Նանար  ՊՈՂՈՍՅԱՆ

Խաղաղ ու կանաչ ճանապարհի փոխարեն տեսնես ի՞նչ են մաղթում մարդկանց,

Երբ ճանապարհը փակ է, անխաղաղ…

Կանաչը՝ ֆոսֆորային զենքը տարած…

 

Ցեղասպանվելուց առաջ

 

Պակասել է սերը…

Մոռացվել հարգանքը…

Դավաճանվել հայրենիքը…

Ու նորից ցեղեսպանվում ենք…

Ցեղասպանվելու ենք այնքան, մինչև խելքներս գլուխներս չհավաքենք:

Ու պահաջատեր լինելու փոխարեն՝ դադարե՛նք զիջել:

 

*

Ինձ մի՛ հարցու, թե ինչո՞ւ չեմ ամուսնանում,

Այդ հարցի պատասխանը վաղուց տվել են արկերը…

Ու թող քայլեմ ծովեզրին, մենք պոռթկալ և խաղաղվել գիտենք…

 

*

Չգիտեմ ի՞նչ է սերը, բայց երբ արկերն էին պայթում, հասկացա, որ հնարավոր է քեզ այլևս չտեսնեմ, փախա ինքս ինձնից, որ լուռ փայփայեմ երազս…

 

*

Ու հիշում եմ օրեր…

Էդ օրերը ուրախության օրեր էին,

Սիրո, մաքրության, կյանքով լի օրեր էին,

Էդ օրերը Քիրս բարձրանալու օրեր էին,

Դիզափայտի օրեր էին,

Շուշիի «Գաստրո բակ»-ի օրեր էին,

Հունոտի կիրճի օրեր էին,

Ֆուտբոլի և վոլեյբոլի օրեր էին,

Իսկ հիշո՞ւմ եք CONIFA-ի օրերը:

Էդ օրերը արշավների օրեր էին,

Դադիվանքի, Ղազանչեցոցի օրեր էին,

Էդ օրերը վրանային ճամբարների և Տաք ջրում լողանալու օրեր էին,

Էդ օրերը փառատոնի օրեր էին՝ ժենգյալով հացի, նռան, կուրկուտի, խորովածի,

Հադրութի՝ Տողում, Արցախյան գինու օրեր էին,

Էդ օրերը միասնության օրեր էին,

Արժանապատվության և Տեսակի օրեր էին,

Էդ օրերին բոլորը ներկա էին։

Հիմա առիթները քիչ են, բացականները՝ շատ,

Ներկաները՝ կիսատ ու խռոված՝ կյանքից, աշխարհից, սեփական ես-ից․․․

 

*

Արցախում փլուզվում են կյանքեր և գրվում հայտարարություններ…

Այստեղ կա՛մ ծնվում են, կա՛մ մեռնում…

Իսկ կարոտը սկսվում է դեռ հրաժեշտ չտված…

Այստեղ օրը սկսվում է կրակոցներով…

Իսկ Ա կետից Բ կետ գնալու համար գրկախառնվում են ընտանիքի անդամները…

Իմ երկրում վարագույրը կյանքեր է փաթաթում ու հեռանում…

Իսկ բարի գիշերի փոխարեն հավաքվում են  թեյի շուրջ, որ երկար մնան իրար հետ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։