Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

ԲԱՌԻ ՄՈԳՈՒԹՅՈՒՆ
Երբ լուսաբացին, դեռ քնաթաթախ
Օրվա թաղանթից ներս ես թափանցում
Ու փորձում ես թարմ գրերն իր կարդալ՝
Մի կաթիլ արյուն, մի կաթիլ արցունք

Խառնելով գրին և այն հեղելով
Թղթին սպիտակ – իբրև պաստառի՝
Տեսնելու համար, թե ինչ է եղել,
Հասկանալու, թե ինչ կկատարվի,

Ու վերածում ես բառի մոգության,
Որին անգամ քո շունչն է խառնված,
Երբ նրան է քո կյանքը հանգուցված
Վայրկյան առ վայրկյան, դրվագ առ դրվագ`

Այնժամ փոխում ես պահը ժամանման,
Ու մոռանում ես քո օրն ու տարին,
Գոյանում է մի ուրիշ ժամանակ,
Ու պտտվում է անիվը դարի,

Որ կայանում է միայն քո ներսում
Ու մի բխումով դուրս արտահեղվում,
Դու բառերով ես աշխարհն այդ տեսնում,
Բայց Տեսանողը քեզ է հետևում:

Քեզ է հետևում Ընթերցողն անհայտ,
Այդ նա է բացում երգերի շավիղն
Ու ներարկում է հոգու շաղախն այդ,
Ու շռայլորեն հեղում աշխարհին…

***
Ու եթե բառերն իրենք խոսեին –
Հենց այնպես, անհոգ, պարզ ու անթաքույց՝
Մեկնելով լեզուն այն անլսելի,
Որ զգույշ հոգու դռներն է թակում,

Մենք կընկալեինք խորունկ մեղեդին,
Մենք կընդունեինք և՛ ծնունդ, և՛ մահ՝
Ներհյուսված մարդկանց լուսավոր երթին,
Ու կտեսնեինք ծիրն այն ոսկեման,

Որ մեզ մղում է լինել ու լինել
Ու մեկնել լեզուն այդ անլսելի…
Եթե բառերը իրենք խոսեին,
Եթե բառերը իրենք խոսեին…

ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ու քեզ թվում է՝ ոչինչ չես հիշում…
Որ անդունդներից նոր տողեր ծնվեն՝
Քեզ անհրաժեշտ է կյանքի մի փշուր,
Մի կտոր երկինք, հույսի մի ծվեն:

Ամեն ինչ այդպես պիտի կատարվի,
Ու որ չթախծես օրերում մռայլ,
Դու հոգենյութդ ծառին ես տալիս
Ու քո ավիշով ներծծվում նրան…

Զարթնում է կարոտն այդ սաղարթախիտ՝
Անսահման մի սեր- անսահման մի գութ,
Մի տարաշխարհիկ, լուսավոր թախիծ,
Եվ այդպես բառն է աշխարհը գրկում:

***
Մենք հեռանում ենք ինքներս մեզնից –
Չգիտենք՝ մեզ հետ ինչ է լինելու,
Ու մենք փնտրում ենք մեր երկրորդ կեսին,
Հանուն նրա ենք ապրում ու մեռնում,
Որ սերմ է միայն, սրբազան մի սերմ
Մեր անհող հոգու սահմանին աճող,
Բայց այդ սահմանը ոչ ոք չի տեսել,
Ոչ մի անցավոր և ոչ մի անցորդ

Դեռ չի հասել այդ եզերքին կենաց.
Որ հրաժեշտ տա ընդմիշտ ինքն իրեն,
Մինչև նորահայտ կյանքը երևա,
Նա, որ անցողիկ և անկրկին է

Մեր ապրած բոլոր օրերի նման՝
Այդ զարմանալի խճանկարի,
Որն ընդունում է և՛ ծնունդ, և՛ մահ,
Որ մի պատկերով ողջը ընկալի,

Որ մի բխումով սերմերը աճեն,
Որ կյանքը ծաղկի մեր հոգու հողում,
Որ բուրեն հույզի պարտեզներն այն ջերմ,
Որ անանձնական սերն է ողողում…

* * *
Ու մեր դարձդարձիկ հիշողությունը
Մեր մեջ թափառող տենչն է լինելու,
Նա մերթ սուզվում է մշուշների մեջ,
Մերթ տարրալուծվում հայելիներում –

Բայց լինելության տենչն էլ է մարում,
Երբ կտրվում է հիշողությունից,
Ես փնտրում եմ իր հյուլեն ամենուր,
Նա փշուր-փշուր մոտենում է ինձ –

Իմ հիշողության ջարդված հայելին
Ես հավաքում եմ հիմա բառ առ բառ,
Մենք արտասվում ենք իրար նայելիս
Ու մոռանում ենք տարաբախտաբար…

Ու հայացքներով զուր մի՛ հմայվեք,
Նրանք մեր մեջ են լուռ փշրվելու…
– Ուշադի՛ր իրար դեմքերին նայեք –
Մի՛ վայրկյան հետո էլ չեք հիշելու…

***
Ու ահեղ մի վիշտ ինձ սովորեցրեց
Միշտ թեթև նայել կյանքի անցքերին,
Ու նա հրաժեշտ տվեց ինձ, իսկ ես
Ուղիղ նայեցի նրա աչքերին:

Բայց նա հայացքը փախցրեց իսկույն,
Բայց նա թաքցրեց իր դեմքն ինձանից,
Բայց նա ետ նայեց աչքերով իր կույր,
Բայց նա երկյուղեց կարծես իմ ձայնից:

Ու ետ կանչեցի ես նրան այնժամ,
Ու երկար, երկար մենք զրուցեցինք,
Որքան էլ լինի կորուստը դաժան,
Որքան մեզ թվա այս աշխարհը սին՝

Բայց մենք միասին այս աշխարհ եկանք,
Մենք բախտակից ենք, և ուշ է արդեն՝
Պիտի միասին մեր վիշտը սգանք,
Պիտի միասին իրար փարատենք:

***
Բառերն ինձ ուրիշ աշխարհ են տանում,
Չեն թողնում կենցաղն այս հաղթահարել,
Սիրտն է ճոճքի պես դարձյալ տատանվում,
Ու տագնապները դեռ չեն դադարել:

Մարդիկ նման են ուրվականների,
Դու խոնարհվում ես, բարևում նրանց
Ու փնտրում ես խինդն այն անկարելի,
Որ ավաղ, միայն բառերում մնաց:

Դու մոտենում ես անծանոթ մարդկանց,
Փորձում ես նրանց ինչ-որ բան ասել,
Բայց կյանքը` դարձած մի օտարական,
Ու տարիները` անսեր, անհասցե

Հեռանում են այս խուլ փողոցներով,
Ու դու լսում ես ձայնը քայլերի,
Ու ինքդ քեզ հետ այսպես խոսելով`
Դառնում ես ասես կյանքիդ հայելին

Ու նրա խորքում լոկ քեզ ես տեսնում,
Եվ ուրվագծերն անցնող օրերի,
Ու հայտնվում ես բառերի ներսում
Այսպես օր օրի քեզ որոնելիս:

Ու դու հաշվում ես զարկը քո քունքի,
Ու դու հաշվում ես վայրկյաններն ահեղ,
Ու խենթանում ես մի պահ հուզմունքից,
Եթե փորձում ես անգամ կռահել,

Թե ուր է ցնդում կյանքի երթն արագ,
Թե քանի վայրկյան կյանքում մնաց քեզ`
Որ երգերիդ պես լրիվ խենթանաս,
Եվ կամ խենթության սահմաններն անցնես…

ՄԵՂԵԴԻ
Օ, անթերի կատարում
և՛ մեղեդու, և՛ երգի,
և խորքերն են տատանվում
հոգեզմայլ եզերքի,

Եվ մատների տակ նրա
հոգին քնար է դառնում,
միայն նրան է տրված
մնալ այդպես անանուն,

Ալեկոծել աշխարհը
տարաշխարհիկ ցնծությամբ,
այդպես են կյանքը օծում
ամենօրյա հարությամբ:

Եվ հոգևոր գարունն է
մեր հոգիները բախում,
և երգեցիկ անունն է
մեռոնի մեջ թաթախվում:

ՆՈԹԱՏԵՏՐԸ
Սամվել Մկրտչյանին

Սա ոչ թե նվեր, այլ ուղերձ է ինձ՝
Սիրելի ընկեր, մի ճերմակ ուղերձ,
Ու կատարյալ է ինձ թվում ձևն իր,
Ու անհնար է մի բառ իսկ ուղղել

Եվ կամ գրառել սեփական խոհերն
Այդ ճերմակ թախծին խառնելու համար –
Մնում է միայն խաղաղ մտորել,
Մինչև մոտենա պահը արարման,

Ու գունավորվեն թղթերը ճերմակ
Այս նոթատետրի խոնավ էջերին,
Ու կերպարանքներն աղոտ երևան,
Հանդերձավորվեն հույզերը ջերմին,

Ու այն ամենն՝ ինչ եղել – չի եղել,
Միանա կյանքի խաղաղ երակին,
Որ ինչքան էլ շատ գույները հեղվեն՝
Հունը հարազատ մնա ճերմակին…

ԵՐԵԿՈ
Գյուղում մեկ առ մեկ լույսերն են վառվում,
Ինչ դանդաղորեն երեկոն եկավ,
Դանդաղ ծոր տալով օրն է երկարում,
Ու քո զրույցն էլ ձգվում է երկար:

Բայց արդյոք ո՞վ է զրուցակիցդ,
Դու նրա դեմքը երբեք չես տեսել, –
Ներս է թափանցում երեկոն հանգիստ,
Ու զրուցում ես դու ինքդ քեզ հետ.

– Խաղաղությու՛ն ձեզ, առկայծող լույսեր,
Որ իմ ներսում եք վառվում ու հանգչում,
Այս գիշեր քոնն են, խաղաղված իմ սեր,
Ե՛վ երազները, և՛ աստղերի չուն:

Տե՛ս, մի պահ հետո, նրբագեղ քայլով
Լուսինը կելնի իր ապարանքից,
Խաղաղությո՜ւն քեզ, երկարող կարոտ,
Թախիծ իմ անծիր ու անպարագիծ…

ԱՂՈԹՔ ԳԻՇԵՐՎԱ
Գիշերը իմ մեջ ննջում է խաղաղ.
– Ինձ ահեղ ժամին փորձության մի՛ տար,
Այլ փրկի՛ր չարից, երբ մի ողջ աշխարհ
Քնած է խաղաղ իմ կոպերի տակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։