«Չի կամենում դարձյալ կիթառը համրանալ…» Վլադիմիր Վիսոցկի – 75 / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Վլադիմիր ՎիսոցկիՀամոզված եմ, Հայաստանում Վլադիմիր Վիսոցկին այսօր էլ ծանոթ ու թանկ անուն է շատերի համար: Համաժողովրդական սերն ու նվիրումը, որ վայելում էր կենդանության օրոք, նրա ողբերգական վախճանից ավելի քան երեք տասնամյակ անց ու ծննդյան 75-ամյակի շեմին բնավ կորուստ չեն կրել, եթե ոչ՝ հակառակը: Գրեթե բոլոր մուսաների հովանու ներքո ծնված լեգենդար այդ մարդն այսօր էլ շարունակում է մեզ հետ մնալ հսկայական տպաքանակներով հետմահու հրապարակված տասնյակ գրքերով, թողարկված ձայնա­սկավառակներով, նորովի ընկալվող ու գնահատվող կինոդերերով, նաև՝ նրա մասին նորահայտ հրապարակումներով, մեկը մյուսից հետաքրքիր հեռուստահաղորդումներով ու համերգային ծրագրերով…
Անմնացորդ այրումն ու ստեղծագործական կիրքը, ուժն ու համարձակությունը, բացարձակ անկեղծությունն ու անմիջականությունն էին բազմաշնորհ այս արվեստագետի, զարմանալի անհատականության ողջ ստեղծագործության ամենաբնորոշ հատկանիշները, ում կյանքը խորհրդային ռեժիմի պայմաններում անվերջանալի մի պայքար էր, համառ մաքառում թաքուն ու բացահայտ հալածանքների, նենգ խարդավանքների դեմ.
Ինչ-որ անձինք, ինչ-որ օրգան ու ատյաններ/Բացահայտ կռիվ են իմ դեմ հայտարարել,/Ինչ է, թե ընդունված անդորրը խախտել եմ,/ Ողջ երկրով մեկ խռպոտ իմ էս ձենը գցել…
Բայց ի՞նչ էին ուզում նրանից, ինչո՞ւ մերժված, շնորհազրկված էր համայն Ռուսիայում ու ողջ Խորհրդային Միությունում սիրված, հանրաճանաչ արտիստը, ում երգերը հնչում էին գրեթե յուրաքանչյուր հարկի տակ: Այդպես էր, որովհետև նա գտել ու գիտակցում էր իր կոչումը, որովհետև ողջ էությամբ, խառնվածքով, հոգեկան կերտվածքով մարտիկ էր. ճշմարտության ու արդարության երդվյալ զինվոր և պարզապես չէր կարող իր շուրջը, իր ապրած իրականության մեջ չզգալ-չտեսնել, ի լուր ամենքի չգրել, ընդվզումով չերգել,որ
Ճշմարտությունն հեկեկում, Աստծով երդում է ուտում,/Փողի կարոտ ու հիվանդ՝ թափառում է դռնեդուռ:/Կեղտոտ սուտը նժույգ է գողացել մի զտարյուն/Ու թռչում է սրընթաց՝ ձիգ ոտքերով իր ամուր:
Հեղինակի կատարմամբ մեկ-երկու երգ լսելն էլ բավական էր՝ զգալ-համոզվելու համար՝ ինչպես է նա ողջ էությամբ իր ստեղծագործության մեջ տարրալուծվում, անսովոր ձայնի ամեն հնչերանգով գրեթե ամեն անգամ վերստեղծում երգը, կատարման վարակիչ մի ուժով լրացուցիչ տարողություն հաղորդում յուրաքանչյուր տողին: Եվ միանգամայն բնական էր ոմանց այն կասկածը, թե առանց երգի, առանց հեղինակի անկրկնելի կատարման Վիսոցկու բանաստեղծությունները հազիվ թե ցանկալի տպավորություն թողնեն:
Ինչ խոսք, իրոք որ երգելիս հաճախ հրաշքներ էր գործում նրա «լեգենդար տեմպերամենտը», իսկ սովորական կիթառը նրա ձեռքին երբեմն կարող էր անգամ մեծ նվագախմբի բազմաձայնության հետ մրցել: Եվ սակայն պետք չէ ծայրահեղության մեջ ընկնելով՝ անտեսել նրա ինքնատիպ պոեզիան, ինչպես վարվում են ոմանք անգամ այսօր, երբ ժամանակն արդեն կարծես ամեն ինչ իր տեղն է դրել, և Վիսոցկին ընդունվում, մեծարվում է առավել խորն ու գիտակցված սիրով՝ որպես Ռուսիայի ոգին իր մեջ կրող, նրա նվիրական զգացումներն ու երազանքների թարգման ժողովրդական բանաստեղծ: Ոչ, նրա երգերի խոսքերը հավուր պատշաճի գրված սովորական տեքստեր չեն: Դրանք երգից անկախ էլ պահպանում են իրենց ինքնուրույն գոյությունը, խոհական, զգացմունքային մեծ լիցքեր պարունակում: Վիսոցկու համար, կարելի է ասել, չկան ոչ բանաստեղծական թեմաներ ու սյուժեներ, և առօրյա կյանքի յուրաքանչյուր բնագավառ ու երևույթ կարող էր պոեզիայի նյութ դառնալ:
«Հեղինակային երգում ամենագլխավորը տեքստն է, ինֆորմացիան, պոեզիան,- ասել է մի առիթով:- Դա ընդհանրապես երգ էլ չէ, բանաստեղծություններ են, որոնք կատարվում են կիթառի կամ ակորդեոնի նվագակցությամբ, որտեղ շեշտված է դրանց ռիթմական հնչողությունը՝ ունկնդրի վրա ներգործության ուժը մեծացնելու համար: Երգի վրա հարկավոր է ավելի երկար ու մանրակրկիտ աշխատել, քան բանաստեղծական ծավալուն ստեղծագործության: Այն պետք է նաև առավել շատ մաքրել ու հղկել, որպեսզի միաժամանակ թե լսելիքին, թե հոգուն հասնի»:
Ամեն տարի ծննդյան տարեդարձի ու հիշատակի օրերին նրա ապրած բուռն կյանքի, նրա ստեղծագործության առջև ակնածալից խոնարհվում, նրա հիշատակին մոմ են վառում հազարավոր մարդիկ: Մոսկվայի սրտում գտնվող Վագանկովյան գերեզմանատանը նրա շիրիմը ուխտատեղի է դարձել՝ մշտապես թարմ ծաղիկներով ծածկված: Արդեն քանի՜ տարի մարդկային հոսքը չի դադարում ու չի դադարի, քանի դեռ նրա երգերը հոգիներ են բուժում, սրտեր թեթևացնում, շարունակում կռիվը հանուն ճշմարտության ու արդարության՝ ամեն անգամ հնչելիս ասես նորոգվելով, վերածնվելով նորից ու նորից:
Չի կամենում դարձյալ
Կիթառը համրանալ,
Երգում է նա էլի լուսնյակ գիշերներով,
Ինչպես պատանության հեռու
իմ օրերում՝
Արծաթե իր զնգուն,
Յոթ հրաշք լարերով…

ԵՆԳԻԲԱՐՈՎԻՆ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ

Ծաղրածուն գող էր. այստեղ-այնտեղից
Նա գողանում էր պահեր տխրագին:
Գրիմ-կեղծամը, պիտույքներն իր ողջ
Նա թողել էր մյուս ծաղրածուներին:
Լուռ ու անտարբեր, քայլերով սահուն,
Կլոունի իր հիմար թասակով,
Կրկեսում նա մեր մեջ էր հայտնվում՝
Միշտ բոլորված նույն լուսե օղակով:
Իսկ երես առած հանդիսատեսը
Իր փողի դիմաց ծիծաղ է ուզում,
Գոռգոռում դժգոհ. «Այս ի՜նչ միմոս է.
Չէ՛, սրան ուրիշ փեշակ է սազում»:
Մինչ և մենք էինք բողոքում վհատ.
«Մեզ ծիծա՛ղ է պետք, այդ ի՜նչ ես անում»,
Նա այդ ընթացքում, զգույշ, աննկատ,
Մեր հոգիներից թախիծն էր հանում:
Տալիս-առնում ենք մենք դեռ շվարած.
«Մեր կրկեսն, այո՛, հռչակավո՜ր է,
Բայց, դե, շատ է այս ծաղրածուն ցրված,
Տխուր է, ախր, ծիծաղելի չէ»:
Իսկ նա անվարան, բաց ու աշկարա,
Ասես սուզվելով խորքերը ջրի,
Վիշտն էր գողանում ներքին գրպանից
Մեր բաճկոնապատ, փակ հոգիների:
Ծիծաղում էինք մենք հետո սրտանց,
Ձեռնափերը մեր ծափի մեջ փշրում…
Ոչի՜նչ չէր անում նա ծիծաղաշարժ.
Տխրությունն էր լոկ մեզնից վտարում:
Բայց ինքնամոռոց իր գործին տրված՝
Միմոսն ավելի թախծոտ էր դառնում,
Հին սովորությամբ էլի ու էլի
Այլոց վշտերը իր վրա առնում:
Շատ են ու ծանր վշտերը արդեն,
Դրանից է նա դանդաղ կռանում,
Ամեն պահ փոխվում, նվաղում մեր դեմ.
Նոր կնճիռներ են դեմքին խորանում:
Բայց տանջանքներն ու փորձանքներն ամեն
Մեր միջից անտես նա դուրս է գցում.
Ազատություն է ներշնչում նա մեզ՝
Չպահանջելով ոչ մի հատուցում:
Մենք թեթևացած` քրքջում էինք,
Ուրախ՝ այսօրվա չափանիշներով…
Ա՜յ թե հաճելի, լա՜վ թալանվեցինք.
Ինչ վնաս էր մեզ, տարավ բռերով:
Ժամանակն է, և ներսուզված իր մեջ՝
Դողդոջ քայլերով մոտենում է նա:
Տե՜ր է կրկեսում ծաղրածուն այս մեծ՝
Թեկուզ միշտ այսպես վշտակերպ մնա:
Չարն հեռու վանեց հանճարն այս բարի,
Ու խինդն է հիմա մեր մեջ վարարում…
Իսկ ինքն անհամար տրտում պահերի
Տանջալի բեռն է իր ներսում կրում:
Անթիվ ջահերը դանդաղ մարեցին,
Ուրախ քայլերգ ու… լռություն հանկարծ:
Այնքա՜ն շատ մեր բեռն առավ ուսերին,
Որ մեջքը ջարդեց, լուռ փլվեց նա ցած:
«Հարբած էր, տեսա՞ք, էլ չդիմացավ»,-
Քրթմնջոցներ են լսվում դահլիճում:
Բայց, չէ՛, ուղղակի չափը շատ անցավ
Ծաղրածուն վերջին իր մնջախաղում:
Նա հեռու ինչ-որ անհայտում չընկավ,
Լռին մեկնվեց մեր կողքին կարծես…
Թիվ 1 ծաղրածուն… վշտահեղձ եղավ,
Ուժերն իր հաշվի չառավ պարզապես:

ԴԻՄԱԿՆԵՐ

Ոնց ծուռ հայելու դեմ, պայթում եմ ծիծաղից,
Չէ, շատ ճարպկորեն ինձ այս խաղի մեջ առան.
Երախներ են չռված, կարմիր քթեր են ցից-
Ասես կառնավալ է սա մի վենետիկյան:
Ի՞նչ անեմ ես հիմա: Հեռո՞ւ փախչեմ շտապ:
Իսկ գուցե միանամ նրանց զվարճանքի՞ն:
Հուսով եմ` գազանի ահեղ դիմակի տակ
Շատերն ունեն նորմալ կերպարանք մարդկային:
Դիմակ-կեղծամով են անխտիր բոլորը.
Այս մեկը` գրական, մյուսն` հեքիաթի կերպար:
Տխուր Առլեքին է իմ ձախ հարևանը,
Աջը` դահիճ, ամեն երրորդը` մի տխմար:
Մեկը թաքցնում է դեմքը համառորեն,
Մյուսն ուզում է կորած պատիվը ետ բերել,
Իսկ մի երրորդն ահա անկարող է արդեն
Պարտադիր դիմակից իր դեմքը տարբերել:
Շուրջպարի մեջ եմ ես մտնում քրքջալով,
Բայց նրանց հետ սիրտս անհանգիստ է էլի.
Մեկ էլ տեսար` դահճի այս դիմակր խոժոռ
Ինչ-որ մեկին դուր գա, ու նա էլ չհանի:
Հանկարծ ու հավիտյան թախծի Առլեքինը`
Տրտում իր պատկերով անչափ հրապուրված,
Եվ կամ` ապուշը այս ապուշի դիմակը
Թողնի իր իսկական դեմքին միշտ փակցված:
Իմ շուրջը բոլորվում, փակվում է օղակը,
Ինձ խլում են արագ ու պարի մեջ քաշում:
Ա՜յ քեզ բան. իմ մաքուր, սովորական դեմքը
Կարծես թե դիմակ են հիմա բոլորն հաշվում:
Ժապավեննե՜ր, զարդե՜ր… Սակայն ինչ-որ այն չէ…
Ինձ թշնամանքով են դիմակները նայում,
Գոռգոռում են, թե ես իրենց չափի մեջ չեմ,
Անվերջ սրա-նրա ոտքերն եմ տրորում:
Ծիծաղում են դժնի դիմակներն ինձ վրա,
Նաև ուրախներն են գնալով չարանում`
Առած փակի ներքո մարդկային դեմքն իրենց,
Ինչպես մի անթափանց պարսպի ետևում:
Մուսաներին եմ ես հետապնդում հետո,
Բայց չեմ խնդրի` գոնե մեկն իմ առաջ բացվի.
Ինչ իմանաս` ընկած դիմակների ներքո
Մի այլ կիսադիմակ-կիսադեմք չի բացվի:
Դիմակների գաղտնիքն արդեն շատ պարզ է ինձ,
Համոզված եմ` ես ճիշտ հասկացել եմ նրանց.
Պարզապես ապտակից, թուք ու լուտանքներից
Բթության դիմակը պաշտպանում է ոմանց:
Բայց թե առանց դիմակ սրիկա ես եղել,
Հանգիստ կրիր դու այն: Իսկ դուք…Ասեմ ես ձեզ.
Ուրիշի դեմքի տակ ինչո՞ւ զուր թաքնվել,
Երբ գեղեցիկ է շատ ձեր դեմքը իսկապես:
Բարի դեմքը ես ո՞նց զանազանեմ չարից,
Ինչպե՞ս ազնիվներին անսխալ ճանաչեմ:
…Նրանք էլ չեն ուզում զրկվել դիմակներից,
Որ մի օր դեմքն իրենց քարերով չջարդեն:

Թարգմանությունը՝ Լ. Բլբուլյանի

One thought on “«Չի կամենում դարձյալ կիթառը համրանալ…» Վլադիմիր Վիսոցկի – 75 / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։