Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

ՍԻՐՈ ԱՆՁՐԵՎՆԵՐ
1
Մի քիչ անձրև խմենք –
հովանոցդ փակիր,
Թող երկինքը կաթ-կաթ
իջնի՝ կաթիլ-կաթիլ
Քո աչքերին խինդոտ
և՝ կոպերից թարթ-թարթ՝
Գա ու լցվի հետո
իմ սրտի մեջ զվարթ…

Մի քիչ անձրև խմենք,
երկնաշաղոտ իմ խինդ,
Սիրո մեջ թաթախվենք
ու թավալվենք երկինք…

2
Մի քիչ անձրև խմենք –
հովանոցդ փակիր,
Թող երկինքը լցված՝
առատորեն թափվի
Աչքերիդ մեջ խենթոտ,
և շուրթերիդ՝ անհագ,
Գա ու հոսի հետո
իմ սրտի մեջ վարար…

Մի քիչ անձրև խմենք,
երկնաշառափ իմ խինդ,
Իրար մեջ թաթախվենք
ու թավալվենք երկինք…

3
Մի քիչ անձրև խմենք –
հովանոցդ փակիր,
Թող երկինքը խանդոտ
մթնի կաթիլ-կաթիլ
Աչքերիդ մեջ խեթող
ու շուրթերիդ՝ անխաղ,
Որ զուլալվի հետո
իմ սրտի մեջ խաղաղ…

Մի քիչ անձրև խմենք,
երկնածարավ իմ խինդ,
Իրարու մեջ թաղվենք…
ու ծավալվենք երկինք…

ԵԿԵԼ ԵՄ՝ ՄՆԱՄ…
Եկել եմ՝ մնամ.
Ինչ էլ որ լինի –
ուզում է ձյուն գա,
բուքը փոթորկի,
և հետո էնպես
ճամփեքը փակվեն,
որ լռվեմ-մնամ,
մեկ է՝
ես արդեն եկել եմ՝ մնամ…
Ի՛նչ էլ որ լինի՝
քո կողքին, իմ սե՛ր,
լուսամուտից դուրս
թողնենք ստվերը մեր,
թուխպ ու մառախուղ
մնա աշխարհին,
թող էլ չերևա
մեր եկած ուղին…
Հետո՝ թեկուզև
անձրևներ տեղան,
ու հեղեղները
խառնվեն իրար.
Մենք էլ՝
իրարու խառնված էսպես՝
չենք տարանջատվի,
կմնանք մեկտեղ.-
Կասես՝ որոշված
եկել եմ՝ մնամ,
նույն լիցքով ներքին՝
ինչ որ ես՝ հիմա,
կարծես՝
միասին չենք եղել երբեք,
կարծես եկել ենք՝
իրար նոր գտնենք,
ասես՝ երկուսով
չենք ապրել մի կյանք,
նոփ-նո՛ր ենք, ասես, –
ա՛յն ենք՝ ինչ որ կա՛նք…

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ԱՇՈՒՆ
Հիմա ո՛չ մեկը
ինձ չի շտապեցնում,
և խաղաղ շունչ կա
օդի մեջ աշնան.
Այդպես չէր կարող
շնչել երեկոն
գարնան օրերին
սիրահարության,
Այդպես իմ սերն է
այսօր վայելում
մտերմությունը
աշնան օրերի…

Հիմա ես գիտեմ
քեզանով լցնել
ժամը մենության,
Եվ անշահ սրտով
փարվել ժամերին
քո վերադարձի:
Ի՜նչ թափանցիկ է
օդը ցերեկով՝
առանց վարկածի,
Երբ իրական է հերոսըդ՝
հավե՜րժ
սիրո պատմության…

***
Երբ քո
ծննդյան օրն է մոտենում,
Աշունն իր սիրտը
բացում է շռա՜յլ,
Ամառվա
ծաղկի պտուղն է լցվում
Մեր սիրո մեղրի
թավշե թանձրությամբ…

Եվ օրը մեղմով
ջերմանում է դեռ
Եվ հպվում հոգուս՝
փարվում ուսերիս,
Դու՝ ամեն օրվա շունչըս,
քո շնչով
Սիրտըս բացվում է
նորից ու նորից…

Եվ եթե ասեմ,
թե Սուրբ Ծննդյան
Մանուկը այսօր
դո՜ւ ես ինձ համար,
Մեր Տերը, գիտեմ՝
անո՜ւշ կժպտա,
Որ երկրի վրա
ունի օրինակ…

***
Աշնան արևով,
արևը՝ մեր մեջ,
մի կիրակի էլ
ապրեցինք անցավ –
Մի կրակոց էլ
եկավ ու անցավ՝
չդիպավ անգամ
իմ ու քո ստվերին…

Քե՛զ հանդիպելու
բախտը իմ վերին՝
գարնանն ուղարկեց
ինձ հույսի աշխարհ,
Քեզ՝ աշնան ոսկե լույսը
թևերիդ՝ արարել էին
արդեն ինձ համար…

Մի կիրակի էր,
գարո՞ւն էր, աշո՞ւն,
ամա՜ռ էր՝
ձյուներ չունեցանք
անհալ.
Հետո՝ բյո՜ւր-հազար
անդեմ նետաձիգ
պիտի լարվեին՝
ինձ ու քեզ համար…

***
Ասում ես՝ սե՜րը,
Թե կուզես՝
սիրո մետաֆիզիկան՝
իմ և քո միջև. –
Այս նշանները,
որոնք ինձ հիմա՝
Բանաստեղծություն
գրելու համար՝
դող են ներշնչել…

Լռությունը քո՝
գգվելուց առաջ,
և սիրաբորբոք
բառերըդ՝ պայթող
բողբոջներ իմ մեջ –
ցնդելո՜ւ հառաչ…

Ձգտումըդ անվերջ՝
թղթերիս վրա՝
Գրածըս վերջին
բանաստեղծության՝
դեռ չգտնված
վերջին բառի մեջ
մարմնավորվելու –
Այն դեպքում՝
երբ ողջ
բանաստեղծության
Էությո՛ւնն ես դու…

ՄԱՔՍԱՆՑՈՒՄ
Մի բուռ ոսկի եմ
բերել ինձ հետ,
Հայտարարագրեք՝
մի բուռ ոսկի.-
Անտառից, սարից,
աշնան խորքից՝
Մի բուռ ոսկի եմ բերել`
խոսքի…

***
Անտառը այսօր
դեռ անփորձ գիրկ էր,
Նոր գրվող գիրք էր
անտառն ինձ համար.-

Քայլ էր անտառը,
ջանք էր, քրտինք էր,
Անտառը տապ էր,
անտառը՝ տագնապ…

Բացված բացատ էր անտառը՝
անդուռ,
Անտառը՝ կարմիր,
անտառը՝ կանաչ.-

Մասուրը թփին
հասել էր փուշ-փուշ,
Անտառը հուշ էր
ու անտառը՝ կանչ…

Անտառը՝ խշշո՜ց
թփուտների տակ՝
Մորե՜խ էր, մողե՜ս…

Անտառում հիմա՝
անտառին ձուլված
Քայլող ծա՛ռ եմ ես:

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄ
Անտառից մի բուռ
արյուն եմ տանում,
Ափիս մեջ կարմիր մասուր է՝
հասուն…

Սուր է մասրենու
փուշը՝ մատներիս.
Անտառում՝ կաթ-կաթ,
արյունս է կաթում…

ԱՆՏԱՌԻ ԱՂՈԹՔԸ
Լուսինն անտառի
թիկունքն է անցել,
Անտառի ստվա՜ր ստվերը՝
ծնկել –
Երկրպագում է
փռված խաշամին…

Լուսնաշողերը՝
սաղարթների մեջ
Քիչ-քիչ առկայծող
սարդոստայնի թել,-
Խոնարհված
ամեն մի ծառը հիմա
Ջանում է
ընկած տերևը կապել
Իր պոկված ճյուղին…

ՈՒՇ ԱՇՈՒՆ…
Իսկ հիմա, երբ
ձյունի վրա թուխս ես նստել,-
Թուխպ է պատել երկնքով մեկ
Քո եթերում:

Դատարկ թուղթ ես
հրամցնում ինձ անպատեհ՝
Եվ գրիչիդ թանաքն է ձյուն
աներևույթ…

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
Ես չեմ կարող
Քեզնից հեռու ինչ-որ մի տեղ՝
Քեզ որոնող արշավախումբ
գլխավորել.-

Քեզ չտեսնել
Քո բուն տեղում, իմ իրակա՜ն,
Ես չե՛մ կարող,-
Եվ՝ պեղումներդ տարփողել…

ՄԵԶ՝ ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՆՔ…
Ճանապարհներս
էջեր են բացված,
Ես նրանց վրա
հիմա գրվում եմ
ոտնահետքերով,
Եվ աշնանային
կոշիկներիս տակ
քանի՜ ճանապարհ
Գալիս՝ գտնում են
ինձ՝ իմ հետքերով:

Թռչնի բարձունքից
ես ամեն անգամ
թևերով փարվել՝
Իմ աղոթքներով
փոխանցել եմ Քեզ
տրոփը սրտիս,
Հիմա՝ քայլելով –
զարկս եմ գումարում
զարկի՛դ,
իմ Երկի՛ր. –
Թող միավորված
գործակից լինեն
Մեզ՝ հո՛ղ ու երկի՛նք…

***
Աշնան լույսերը դեղին
մարմրում են օրվա մեջ.
Հեռացել ենք արևից
ու հեռանում ենք անվերջ…

Հրաժեշտի մեր ուղին
երկարել է այս անգամ,
Ու թվում է անսահման
բաժանման գիծը ներքին:

Արդյոք վստա՞հ ենք հիմա,
որ կա մի փակ ուղեծիր,
Ու ժամանակն է անծիր՝
վերադարձով սահմանված.

Իսկ կա՞ արդյոք վերադարձ
մեր ընդերքի արևին.-
Կուրանում ենք արևից,
ու ձուլվում ենք արևին…

ՃԱԿԱՏԱԳԻՐՍ, ՈՐ ԵՐԳ Է…
Ինչ տրված էր, ինչը ունե՛մ՝
ինձ հետ էին կրակներում.-
Ե՛վ իմ լեզուն նվիրական,
և՛ իմ երկրի ոգին արթուն…

Չմոխրացա՜-չմոխրացա՛ն
անհուն գանձերը իմ սրտի,
Մարմինս անգամ չմոխրացավ,
ոսկո՛ւ, ոսկո՛ւ պես զտվեցի.-

Երակներիս արյունը հեղ,
որ բառիս մեջ էր նորոգվել՝
Կրակներում ապրել էր եռք,
ու գտել ելք – ու երգել ե՛րգ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։