- և արժանապատվորեն հեռացավ:
Առյուծի վանդակի դիմաց մնացին իր տիրուհու ապահով կրծքին փարված հաչող շնիկը և հինգ տարու մի մանչուկ, որն ամեն կերպ աշխատում էր ձեռքն ազատել մայրիկի ամուր սեղմած ափից: Մայրը նրան համոզում էր այցելել մյուս կենդանիներին, որոնք նույնպես շատ հետաքրքիր են… Մանչուկը թափահարում էր գլուխը. «Ո՛չե:
Մայրը տղային շատ էր սիրում և չէր ուզում նրան վիրավորել, այդ պատճառով մեղմ, գրեթե նրան սիրելով ասաց. «Դու կամակոր փոքրիկ տղա եսե: Տղան նորից թափահարեց գլուխը. «Ո՛չե: Մայրը թոթվեց ուսերը. «Ես քեզ չեմ հասկանում… Պապիկը ինձ պատմել է, թե որքան վատ ես քեզ պահել կրկեսում: Նա ասաց՝ հարկավոր է քեզ բերել կենդանաբանական այգի, որ տեսնես, թե ինչպես են գազաններն ու մարդիկ հաշտ ու խաղաղ ապրում միմյանց հետ, իսկ դու… Իսկապես, քեզ չեմ հասկանումե:
Վերջապես տղային հաջողվեց ազատվել մոր ամուր բռնած ձեռքից, քայլ գցելով հասավ շնիկի տիրուհուն և զայրացած բղավեց. «Հաչոցդ կտրի, հիմար, անպետք շուն, թե չէ… թե չէ…ե:
Եթե տիրուհու փաղաքուշ խոսքերը չէին ազդել շնիկի վրա՝ հաչոցը կտրելու, հիմա լսելով տղայի սպառնալից ձայնը և վերևից ներքև նայելով ու տեսնելով նրա սեղմած բռունցքները՝ կտրեց հաչոցը: Տիրուհին վիրավորական խոսքեր նետելով անկիրթ տղայի և նրա նույնքան անկիրթ մոր հասցեին, որ չի կարողացել դաստիարակել իր երեխային, վերջապես հեռացավ՝ սիրո սքանչելի խոսքեր շշնջալով իր փափկամազիկի ականջին:
Հետո կատարվեց անսպասելին. տղան նետվեց դեպի վանդակը, ամուր բռնեց նրա ճաղերից… Մոր ահաբեկված ճիչը տարածվեց կենդանաբանական այգով: Վազքով առյուծի վանդակի մոտ հայտնվեցին մի քանի այցելու և մի խումբ ծառայողներ: Նրանք տեսան, թե ինչպես էր մայրը փորձում վանդակից պոկել տղային, և դա նրան չէր հաջողվում: Մանչուկը մի այնպիսի ուժ էր ստացել, որ թվում էր, թե աշխարհի ամենաուժեղ բռնցքամարտիկն անգամ անզոր կլինի պոկել իր տեղից: Վերջապես տեղ հասավ նաև գլխավոր «գազանագետըե: Նա նախ հրամայեց, որ բոլոր հավաքվածները ձայները կտրեն և լռություն պահպանեն, հետո մոտեցավ տղային և ասաց. «Փոքրիկ, ես քեզ քաղցր ծամոն և կոնֆետներ կտամ, եթե գաս ինձ հետե: Փոքրիկը, առանց նրան նայելու՝ չարացած շշնջաց. «Հեռուե:
Տղան մնաց վանդակին կառչած: Նրա մորը այգու բարի ծառայողներն ու գլխավոր գազանագետը, համոզելով և նույնիսկ ուժ գործադրելով, հեռացրել էին տղայից և հրամայել լուռ մնալ՝ չնյարդայնացնելու համար գազանին: Այդ դեպքում նա հենց այդպես կմնա պառկած, ոչինչ չձեռնարկելով: Երեխան էլ կձանձրանա և կհեռանա վանդակից:
Առյուծը տխուր էր: Տխուր էր ոչ սովորական, առօրեական տխրությամբ, ինչպես յուրաքանչյուր մեկը, որ կարող էր տխրել և ինչ-որ մի չնչին առիթով զվարթանալ: Առյուծի տխրությունը գերության տխրություն էր: Նրա դեղնաթախիծ հայացքը իր ներսում խտացրել էր անելանելիության և նույնիսկ առյուծին անհարիր հաշտվածության վիճակի գիտակցումը: Դա համակերպված առյուծ էր, որի զգացմունքները երկարատև գերության մեջ թունավորվել էին ոչ միայն մարդկանց հանդեպ խորին ատելությամբ, այլև սեփական անձի հանդեպ խորին արհամարհանքով, որովհետև վաղուց արդեն հոգում մեռել էր վանդակը խորտակելու և իրեն գերության շղթաներին դատապարտած մարդկանցից ահարկու վրեժը լուծելու ցանկությունը: Լափում է նրանց նետած միսը և երևակայում, թե ինքն է այն ձեռք բերել առյուծային վսեմ որսով:
Նա սովորաբար փակ աչքերով էր անցկացնում իր օրը՝ չտեսնելու ատելի ամբոխին, որը գալիս էր զվարճանալու գերության մեջ ապրողներով: Այդպես, մինչև երեկոյան փակվում էին գազանանոցի ծանր դռները, և մինչև գիշեր լսվում էին միայն վանդակների բնակիչների ձայները: Հետո նրանք քուն էին մտնում և լռում: Բայց երբեմն լսվում էր գազաններից մեկնումեկի սրտակեղեք կանչը, ամենայն հավանականությամբ նրանց խառնիխուռն երազների ընդերքից: Հատկապես նոր բերվածների, որոնք դեռ չէին ընտելացել գերյալ վիճակին:
Առյուծը վաղուց անտարբեր էր դարձել գազանանոցի լույս ու մութ բոլոր ժամերի և՛ ձայներին, և՛ օրվա ընթացքում կատարվող միանման դեպքերին: Նա նույնպես, գազանանոցում ապրող շատերի նման, գիշերային ժամերին ապրում էր հեռավոր օրերի հիշողությունները: Ազատության մեջ ապրած օրերի հիշողությունները: Երբ դեռ նոր էր գերվել, այդ հիշողությունների ցավը ստիպում էր կատաղի, սրտակեղեք ոռնոցով խլացնել աշխարհի բոլոր ձայները: Բայց երբ համակերպվածության ծանր հիվանդությունը բթացրեց ազատության մեջ լինելու մոլուցքը, հիշողությունները այլևս ցավ չէին պատճառում: Այդ հիշողությունները հանգիստ էին, խաղաղ… Նա Սավաննայի ընդարձակության վայելքն էր ապրում, նրա՝ մինչև երեք մետրանոց խոտաբույսերի ներսում իր զգույշ քայլը, որն ավարտվում էր հզոր թռիչքով դեպի խոտակեր անզգույշ կենդանին՝ ապրելով նրան տապալելու հաճույքը… Կամ իր անզուսպ սլացքը, երբ հետապնդում էր որսին:
Սավաննայում խոտաբույսերից բացի, ծառեր էլ կային, թերաճ, անպետք բաներ էին, բացի հսկա բաոբաբից, որն իր ընտանիքի սեփականությունն էր: Այդ բաոբաբի ստվերների տակ նա առաջին անգամ տեսավ մարի առյուծին և ապրեց մինչև այդ իրեն անծանոթ, անսովոր հուզում: Նոր էր հեռացել իր արդեն բազմանդամ դարձած ընտանիքից՝ նոր ընտանիք կազմելու մտադրությամբ, և Սավաննայում երկար թափառելուց հետո կանգ էր առել բաոբաբի ստվերի տակ ու զարմացել, որ այս ու այն կողմ ցրված թզուկ ծառերի կողքին կարող է լինել նման մի հսկա: Որոշեց, որ կմնա այդտեղ, կհանգստանա, գիշերը կելնի որսի, հետո նորից կթափառի այնքան, մինչև կգտնի իր զույգին:
Բայց նրա թափառումներն ավարտվեցին բաոբաբի տակ:
…Մայրամուտի վերջին լույսերի մեջ բաոբաբի տակ հայտնված տեսավ մարի առյուծին՝ այնքան գեղեցիկ, նրբագեղ ու սլացիկ: Երկար ժամանակ երկուսը հայացքները խաչաձևած՝ կանգնել էին դեմ դիմաց ու մեղմորեն մռլտում էին: Նա շատ մարիների էր հանդիպել իր ընտանիքում և նրանից դուրս, բայց այս մեկը… Իր ընտանիքից հեռացած առյուծն առաջին անգամ զգաց իր արքա լինելը: Եվ հասկացավ նաև, որ բաոբաբի ստվերի տակ հայտնված մարին իր թագուհին է: Մոտեցավ և արքայավայել բարձրացնելով հզոր թաթը՝ մեղմորեն շոյեց մարիի ողորկ, առանց բաշի գլուխը, մեջքը, գեղեցիկ փնջիկով պոչը: Մարին հասկացավ իր թագուհի լինելը և տրվեց նրան խելահեղ կրքոտությամբ:
Նրանք որսի կարող էին գնալ օրվա բոլոր ժամերին, բայց մայրամուտից հետո որսի ելնելը ուրիշ հաճույք էր: Իր մարին սիրում էր հետապնդել եղջերուներին, իսկ ինքը գերադասում էր մարտի մեջ մտնել գոմեշի, վարազի ու ընձառյուծի հետ և հաղթել:
Երբեմն նրանք ստիպված էին լինում բաոբաբի ստվերի տակ իրենց տեղը կռվով պահպանել մյուս առյուծների ոտնձգություններից: Իր մարին դառնում էր կատաղի, երբ ուրիշ մարիներ էին հայտնվում և փորձում էին ուժով գրավել նրա տեղը իր կողքին… Նա թողնում էր, որ էգերը իրենք լուծեն իրենց վեճը: Բայց գիտեր, որ հաղթելու է մարին, որ մյուսները հեռանալու էին ծեծված, պատառոտված մաշկով, հազիվ քարշ տալով իրենց վիրավոր մարմինները: Իսկ երբ հայտնվում էր որևէ արու այն մտադրությամբ, թե պիտի հաղթի իրեն և պիտի գրավի ոչ միայն իր տեղը, այլև իր մարիին՝ նա հասնում էր այնպիսի կատաղության, որ նույնիսկ շատ ուժեղ և իր կատաղությունից ոչ պակաս կատաղի թշնամին սատկած ընկնում էր ոտքերի տակ:
Գեղեցկուհի մարիի իր կողքին հայտնվելուց հետո՝ 110 օր անց ծնվեցին նրանց չորս ձագուկները՝ կույր, անօգնական… Սողում էին այս կողմ, այն կողմ: Հետո բացվեցին աչքները, կարողացան ոտի կանգնել: Սկզբում վախենում էին իրենից, գնում, հպվում էին մորը: Հետո սովորեցին, խաղում էին իր հետ, թռչում էին մեջքին, քաշքշում բաշը…
Բորենիներն ու շնագայլերը ձագուկների հոտն առել էին և հաճախակի միասնական հարձակումներ էին կազմակերպում, սակայն ոռնալով ու կաղկանձելով ստիպված էին լինում փախչել: Դժվարը արծվի և օձերի հարձակումների դեմն առնելն էր: Արծիվը երկնքից հանկարծակի կարող էր քարի նման նետվել ներքև և ձագուկին կտուցին առած վերև սլանալ: Իսկ օձն էլ խոտերի մեջ գաղտնի, լուռումունջ սողալով հասնում էր ձագուկին, խեղդում ու քարշ էր տալիս հեռու: Առյուծը նման դեպքերի իր հին ընտանիքում շատ է հանդիպել, և հիմա իր մարիի հետ շատ էր զգույշ՝ կանխելու համար արծիվների և օձերի հարձակումները…
…Գերի առյուծին սկզբում այս հիշողությունները, իր պարտված լինելու գիտակցությունը մեծ տառապանք էին պատճառում և նրա կատաղի, սրտակեղեք ոռնոցը ստիպում էր գազանանոցի գերյալներին սոսկահար կծկվել, ոմանց էլ լաց լինել խղճալի ու անմխիթար: Իսկ հետո, ինքն էլ չիմանալով՝ երբ, ինչպես, ինչու դարձավ անտարբեր և իր վիճակի անելանելիությունը հաշտվածության նսեմ զգացումը պատեց հոգին: Նա լռեց, փակեց աչքերը, փակեց լսողությունը շուրջը կատարվածի առջև, խորասուզվեց ինքն իր ներսում, հեռացավ իր հիշողության ոտնահետքերով դեպի սավաննայի ընդարձակությունը, դեպի բաոբաբի ստվերում խաղաղ ապրող իր ընտանիքը, հետզհետե ավելացող իր ձագուկները, իր գեղեցկուհի մարին, որի շոյանքը կրքի մշտապես ցանկալի հրավառություն էր:
Նույնիսկ այն սոսկալի օրվա դառնաղի հիշողությունը չէր ստիպում նրան, ինչպես սկզբում, մռնչալ, զօրուգիշեր ոռնալ, կատաղի թռիչքներով զարնվել վանդակի պատերին ու ճաղերին, երբեմն այնքան ուժգին, որ արյուն էր ծորում վիրավոր մարմնից: Այդ օրվա հիշողությունը նա փորձում էր վանել իրենից, իսկ եթե չէր հաջողվում՝ արցունքներ էին կուտակվում փակ կոպերի տակ և զսպված հեծկլտանքը խեղդում էր կոկորդը…
Իսկ այն սոսկալի օրը…
Այն սոսկալի օրը սավաննա ներխուժեցին մարդիկ: Նրանք մեծ բեռնատար ավտոմեքենաներով էին, զենքերով ու որսացանցով: Սավաննայի բնակիչները, ով ինչպես կարողացավ, փախուստի դիմեց: Հզոր մեծերից ոմանք էլ դիմադրում էին, հարձակվում մարդկանց վրա, բայց ընկնում էին կրակոցներից: Այդ օրը շատերը զոհվեցին, շատերն էլ հայտնվեցին որսացանցի մեջ և գերի տարվեցին:
Առյուծը նույնպես նետվել էր պայքարի: Իսկ մարին բաոբաբի տակ կատաղի թռիչքներով փորձում էր պաշտպանել ձագուկներին: Նա արդեն ծանր վնասվածքներ էր ստացել, բայց կարողացավ հարձակվողներից մեկին գետնին տապալել: Զայրացած մարդիկ կրակոցով սպանեցին անհնազանդին: Իսկ հետո հավաքեցին նրա ձագուկներին, լցրեցին ինչ-որ արկղերի մեջ և տեղավորեցին բեռնատար մեքենայում:
Մարդիկ տեսան, որ հայր առյուծը նրանց հետ չէ, ուրեմն կվերադառնա, և բաոբաբի տակ շուրջկալ սարքեցին: Եվ երբ վերջապես ահռելի թռիչքներով առյուծը շտապում էր իր ընտանիքի մոտ նրան պաշտպանելու՝ բռնեցին որսացանցով: Նրա կատաղի դիմադրությունը մարդիկ զսպեցին, երբ հաջողվեց մեծ չափաբաժնով քնաբեր սրսկել:
Նա այդպես էլ չիմացավ, թե ինչ եղան իր մարին ու ձագուկները: Պարզապես չէր կարողանում պատկերացնել, որ սավաննայի սպանված բնակիչների դիակների նման իր հարազատների դիակներն էլ մնացել են կիզիչ արևի տակ նեխելու: Որ նրանք դեռ ապրում են հսկա բաոբաբի ստվերի տակ և սպասում են իրեն, որ վերադառնա հաջող որսից, որ թռչկոտեն իր վրայով և քաշքշեն բաշը, որ… Բայց նա վաղուց հասկացել էր, որ երբեք չի վերադառնալու հայրենի եզերք և այստեղ՝ վանդակներում հայտնված որևէ մեկի համար վերադարձ չկա:
Դժբախտաբար համակերպվածների մի աշխարհ էր գազանանոցը, որ լի էր երկրագնդի տարբեր ծայրերից, հեռու-մոտիկ բոլոր երկրներից՝ տափաստաններից, անտառներից, լեռներից ու քարանձավներից, գետերի ու ծովերի ափերից այստեղ բերվածների ծանր հուշերի պատմություններով: Մեկը մյուսին էին փոխանցում իրենց ապրումները, գերվելու, հարազատների զոհվելու պատմությունները, հավաստիացնելով, թե իրենց կյանքի պատմությունն ամենասոսկալին է: Պատմում ու վստահեցնում էին նաև, թե իրենց հայրենիքը, որտեղ գերվել էին, ամենագեղեցիկն է, որսով ամենահարուստը, որ նրանք ապրում էին ազատ ու անկախ… Ճիշտ է, երբեմն գիշակեր գազանի զոհ էր դառնում մեկնումեկը, բայց դա բնության օրենքն է:
Նրանց պատմությունները միանման էին, ձանձրալի: Առյուծը երբեք չմասնակցեց վանդակից-վանդակ ձգվող այդ զրույցներին: Նրանցից ոմանք նույնիսկ փորձում էին համոզել մյուսներին, թե հիմա, ճիշտ է, վանդակում են, բայց ավելի ապահով են, որովհետև գիշակերները նույնպես վանդակում են: Որ պետք է շնորհակալ լինել մարդկանցից, որոնց շնորհիվ ապրում են առանց ջանք թափելու, որ իրենց կերակրում են, մաքրում վանդակները, որ այցելուները, հատկապես երեխաները գալիս նայում են իրենց, ուրախանում, ճանաչում, թե ո՞վ են, ի՞նչ են, որտեղի՞ց են բերվել… Ապրում են, էլի, ինչո՞ւ բողոքել: Շատերը ընդդիմանում էին սրանց և համարում ողորմելի, երկերեսանի, ստորաքարշ: Իսկ սրանք նորից պնդում էին, թե մարդիկ լավն են…
Նրանք պարզապես չէին ճանաչում մարդկանց և նրանց դատում էին իրենց առջև նրանց նետած կերով: Նրանք գիտեին, որ կուշտ գազանը, հենց այնպես, միայն հաճույքի համար սրած ժանիքը չի խրի կողքին խաղաղ ապրող մի այլ գազանի կողն ու կոկորդը… Բայց չգիտեին, որ մարդիկ ստոր են, չար են ու քինոտ, մատնիչ ու ոխակալ, անկախ այն բանից, թե ինչ չափով է լիքը ստամոքսը: Նրանք չգիտեին, որ մարդիկ միայն կենդանիների դեմ չէին կռվով գնում, սպանում, գերում, որ իրենց շահի համար ի ցույց դնեն կրկեսներում և գազանանոցներում, որոնք կոչվում էին կենդանաբանական այգի… Այգի՞… ի՞նչ այգի… Նրանք չգիտեին, որ մարդիկ իրար դեմ էլ էին պատերազմում և միմյանց կոտորելով՝ հազարավոր դիակներ էին փռում մարտի դաշտերում: Ընդ որում, նրանք իրենց ուժով ու մագիլներով չէին հաղթում, այլ՝ խելքից-մտքից դուրս զարհուրելի զենքերով:
…Տղան փոքր էր և դեռ շատ բան չգիտեր: Բայց նրա մանուկ, շիտակ հոգին ընդվզեց, երբ կրկեսում… Տղան հինգ տարեկան էր, և նրա ծննդյան օրը պապիկը տարավ կրկես, մտածելով, որ դա շատ լավ նվեր է մեկ տարով էլ մեծացած անչափ պաշտելի թոռան համար: Տղան զարմացած, հիացմունքից փայլող աչուկներով նայում էր արենայում կատարվող տեսարաններին: Իսկ երբ արենա մտան առյուծը և մտրակը ձեռքին վարժեցնողը՝ տղան ձգվեց. կարծես ինչ-որ բանից անհանգստանալով: Նա հեռուստատեսությամբ մուլտֆիլմ էր տեսել, որտեղ հերոսը առյուծն էր և անչափ տպավորվել էր: Երբ առյուծը էկրանից ուղիղ նայել էր նրան՝ տղան հուզված ու խանդավառված բացականչել էր. «Բարևե: Մայրը հարցրել էր՝ ո՞ւմ է բարևում, տղան նույն ոգևորությամբ, մատը մեկնելով դեպի էկրանը, բացականչել էր. «Նրանե: Մայրը բացատրել էր, որ դա առյուծն է: Տղան կրկնել էր. «Առյուծն էե: Երբ առաջին անգամ մուլտիկում տեսավ առյուծին և իմացավ, որ դա առյուծն է՝ շատ էր փոքր, չորս տարեկան: Իսկ հիմա մի ամբողջ տարով մեծացել էր… և հիմա այստեղ՝ կրկեսում, նրան թվաց, թե հին ծանոթի է հանդիպել, մանավանդ որ պապն էլ, գրկելով նրա ուսերը, ասաց. «Սա քո մուլտիկի առյուծն է…ե:
Տղան ուզում էր նրան բարձրաձայն բարևել, բայց ճիշտ նույն պահին վարժեցնողը մտրակը շրխկացրեց հատակին, և առյուծը սկսեց թռչել հարմարեցված բարձրությունների վրայով: Իսկ երբ մտրակը նորից շրխկաց հատակին՝ առյուծը սկսեց թռչել արենայում հայտնված կրակե օղակների միջով: Մտրակն անընդհատ շրխկում էր, և հանդիսատեսի բուռն ծափերի ներքո առյուծը թռչում էր կրակե օղակների միջով:
Մի՞թե որևէ մեկը կարող է բացատրել, թե ինչ կատարվեց տղայի հետ, երբ նա տեղից վեր թռավ ու զայրացած բղավեց. «Մեծանամ՝ քեզ կսպանեմ…ե: Պապը գրկեց նրան. «Ինչո՞ւ, իմ անուշ տղա, ինչո՞ւ սպանես առյուծին…ե: «Առյուծին չէ… մտրակով մարդուն…ե: «Ինչո՞ւե,- հարցրեց շվարած պապը: «Մտրակով խփում է առյուծինե: «Առյուծին չի խփում, հատակին է խփումե: «Առյուծին է խփում… առյուծին… որ մեծանամ… որ…ե : Տղան, երբ տատիկի հետ երբեմն սերիալներ էր նայում, տեսել էր, որ բարի մարդիկ սպանում են չարերին… Ճիշտ է, երբեմն հակառակն էլ էր լինում, բայց միևնույն է, բարիները վերջում հաղթում են… Հիմա, այստեղ, կրկեսում չարի մարմնացում էր մտրակով մարդը և հարկավոր էր…
Տղան լաց եղավ՝ ծանր հեկեկոցով խեղդվելով: Պապը նրան արագ դուրս տարավ կրկեսից: Հետո մայրիկին խորհուրդ տվեց երեխային տանել կենդանաբանական այգի, որպեսզի այնտեղ տեսնի, թե ինչպես են մարդիկ սիրում և խնամում բոլոր կենդանիներին: Եվ, իհարկե, առյուծին նույնպես…
Հիմա տղան, սեղմված վանդակաձողին, նայում էր առյուծին և զգում էր, որ նրա հետ վատ բան է կատարվել: Նրան կրկեսում մտրակելուց հետո բերել են գազանանոց ու փակել վանդակում, որ նորից տանեն կրկես և մտրակելով ստիպեն թռչել կրակե օղակներով: Աշխարհի ողջ թախիծը հավաքվել էր մանչուկի բիբերի խորքում: Մուլտիկի քաջ առյուծին, որին ինքը բարևել է, չարերը դարձրել են գերի առյուծ… երբ ինքը մեծանա…
Առյուծն զգաց ոչ սովորական, ոչ առօրեական ինչ-որ բանի ներկայություն, մեղմ փաղաքշանքի նման ջերմագին զգացում, ճիշտ այնպիսին, ինչպիսին, երբ ազատության մեջ իր ձագուկները թռչկոտում էին իր շուրջը և իր սիրելի մարին փաղաքշում էր իր բաշը:
Առյուծը բացեց աչքերը և հանդիպեց մանչուկի թախիծով լի հայացքին: Առյուծը տեսավ, որ տղան նման չէ գազանանոցի հազարավոր այցելուներից և ոչ մեկին:
Երբ առյուծը բացեց աչքերը՝ տղան ավելի սեղմվեց վանդակաձողին, կարծես ցանկանալով ավելի մոտ լինել նրան և հազիվ լսելի շշնջաց. «Բարևե: Առյուծը լսեց նրան և զսպելով ձայնի խռպոտությունը, մեղմ մռլտաց այնպես, ինչպես երբ խաղում էր իր ձագուկների հետ. «Դու ո՞վ եսե: «Երբ մեծանամ՝ կսպանեմ մտրակավոր մարդունե,- պատասխանեց տղան:
Առյուծի մռլտոցը նմանվեց հեկեկոցի: Տղան ինքն էլ էր հազիվ զսպում լացը: Նրան ծնողները հավատացրել էին, որ քաջ տղաները երբեք լաց չեն լինում, եթե նույնիսկ ընկնում ու վնասում են ծունկը: Տղան շատ անգամ էր ծնողներին ցույց տվել իր քաջ լինելը, նույնիսկ երբ դեռ փոքր էր և չէր մեծացել ու դարձել հինգ տարեկան: Բայց ճիշտը որ ասենք՝ տնեցիներից գաղտնի երբեմն լալիս էր, երբ հատկապես ինչ-որ բանից վիրավորված էր: Մեծերը չգիտեին, որ նա կարող է վիրավորվել, կարծում էին, թե խռովում է և հիշեցնում էին նրան, որ ինքն արդեն մեծ տղա է և ամոթ է խռովկան լինել: Բայց տղան գիտեր, որ ինքը խռովկան չէ, որ ինքը… մի խոսքով…
Տղան չգիտեր, որ աշխարհում ամեն վայրկյան ահավոր անարդարություններ են տեղի ունենում: Ազատ առյուծին վանդակում փակելն էլ անարդարություններից մեկն էր: Տղան պարզապես սիրում էր առյուծին և ուզում էր, որ նա նորից մուլտիկի առյուծի նման ազատ լինի ու գեղեցիկ թռիչքներ կատարելով սլանա տափաստանով: Բայց անզոր էր նրան ազատելու համար, որովհետև, ճիշտ է, արդեն հինգ տարեկան մեծ տղա էր, բայց, միևնույն է, դեռ փոքր էր և չէր կարող մեծերի սխալ որոշումները փոխել:
Առյուծը նայում էր տղային, և նրա հայացքը բոլորովին էլ աշխարհի ամենագիշատիչ գազան համարվածի կատաղի հայացք չէր: Առյուծը ուզում էր ճանաչել փոքրիկ տղային, որն անվախորեն սեղմվել էր իր վանդակին ու նայում էր արցունքով լի աչուկներով: Նա ուզում էր տղային ասել, որ թողնի իր վանդակը և գնա նայելու կապիկներին, որոնք անվիշտ, անհոգ թռչկոտում են վանդակում, ծամածռվում, որ մարդիկ ծիծաղեն և ծառայողներից գաղտնի բանան ու գազար խոթեն վանդակաճաղերից ներս: «Գնա, փոքրիկ, դու ինձ շատ տխրեցրիր…ե:
Տղան ձեռքը պոկեց վանդակաձողից, ներս տարավ և փոքրիկ ափի և մատների զգույշ հպումով շոյեց առյուծի բաշը…
Հավաքված ամբոխը զսպված հառաչեց: Մայրը փորձեց նետվել առաջ, բայց չկարողացավ ազատվել իրեն կաշկանդողների ամուր ձեռքերից: Նա հուսահատ, անձայն լալիս էր գլխավոր գազանագետի ձայն չհանելու խիստ պատվերի համաձայն:
Առյուծը, տրվելով մանչուկի մեղմ շոյանքին, փակեց աչքերը: «Գնա, փոքրիկ, գնա, թող այս մարդիկ չտեսնեն, թե ինչ է անազատ առյուծի վիշտը, նրանք դրան արժանի չենե: Տղան պատասխանեց. «Ես կմեծանամ… ես կջարդեմ բոլոր մտրակները… ես կբացեմ բոլոր վանդակները… ես…ե: Նա նորից լաց եղավ բարձրաձայն, աղեկտուր, ինչպես այն օրը՝ կրկեսում: Նա թողեց վանդակաձողերը, շրջվեց ու նայեց մորը: Մայրը նետվեց, ամուր գրկեց ու գրեթե վազքով դուրս եկավ գազանանոցից:
Առյուծը տեսավ տղայի հեռանալը և փակելով աչքերը՝ մտածեց. «Մանչուկը կմեծանա ու կդառնա մարդ: Ափսոս…ե:
Եվ նրա վիշտը, նրա անլույծ կարոտը սավաննայի ազատության և իր սիրելիների հանդեպ նորից ուժգնորեն սեղմեց սիրտը: