ԻՄ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ / Սերգեյ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Ինքն իր մեջ խխունջվածի մշտապես մտազբաղ ու հոգսաշատ, ներփակ ողբերգական, ջղուտ ու նիհար տեսք: Ընթացքի մեջ ծանր, թվացյալ կցկտուր, բայց իրականում ներկայի ու պատմական փորձի դառնություններով իմաստնացած միտք: Ֆիզիկական գոյությամբ ասես բացակայող, իսկ գործունեությունը` առավելապես գրավոր խոսք:
Եվ այդ ամենն ինձ համար իմաստավորվում են առաջին հերթին իբրև նորագույն ժամանակների դոնկիխոտություն: Նա ընթացիկ կյանքի գործնական զինվորը չէր: Նրա կռվի դաշտն իր գրասեղանի սպիտակ թուղթն էր, զենքը` փիլիսոփայորեն ծանրակշիռ խոսքը: Նահապետական դառնանուշ կեցության մեջ աչք բացած մեկը, ով մտածող-մտավորական էր ավելի, քան գիտնականության բոլոր աստիճաններով բարձրացած և իրենց պես-պես տիտղոսներին վերաբերող մակուլատուրայով ու պսպղուն զանգուլակներով ցուցադրվող շատերը:
Ծնվել էր մաքառող լինելու համար: Մաքառող իրենից դուրս և անկախ ուրիշի հոգս ու խնդիրներով, որոնք սակայն իրենն էր համարում: Մաքառումը վերածում էր գրով ճչացող ցավի, որի գլխավոր պատճառը կյանքի փոփոխությունների մեջ մարդկայինի կորուստներն էին: Թեկուզ զրկանքների ու կեցության դառնությունների մեջ, բայց դեռևս նշմարվող արժեքների կորստի պատճառով: Տառապանք նաև հանուն գոյության մեր կիսատպռատ, հաճախ չկայացած պայքարի, այդ ընթացքում` անդառնալիորեն տանուլ տրվածի, այս աշխարհում ինքնահաստատվելու համար ոչ պիտանի մեր նկարագրի պատճառով:
Ինքն, անկասկած, գիտեր, որ կյանքի հեղեղի դեմ ցանկացած պայքար ոչ միայն անիմաստ է, այլ նաև ծիծաղելի: Բայց նրա այդ մաքառում-պայքարը իմաստավոր էր, և ինքն էլ` պահանջարկ ունեցող, քանի դեռ իրականությունը սովետական կենսակերպի մեջ էր: Իր խոսքն իրական կեցության համար գործնական արժեք չուներ. կյանքն իր ճամփով գնում էր: Բայց այն անհրաժեշտ էր իբրև նույն այդ կեցությանը պակասող հոգեմտավոր առողջության վերաբերյալ ցավալի ժամանակագրություն: Նաև հույս ու պատրանք, որ մարդ տեսակի նկարագիրն ու կենսակերպը երբևէ կազատվեն իրենց բնորոշ աղետավորից:
Իր մաքառումը, թեկուզ դոնկիխոտյան, դատապարտված, սակայն իմաստավոր ու անհրաժեշտ էր սովետական տարիներին: Նաև ընդհանրապես: Առավել ևս` մեր օրերում:
Բայց նրա պայքարի, նույնիսկ ֆիզիկական գոյության համար աղետալի եղավ մեր նոր կենսակերպը: Դա այն ապոկալիպսիսն էր, որը նրա համար ընդհանրապես անիմաստ դարձրեց և՛ ներկան, և՛ անցյալը, ոչնչացրեց նրա բոլոր հենարաններն ու պատրանքները: Անգետ ոչնչացնողի անտարբերությամբ պատմության թափոնների արխիվ շպրտվեց այն կենսակերպը, որն ինքն ապրել էր, մարդկանց այն համախումբը, որոնց գենետիկ նյութից էր նաև ինքը: Գրական-ոչ գրական շրջապատում ոչ ոք նրա հետ չէր կարող չափվել այդ կյանքին ու այդ գենին իր հարազատությամբ: Դրա համար էլ նոր կենսակերպը դարձավ իր ապոկալիպսիսը, ազդարարեց իր խոսքի անիմաստությունն ու անպատեհությունը: Հետևաբար` նաև իր գոյության:
Ու նա լռեց:
Նրա լռությունը կուտակումի ծանր, նույնիսկ մռայլ լռություն էր: Եթե ավելի ապրեր, քան վիճակված էր, վստահ եմ, այդ լռությունը ճեղքվելու էր մի նոր իմաստնությամբ, ցավ ու մաքառումի մի նոր ասքով:
Բայց, ափսո՜ս, այդպես չեղավ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։