Ամբողջ մի կյանք ինձ քիչ եղավ,
Հասկանալու` ով է մայրը,
Այդպես էլ իմ նեղսիրտ մտքին
Հասու չեղավ` ով է մայրը.
Տիեզերքի դարպասները
Փակ մնացին իմ առջև,
Ուշ հասկացա, որ դուռն Աստծո
Սուրբ պահողն է մայրը…
ԱՄԵՆ ԱՍՏԾՈ ՕՐ
Ամեն Աստծո օր
«Մայր» բառը իմ մեջ
Լուռ մրմնջում եմ
Հայրական իմ հին
Տունը հիշելիս,
Սահմանի եզրով
Անխոս քայլելիս,
Թոնրի լավաշի
Հոտը առնելիս,
Երկինք նայելիս,
Մոմեր վառելիս…
«Մայր» եմ շշնջում
Ճամպրուկը ձեռքին
Տունը լքողի,
Մորը ծերանոց
Ճանապարհողի,
Այգու թթենին
Բնից կտրողի,
Խեղճ մուրացկանից
Երես թեքողի,
Այդ մարդ կոչվածի
Անսիրտ ականջին…
Այնպես եմ ուզում
Մայր բառը ջնջել
Դավաճանողի,
Մորից ու որդուց
Հրաժարվողի,
Հիվանդի լույսը,
Հույսը մարողի,
Որբից, անճարից
Բան գողացողի
Անարյուն սառը,
Դառը շուրթերից…
Օ՜, ամենազոր,
Մայր Աստվածածին,
Դու ինձ հոգի տուր,
Տուր նաև ինձ ուժ,
Որ կարողանամ
Միշտ քո մեջ տեսնեմ
Մորը իմ Աստված,
Մորն իմ ծեր…
ԱՍՏՎԱԾԱՑՈՒՄ…
Տարիքս որքան արագ է թռչում,
Նույնքան արագ եմ մտքերիս թևին
Հայտնվում մեր հին տան
ոտնաշեմին:
Այնտեղ մշտապես հարազատ
մի բան
Պինդ պահած ձեռքին
ինձ է սպասում.
Դա խաղաղ, անհոգ
մանկությունն է իմ:
Երբ որ գալիս եմ,
Դու կանգնած ընդմիշտ
պատուհանի տակ
Ինձ ես հետևում, մայր իմ
անհանգիստ`
Որ տեսնես` ես ու մանկությունը իմ
Հարազա՞տ ենք դեռ,
Թե՞ ես փոխվել եմ
Ու մանկությունս էլ չեմ ճանաչում:
Քանի գնում է, ես համոզվում եմ,
Որ աշխարհը իմ
Դա մեր տունն է հին,
Ու դու ես, մայր իմ,
Մյուս խոսքերը
Դատարկ են ու սին:
Բայց արի ու տես, որ այդ Տիրուհին
Մնում էր ընդմիշտ բոլորիս ծառան,
Հորս գերուհին:
Ափսոս, որ շատ ուշ,
Մայր, դարձար նաև
Մեր Աստվածուհին…
Հիշում եմ, որ քո մահճակալի մոտ
Կար մի հասարակ փայտե օրորոց,
Կար և իր հատուկ համերով հայտնի
Նստավայրը քո` փոքրիկ խոհանոց:
Կար մի թիզ պարտեզ, որը ինձ համար
Ե՛վ խաղատեղ էր, և՛ «ընդունարան»,
և՛ մանկապարտեզ:
Դրանցից բացի, ուրիշ այլ թանկ բան,
Ուրիշ գանձարան, ուրիշ թանգարան
Երբեք չեմ տեսել ու չեմ իմացել
Իմ ամբողջ կյանքում:
Այդքան ապահով, այդքան ունևոր,
Այդքան բախտավոր չեմ եղել երբեք,
Երբ որ թևիդ տակ ես քո ճուտն էի,
Դու ամենագետ, ամենակարող,
Դու իմ մայրն էիր:
Հազար հոգս, կարիք ունեցող մեր տան
Երբ մի անկյունից նայում էիր ինձ,
Ես քո աչքերից հասկանում էի`
Ամեն ինչից գոհ, աշխարհից դու գոհ,
երջանիկ էիր:
Դրանից հրաշք մեկ ուրիշ պատկեր,
Այլ սրբապատկեր
Ես ո՛չ ունեցել, ո՛չ էլ տեսել եմ
Իմ ամբողջ կյանքում:
Հիմա հաճախ եմ մտքով գնում ետ
Ու չեմ հասկանում
Քո մեջ հրաշքով ո՞նց կարողացար
Մայրություն ու կին
այդպես մեկտեղել,
Դու կին լինելով` այդքան խնամքով
Ոնց կարողացար քո կին լինելը
Բոլորից թաքցնել,
Դու կին լինելով` ոնց կարողացար
Կինը մոռանալ,
Մորն աստվածացնել
Ու դառնալ Աստված…
ԼԻՈՒԹՅՈՒՆ
Աղջիկս մի օր
Երբ ինձ ջուր տվեց,
Թվաց` աշխարհը
Ջրով լիացավ:
Ասի` աղջիկս
Այս ե՞րբ մեծացավ:
Իսկ երբ որ տղաս
Այգում ծառ տնկեց,
Թվաց` աշխարհը
Բերքով լիացավ,
Ասի` իմ տղան
Այս ե՞րբ մեծացավ…
Իսկ երբ որ մայրս
Թոռնիկիս գրկեց,
Ասաց` իմ տղան
Այս ե՞րբ մեծացավ.
Մորս գրկի մեջ
Աշխարհը իր ծեր
Նորից մանկացավ…
ԿՅԱՆՔՍ ՁԵՌՔԻՍ ԹԵ ԼԻՆԵՐ
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Ես այն լույսին կտայի,
Որ հոգետանջ գիշերներ
Ու անհույս սիրտ չլիներ…
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Իմ ծեր մորը կտայի,
Որ աշխարհը չմնար
Երբեք անտեր ու անսեր:
Այն զինվորին կտայի,
Ով այդպես էլ չհասցրեց,
Գրած նամակն աղջկան
Ծրարի մեջ չդրեց:
Կյանքս ձեռքիս թե լիներ,
Այն կռունկին կտայի,
Ով ետ դարձին մոլորվել,
Թողած բույնն իր չի գտել…
Ես մասրենուն կտայի`
Քարափներին միշտ ծաղկեր,
Ձորի քամուց օրորար,
Հարսի շորում շորորար…
Իսկ թե տակին բան մնար,
Այգուս առվին կտայի,
Որ քո ձայնով քչքչար,
Ականջիս սեր քչփչար…
Կյանքս ձեռքս թե լիներ,
Ի՜նչ հրաշք բան կլիներ…
ՄԱՅՐՍ
Մայրս այնքան լույս է դրել,
Սեր է դրել սրտիս մեջ,
Որ որքան այն շռայլեցի,
Չսպառեցի մինչև վերջ:
Մութը որքան սերմեր ցանեց
Իմ նոր հերկած մարգերում,
Չար սերմն անգամ ծիլ չտվեց
Իմ լուսառատ երգերում,
Մեկը անգամ մի օր չարկամ
Փշեր փռեց իմ ճամփին,
Տատասկն անգամ չդիմացավ
Մորս լուսե աղոթքին:
Ով էլ լինի, եթե խառն է
Իր արյան մեջ չար ոգին,
Երբեք նա չի արժանանա
Անգամ իր մոր աղոթքին…
ԵԹԵ ՈՒՆԵՆԱՄ
Մի կտոր երկինք,
Մի փոքրիկ աստղ,
Մի փունջ տաք արև,
Ամպի մի ծվեն,
Կռունկի սուր ծայր,
Տուն դարձող երամ
Գլխավերևիս
Կուզեմ ունենամ,
Երկինք նայելը
Որ չմոռանամ…
Փոքրիկ մեր բակում
Թթենու ծառից
Ձգվող մի պարան,
Իմ թաց շորերը
Միշտ փռած վրան,
Տան պատուհանին
Դալուկ դեմքն իմ մոր,
Հաճախ և սաստող
Հայացքը իմ հոր
Կուզեմ ունենամ,
Որ մանկությունը
Իմ չմոռանամ…
Անտառի փեշին,
Արտի լի ծոցում
Մի նոր բուն լորի,
Թփից ինձ նայող
Կարմրաթուշ մորի,
Հանգիստ քուն բերող
Լռություն ձորի,
Քերծի պռնկին
Հարսի շորերով
Ծաղկած մասրենի
Կուզեմ ունենամ,
Իմ հեքիաթները
Որ չմոռանամ…
Փոքրիկ այգու մեջ
Տան օջախի ծուխ,
Բակում վազվզող
Մանուկներ անհոգ,
Հողի նոր մարգեր
Ու հասած արտեր,
Սարերից իջնող
Ջրի շուրթերին
Ինձ հասնող երգեր,
Կրակոտ մի սիրտ
Եվ հիշողություն
Կուզեմ ունենամ,
Որ հանկարծ մի օր
Անհետք չմարեմ,
Որ իմ ապրելը
Զուր չհամարեմ:
ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Առավոտյան աղջամուղջին`
Լույսը կարգին դեռ չբացված,
Գնում էինք եկեղեցի`
Մայրս ձեռքս ամուր բռնած:
Սակայն մի օր ճամփի կեսին`
Եկեղեցի դեռ չհասած,
Օրը հանկարծ նորից մթնեց:
Մայրս սիրտ էր անվերջ տալիս,
Ոչ միայն ինձ, այլև իրեն,
Թե քիչ մնաց, էլ մի՛ լացի,
Շուտով լույսը մեր կբացվի:
Այսպես վախով ու դողալով,
Ականջներս ամեն ձայնի,
Լույսը այդպես դեռ չբացված,
Մենք հասանք Մայր Աստվածածին:
Իսկույն մոմեր մենք վառեցինք,
Երբ խորանը քիչ լույս առավ,
Ասի` մայրիկ, նայիր այնտեղ,
Այն նկարն ինչ նման է քեզ:
Հետո, շատ ուշ ես հասկացա,
Որ դա իմ լույս մոր նկարն էր
Եկեղեցու այն սուրբ պատին,
Մեղա քեզ, Մայր Աստվածածին:
ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է
Երբ որ կնոջս
Զագսի լուրջ թղթով,
Ընդգծված ծեսով
Բերեցի մեր տուն,
Հայրս իր նման
Ձևեր չթափեց,
Նոր հարսին աչքով
Մի կարգին չափեց:
Իսկ մայրս իր պես
Մի ժպիտ դեմքին
Կես լուրջ, կես կատակ
Ականջիս ասաց`
Մի բան եմ հարցնում,
Գուցե անհեթեթ,
Մի ամբողջ ճամպրուկ
Տիկնիկ է բերել
Տիկինդ իր հետ,
Կարո՞ղ է հանկարծ
Մեր տանն էլ խաղա
Տիկնիկների հետ:
Ասացի` մայր ջան,
Շատ զգույշ եղիր,
Բերած տիկնիկը
Հանկարծ չթողնի,
Խաղա հոգուդ հետ:
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
Գիշերից հետո,
Երբ լույս աչքով է
Օրը լուսանում,
Ես հայացքս լուռ
Դարձնում եմ երկինք
Ու աղոթում եմ…
Աքլորականչը
Երբ միանում է
Նոր ծնվող ճիչին,
Ես հայացքս լուռ
Դարձնում եմ երկինք
Ու աղոթում եմ:
Տաք գարնան լուրը
Երբ արագիլն է
Կտուցին բերում,
Գարունն իմ սրտում
Բույնն է նորոգում:
Զինվորի առջև
Սպասող մայրն է
Երբ դուռը բացում,
Տիրոջ պարգևած
Օրհնանքով է սուրբ
Աշխարհը լցվում…
Այնժամ նայում եմ
Երկնքում պահած
Իմ հուսո աստղին,
Ես աղոթում եմ
Սուրբ Տիրոջ համար,
Զինվորի համար,
Մայրերի համար…