Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ

Ռուբեն-ՄարուխյանԻմ Վան քաղաք
Ես ամեն օր կարոտում եմ քեզ, իմ Վան քաղաք,
Հիշում եմ պապիս տունը` Այգեստանում,
Աղթամարն եմ հիշում` Սուրբ Խաչ վանքը սրտում,
Ու շուրթերս ակամայից աղոթք են մրմնջում…
Երբ Այգեստանն եմ հիշում, երգում եմ,-
– Խնկի ծառ, վրան ոսկեկաքավ թառ…
Երգի միջից հորս ձայնն եմ լսում,-
– Ե՛լ, որդիս,- ասում է,- ե՛լ, երթանք մեր Վան…

***
Երբ նայում եմ Արարատին,
Եղիշե Չարենցն է իմ դեմ կանգնում,
Ու ես խենթացած գոռում եմ, –
– Որպես անհաս փառքի ճամփա,
Ես իմ Մասիս սարն եմ սիրում,
Իմ Հայաստան յարն եմ սիրում…
Արարատի սեգ գագաթի հավերժական լույսերի մեջ,
Ես տեսնում եմ եղբայրներիս, որ փրկել են Արցախը մեր,
Ու գոչում են, կանչում են ինձ եղբայրները իմ քաջազուն.
– Արի եղբա՛յր, արի երթանք մեր Վան, մեր տուն:

Նամակ թոռանս` Ռուբենին
Բարևագիր, թանկագին Ռուբեն.
Գրում եմ քեզ մի երկրից, ուր ապրում եմ անհիշելի ժամանակներից
Ու ամեն արշալույս փառք եմ տալիս Աստծուն,
Որ նախապապերիս տնկած այգիները շարունակում են ծաղկել,
Ամեն գիշեր գնում եմ Հին Բայազետ` մեր հին տունը,
Անանց կարոտն է ինձ այնտեղ տանում,
Որովհետև այնտեղ երջանիկ ենք եղել հայրս ու ես:
Գնում, կանգնում եմ մեր մեծ սենյակի մեջտեղում
Ու ամբողջ ձայնով երգում.
– Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն…
Ուրիշ երգ չգիտեմ,
Միակ երգը դա է, որ ծաղկում է շուրթերիս վրա…
Ռուբեն սիրելի, գրում եմ քեզ այս նամակն ու մտածում եմ
Թռչելու մասին…
Չէ՛, չէ՜, թռչել չի նշանակում չվել, ես հո թռչուն չեմ:
Թռչել, նշանակում է` հզոր թևեր ունենալ,
Թևածելով հասնել Մասսի վեհ գագաթին,
Կանգնել այնտեղ ու երգել.
– Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն…
Արդեն ասել եմ` ուրիշ երգ չգիտեմ…
Կալվածքներ էլ չունեմ` քեզ կտակեմ,
Ունեցածս այս երգն է` նվիրական, հավերժական, լուսաշող…
Տարիքս առել եմ, ականջներս գետերի խշշոցներով է լցված,
Համոզված եմ` կանցնի,
Որովհետև անունդ սրտիս մեջ է, հույսս՝ անմար կանթեղ,
Ու ես գիտեմ, Ռուբեն սիրելի,
Գալու է, գալու է այն ժամանակը,
Դու մեր ճերմակ սարի գագաթին կանգնած երգելու ես.
– Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն…
Որտեղ էլ ես լինեմ, հավատա, երջանկությունից շողացող աչքերով
Կգոչեմ.
– Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն…
***
Ուռին դեղին տխրությունը փռել է խաշամին,
Աշնանահամ անձրևի տակ տկլոր պարում է…
Բերանը ձյունով լցված քամին ուռու տխրության
Եվ ամայի դաշտերի վրա ճերմակ սավաններ է փռում…
Ուռին անձայն լալիս է,
Անտեր մի շուն կաղկանձում է,-
– Իմ շուն, իմ հավատարիմ, իմ բարի շուն,
Ես էլ եմ փողոցում,
Ես էլ եմ քեզ պես հավատարիմ, բարի,
Իմ տխրության վրա էլ բերանը ձյունով լցված քամին
Շուտով ճերմակ-ճերմակ սավաններ կփռի…
***
Իմ ծերացածս, գարնան օրերիս իմ ծաղկած ծառս,
Կարկուտը, ձյունը, տեղատարափը
Սև հողին խառնեցին քո ծաղիկները,
Դու մոլոր, մենակ մնացիր ամպոտ երկնքի գմբեթի տակ,
Ու հիմա ամեն լուսաբաց ես փնտրում եմ այն ծաղիկները,
Որ ծաղկել էին քո կանաչ-կանաչ ծոցի մեջ`
Հարսիս քողը զարդարելու համար…
Կարկուտ տեղաց` արևոտ կարկուտ…
Գարնան օրերիս իմ ծաղկած ծառ, իմ ծերացածս,
Դու ծաղկել ես բարձր, անառիկ սարերի վրա,
Հույսի շողերով լցրել աչքերս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։