ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր
ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Երգ մատուցման
Դու եկել ես հեռվից
Ու հոգնած ես գուցե,
Դու չտխրես երբեք օտարությամբ,
Այստեղ կգտնես
ծառեր ու ծաղիկներ,
Որոնք քնքշաբար
Քո սիրտը կշոյեն:

Թե երգ չունես շրթիդ
Ու վերք ունես ցավոտ,
Մեր աղբյուրների երգը լսիր,
Առ այս խոտը, քսիր,
վերքդ կլավանա,
Հյուրընկալ է մեր տունը,
Այս լեռները վկա…

Մեր անցյա՞լն ես ուզում հիշել,
Նայիր այս հպարտ կոթողներին,
Նրանք լույսի
շաղափով են հյուսված,
Ինչպես սարն իմ ԵՐԱԶԱՆՔ,
Ինչպես արևն է տաք…

Թե հարցնես մեր քաղաքի մասին,
Կեղծ խոսքեր չեմ շշնջա,
Չեմ հագցնի նրան գեղեցիկ շորեր,
Միայն կասեմ`
սա երկիրն է գեղեցիկների,
Իջևանն է սա նոր…
Ու դու բարով ես եկել…

Իջևան
Լեռների մեջ բարձրագագաթ
Ու ձորերում ծաղկաոտ,
Դու իրական մի նոր հեքիաթ,
Դու մայրական իմ կարոտ:

Դու իմ օրրան, անափ իմ սեր,
Անտառները քեզ վրան,
Քեզ հետ եմ ես օր ու գիշեր,
Իմ հին, իմ նոր Իջևան:

Աղստևը մեջքիդ գոտի,
Հազարագույն ծիածան,
Նման ես ջինջ առավոտի,
Հույսի, լույսի սերմնացան:

Դու իմ օրրան, անափ իմ սեր,
Անտառները քեզ վրան,
Քեզ հետ եմ ես օր ու գիշեր,
Իմ հին, իմ նոր Իջևան:

Հառնում են վեր շենքերը քո,
Լույսերի ծով ես վարար,
Ինձ գերել ես քո հմայքով,
Քո ջրերով կենարար:

Դու իմ օրրան, անափ իմ սեր,
Անտառները քեզ վրան,
Քեզ հետ եմ ես օր ու գիշեր,
Իմ հին, իմ նոր Իջևան:

Երգ քարի
Ամեն ձորում` մի քար,
Ամեն ժայռում` մի ծերպ,
Բլուրն ասես մի սար,
Կանգուն ամրոց ու բերդ:

Ամեն ձորում` մի գետ,
Ամեն սարին` մի վանք,
Մամռոտ խաչքար ու հերկ,
Հարատևող մի կյանք:

Ամեն ճամփա` մի նետ,
Ամեն մի ժայռ` մի հույս,
Որ դարերով հավետ
Արարել են միշտ լույս:

Ամեն ձորում` մի այգի,
Գետը` դարձած մի փառք
Ու երգերով աշխատանքի
Վերածնված մի կյանք:

Դու ժայռեղեն երկիր,
Ու դու իմ սուրբ նշխար,
Իմ ԻՋԵՎԱՆ, իմ երգ,
Իմ Հայաստան աշխարհ…

Իմ տարիքը
հարցրեք քարից
Այս հողն է ինձ բաժին հասել,
Ուր նայում ես` քարե բանակ,
Ժայռերում եմ բույնս հյուսել
Արծըվի պես ժայռաբնակ…

Իմ տարիքը հարցրեք քարից,
Արմատներս փնտրեք ձորում…
Դեռ չեմ հոգնել ես պայքարից,
Գետերն են իմ երգը ծորուն…

Քարս հաց է, քարս` և տուն…
Ծիածանն է մեջքիս գոտի…
Քարիս զինվորն եմ մշտարթուն,
Թե երբվանից, Աստված գիտի…

Իմ խաչը ես պիտի կրեմ,
Թեև վերելքն է դժվարին,
Ասքս քարով պիտի գրեմ`
Եղբայրացած ժայռ ու քարին…

Այս հողն է ինձ բաժին հասել,
Ուր նայում ես` քարե բանակ,
Ժայռերում եմ բույնս հյուսել
Արծըվի պես ժայռաբնակ…

Իջևանյան կամուրջներ
Կամարվում եք օր օրի,
Ինչ երազներ, անուրջներ,
Ու անցյալը միշտ նորին
Միաձուլում անթերի,
Դուք սրտեր եք կամարում,
Իջևանյան կամուրջներ:

Աղստևն է հորդացել,
Գարնան ճիչեր ու կանչեր,
Ձյուներ կան դեռ սարերին
Ու ծաղիկներ շրթին ձեր,
Միշտ սերեր եք արարում,
Իջևանյան կամուրջներ:

Ձեզնով հպարտ եմ, հպարտ,
Սիրտս ձեզ է միշտ կանչել,
Մեր քաղաքի հևքի հետ
Դուք ծնվում եք նորովի
Ու կամարվում օր օրի,
Իջևանյան կամուրջներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։