ԱՐՄԱՎԻՐ / Անահիտ ԱՐՓԵՆ

Անահիտ Արփեն
Արցախցի կնոջ ավանդական արտաքին ուներ Մարգարիտը. ուղղաքայլ ձգված մեջք, փոքր բերան, նուրբ շուրթեր ու քիթ:
– Ուզում էի Հայաստան գալ,- պատմում էր,- համալսարան ընդունվել, հայրս արգելեց: Ասաց. «Մեծ քույրդ ութերորդ դասարանից դուրս եկել, գնացել Երևան, հայաստանցու բաժին է դառել, քեզ չեմ թողնի»:
Հրանտի սևեռուն նայվածքն ասես ճառագայթապատճենում էր աղջկա ներաշխարհը: Մարգարիտը, անհարմար զգալով, կախեց գլուխը:
– Պարզ է:- Ասաց Հրանտը մտախոհ և ուղիղ նայելով Մարգարիտի դեմքին՝ ասես նա էր մեղավոր, որ սովետները Արցախը խլել էին մայր Հայաստանից ու տվել Ադրբեջանին:
– Դե՜…- տղայի քննախույզ հայացքին չդիմանալով` կմկմաց աղջիկը:
Հրանտը ժպտաց: Ջերմ ու շատ հարազատ:
– Իսկ ձերո՞նք որ կողմերից են,- հարցրեց Մարգարիտը սրտապնդված` ձգտելով թոթափել անսովոր լարվածությունը և իրադրության տերը դառնալ, ինչպես որ ինքն էր սովոր լինել բոլորի հանդեպ:
– Մերո՜նք… հայրս Արևմտյան Հայաստանից է, որ մնացել է Թուրքիային, մայրս` Արևելյան Հայաստանի այն հատվածից, որը մնացել է Պարսկաստանին:
«Պարզ է» ասելու հերթը Մարգարիտինն էր:
– Հորս կողմը,- շարունակեց Հրանտը,- Կարսից եկել են Արթիկի Լուսակերտ գյուղ, այնտեղից հայրս տեղեփոխվել է Հոկտեմբերյան:
– Հիմա արդեն` Արմավիր,- ասաց Մարգարիտը:
– Հա՛,- հաստատեց Հրանտը:
– Արմավիր ի՞նչ է նշանակում,- հարցաքննեց աղջիկը:
– Շատ բացատրություններ կարելի է գտնել, և բոլորը ճիշտ կլինեն,- հանգիստ պատասխանեց Հրանտը:- Ըստ Խորենացու` պատմական մայրաքաղաքը Հայկի որդի Արամայիսն է կառուցել և իր անունով կոչել Արմավիր: Բայց Արամայիս բառի մեջ էլ, Արմավիրի ու Մեծամորի առնչությամբ էլ իմաստներ կան, որ հնարավոր չէ չնկատել: Ամեն դեպքում մեր կողմերն ու ձեր կողմերն ստույգ կապված են հնագույնս Ար աստվածու­թյան հետ: Արցախ, Արմավիր, Արմեն, Արմենիա, Արարատ, ի վերջո` Արարիչ…
– Կամ ի սկզբանե, հա՞,- շարունակեց կատակախառը հարցեր տալ Մարգարիտը:
– Հա՛, դե, ամեն ինչի վերջը սկիզբ է մի նոր բանի կամ հակառակը: Աշխարհա­ծնությունն առաջինն է էդ օրենքին ենթարկվում,- արագ նետեց Հրանտն ու շտապեց իր մտքի հետևից:- Ար… Հետո ինչ ուզում ես ավելացրու: Կամ ուղղակի կրկնիր, քանի անգամ կուզես…
– Ար, ար, ար…- չարաճճիորեն արտասանեց Մարգարիտը և խաղացկուն ավելացրեց,- ափսոս, իմ անվան մեջ Ար չկա:
– Վստա՞հ ես:
Հրանտը ժպտաց: Մարգարիտը շփոթվեց` չկարողանալով կառավարել ներսում գլուխ բարձրացրած զգացողու­թյունը:
– Ապրի Արմավիրը, տեսա՞ր՝ ինչ հայտնագործություններ արեցինք,- կատակեց Հրանտը:- Համով անուն է:- Ու չկարողացավ չավելացնել,- և` նազենի:
Ասաց ու հիմա էլ ինքը շփոթվեց:
– Արմավ և արմավենի,- բացատրեց կամացուկ:
Մարգարիտը ձգվեց տեղում և երկար պարանոցը հպարտ նազանքով ետ տարավ: Ծիծաղեցին: Հաճելի էին մեկմեկու:
– Նման ես,- ասաց Հրանտը` արդեն անթաքույց գորովանքով նայելով աղջկան:
Մարգարիտը փախցրեց հայացքը:
– «Առավոտ էր, Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտներից մեկը…»,- ակամա մտաբերեց Հրանտն ու շարունակեց ավելի աշխույժ,- Արարատյան դաշտավայրը հարթ էր, ու մեկ էլ հողի տակից բլուր բուսնեց` հրաբուխ ժայթքեց ու լեռ առաջացավ, հետո արդեն էդ բարձրության վրա Արմավիրի միջնաբերդը սարքեցին: Ապշելու բան է, թե էդ բարձրության վրա ո՜նց են միջնաբերդ կառուցել, ճանապարհ բացել, սայլերով քարերը պտտաձև բարձրացրել վերև… Սասուն քարեր են, սովորական մարդն ու տեխնիկան չէին բարձրացնի: Հիմա նստած է, իհարկե: Ավելի ցածր է ու էդ վիճակում սար է, իսկ պատերը կանգնած ժամանա՞կ ինչքա՜ն բարձր են եղել ուրեմն… Շուրջն էլ միանգամից դաշտավայրն է փռված: Հազարամյակների ընթացքում ինչքան փոփոխությունների է ենթարկվել, դեռ ապշեցնում է: Բայց դե, դա մեզ համար է հանելուկ, հին քաղաքակրթության համար… Տիտանների համար, երևի, քարկտիկի քար են եղել:
Մարգարիտը ծիծաղեց` բացահայտելով գեղեցիկ ատամնաշարը:
– Սիրում եմ գնալ միջնաբերդի փլատակներ,- ասաց Հրանտը` տրվելով հիշողությունների:
– Չորս հազար տարվա պատմություն ունի Արմավիրի միջնաբերդը,- ասել էր ավագ եղբայրը, երբ երկու եղբայր այնտեղ էին:
– Իսկ մինչև հզոր պետություն կազմավորվելը… Դատելով, որ միջնաբերդը բավական ուշ կկառուցվեր, իսկ բնակչությունն ավելի քան հազարամյակներ առաջ պիտի հայտնված լիներ, կարելի է պատկերացում կազմել, թե երբ է մարդն այս կողմեր առաջին անգամ ոտք դրել,- սկսեց հաշվել Հրանտը:
– Գիգանտ են եղել էս քարերը տեղաշարժողները,- հանգիստ ասաց եղբայրը:
– Ճարտարապետը Միքոյի մեջ խոսե՞ց:
– Դե, հա՛: Դու երկնքի աստղերն ես հաշվում, ես` երկրի քարերը,- պատասխանեց Միքայելը:
– Ու մենք անպարտելի ենք, Միքո՛, դա է հավասարակշռություն տալիս մեզ, եղբա՛յրս: Դա է մեր ուժը:
– Հրա՛նտ, եթե գնաս, երկնքի աստղերի համար ժամանակ չես ունենա, երկինքը կմոռանաս ընդհանրապես, գետնի վրա է թշնամին:
– Գիտեմ… որ ամպերին նայելու չեմ գնում: Ամպերը հիմա գրադների ծխից սևացել են: Ես էդ սև ամպերը ցրելու եմ գնում: Ու գետնի վրա գտնվող մարդուկներին պաշտպանելու:
– Կամ սպանելու:
– Բնականաբար: Պատերազմ է: Եվ մե՛նք չենք սանձազերծել:
– Գնդակը չի հարցնում, թե ով է մեղավոր, Հրա՛նտ:
– Կռիվ է, զոհեր են լինում, Միքայե՛լ:
– Դու զինվոր չես…
– Նույնիսկ դու ես զինվոր, ո՞նց կարող եմ ես զինվոր չլինել:
– Ես գնացի, դրա համա՞ր ես դու էլ գնում: Հրանտ…
Միքայելը Արվեստի ինստիտուտում էր աշխատում, երբ գնաց Գետաշեն, որը շրջապատված էր, բայց դեռ խլված չէր: Գնացին, որ ժողովրդին հուսադրեն, թե մի՛ վախեցեք, լավ կլինի, չլքեք ձեր տները: Ձեռքի հետ էլ, իհարկե, հնագիտական չափագրումներ էին անում, լուսանկարում:
Գնացած առաջին օրվանից վախ կար. չնայած` դեռ ռուսական զորքը դուրս չէր եկել, ռուսական կայազոր կար, բայց չորս կողմը թշնամի ադրբեջանցիք էին, իրենք լրիվ շրջափակման մեջ, Երևանի հետ միակ կապը ուղղաթիռն էր, որը ժամանակ առ ժամանակ էր գալիս-տանում: Ընթացքում էլ պարզվեց, որ բավական չէ` գյուղում նորմալ կռվող չկա, դեռ եղած զենքերն էլ ռուսները հավաքել են, մի քանի որսորդական հրացան ու մի երկու կարաբին հազիվ են կարողացել ծածուկ պահել: Երկու շաբաթ մնացին, մինչև վախը մի քիչ կոտրվեց: Բայց երբ վերադարձան, իրեն լավ էր զգում, հասկանում էր, որ ճիշտ է վարվել, որ գնացել է, մարդկանց օգնել: Ուրիշ զգացողություն էր ապրում, իր գոյությունն արդեն արդարացված էր զգում:
Էդ ցեցն էր Հրանտի մեջ, երբ Սպիտակ Շենից էր եկել ու էլի գնալ էր ուզում, ինչպես կռվի դաշտից բոլոր ետ եկողները, որոնք գալիս, ընկնում էին ուրիշ իրականություն. տուն, կենցաղային բարդություններ` ջուր չկա, լույս չկա, ընկեր տղերք, խմելու գործ, հարևանը, բարեկամը ու չգիտես, թե էլ ինչ: Բացվում էր մի անիմաստ գոյություն` ի հակադրություն նախորդ վիճակի, երբ կռվում առաջին շարքում էին եղել:
– Միքո՛, Միքո՛, ապե՛ր, սպասի՛ր,- ասաց Հրանտը:- Զինվորը միայն հրացանավոր մարդը չի, զինվորը… Ո՞նց ասեմ ավելի կարճ: Բոլոր ազնիվ մարդիկ զինվոր են:
– Ադրբեջանցիների մղած պատերազմն անազնիվ է:
– Պատերազմը` այո՛, բայց մարդիկ մոլորված են, նրանց համոզել են, թե իրենցն են մեր հողերը, մարդիկ մեղավոր չեն:
– Որ մարդ են, արդեն մեղավոր են:
– Էդ ուրիշ խոսակցություն է:
Եղբայրները կանգնած էին Արմավիրի միջնաբերդի ավերակների վրա, Միքայելը բարձունքից ցույց էր տալիս ներքևում՝ Արմավիր քաղաքի շրջակայքում փռված գյուղերի հողերը: Հիմնականում արտեր էին: Պեղումներ էին կատարվել, շուրջը գերեզմանոց էր:
– Տեսնես դարեր հետո որ մեր գերեզմանները պեղեն, ի՞նչ են հասկանալու, տեսնես ի՞նչ են մտածելու մեր մշակույթի մասին:
– Գերեզմանները, գերեզմանոցը, մշակույթը` չգիտեմ, բայց արագիլները նույնը կլինեն:
– Այո՜… Հնագույն ժամանակներում ողջամտությունն ու մարմնավարժությունը մի հզոր համապարփակ համակարգի մեջ էին: Քրմական դասի հսկողությամբ գործող համակարգը նկատի ունեմ:
– Քրմերը շատ իմաստուն էին:
– Դրա համար էլ կարողանում էին տիեզերքում հավասարակշռություն պահպանել:
– Նախ պետք է կարդալ տիեզերքը, հետո ձեռք տալ:
– Կարդում էին, բայց ձեռք չէին տալիս` մեր հասկացողությամբ ասած: Այլ ձգտում էին տիեզերքի մասնիկը լինել, որը հյուլե է, բայց հզոր հյուլե…
– Եվ էին:
– Իսկ մենք ձգտում ենք պոկվել, առանձնանալ, ինքնիշխան լինել, մերը դնել, դրա համար էլ դժբախտ ենք: Կարողանալ ձուլվել տիեզերքի աստղերին, այս է խնդիրը…- ասաց Հրանտը լիաթոք:
– Տիեզերքի գաղտնիքներն անսահման են…
Միքայելը ժպտաց ու ջերմորեն թփթփացրեց կրտսեր եղբոր թիակին, ապա թևը գցեց նրա ուսով: Եղբայրները երբեք չէին վիճում, նույնիսկ` մանկության տարիներին: Անկարգություն էլ անեին` չէին կռվում, հենց պիտի լուսանկարվեին, Միքայելը գրկում էր եղբորը, ու լուսա­նկարվում էին. Միքոն` հպարտ, Հրանտը` ջերմասիրտ: Միքայելն իր փայլուն գիտելիքներով ու առաջադիմական մտքով բարերար ազդեցություն էր թողնում ու օրինակելի հեղինակություն էր: Քրոջն էլ էին սիրում, բայց նա փոքր էր ու աղջիկ էր:
Կռիվ գնալու համար Հրանտի պատեպատ զարկվելու օրերին Միքայելը նրա ուշադրությունը դարձրեց Շենգավիթի դամբարաններից հայտնաբերված քրեղանին` առաջարկելով մեկնաբանություն գտնել Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի կեսերի այդ կավե ափսեի տիեզերապատկերներին:
– Գիտե՞ս, էս աստղային երկինքը երրորդ հազարամյակում այլ կերպ է եղել:
Ասաց Հրանտն ու նստեց նկարեց, գծեց, լրիվ ավարտեց, հետո ստուգեց, համոզվեց, որ պակաս բան չի թողել ու վեր կացավ:
– Էլ բան կա՞ գրելու,- հարցրեց եղբորը:
Տիեզերքն օգնության կանչելը Հրանտին պատերազմից ետ պահելու վերջին փորձն էր, Միքայելն այլևս ոչինչ չասաց:
Եվ արմավիրցի Հրանտն Արցախ էր շտապել` մասնակցելու ազատամարտին, ուր կռվի թունդ պահերին անգամ կարող էր մտածել հայոց պատմության որևէ դրվագի մասին և կրակելիս ասել. «Մենք հայրենի՛ք ենք կառուցում»…
Գրադի արկեր սկսեցին տեղալ, թշնամին գնդակոծում էր գյուղը, բայց սարը պաշտպանում էր նրանց, ու արկերը խրամատների վրայով թռչում, դիմացի անտառն էին թրատում:
– Քանի՞ երեխա եք,- երբ գնդակոծու­թյունը դադարեց, Մարգարիտին հարցրեց Հրանտը:
– Չորս: Երկու քույր, երկու եղբայր: Մերոնք խելոք զարմ են: Երկու եղբայրս էլ շուտվանից, մինչև պատերազմն են գնացել Ռուսաստան: Փոքր եղբայրս Օդեսայում է ավարտել, հիմա Թուրքմենիայում է ապրում, ամուսնացել է ու գնացել: Մեծ եղբայրս քայլող հանրագիտարան է, շա՜տ խելացի է, երեք համալսարան է ավարտել…
Մարգարիտը նկատեց Հրանտի մռայլվող դեմքն ու լռեց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։