Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ
Եվ ովքե՞ր են նրանք. մարդիկ, սովորական մահկանացուներ, ովքեր պատասխանատվության և ջանքի առավել մեծ չափաբաժնով պետք է գործեն։ Եթե հաշվի առնենք տեղեկատվական հեղեղը կամ կուլիսային քչփչոցները բոլոր ատրիբուտներով` բամբասանքի տիղմով, փոխադարձ վիրավորանքների ցեխաջրերով, մանր ու մեծ` միմյանց վրա նետվող քարերով… ի՞նչ կարող եմ ասել։
Քո երկրի, իմ երկրի, մեր ժողովրդի ներկայացուցչական մարմնի գործունեության մասին կանխավ` ասելիքս հասունացած չէ։ Ի՞նչ արդյունավետության մասին կարող ենք խոսել, թերևս միայն սպասել… սպասել ու հրաժարվել անընդհատ կրկնել «նախկին», «ներկա» չարչրկված արտահայտությունները։ Կա երկիր, որի այսօրվա ու ապագայի մասին է հարկավոր մտածել` գործելով հստակ, նպատակամետ։
Եթե յուրաքանչյուր պատգամավոր իրականության շոշափելի զգացողություն ունենա և ողջամտության սերմնահատիկ, գուցե փոփոխություններ զգանք. ընդամենը պարզ, մարդկային ցանկություն։
Շատ բան է խարխլվել. վստահություն, հույսի մասին էլ ավելորդ է ասել։ Ուրեմն առնվազն շինարար ու զորական, բժիշկ ու ոսկերիչ էլ պետք է լինել։ Ծառ տնկել, աղբ հավաքել, խոտ հնձել. օրինակ լինել։ Օրինակելի օրինակ քո ժողովրդի համար։
…Եվ կարևոր է հաշտ լինել, հաշտ լինել նախ ինքդ քեզ հետ. հաստատ շատ բան կփոխվի, նախ՝ քո ներսում, հետո՝ քո շրջապատում, գործերում։
Պատրա՞ստ են ուժեղ ու վճռական լինել, ի զորո՞ւ են Հայաստանը հզորացնել։ Ես չպիտի ասեմ, այլ՝ գործն ու նվիրումը։ Իսկ դրանք անուն, ազգանուն չունեն։
Հ. Գ. Երբ 1988-ի աղետի ժամանակ (Սպիտակի ավերիչ երկրաշարժ) կորցրինք մեր տունը (հազարավորների նման), հայրս (սկզբունքային և ազնիվ տեսակ էր) հավատում էր, որ երկու-երեք տարի անց նոր տուն կունենանք։ Երկրիս իշխանավորներն էին հավաստել։ Մինչև օրս չեմ մոռանում հորս աչքերում փշրված հավատի թախիծը։ Քառորդ դարից ավելի անցավ, երբ ոտք դրեցինք տուն` առանց էմոցիաների, անտարբեր, հենց այնպես… Ծնողներս հեռացել էին…
Հուսանք, որ դաժան պատերազմով անցած երկրիս ու ժողովրդիս հավատը չի խարխլվի, և առաջնահերթությունը կլինի հայ ժողովրդի ու Հայաստանի շահը։
Հուսա՞մ… Հակառակ պարագան հեռանալն է` ժողովրդի պահանջով հեռանալը։
***
Անահիտ ԱՐՓԵՆ
Հաշվի առնելով, թե ովքեր են մտել խորհրդարան՝ առանձնապես ազգօգուտ սպասելիք չունեմ: Միամիտ կիներ նույն համակարգում, նույն կենտրոնին ենթակա հին դաշտի խաղացողներից նոր ակնկալիք ունենալ: Ինչպես 2018թ. իշխանափոխությունից հետո տիրող համակարգը մնաց նույնը՝ թույլ չտալով, որ ժողովուրդը «մարտնչող» կողմերից բացի ուրիշ բան տեսնի, այնպես էլ հիմա եղավ: Ընտրությունից ընտրություն տարվող, իբր խիստ հակոտնյա, «սևերի» ու «սպիտակների» մարտավարությունը, որն անգթորեն պառակտում է ժողովրդին, այս անգամ ավելի ճոխ իրականացվեց և շարունակվելու է Ազգային ժողովում:
Իրար վերարտադրելով՝ մերժվածների օգնությամբ ներկաները ԱԺ-ում կրկին ջախջախիչ մեծամասնություն գրանցեցին, իսկ նախկիններն էլ ներկաների ձեռամբ անձեռնմխելիություն ու «օրինականացված» իրավունքներ ստացան՝ վերականգնելու կորցրած «հեղինակությունը», պաշտպանելու իրենց բիզնեսները, դիզած ունեցվածքն ու շարունակելու վայելել հարուստ և ապահով կյանք:
Հասկանալի է, որ արդեն մերժվածներն ու պարտվածը երկիրը հզորացման չեն տանելու, հաղթություն չեն արձանագրելու: Այս լրակազմով խորհրդարանը ազգափրկիչ աշխատանք չի անելու կամ հայոց կորուստները վերականգնելու նպատակ չի դնելու իր առաջ: Այս ԱԺ-ում, ավելի կամ պակաս թափով, շարունակվելու է նախընտրական թայֆայաթամաշայական անմակարդակ նույն գզվռտոցը՝ քաղաքական գործիչներին ոչ վայել բառապաշարի նույն զինանոցով և ժողովրդի ուշադրությունն իրականությունից շեղելու նույն տեխնոլոգիաներով:
Այս խորհրդարանը ոչ թե քննարկելու է երկրի առաջ ծառացած օրհասական մարտահրավերներն ու առաջադրված հարցերը ազգանպաստ տեսանկյունից լուծելու փնտրտուքներ, այլ՝ հայոց կյանքը հնարավորինս ռուսաստանամետ լուծելու ծրագրեր: Ընդ որում, յուրաքանչյուր կողմ փաստարկներով ապացուցելու է իշխանության ղեկին դիմացինի անընդունելի լինելը: Հնչելու են բացահայտ ճշմարտություններ, միմյանց հասցեին փոխադարձաբար շպրտվելու են իրական մեղադրանքներ ու լուտանքներ, բայց՝ անձնական շահերի ու թշնամության մասով: Իսկ պետության մակարդակով, խոշոր հաշվով, անելու են նույն գործը: Օրակարգում Սյունիքի օտարումն է:
Թերևս, նախկին նախագահները, ինչպես որ նախընտրական բանավիճելն էին իրենց պատվից ցածր համարում, հազիվ թե մասնակցեն խորհրդարանի նիստերին և առանձնապես չեն էլ ձգտելու իշխանության: Համենայնդեպս՝ քանի դեռ սահմանանշումն ու սահմանազատումը չի իրականացվել, որի պատասխանատվությունը պետք է կրի ներկա իշխանությունը, իսկ իրենք դարձյալ մնան «մաքուր»: ԱԺ մտած ընդդիմադիրները դեմ կքվեարկեն իշխանական ձայների մեծամասնությամբ հաստատվող նախագծերին, կպահպանեն ընդդիմության կարգավիճակն ու ընդդիմախոսի կեցվածքը՝ մինչև հերթական իշխանափոխություն-տեղափոխությունը: Իսկ ազգաբնակչությունը կշարունակի բախտ որոնել օտար ափերում:
***
Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Տեր Թովմա
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղափոխական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովում գերակշռող թիվ կազմելով, շարունակելու է եվրախորհրդամետ քաղաքականությունը և՛ բարոյական, և՛ հոգևոր բնագավառներում, ենթադրում եմ, որ շարունակելու է իր կիսատ թողածը: Այսինքն՝ փորձելու է ընդունել Ստամբուլյան կոնվենցիայի որոշումները, մի տարի առաջ ընդունած Լանզարոտեի կոնվենցիայի հիման վրա փորձելու է դասագրքեր տրամադրել դպրոցներին և համապատասխանաբար մասնագետներ գտնել տարրական դասարանների աշակերտներին սեռական կողմնորոշումների և իրենց այդ հարցում ընտրության մասին իրազեկելու համար և փորձելու է նոր օրենքներ ընդունել, որոնք Եվրախորհրդին և Արևմտյան աշխարհին հաճո կլինեն: Ըստ այդմ ինձ՝ հոգևորականիս և հայ մշակույթի ներկայացուցչիս հույս է ներշնչում այն, որ Ազգային ժողովում կլինի գործուն ընդդիմություն, որը, կարծում եմ, կպաշտպանի հայ ազգի հոգևոր, բարոյական, մշակութային արժեհամակարգերը (մանավանդ, որ դրանք էական կռվաններ են իրենց պայքարում), պաշտպան կկանգնի հայ եկեղեցու և նրա իրավունքների հարցում: Հույս ունեմ, որ ընդդիմությունը կկարողանա նաև մեր սահմանների և Արցախի հողերի պարագայում ևս շոշափելի լուծումներ գտնել և հասնել դրանց իրագործմանը: Իհարկե, այս ընդդիմությունը ևս փոքրամասնություն է կազմում, սակայն, կարծում եմ, որ նրա լծակները հասարակության մեջ ավելի շատ են, և նրա աշխատանքը ավելի արդյունավետ կլինի, քան նախկինում էր: Այն Ազգային ժողովում, ըստ իս, կկարողանա հավասարակշռություն ստեղծել և մեղմել Արևմուտքի ախորժակը՝ մեր երկիրը վերածելու անհոգևոր, անբարոյական, անմշակույթ, անհայրենասեր զանգվածի: