Սիրելի Միհրան Ասատրյանին
***
Սիրելի՛ Միհրան, մեր Հո՛ւյս, մեր տղա՛,
Ո՞ւր էիր այդպես սուրում խոյընթաց…
Դեռ ձմեռ չեկած, հանկարծ ձյո՛ւն տեղաց
Մեր սրտերին և հոգիներին բաց…
– Հողն օրհասվա՛ծ է, երկընտրանք չկա՛,
Ես առաջինը պիտի կրեմ զե՛նք,
Ես առաջինը կմեկնեմ ճակատ,
Քի՛չ էլ դիմացե՛ք, գալի՛ս եմ, տղե՛րք…
Շտապո՛ւմ էիր, և օրհասը սև
Քեզ պատուհասեց քո ճամփի կեսին…
Ճամփին դարա՛ն էր մտել ինչ-որ դև՛,
Որ մեր կյանքից մի Լո՛ւյս էլ պակասի.
Մի ճրա՛գ, մի ջա՛հ, կանթե՛ղ մի շքեղ,
Որն անանձնական լույս էր ճառագում…
Ոսոխն ուզում էր մեր կամքը ճկել,
Երբ տեղ հասավ այս բոթը չարագույժ…
Գնում են փութով լավե՛րն ամենա,
Կրծքներին՝ խա՛չը ինքնազոհության,
Որ Ցեղի Ոգին անսասան մնա,
Որ չխաթարվի Երազը մեր թանկ…
Արթո՛ւր, Մարինե՛… Մխիթարանքի
Բառեր չե՛մ գտնում, և դուք ինձ ներե՛ք…
Բայց կուզեի, որ վիշտ ու վարանքին
Դուք դիմակայեք կամքով աներեր…
Թող հպարտության զգացումն անքեն,
Համակշռի ձեր կսկիծին լեղի…
– Ձեր միա՛կ տղան իր միա՛կ կյանքը
Զոհաբերե՛ց իր Հայկազուն Ցեղին…
***
Անձկությո՛ւն ու տե՛նդ… և աչքեր բվի,
Որ գիշերներն է քո անդուլ հսկում…
Հե՛րն էլ անիծած, թող չպարպվի
Ցա՛վը քո գալիք օրերի հոսքում…
Անձկություն ու տենդ, և ոչինչ նոր չէ՛,
Ողջը ապրել ես ճամփին քո անցած…
Հեռանա՛լ, թանձր մշուշում կորչե՛լ՝
Ներշնչանքից ու լույսից գոհացած…
Կյանքը ընծա է իր սուղ լինելով,
Ո՞ւմ է հարկավոր ընթացքը ճապաղ…
Ապրել դիպվածի՞ն ապավինելով,
Երբ պետք է ճամփա ընկնել անհապաղ…
***
Եթե չքվե՛լ են հենման կետերը,
Ինքդ քո ուսին հենվի՛ր անվարան…
Աշխարհում արար ելման՝ գետե՛ր են,
Աշխարհում արար գետե՛ր են վարար…
Ձգվի՛ր, թոթափի՛ր աչքերիդ մուժը
Եվ նախանշված քո ճամփով գնա…
Մարդկանցից լքված ու մրսող Հուշը,
Քո ջերմ շնչից թող կրկին տաքանա…
Ո՛չ մի խոչընդոտ և ո՛չ մի պատնեշ
Ճամփան ճախրանքի չեն կարող փակել,
Այն, ինչ պայծա՛ռ է, չի՛ կարող հատնել,
Զի դու ապրողաց լո՛ւյսն ես կտակել…
ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ՄԵԿ ԱՆՀԱՅՏՈՎ
Թարսը շիտակ դարձնող
Հնարներ՝ ծանոթ…
Սիրտը հրով թրծվող
Կավեղեն՝ անոթ…
Ահա ծայրը այն Հերթի,
Երկնաքեր՝ քո՛ւղը…
Բնա՜վ, Հայտնի-Անհայտից
Պետք չէ՛ երկյուղել…
Այնտեղ էլ նույն՝ անթե՛ղը,
Եվ նույն՝ լարո՛ւմը…
Երբ նույն Հուսո Կանթեղը
Վառվում-Մարում է…
***
– Այս թե՝ Այն-ը… ափե՛ր են…
– Միևնույնը չէ՞…
Սովորական կապե՛ր են,
Ո՛չ խո՛ւլ, ո՛չ հնչե՛ղ…
– Ի՞նչ փնտրեցիր, ի՞նչ գտար
Այս կյանքում ունայն…
– Լոկ տեսիլներ՝ անկատա՛ր,
Պատկերներ՝ գունա՛տ…
– Մնացյա՞լը, հուսա, որ
Այցին քո հաջորդ
Կլինի՝ շա՛տ լուսավոր,
Վարարո՛ւն ու հո՛րդ…
Բանաստեղծություն
«թիթեռ-նամակի» փոխարեն
Հակոբ Մովսեսին
***
Վալի՛ս: Դղյակում թախծում է Ռիլկեն,
Պարտեզում՝ լռին, ցողաթաց վարդեր…
Ռիլկեի համար աշխարհը գի՛րք է, –
Փղոսկրակազմ ու մագաղաթե:
Եվ Մարինայի տեսիլքն է նրան
Սփոփում փոքր-ինչ և ոգեշնչում.
Աննինջ մի՝ տեսիլք, որ տարիներ անց
Հառնել է իբրև ոգեղեն հնչյուն…
«Ախր առաջին ձե՛ռք ես դու, Ռա՛յներ», –
Արձագանքում է սրահը իսկույն…
Այլաշխարհային շշուկնե՛ր, ձայնե՛ր,
Եվ դիպվածն ինքն է վայրկյանը հսկում…
Եվ կանցնեն դարե՛ր, նորից նույն՝ գի՛րքը,
Եղա՛ծը և նո՛ւյն անմոռանալին…
Դղյակում կրկին կթախծի Ռիլկեն,
Եվ նույն աչքերը՝ այն Մարինայի…
Մարինա Ցվետաևայի հիշատակին
***
Տե՛ր, ինչերի՞ց էր հյուսված մեր կյանքը.
Կարոտի՞ց, ցավի՞ց, սպասումների՞ց…
Եվ Մարինայի «Զավթած երկինքը»,
Եվ դարակազմիկ Սպասումն էլի…
…Հույսի՞ց՝ շատ հաճախ փուչ ու սնամեջ,
Թե՝ ըղձանքների՞ց, որ չեն կատարվում…
Հյուծված պատրանքը ինչո՞վ սնանել, –
Անսեթևեթ՝ «վա՛յ» և անկատար՝ «վո՛ւյ»…
Այս կյանք կոչվածը, որ բնավ կյանք չէ՛ր,
Ծայրեծայր տե՛նդ էր և փա՛յլ մի՝ մարող…
Ելքը միա՛կն է՝ լռելյայն հանգչե՛լ,
Վերստի՛ն աշխարհ գալու պայմանով…
Երաշտահավը
Думал – возьму посмотрю, как живет в
Эривани синица.
Осип Мандельштам
Ի՞նչ պիտի անի, կրակից՝ հյուսված,
Փորձում է ճիգով ինքն իրեն շիջել…
Կամ աչքերը փա՛կ, հյուսվածք առ հյուսվածք,
Տնտղում է ներսն իր… և զուր չվիճել,
Թե Մոյրան դարձյալ կպրկի՞ թելն, ու
Կամ ի՞նչ կբերի գետը վարարած…
Իսկ գետից լողում և ափ է ելնում
Մի չնաշխարհի՛կ, չքնա՛ղ արարած…
…Ինքը բախտ չունի, բայց չի՛ նախանձում
Բախտավորներին բոլոր հին ու նոր…
Ո՛չ ուզում է նոր կեռման ու անցում,
Ո՛չ ցանկանում է գնալ հին հունով…
Ո՞վ է, որ անդարձ – չի՛ սիրահարվել,
Բաժանման ցավից չի՛ սարսել, Օսի՛պ…
Երաշտահավը քնքշորեն հալվեց,
Ուր որ է պիտի ջրի պես հոսի…
***
Երփնահունց օրե՛ր, լուսաշաղ տարի՛,
Եվ մայրս ահա ցորե՛ն է էրնում…
Եվ «ամպշող» բառը պահած շուրթերին,
Ծնկե՛ց շեղջի մոտ և վե՛ր է ելնում…
Եվ կաթիլները ճակատին խոնավ,-
Քրտինքի՛, – շարան՝ մարգարտահատիկ…
Աստվածամոր պես հայացքը՝ խոնարհ,
Ոսկե մղեղը մարմարե՝ այտին…
Տոկո՛ւմ է, ախր դեմը ձմե՛ռ է…
(Ժամն է հուշերը բերելու ի մի…)
Տե՛ր, հիշողության այս ծա՛նր բեռը
Եվ չհատուցած պարտքերը իմ հին…
***
Ծխածաղիկնե՛ր: Այն գա՛վը գինու,
Որով Մեծարե՛նցն է մի օր ըմպել
Գիշերվա ճամփին, անչա՛ր, անքեն ու
Պայծա՛ռ ճակատին իջած սև ամպը…
Թերթվողը մատյա՛նն է ժամանակի,
(Եվ ի՞նչն է մնում կյանքից անցավոր…)
Եվ ժամանում է անժամանը՝ կին,-
Հյուսված աղոթքի՛ց, հուշերի՛ց ցավոտ…
Ծխածաղիկնե՛ր և ծխամշո՛ւշ,
Բաժանման վիհը լցվում է ինչո՞վ…
Իսկ հեռվում ընդհատ հաչում էր մի շուն,
Դարպասներ էին փակվում ճռինչով: