Չարիքն առօրեական ու սովորական է այն ժամանակ, երբ հասարակությունը դառնում է անտարբեր

Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն»Հուլիսի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ իսրայելցի գիտնական, պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:
Մեծ եղեռնի մասին ճշմարտությունը պատմելու համար հեղինակը արխիվային ծավալուն հետազոտությունների հիման վրա վերլուծում է անցած դարասկզբի պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ՝ քաղաքական ուժերի դիրքորոշումների, ինչպես նաև զուտ բարոյական տեսանկյունից:
Ըստ ՀԳՄ նախագահ Լ. Անանյանի` «Անընդունելի անտարբերություն» գրքով Աուրոնը, արխիվային նորահայտ փաստերի հիմքով բարձրաձայնելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, մի կարևոր քայլով մոտեցնում է ողջերի և մեռյալների աշխարհում ապրելու «երկկենցաղության» վերջնական լուծումը: Համեմատություն անցկացնելով հայերեն և անգլերեն վերնագրերի միջև՝ նա անդրադառնում է դրանց սկզբունքային տարբերություններին: Ըստ նրա` անգլերեն տարբերակը «Անտարբերության առօրեականությունը» ավելի ստույգ է տալիս այն բանալին, որ բացում է հեղինակի ասելիքը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Յաիր Աուրոնին բնութագրեց իբրև խիզախ ու անաչառ հեղինակի, ում հետաքրքրում է այն խնդիրը, թե ինչպես կարող է ցեղասպանություն ապրած ժողովուրդը մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը: Ըստ Ա. Մելքոնյանի՝ հեղինակն իր ինը գլխից բաղկացած գրքում Հայոց ցեղասպանությունը համարելով Հոլոքոսթի նախերգանք, փաստում է այն միտքը, որ եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթը տեղի չէր ունենա:
Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ցավով նշեց, որ գիրքը 14 տարի ապրել, գործել, աշխատել է Իսրայելում, բայց Հայաստանում այդ մասին չեն իմացել, այնինչ պարզվում է, որ դա միակը չէ: Նա ընդգծեց այն միտքը, որ առհասարակ ցեղասպանությունն ընդունում են բոլորը, ուրիշ հարց է ղեկավարների պահվածքը. ցեղասպանություն չեն ճանաչում պետությունները:
Քնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբանը նշեց, որ 24 տարի պայքարում է, որպեսզի չուրացվի Հայոց ցեղասպանությունը: Նա խոստովանեց, որ հպարտանում է փաստերի բացահայտման մեջ բազմաթիվ հրեաների դերակատարության ու վկայության, Ֆրանց Վերֆել ունեցող ազգի զավակը լինելու համար: Եվ ամաչում է, որ իր երկիրը դեռևս քաջություն չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը նշելու պաշտոնական օրացույցում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ինստիտուտի գիտխորհրդի կողմից Յաիր Աուրոնին պարգևատրեց «Ֆրանց Վերֆել» Ոսկե մեդալով:
Յաիր Աուրոնը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և հույս հայտնեց, որ գիրքը կդառնա հայ հասարակության սեփականությունը: Նա խոստովանեց, որ իրեն հուզում է, թե ինչու Իսրայելը չեղավ Հայոց ցեղասպանությունն ընդունող առաջին երկիրը: «Մենք պայքարում ենք նաև ապագայի ցեղասպանությունների դեմ, մենք՝ հրեաներս ու հայերս, չենք կարող լինել այն ազգերից, որ կիրականացնեն ցեղասպանություններ, չենք կարող անտարբերությամբ նայել, թե ինչպես է տեղի ունենում մեկ այլ ազգի ցեղասպանությունը: …Համոզված եմ, որ ժխտելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, մենք պղծում ենք մեր սեփական Հոլոքոսթի ժառանգությունը»,- ամփոփեց հեղինակը:
Շնորհանդեսի ընթացքում հատվածներ ընթերցվեցին «Անընդունելի անտարբերություն» գրքից: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցավ Երևանի պետական կամերային երգչախումբը: Գիրքը ռուսերենից թարգմանել է Աննա Սաֆարյանը, առաջաբանը գրել է Զորի Բալայանը: Գրքի հրատարակությունն իրականացրել է մոսկվաբնակ գործարար Կարեն Բաղդասարյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։