Մայա ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԱԶԳԱՅԻՆ  ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ  ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ԱՐՄԵՆՈՒՀԻ  ԴԵՄԻՐՃՅԱՆ.  «ՀԱՅԿ  ՆԱՀԱՊԵՏ»

2023 թ. մայիսի 16-ին Սիլվա Կապուտիկյանի հյուրընկալ հարկի ներքո Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդեսը, որը մեկտեղեց տարիքային և մասնագիտական տարբեր խմբերի պատկանող մասնագետների, ուսանողների և հյուրերի:

Միջոցառմանը նախորդեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան կատարած շրջայցը, որի ընթացքում շնորհանդեսի մասնակիցները ծանոթացան բանաստեղծուհու կյանքի կարևոր իրադարձություններին,  զգացին  նրա  շունչը,  ընկղմվեցին  գրական  հարուստ  ժառանգության  մեջ:

Շնորհանդեսը մեկնարկեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանի բացման խոսքով:  Վերջինս  կարևորեց այն փաստը, որ միջոցառումը կազմակերպվում է հենց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում, մի անհատի, որի մանկական բանաստեղծություններին հայ մանուկները ծանոթանում են դեռևս տարրական դասարաններում, իսկ 5-րդ  դասարանում  առաջին  դասը  սկսվում  է  «Խոսք  իմ  որդուն»  բանաստեղծությամբ:

Գրքի հայրենասիրական և մարդասիրական գաղափարները կարևորեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը՝ «Հայկ Նահապետ» գրքի պատմական, մանկավարժական, գեղարվեստական արժեքը» բանախոսությամբ:  Նրա կարծիքով Սիլվա Կապուտիկյանը Հայկ Նահապետի անմիջական հետնորդներից մեկն է, ինչը  բանաստեղծուհին  ապացուցել է իր կենսակերպով, գաղափարներով և հասարակական գործունեությամբ: Բանախոսության ընթացքում Ա. Դոլուխանյանը մանրամասն ներկայացրեց գրքի պատմական արժեքը:  Հայկ Նահապետը և նրա ապրած ժամանակաշրջանը ուսումնասիրության թեմա է եղել  բազմաթիվ  հետազոտողների  համար, սակայն բանախոսի կարծիքով առավել կարևոր են օտարների կողմից տրված գնահատականները, որոնք փաստում են, որ համայն աշխարհի համար հայ ժողովուրդը եղել է և մնում է որպես  աշխարհի հնագույն ազգերից մեկը, ով ապրել է իր բնօրրանում, ստեղծագործել է հազարամյակներ  շարունակ,  պայքարել  ազատության  համար  և  հասել  մինչև  ներկա  օրերը:

Բանախոսությանը հաջորդեցին բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Կոստանյանի և բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանողուհի Մերի Առաքելյանի ելույթները՝  համեմված գրքից արված մեջբերումներով:

Շնորհանդեսի վերջում ներկաներին իր շնորհակալական խոսքն ուղղեց Արմենուհի Դեմիրճյանը՝ միևնույն ժամանակ ներկայացնելով գիրքը գրելու պատճառները, նպատակը, պատկերացումները և մտահոգությունները:

Շնորհանդեսն անցավ ջերմ մթնոլորտում և հաստատեց այն կարևոր իրողությունը, որ Հայկ Նահապետի  գաղափարներն  ամրակայվել  են  նրա  սերունդների  մեջ  և  հասել  մեր  օրեր:

Մայա  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։