ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՄԵՐ ԲԱՑ ՎԵՐՔԵՐԻՑ… / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

…Արդեն գարուն է բացվում, հոնիներից հետո նշենիներին էլ մի առավոտ ծաղկած տեսա, ու հիմա կարծես դեղին ու սպիտակ լույսերի շատրվաններ են ցայտում տանս չորսբոլորը: Մանուշակն ու հարսնածաղիկն էլ են մոտիկ լանջից աչքով անում, և մտքիս մեջ ու բարձրաձայն հազար-հազար անգամ «Գարունն այնքան ծաղիկ է վառել» անուշ, հոգեհմա բառերն եմ կրկնում… Ավա՜ղ, իմ լեռնաշխարհում գարնանային խինդ ու բերկրանքին զուգահեռ նաև անհանգիստ տագնապներով է լցվում այստեղ ապրող ու սահման պահող մարդկանց սրտերը: Բոլորը՝ գրպանում պահած պարսատիկով թուրքին զարկելու պատրաստ փոքրիկից մինչև գիշերը շորերը մինչև վերջ չհանող ջահելներն ու որքան էլ վատ լսող, այնուամենայնիվ, ամբողջ գիշեր ունկերը սահմանից եկող ձայներին պահած ալևորները գիտեն, որ գարնան գալու հետ, ծառերը կանաչով պատվելու հետ ազերի թուրքերը նորից են ակտիվանալու և կրակի տակ պահելու մեր սահմանները, ճանապարհներն ու հանդ ու սարերը: Հողագործը, նախրապանը, փայտահատը ամեն Աստծու օր հանդ գնալիս, դաշտ գնալիս պիտի գրկի, համբուրի բոլոր տնեցիներին ու հառաչանքով քրթմնջա. «Է՜հ, ինչ իմանաս… մեկ էլ տեսար…»: Գնում են՝ թուրքի կույր գնդակից զարկվելու միտքն աչքի առաջ… Գարուն է, ու նաև խոպանի սեզոնն է հիմա, հարկավոր է հաճախակի լինել սահմանապահ գյուղերում, ասել, խոսել, զրուցել մարդկանց հետ, որ կրակոցներից տագնապած ու ավելի շատ կարիքից դրդված, կարիքից շփոթված չթողնեն հեռանան, չլքեն իրենց օջախները: Պետք է ամեն կերպ ԱՊՐՈՂ, ՇՆՉՈՂ, կյանքով լի ու շեն պահել սահմանապահ բնակավայրերը: Մեր զինվորը, հայ մարտիկը թուրքից, թշնամուց չի վախենում, այլ նրանից, որ հետ նայի և հանկարծ տեսնի՝ իր թիկունքի գյուղը դատարկվել է, օջախների երդիկներից ծուխ չի բարձրանում: Պետք է այնտեղ լինել՝ պարսատիկը գրպանում պահած փոքրիկի, գիշերն անքուն լուսացնող պապիկի, թոնրում հաց թխող տատիկի ու օրորոցի մոտ կքած ջահել մայրերի կողքին, ու եթե հարկավոր լինի, նաև զենք առնել, կռվել ու ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԵՌՆԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ԵԶԵՐՔԻՑ ՉՆԱՀԱՆՋԵԼՈՒ…
Այս անհանգիստ խոհերի, այս լուռ տագնապների մեջ էի, երբ ձեռքս առա «Գրական թերթի» թիվ 2-ը: Համբերությամբ կարդացի շատ ծավալուն նյութերից մեկն ու չկարողացա դիմանալ սրտիս ծակոցներին: Երևանաբնակ լոռեցի, ինչպես ինքն է ասում՝ «Ձեռքի հետ նաև գրողն ու գրածը տպող-վաճառող» Լևոնը գրում, համարում, կարծում ու համոզված է, թե անիմաստ է հանուն հայրենյաց զոհվել ու նահատակվել: Ասել է, թե ժխտում է մեր դարեղեն երդումը. «ԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԱՀԸ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է»: Դե եկ ու մի խենթանա, երբ կարդում ես, որ նա գրել է նաև. «Հինգ դար շարունակ թուրքի հետ հաշտ ու խաղաղ ապրել ենք, ռուսի դրդմամբ, բոռի բունը մենք բզբզեցինք»… Ախր, հենց թուրքերն են արդեն 100 տարի պնդում ու ասում, թե Եղեռն չի եղել, հայերը դավաճանել, ռուսների կողմն էին անցել, մենք էլ մեր երկրի ապահովության համար տեղահանել ենք նրանց, և այդ ճանապարհին նաև մահացողներ են եղել: Չեմ ուզում որևէ մեկի նկատմամբ այս զազրելի բառն օգտագործել, բայց դե, դավաճանը հո պոզավոր չի լիում: Չէի ուզենա նաև հիմա անդրադառնալ սույն աններելի անհեթեթությանը, մանավանդ, երբ հոդվածագրի հավաստմամբ, այս կարծիքի հեղինակը գտնում է, որ մարդն ու գրողը ավելի լավ են ճանաչվում, երբ նրանց քննադատում են… Նամանավանդ, ինչ ասես մեկին, ով մեր հողերը զավթած, մեր երկիրը նվաճած թուրքին մեզ հետ «հինգ դար հաշտ ու համերաշխ ապրող» է համարում: Հետո էլ գրում է, թե Հայաստան երկիրը «գողի, բոզի երկիր ա, գյոթերին էլ չհաշված»: Որքան էլ նեղացած, որքան էլ դժգոհ, ներելի՞ է հարազատ երկրին այսպիսի պիտակներ կպցնելը: Հիմա որերի շարքում է ինքն իրեն դասում… Կարելի է հարցնել, թե ինքն ինչ է տվել այդ «բ…-ի ու գ…-ի երկրին»…
Սահմանում ապրողը ժամանակ չունի, որ առուծախ անելու հետ միաժամանակ գրի ու ստեղծագործի: Մեր ուշքումիտքը սահմանի կողմն է, լսելիքներս՝ թուրքի կրակոցին, բայց ինչ էլ լինի, որոշեցի այսօրվանից նստել ու գրել: Այսպիսիների մասին էլ եմ գրելու, ու եթե նորից կռիվ ու կրակոցներ սկսվեցին՝ «քիրվա» թուրքերի համար, ում հետ «հաշտ ու խաղաղ ապրում էինք հինգ դար», շա՜տ մղկտացողներին քարշ եմ տալու (իրենք կամավոր չեն գա), բերեմ սահման, այստեղ ապրելու, որ մոտիկից իմանան ու ճանաչեն «դոստ-քիրվաներին»:
Ախր, իր 16 ու 18 տարեկան հորեղբայրներին չեն «դոստերը» մորթել, այլ՝ իմ: Իր հարևանի տանը չեն թուրքերն ամբողջ գիշեր հյուրընկալվել, կերել-խմել, լուսադեմին էլ մանկամարդ հարսին, դեռահաս աղջկան բռնաբարել, նախիրն էլ քշել-տարել: Իր տունը չի թշնամու սահմանից 1000 մետր հեռավորության վրա, այլ՝ իմ: Իր թոռները չեն ամեն օր կրակոցների ուղեկցությամբ մանկապարտեզ գնում, այլ՝ իմ: Ինքը չի գերեվարված, միլիցիայի տանջահար եղած մեր տղաներին վերադարձնելու համար 1991թ. վայրագ թուրքերին կամավոր պատանդ հանձնվել, այլ՝ ես: Ինքը չի թուրքի նենգ կրակոցից զարկվելու վտանգից անհանգիստ, մահացած հարազատների հուղարկավորությունը գիշերը կատարում, մի քանի հոգով գնում գերեզմանոց, այլ՝ մենք: Ինքը չի ամեն օր փառք տալիս Աստծուն, խո՜ր շունչ քաշում, որ ևս մի խաղաղ առավոտ բացվի սահմանին, և գոնե մի օր կրակոցներ չլսվեն…
Ես կուզենայի, որ մեր սիրելի «Գրական թերթը» մեծ, ծավալուն հոդվածներ հատկացներ հատկապես բանակի, զինվորի, հայրենիքի մասին, հայրենասիրության թեմաներով գրող հեղինակներին, և ոչ թե իմ շատ հարգարժան Սերգեյ Սարինյանը երեք հսկայական էջում իր ծանրակշիռ ու հեղինակավոր խոսքն ասեր մեկի մասին, ով իր գրչով ու ասելիքով չի նպաստում մեր թանկ հայրենիքի պաշտպանությանը, չի փառաբանում սրբազան կռվում նահատակվածներին՝ նրանց նվիրական ինքնազոհությունը համարելով անտեղի ու չարդարացված: Զարմանալի է, որ մեր պատվելի գիտնականը հենց նրան է համարում «ժամանակակից հայ արձակի ականավոր դեմքերից մեկը», իսկ նրա ստեղծագործությունները՝ նշանակալից երևույթ 21-րդ դարի նորաոճ գրականության զարգացման հեռանկարում:
Նախկինում «Գրական թերթով» բաց նամակ եմ հղել իր գրած ու դրա համար թուրքերից մեդալ ստացած «Քիրվայի» առումով ու բարեկամաբար ասել, որ թուրքերը բնավ էլ իր իմացածն ու ճանաչածը չեն և թող վերջ դնի քիրվայապաշտությանը, դա վիրավորում է նահատակվածների հիշատակը, զայրացնում է հանուն հայրենյաց զոհվելու պատրաստ ազատամարտիկներին ու զինվորներին:
Իսկ նա ասվածի շուրջ մի քիչ մտածելու փոխարեն հիմա էլ մերժում է «հանուն հայրենյաց, հանուն գաղափարի նահատակվելը» կամ մեր երկիրը զավթած թուրքին մեզ հետ «5 դար հաշտ ու խաղաղ ապրած» ժողովուրդ է համարում: Չեղավ, չի կարելի, Լևոն… Չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ սահմանապահ շեներում ապրող մարդիկ ամեն օր լինել-չլինելու տագնապներով են ապրում ու ոչ «Գրական թերթ», ոչ էլ քո «21-րդ դարի նշանակալից երևույթ» գրածները կարդալու ժամանակ չունեն, բայց թե որ կարդացին ու իմացան… Լևոն, եթե ուզում ես իսկապես ճանաչես ու իմանաս թուրքերին, ապա եկ ու ապրիր սահմանում: Սահմանում ապրելը քեզ երջանիկ լինելու բացահայտ հնարավորություն կտա, քանզի, ինչպես դու ես գրում. «Հային երջանիկ լինելու համար այնքան էլ մեծ բան պետք չէ: Անհրաժեշտ է ընդամենը մի թուրք սպանել»: Սպանիր, եթե կարողանաս, բայց իմացիր, որ ոչ թե մեկ, այլ շատ թուրք սպանած ու սպանող տղերքիս համար երջանկությունը բնավ էլ թուրք սպանելը չի, այլ՝ մեր տանը, մեր ընտանիքներում խաղաղ ապրելը, սակայն երկիր պահողներիս համար թուրք սպանելն էլ երջանկություն չի բերի, քանզի մեր պահած ու փրկած երկրում կա, ապրում է մեկը, ով ո՛չ ավել, ո՛չ պակաս, ասում է. «Ռուսը հային դարձնի թուրքի թիրախ, չար աշխարհ, ռուսը գա դառնա մեզ բարեկամ, էյ աշխարհ, թուրքին դարձնի մեզ թշնամի, չար աշխարհ…»: Ուրեմն, չենք իմացել, որ Սուլթան Համիդից ու նրանից էլ առաջ ռուսն է մեր թշնամին եղել, ուրեմն դեռ շա՜տ վաղուց ռուսներն են պետական մակարդակով պլանավորել ու իրագագործել հայահալած քաղաքականությունը, նրանք են զավթել ու տիրացել մեր պատմական երկրին…
Լևոնը Ղարաբաղի հարցում ևս առանձնահատուկ, շշմելու տեսակետ ունի. «Դժվար է գտնել ղարաբաղյան հարցի հանգուցալուծումը, նամանավանդ որ այդ հարցում խիստ կարևորում եմ մարդու իրավունքների գերակայությունը»: Դե, Ղարաբաղում ապրող մարդիկ էլ որոշել են վերականգնել պատմական արդարությունը և ապրել ազատ ու անկախ, բայց թուրք մարդիկ էլ չեն ուզում, չեն թողնում: Հիմա, դատավոր Լևոն, ո՞ւմ իրավունքն ես գերակա համարում: «Եթե անգամ թուրքը որպես ազգ՝ թշնամիս է, ապա որպես մարդ՝ բարեկամս է»,- քո խոսքերն են…
Լևոն, հիմա օգնիր ինձ «հետևություն անելու»՝ 15-ի Եղեռնի իրագործողները, այսօր իմ հայրական տունը գնդակոծողը, սահմանի կողին գտնվող իմ տունը ավերակի վերածողը… մեր սահմանին ու Ղարաբաղում մեր անուշ տղաներին սպանողը ո՞վ է՝ թուրք ա՞զգը, թե՞, քո ասած, թուրք մարդը…
Ափսոս, ափսոս մեր հերոս տղերքը, որ կռվում, խիզախում ու նաև զոհվում են հանուն հայրենյաց, ու որտեղ մեկը (գուցե էլի կան) գրում է. «Մարդը ծնվել է, որպեսզի ապրի ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով և ոչ թե հերոսական կյանքով անմահանալու համար: Հերոսը բարբարոսական դարաշրջանի ծնունդ է, որն այդպես էլ մահացավ՝ 21-րդ դար չթևակոխած»…
…Ավարտեմ, ու եթե ասածներս իզուր են Լևոնի համար, երևի ինձ անպայման կհասկանան գոնե նրանք, ովքեր սահմանին են ապրում ու հրաշալի են ճանաչում թե՛ թուրք ազգին, թե՛ թուրք մարդուն…

Հ. Գ. – Հանկարծ ու որևէ մեկի մտքով չանցնի, թե ինչ որ ասացի՝ Լևոնի լավ կամ վատ գրելուն է վերաբերում, կամ նրա 21 -րդ դարի արձակի «ականավոր դեմք» տիտղոսին: Քանզի նախկինում, երբ բաց նամակ էի հղել Լևոնին, մի տիկին, ում չեմ ճանաչում, առանց խնդրի մեջ խորանալու, հսկայական «Լևոնաձոն» էր գրել: Քավ լիցի, գրեք՝ ինչքան ուզում եք, կարդացեք՝ ինչքան ուզում եք, գովեք ու մեծարեք, ինչքան ուզում եք, միայն խնդրում եմ, աղաչում եմ ձեզ՝ ձեռքներդ հեռու պահեք իմ ու սահմանամերձ-սահմանապահ շեներում ինձ նման ապրող ու նաև հանուն հայրենյաց նահատակված մեր սուրբ տղերքի մայրերի բաց վերքերի վրայից… Հեռու պահեցեք, հեռու գնացեք մեզնից: Թե որ շատ եք զզված, հեռացեք, գնացեք ձեր ասած «գողի ու բոզի երկրից», որ մնացողներս էլ իմանանք, թե ում կողքին, ում հետ արժի ապրել, կռվել ու եթե պետք լինի՝ նաև ՆԱՀԱՏԱԿՎԵԼ մեր անուշ, թանկ ու սիրելի երկրի համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։