Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

ԳԱՂՏՆԻՔ

Կարծես թաքուն բնակվում է
մեկն իմ մեջ-
Խաղաղ, անտես գնում-գալիս շարունակ.
Ինչ-որ բան է ասես հսկում նա անվերջ,
Տանում-բերում ինձ հազա՜ր
լուր ու նամակ:

Անհայտ ինչ-որ աշխարհի հետ է գուցե
Կապում կյանքն իմ նա,
պահանջով մի վերին,
Ուր լա՜վ գիտեն պատմությունը
իմ հոգու,
Ծանոթ են իմ հին-նոր բոլոր երգերին:

Ու թվում է՝ իմ մեջ ամե՜ն մի շարժում-
Ամեն երկունք,
ամեն ծնունդ ու վախճան,
Այնտեղ նույնպես ինձ հետ
տոնում ու սգում
Եվ հավատում, սպասում են միշտ նրան:

Իսկ երբ խաղաղ ու մենավոր մի պահի
Հայացքիս դեմ ծաղկում են
ճոխ տեսիլներ,
Ու համբույրով ծիրանավառ լույսերի
Փարվում են ինձ
հավերժության նվագներ,

Ուրեմն ծե՛ս , տո՜ն է այնտեղ մի շքեղ՝
Նոր հույսերի, երազների արարում,
Որից կրկին կյանքիս բաժին են հանել,
Եվ նա բերել, ահա, ինձ է շնորհում…

Այսպես՝ վաղու՜ց ապրում է նա
իմ կյանքում,
Ու մինչ հիմա չի գուշակել դեռ ոչ ոք՝
Ո՞նց եմ ամեն ցավի գտնում ամոքում,
Եվ ինչպե՞ս է հոգիս մնում միշտ բորբոք:

ԵՐԳԸ

Սիրո նման անակնկալ
Ու սիրո պես սպասված՝
Գալիս, հանկարծ հոգուս վրա
Պտտվում ես թևաբաց:
Ու թափվում են քո թևերից
Ջերմ փաթիլներ լույսերի,
Համբույրի պես հալվում տաքուկ՝
Իմ մեջ փոխվում բառերի:
Հետո…ինչպես եկել էիր.
Վսեմ ճախրով մի ցնծուն,
Պոկվում մեկեն, դեպի անհայտ
Հեռուներն ես թևածում:
Ու չես տեսնում, որ քո հետքով
Թևում, գալի՜ս է անվերջ
Լուսեղեն պարսն այն բառերի,
Որ մկրտվել են իմ մեջ:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ դու կաս, ես գիտեի,
Ճանաչում էր իմ սիրտը քեզ,
Գուշակում էր հոգիս վաղուց,
Որ անհայտից պիտի ծաղկես:

Զգում էի՝ մերթ սպասում,
Մերթ փնտրում ես ինձ տենչավառ,
Քանի՜ անգամ իմ մեջ թաքուն
Աղոթել եմ ես քեզ համար:

Զգում էի, որ պիտի գաս
Ու պիտի տոն լինի հոգու-
Հույզերի եռք ու արյան վառք,
Ոգու համբույր մի կենսատու…

Բայց որ չքնա՜ղ ես դու այսպես,
Պայծառ, մաքուր իմ երազից,
Տենչերից իմ՝ բարձր ու վսեմ,
Չգիտեի ես դեռ ոչինչ:

Չգիտեի, որ կարող ես
Իմ մեջ կրակ պեղել այսքան,
Ընդարձակել հոգիս այսպես
Հմայանքով մի թովչական:

Եվ անծանոթ, անհայտ էր ինձ
Սրբազան դողն այս բերկրանքի,
Որ մաքրում սիրտս ցավերից
Ու կոչում է նոր մի կյանքի…

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ

Քեզ բարի՜ գիշեր…

Թող բոլո՜ր-բոլոր իմ երազները
Թևեն դեպի քեզ
Ու գիշերային խրախճանք սարքեն
Կոպերիդ ներքո:
Եվ շրթունքներիդ մեղսոտ գծերում
Թող որ այս գիշեր
Անվերջ շռայլվի մի արթուն ժպիտ:
Ողջ գիշեր ժպտաս
Երազների տաք շղարշի միջով,
Այրվես, արբենաս
Հույզերի թովիչ վարարումներից…

Իսկ արշալույսին,
Երբ երազները լույսերին ձուլվեն՝
Թողնելով իրենց հմայքը դեմքիդ
Ու աչքերիդ մեջ,
Արթնանաս գարնան մանուկ օրվա պես
Խաղաղ, անխռով
Ու լուռ շիկնանքով
Հանկարծ…իմ շունչը զգաս օդի մեջ…

Քեզ բարի՜ գիշեր…

ԴԱՌԸ ՀԱՐՑՈՒՄ

Հավատի, հույսի այսքա՜ն շատ որբե՞ր,
Ու այսքա՜ն ճորտե՞ր հոգս ու զրկանքի…
Ասես բոլորից երես է թեքել
Ու չի գուրգուրում բախտը ոչ ոքի:

Մի՞թե չեն պարտվում վշտերը արդեն
Տաք շնչի ներքո մեր կարոտների,
Ու երգի աննյութ գինին հրեղեն
Չի սրբում հոգուց փոշին ցավերի:

Եվ մի՞թե միայն բեռ են անողոք,
Էլ մեզ չե՞ն կոփում հոգսերը թաքուն,
Մեր հին արյան մեջ ապրող թախիծը
Հոգնած մեր սրտերն էլ չի՞ նորոգում…

Հավատի որբե՜ր…Ճորտե՜ր զրկանքի…
Ճոխ թշվառության շքերթ անվախճան:
Տե՛ր, ու՞մ է պետք տոնն այս տառապանքի,
Չէ՞ որ փորձել ես մեզ հազա՜ր անգամ:

ՃԳՆԱԺԱՄ

Ո՛չ ինչ-որ մեկից փախչում եմ խռով,
Ո՛չ մեկ ուրիշին գնում ընդառաջ.
Չի՛ հետապնդում ինձ արդեն ոչ ոք,
Ու չի՛ սպասում ոչ ոք գրկաբաց:

Եվ կանգնել՝ ինքս իմ մեջ մոլորված,
Չգիտեմ՝ դեպ ու՞ր, ո՞ր կողմ ընթանալ,
Ու՞մ, որտե՞ղ բանալ սիրտս խցանված,
Էլի ինչ-որ բան փնտրել ու՞մ համար:

Եվ կամ՝ էլ ինչու՞, ինչո՞վ բորբոքել
Իմ մեջ մարմրող այն խարույկն անտես,
Որ բռնկվում էր շքե՜ղ առավել
Ոխ ու չարության հողմերի հանդեպ…

Գուցե վերջը միշտ այսպե՞ս է լինում,
Հենց սա՞ է մթին վախճանը անդարձ,
Երբ քեզ էլ ո՛չ ոք չի հետապնդում,
Ու չի սպասում ո՛չ ոք գրկաբաց:

ԱՌԱՎՈՏ

Ում համար ի՞նչ ես բերում, առավոտ,
Ի՞նչ ես խոստանում օրվա մեջ այս նոր.
Քեզ հառված բազում
հայացքներ աղոտ,
Քո դեմ՝ հուսահատ սրտեր բյուրավոր:

Ու՞մ ես փրկարար մի շող նետելու,
Հանելու մեռյալ թմրից կորստյան,
Ու՞մ ես հերթական ցավին մատնելու
Եվ ու՞մ տանելու նոր մի փորձության…

Մի՞թե այսօր էլ բա՛ն չի փոխվելու,
Չե՛ն պակասելու արցունք ու թախիծ,
Անեծք-հառաչ է միայն ելնելու
Ցավատանջ, խռով բյուր հոգիներից:

Եվ մի՞թե այսպես պիտի օր առ օր
Մոռանանք շուքը արշալույսների,
Զարթնենք՝ արդեն նոր օրվանից խռով,
Դեռ անհայտ անթիվ հոգսերին գերի:

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Կատուների դառն հեկեկանքն ասես
Մեծ մի կորուստ է խավարում գուժում,
Եվ մի անորոշ, անձև տագնապ է
Պաղ սարսուռներով իմ հոգին խուժում:

Գուցե մոտերքում, դավադիր զարկված,
Մեկն իր աստղի անկու՞մն է տեսնում,
Կամ սատանայի ժպիտով դյութված՝
Մեկն իր դրացու բա՞խտն է գողանում…

Գուցե դիվային ուժե՞ր են հիմա
Երկրի խորքերում անզուսպ գազազում,
Կամ…կյանքից, սիրուց, բախտից հալածված՝
Ինչ-որ մեկն իրեն լքե՞լ է ուզում…

Օ՜, գիշե՛ր, մարիր ձայներն այս խուժդուժ,
Խլի՛ր ինձ դժնի այս տեսիլներից,
Կամ… տու՛ր ներշնչման
այնպիսի մի ուժ,
Որ ցրեմ դավերն անդուռ խավարի:

ԱՐՏԱՍՈՒՔԻ ՄԱՍԻՆ

Առանց արտասուքի անկարո՛ղ ենք ապրել,
Անկարո՛ղ ենք սիրել առանց արտասուքի.

Արտասվում ենք խինդի խենթ վարարումներից,
Ու մեր հոգին հուր է շատրվանում անտես:
Արտասվում ենք թախծի բռնի գգվանքներից,
Ու մեր սիրտը ելք է գտնում հաղթանակի:
Արտասվում ենք վշտի սառնամանիքներից,
Ու փրկության լույսն է
անձրևում մեր մեջ…

Առանց արտասուքի մենք
չե՛նք կարող սիրել,
Մենք չե՛նք կարող երգել
առանց արտասուքի.

Արտասվում ենք թաքուն
ինչ-որ մի կարոտից,
Ու փայլն է նորոգվում խամրած
մեր աչքերի:
Արտասվում ենք հայտնի-անհայտ կորուստներից,
Ու ինչ-որ մի ուժ է լուռ կուտակվում
մեր մեջ:
Արտասվում ենք լռի՛ն,
արտասվում ենք ձայնի՛վ,
Ու…մեր տերևաթափ հույսն է ծաղկավորվում…

Առանց արտասուքի
պայթուցի՛կ է ցավը,
Ու … անշո՛ւք է խինդը
առանց արտասուքի
ՍԿԻԶԲԸ ԴԵՊԻ

Կորցնո՛ւմ եմ միայն,
Չե՛մ գտնում ոչինչ.
Անցե՜լ են արդեն օրերն հայտնության,
Անցե՜լ են սիրո սարսուռ ու թախիծ,
Երազի, երգի շնորհ նախնական…
Երգում եմ դեռ,
Բայց ամեն տողիս մեջ
Ծանոթ է թվում ինչ-որ մի հնչյուն…
Սիրում եմ,
Սակայն էլ կարոտատենչ
Չի՛ հարբում հոգիս ու չի՛ կրակվում…
Ամեն ինչ՝ ծանո՛թ,
Ամեն ինչ՝ հայտնի՛.
Ե՞րբ կարողացա, այդ ե՞րբ հասցրի:
Ե՞րբ դարձա այսպես ես «ամենագետե
Ու…ներշնչանքիս հավքը կորցրի:
Ու՞ր եք, օրե՛ր իմ խելառ ու անգետ,
Որտե՞ղ ես, նժո՛ւյգ իմ խենթ ու վայրի:
Հայտնվի՛ր, ա՛ռ ինձ գավակին քո մերկ
Ու ե՛տ տար,
Տա՜ր ինձ սկիզբը դեպի:

ԵՐԳ ԱՌ ԵՐԳ

Երգ առ երգ դեռ այսպես զրուցում,
Խոհ առ խոհ բացվում ենք իրար դեմ,
Բայց ի՞նչ ես, կյա՛նք, ինձնից պահանջում,
Ի՞նչ եմ ես ուզում-դեռ չգիտե՛մ:

Վիճում ենք ու հաշտվում մենք հաճախ,
Հոգնում ենք երբեմն իրարից:
Մերթ մտքեր ես հուշում անուրախ,
Մերթ՝ հույսեր ճառագում անհայտից:

Մերթ լույս է իմ ներսում, մերթ՝ գիշեր,
Մերթ արև՛, մերթ արցու՛նք ես բուրում,
Օրվա մեջ մի քանի պաղ ձմեռ,
Մի քանի գարուն ինձ շնորհում…

Այսպես ի՞նչ ենք ուզում իրարից
Ու ի՞նչ ենք խոստանում իրար մենք-
Թող մնա դեռ գաղտնի, այդ ոչի՛նչ.
Երգ առ երգ մի քիչ էլ զրուցենք:

ՄԵՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՐԵՎ

Անձրևի հետ մի հի՜ն,
հի՜ն թախիծ է մաղվում
Ու անտես նվաճում իմ
սիրտը հոգնաբեկ:
Ոնց մի հեգնոտ հայացք,
երկինքը՝ պաղ- անգույն,
Ասես էլ ոչ ոքի չի ժպտալու երբեք:

Մենակ ու անընկեր՝
գուցե շատերն ինձ պես
Հիմա վերհիշում են կորած երազ ու սեր,
Ու մենավոր նրանց
հոգիներում նույնպես
Արթնանում են ինչ-որ հին սարսուռներ:

Եվ այս պահին որտեղ,
ինչ երգ էլ որ ծնվի,
Երևի իմ թախծից մաս կունենա իր մեջ.
Գուցե՝ դառնահամը
թաքուն իմ արցունքի,
Գուցե՝ լուռ մխացող կարոտի
ցավն անվերջ:

One thought on “Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

  1. «Սկիզբը դեպի» բանաստեղծությունը հեղինակի արվեստի ճիշտ գնահատականն է… Ամեն հեղինակ չի կարող ունենալ ինքն իր արվեստից դժգոհելու այս անկեղծությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։