Խոր լռությունը նկարում էր անտեսանելիությունից հառնող մի սրտատրոփ աճպարարություն: Աշնան արևի հետ հաշտ օդը նորածնի շուրջպարն էր գծագրում մեխանիկական աշխարհի ճակատին: Վերջին ճանճերը խուճապահար բզզում էին տան սենյակներում: Մի քանի վայրկյանով բնությունը հնազանդվում էր ապաշնորհ գրողի մտքերին, և նա մատները ճզմելով ժամանակի ֆսսոցի մեջ՝ սկսում էր գրել.
«Անունս Ամաս է: Անվանս նման իմ ամբողջ կյանքը ևս աննշան էր: Ես այն հազվադեպ երջանիկներից եմ, ում հաջողվեց ապրել կլոր 100 տարի: Հիմա, մահվան մահճումս պառկած, փորձում եմ շարադրել կյանքս մի քանի նախադասությամբ: Հուսով եմ` ուժերս կներեն: Ես ընտանիքիս միակ զավակն էի: Ծնողներս հաջող գործարարներ էին Իպամո քաղաքում ու ինձ մանկուց ապահովել էին ամեն ինչով: Չնայած կյանքի շռայլությանը՝ ես կյանքս տեսնում էի միայն գրականության ծանր բեռի տակ: Անհավատալի, զարմանահրաշ ազատությունս կարծես մահացու փակուղի-սարդոստայն էր գործել ուղեղիս, հոգուս, սրտիս, ոգուս միջև, և ես ինքս էլ փոքրացած, մասերի բաժանված, գտնվում էի այդ թաղանթապատյանների միջակայքում: Թերևս դա էր պատճառը, որ ոչ մի կերպ չէի կարողանում լավ ստեղծագործել: Ստեղծագործական շուրջ 93 տարվա ընթացքում ես գրեցի 514 պատմվածք, 265 էսսե և 16 վեպ: Այդ ընթացքում անցա մասնագիտական ուսման բոլոր շրջափուլերով, կարդացի տասնյակ հազարավոր արժեքավոր գրական գործեր: Բայց ահա իմ այդքան գրած ստեղծագործություններս աչքի էին ընկնում իրենց տարօրինակ ցածրորակությամբ. դրանք պարզունակ պատմություններ էին, որոնք ուղղակի ընթերցողներին շոկի մեջ էին գցում: Գրականագետները, գրաքննադատները ուղղակի ապշում, շփոթվում էին իմ անտաղանդությամբ և գեղագիտական մտածելակերպի իսպառ բացակայությամբ: Բայց ես այն հազվադեպներից էի, եթե ոչ միակը, ում ստեղծագործություններն սկսեցին լայնորեն օգտագործել բժշկության մեջ, որպես շոկային թերապիայի և հիպնոսի ձև՝ այն անվանելով «Ամասի մեթոդ»: Մարդկության հոգևոր ապաքինումը կսկսվի այն ժամանակ, երբ երկնային հոգիները կգնահատեն եզակի մտքերի բացառիկ արժեքայնությունը: Ասածս ինչ է, ես իմ կյանքի վերջին տարիները նվիրել եմ մեծամասամբ ստեղծագործություններիս ուսումնասիրությանը և ի՞նչ եմ պարզել, ի՞նչ եք կարծում: Ես պեղել, գտել եմ իմ բոլոր ստեղծագործություններից 8 նախադասություն, որոնք արտասովոր, ես կասեի՝ աննախադեպ լավ են ստացվել: Չեմ էլ հասկանում՝ այդ ինչպես եմ կարողացել այդպիսի նախադասություններ գրել, բայց դրանք անպայման ուզում եմ ներառել նամակումս, քանզի հավատացած, համոզված եմ, որ դրանք հետագայում ևս ոչ ոք չի նկատի: Ուրեմն, համար 1. Կյանքի ակնթարթը տասնյակ հազարավոր մահերի ուժով տեղաշարժվող մանկան հնարավորություն է, որ միավորում է մարդկության դրախտի ու դժոխքի մասին վերաձևվող մտքերը նյարդային հետամնացությամբ ծնունդ առած անխոս համաձայնախաղի մեջ:
2.Նա կատակն ընդգծեց, որ պահի մոգականությունը մունջասաց դուրս սպրդի սեփական այլասերվածքի ավելցուկը՝ հաշմանդամ երևակայությանը շարժմամբ օրհնելու համար:
3. Ողջագուրումները սառնասիրտ աշխարհում մեծահսկա անխոս լեռներ են, որ ճախրում են անցյալի խորապատկերների թրթռացող, տեսիլապատկերային վետվետումով:
4. Ծփացող գիշերվա մեջ մոլորականվագները երգ էին դարձել և ինչ-ոչ մեկը կում-կում դատարկում էր այդ երգի բառերը փոքրիկ գետակի հանդարտ ձայնի մեջ:
5. Լույսը հեռվից չէր դիպչում նրան, ու նա ջղայնանում էր, գոռգոռում, որովհետև ամաչում էր իր չարության համար:
6. Նրա ներսի մանուկը հեռացել էր և գտել էր իր համար այնպիսի ապաստարան, որի շլացուցիչ գեղեցկությունից իր տիրոջ իրականությունը պատրանքանման գերլարված իմաստ էր ստանում:
7. Դեմեցիայով հիվանդ կինը դադարեց խոսել, քանի որ նրան անընդհատ սպասող խանդոտ դաշնամուրը մայրական հոգատարությամբ նոտաների հնչյունների մեջ էր բարուրել նրա անպաշտպան բառերը:
8. Աշխարհին դիվականորեն կառչած օրերը միանման նկարների վերածվելու վտանգ ունեն, դրա համար զգայական պաշտամունքի հակվածությունը մնում է միշտ գերիշխող:
Սրանք են այն 8 նախադասությունները, որոնք ինձ մոտ շատ լավ են ստացվել, իմ կարծիքով աննախադեպ լավ: Ուշադիր կարդացեք և կտեսնեք յուրաքանչյուր նախադասության ճկունությունը, մեծիմաստ փափկությունը: Դրանց մեջ է ամփոփված չստացված կյանքիս յուրաքանչյուր պահը: Ես գտնում եմ, որ այս 8 ձևակերպումներն արժանի են, որ ես հիշվեմ, որ նախադասությունների մեջ իմ չծնված երեխաները ծնվեն ու շատանան, որ իմ չհանդիպած սիրած աղջիկներն ինձ համար կռվեն միմյանց հետ ու վերերկնային ոլորտներում երեխաներիս հետ հոգիս ցնծա պոկված մազերի բույրից: Այդ նախադասություններիս բառերը ուղեղային տեղապտույտով լսելի ձայնային շարժի են բերում և երկարաձգելով մտքիս նշանակությունը՝ հապշտապ փախչում են իրենց ուղղված աչքերից՝ իրենց հետ տանելով դրանք դեպի պարզկա երկնքի կրքահեծանը: Եվ դուք ճախրում եք նրա հետ միասին՝ մոռանալով, որ այդ անձև մտածողությունը դուրս է եկել հարյուր հազարավոր սարսափելի բառակապակցությունների բանտաշխարհից և սրբացել այդ տողերը կարդացող յուրաքանչյուր մարդու աչքերում: Ուստի վերջին խնդրանքս է` հիշել ինձ, երբեք չմոռանալ այս նախադասությունները, որ հոգիս հանգիստ կլանի ինձ կարոտած հայացքների արտացոլանքը և արթուն մնա իր բազմատեսակ աշխարհներում ճանապարհորդելիս, որ հանկարծ չպատվի իր անցած կյանքերի դիակների թախծոտ դատարկահնչունությամբ: Եվ վերջապես դուք պիտի հիշեք Ամասին, որովհետև այս նամակի բովանդակության մեջ եմ զետեղել իմ ողջ կյանքի ստեղծագործական ներուժը»,- ասաց Ամասը, քաշքշելով անկողինը, վեր թռավ մահճակալից ու խարխափելով դուրս նետվեց տնից: Նա շտապում էր, որովհետև ցանկանում էր իր սրտում հավաքել մայրամուտի վերջին ճառագայթները, որ տանիքի պատուհանից իրեն անընդհատ նայող աստղերը վերջապես փրկի իր մոխրագույն երազների ձանձրույթից, որ թրթռացող, տատանվող իր հոգու էներգետիկ մասերը մահվանից առաջ միավորի մշտապես նորաթուխ Արևի բարձրագույն էակների սիրո շնչահոսքով: