Միգրացիոն ճգնաժամը շարունակում է ալեկոծել բարեկեցիկ, անվտանգ ու ժողովրդավար Եվրոպայի միասնականությունը, ստիպելով այդ երկրների առաջնորդներին նորանոր միջոցների դիմել՝ նվազեցնելու փախստականների՝ գնալով ահագնացող ալիքի վտանգավոր հետևանքները: Այս խնդիրը առաջնային էր նաև Բրյուսելում կայացած Եվրամիության երկրների և Անկարայի մասնակցությամբ արտահերթ գագաթաժողովում: Ըստ Անկարայի և Բրյուսելի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագրի՝ Թուրքիան հանձն է առել 3 միլիարդ եվրոյի դիմաց կանգնեցնել Էգեյան ծովով փախստականների մուտքը Հունաստան: Փաստաթղթում ասվում է, որ Եվրամիությունը կօգնի, որպեսզի Հունաստանը կարողանա հաղթահարել դժվարին կացությունը, խոստանալով այստեղ կուտակված փախստականներին բաժանել Եվրամիության այլ երկրների միջև: Եվրոպական առաջնորդները միաժամանակ հույս են հայտնել, որ Անկարան հետ կընդունի այն փախստականներին, ովքեր ապաստան չեն ստացել: «Ուզում ենք հասնել նրան, որպեսզի անլեգալ փախստականների թիվը նվազի բոլորի, այդ թվում և Հունաստանի համար»,- ասել է Անգելա Մերկելը: Թուրքիայի վարչապետ Դավութօղլին ԵՄ-ի հետ պայմանագիրը «հաջող» որակելով՝ հավելել է, որ Անկարան Քայսերի (Կեսարիա) քաղաքի ոճով է բանակցել, նկատի ունենալով այդ քաղաքի վաճառականների ապրանքի գինը չգցելու բնավորությունը: Գագաթաժողովում Թուրքիան սակարկելու ժանրում իսկապես գերազանցել է անգամ իրեն: Ինչպես նկատել է եվրապատգամավոր, Հունաստանի սոցիալ-դեմոկրատների պատվիրակության առաջնորդ Միլտիադիս Կիրկոսը, Թուրքիայի կողմից բանակցությունները «արևելյան բազար» են հիշեցրել, ճիշտ և ճիշտ ինչպես «12 աթոռ» վեպում է. «Առավոտյան` ներգաղթյալները, երեկոյան՝ փողերը, երեկոյան՝ ներգաղթյալները, առավոտյան՝ փողերը»: Թուրքիան նախ պահանջել է ավելացնել օգնության ֆինանսավորումը` 3-ի փոխարեն 20 միլիարդ եվրո և արագացնել Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրման գործընթացը: Միաժամանակ Թուրքիան 75 միլիոն թուրքերի համար պահանջել է առանց վիզայի մուտք Եվրոպա: Հաստատվել է միգրացիոն ճգնաժամի հաղթահարման նախնական պլանը, որով արդեն հունիսին իրականացվելու է առանց վիզայի գործարքը, ինչն առաջացրել է եվրոպացի աջ քաղաքական գործիչների դժգոհությունը, ովքեր համոզված են, որ այդպիսով ԵՄ-ն մահմեդական ներգաղթյալների համար ճանապարհ է բացում դեպի Եվրոպա: Փաստն, իրոք, մտահոգիչ է: Արդեն իսկ Գերմանիայում պաշտոնապես 3 միլիոնից ավելի թուրք է ապրում, Ֆրանսիայում յուրաքանչյուր վեցերորդը մահմեդական է, վիճակը բարվոք չէ նաև մյուս երկրներում: Հաշվի առնելով եվրոպական միջավայրի ցածր ծնելիությունը և մահմեդականների ծնելիության բարձր աստիճանը՝ դժվար չէ պատկերացնել քրիստոնյա Եվրոպայի ժողովրդագրական աղետը: Առանց վիզայի թուրքերի մուտքը Եվրոպա այն գործոնն է, որով ավարտվելու է Եվրոպայի մահմեդականացման գործընթացը: Այս պարագայում թուրքերը ոչ միայն չեն արգելափակի փախստականների մուտքը Եվրոպա, այլև իրենք կուղղորդեն նրանց այդ ուղղությամբ, հեռանկարում ունենալով մահմեդական Եվրոպայի և նեոօսմանիզմի հաղթական մուտքի տեսլականը: Այնպես որ, Թուրքիայի կողմից փախստականների խնդրի լուծման հարցում չափից դուրս է ԵՄ-ի վստահությունը, և չափից դուրս կասկածելի են այդ վստահության երաշխիքները, երբ հենց Թուրքիայում ոչ բոլորն են ոգևորված Անկարայի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագրով և ոչ բոլորն են այն թուրքական դիվանագիտության հաղթանակ որակում: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըճդարօղլիի կարծիքով, «նրանք, ովքեր դա գնահատում են որպես Քայսերիի ոճով արված առևտուր, հնարավոր է, ենթադրում են, որ մենք խաբել ենք եվրոպացիներին ու առավելություն ստացել: Սակայն Քայսերիի բնակիչներն առևտրից լավ են գլուխ հանում և երբեք նման գործարք չէին ստորագրի, քանի որ Քայսերիում ոչ ոք չի ցանկանում բուֆերային գոտի դառնալ: Եկեք մենք 6 միլիոն տանք ԵՄ-ին, ու թող նրանք վերցնեն բոլոր սիրիացի, աֆղանստանցի ու պակիստանցի փախստականներին»: Սակայն առայժմ Էրդողանի և Դավութօղլիի հաշվարկները ավելի միտված են վերցնելու՝ բնավ չմտահոգվելով պարտավորությունների կատարմամբ: ԵՄ-ն էլ ուշացնում է խոստացված գումարները ու չի շտապում վճարել՝ իր հերթին չվստահելով դեպի Եվրոպա միգրանտների հոսքի նվազման ուղղությամբ Թուրքիայի ջանքերին: Տպավորությունն այն է, որ բրուսելյան գագաթաժողովն ավելի բեմադրություն է, փոխադարձ վստահության փորձարկման քննություն, երբ նույն հարցերը քննարկվել են նաև անցյալ տարի ու, հավանաբար, առաջիկայում էլ կքննարկվեն: Կասկածից դուրս է, որ Թուրքիային օդի ու ջրի պես անհրաժեշտ են Եվրամիության միլիարդները, Եվրամիությանն էլ՝ խճճված թնջուկի լուծման որևէ գործնական ուղի: Թուրքիան շարունակելու է պղտոր ջրում ձուկ բռնելու իր ռազմավարությանը ապավինել, Եվրամիությունն էլ՝ խուսանավելով փորձելու է որսորդն ինքը լինել: Մինչդեռ առավել հավանական է, որ այս միգրացիոն աննախադեպ դիվերսիայի իրական որսորդներն առայժմ լռում են…
Կարդալ նաեւ․․․
ԲԱԿՈՒՐ / ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ՈՒ ՋԱՄԱՍՊ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ
Պոետ ընկերս զանգեց ու հետաքր-քրվեց, թե ինչպես եմ տանում համաշխարհային…
Հայկազ ԽՆԿՈՅԱՆ / ՀԱՂԹԱԿԱՆ ԿՈՉՈՎ
Հայրենիքը վտանգի մեջ է: Թշնամական տանդեմը վերահաս սրի նման…
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԵՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Անկարայի բժշկական պալատի վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի…